Читать книгу Առաքյալը - იაკობ ცურტაველი - Страница 2
Բ
ОглавлениеԱմառ է, քննությունները վերջացել են: Կամսարյանն ստացել է ավարտման վկայական: Այժմ նա իրավաբան է, կարող է ապրել քաղաքում և շրջապատել իրեն հարմարություններով, այսինքն կահավորել մի փառավոր տուն` համաձայն յուր նուրբ ճաշակի պահանջներին, ապա ընդարձակել ծանոթությունների շրջանը,այցելել բարձր դասակարգի անձանց, կապեր հաստատել, խնդրարկուներ ընդունել, դատեր պաշտպանել և յուր հասարակական գործունեությամբ` անուն ու հռչակ վաստակել:
Բայց մի՞թե այդ պիտի լինի երիտասարդ Կամսարյանի կյանքի նպատակը: Երբեք. նա ավելի արժանավոր, բարձր և սուրբ նպատակ ունի աչքի առաջ. նա այժմ իրենչէ պատկանում, հետևապես, և չէ կարող ծառայել յուր անձին: Նա պիտի նվիրվի յուր տկար ազգակիցներին, շինականին ու գյուղացուն, նրանց համար պիտի հոգա,նրանց համար պիտի մտածե՛:
Եվ այդ պիտի անե ո՛չ թե նրա համար, որ հանդիսաբար խոստացել է ընկեր ուսանողներին, ոչ, այլ որովհետև ինքն այդ կամենում է սրտանց, որովհետև ամենանգամ, երբ խոսք է եղել այդ ազգակիցների մասին, յուր սիրտը թունդ է առել և թռել դեպի նրանց, որովհետև ինքը միշտ մի առանձին սեր, մի թաքուն գորով է տածել դեպի այդ հեռավոր եղբայրները: Եվ թեպետ անձամբ չէ տեսել նրանց, բայց միշտ լսել ու կարդացել է թե` բարի մարդիկ են, ազնիվ և աշխատասեր, թե սեփական շահի համար ոչ ոքի չեն վնասում, այլ ապրում են իրենց ճակատի արդար քրտինքով: Բայց թե, որովհետև տգետ են և անուսում, ուստի մնում են անզոր` աշխարհի չարիքների առաջ, որով և մի կողմից բնությունն է նրանց զրկում, իսկ մյուս կողմից չար մարդիկն են կեղեքում, այդ պատճառով էլ նա վարում է դառն ու չարքաշկյանք և մնում կարոտ բարի մարդկանց օգնության: Բայց միևնույն ժամանակ նա լսել ու կարդացել է և այն, թե յուր այդ ազգակիցները կարող են ազատվել կյանքի դառնություններից և հասնել մի օր երջանիկ դրության, եթե խելոք գլուխները մտածեն նրանց մասին և կարող ձեռքերն աջակցեն նրանց աշխատության:
Եվ ահա՛ Կամսարյանն ունի թե՛ խելոք գլուխ և թե՛ կարող ձեռքեր. ինչո՞ւ, ուրեմն, չերթա չորոնե այդ սիրելի ազգակիցներին, չապրե նրանց հետ, չսովորեցնե նրանց իրենց դրությունը բարվոքելու և մարդավայել կերպով ապրելու եղանակը:
Այս մտածությունները ոգևորում էին երիտասարդ իրավաբանին, այն երկար ճանապարհին, որ հյուսիսից տանում էր նրան հարավ: Այդտեղ նա շարունակ ծրագիրներ էր կազմում յուր ապագա գործունեության համար և նրանցով հիանում: Այդ ծրագիրների մեջ մտնում էին նախ գյուղական հասարակության իրավունքների պաշտպանությունը, որ արդեն վերաբերում էր յուր մասնագիտության և ամփոփում յուր մեջ գյուղացու կալվածները հափշտակությունից ազատելու,հարկահանության ժամանակ տեղի ունեցող անարդարություններն արգելելու, գյուղացուց հաճախ անտեղի կերպով պահանջվող կոռն ու ձրի մշակությունը մերժել տալու և պաշտոնի մեջ, ի վնաս գյուղացու զեղծումներ կատարող և արդարադատության աչքից խուսափող պաշտոնյաների արարքը մերկացնելու կարևոր խնդիրները. երկրորդ` լուսավորության գործի հիմնադրությունը, որ կայանում էր կանոնավոր դպրոցներ հաստատելու, գեղջուկ մանուկներին ձրի ուսում մատակարարելու, մանկական – ժողովրդական գրադարան հիմնելու և հասակավոր գյուղացիներին ազատ ժամերում և, մանավանդ, ձմեռ ժամանակ օդաներում,կամ եկեղեցիներում դասեր խոսելու և աշխարհի չար ու բարիի հետ նրանց ծանոթացնելու մեջ, երրորդ` գյուղացու տնտեսական դրության բարվոքումն, որ կախումնուներ նրա երկրագործական, այգեպանական, անասնապահական, հավաբուծական և այլ այսպիսի աշխատությունները կանոնավորելուց, իսկ այդ նպատակինհասնելու համար պետք է սովորեցնել գեղջուկին գիտության մշակած ձևերով տնկելու և պատվաստելու, հերկելու և ցանելու, հնձելու և կալսելու, անասուն, հավ և մեղու դարմանելու, պարտեզ ու բանջարանոց մշակելու դյուրին եղանակները: Տնտեսական դրությունը բարվոքելուն էր վերաբերում նաև փոխատու գանձարանհիմնելու դիտավորությունը, որ եթե հաջողեր նրան իրագործել, դրանով ոչ միայն վաշխառությունը կհալածվեր գյուղերից, այլև կստեղծվեր բարության մի գործ, որ կօգներ գյուղացուն յուր աշխատությունն ու արդյունքը ոչ թե կեղեքիչների ձեռքը, այլ յուր հարկի տակ ժողովելու:
Բոլոր այս ծրագիրներն այնքան ընդարձակ էին, որ նույնիսկ նրանց համառոտ կազմությունը խլեց Կամսարյանի` Մոսկվայից մինչև Կովկաս հասնելու միջոցումունեցած ազատ ժամերը: Եվ երբ նա վերջին անգամ նայեց յուր note – երի տետրին և տեսավ նրա ծայրեիծայր լիքը յուր ապագա գործունեության վերաբերյալդիտողություններով, զգաց յուր սրտում մի թաքուն ուրախություն, որ բխում էր երբևիցե «առաքյալի» փառք ու հռչակ ստանալու հաստատուն հույսից:
Վերջապես երիտասարդը հասավ Թիֆլիս: Հարկ չկա նկարագրելու այն ընդունելությունը, որին հանդիպեց նա հոր տանը: Ամենքդ արդեն գիտեք թե պանդխտությունից վերադարձող որդուն ի՞նչպես են ընդունում կարոտակեզ ծնողները, կամ նորատի քույրերն ու եղբայրները: Որքա՛ն ջերմ համբույրներ, որպիսի՛գրկախառնություն, խանդաղատանք, ուրախության արցունքներ և ապա ինչպիսի՛ քաղցր ու երջանիկ ժպիտներ շրջապատում են նորեկին: Եթե դրա վրան էլավելացնենք այն, որ այդ բոլորը տեղի էր ունենում մի հարուստ տան մեջ, ուր մեծ թե փոքր, աղջիկ թե տղա չգիտեին թե ի՞նչ է կարոտությունը, որ աղքատի տանմեջ յուր ներկայությունը զգալ է տալիս նույնիսկ այն վայրկյանին, երբ մայրը ողջագուրում է պանդխտությունից վերադարձող որդուն, որ հաճախ ցրտացնում է համբույրի ջերմությունը և շուրթերի վրա ժպիտը սառեցնում, այն ժամանակ կհասկացվի թե որպիսի՛ երանությամբ էր շրջապատված նորավարտ, գեղեցիկ արտաքինով և դեռ ամենքին սիրելի Պետրոս Կամսարյանը:
Թողնենք ուրեմն նրան զվարճանալ առայժմ յուրայինների հետ: