Читать книгу Առաքյալը - იაკობ ცურტაველი - Страница 4

Դ

Оглавление

Բայց բախտը շատ անգամ կատակներ է անում և դրանցից զվարճալին լինում է այն, երբ նա չարիքից փախչող մահկանացուին` հենց նրա փախստյան ճանապարհիվրա, բերում հանդիպեցնում է նույն չարիքին, որից սա խույս է տալիս: Այդպես պատահեց և Կամսարյանին: Հազիվ նա ելել էր պատշգամբ և ձեռքը տարել ծոցը,որպեսզի հուշատետրը հանե, և ահա՛ տան մուտքի հնչակը քաշեցին: Սպասուհին վազեց դուռը բանալու: Եվ որովհետև Պետրոսն ևս մոտեցել էր սանդուղին, ուստի հետաքրքրվեց իմանալ թե` ո՞վ է եկողը: Եվ ո՞րքան մեծ եղավ նրա հուզմունքը, երբ տեսավ թե` գեղանի Ադելինան է յուր մոր հետ: Անշուշտ նրանք գալիս Էին երիտասարդի այցելությունը փոխարինելու և սրա մորն իրենց խնդակցությունը հայտնելու: Կամսարյանն իսկույն ծոցը դրավ հուշատետրը, որ նոր էր հանել և վայրկենաբար համոզվելով, որ «հայոց ազգը խիստ դժբախտ ազգ է», որովհետև, նման արգելքներ խանգարում Էին իրեն նրա վրա մտածել, քնքուշ ժպիտը դեմքին,դիմավորեց հյուրերին և սիրալիր կերպով ողջունելով նրանց, առաջնորդեց դեպի ընդունարանը, ուր գտնվում էր արդեն Լիդիա Պավլովնան:

Չափ…չըփ, չըփ, չափ համբուրվեցան բարեկամուհիները և սկսան իսկույն մի սիրալիր զրույց, որն առհասարակ սկզբում լինում է աղմկալի և ապա հետզհետե մեղմանում, կանոնավորվում:

Ամենից առաջ Լիդիա Պավլովնան մեղադրեց բարեկամուհուն` իրենց ա՛յդքան ուշ այցելելու համար, և հավատացրեց, որ ամեն օր սպասում է եղել նրանց:

Տիկին Մարկոսյանը ներողություն խնդրեց յուր ակամա զանցառության համար, առարկելով թե` չափազանց զբաղված են թե՛ ինքը և թե՛ դուստրը, ընդ նմին և հավատացրեց (ավելի՛ ջերմ խոսքերով, քան տան տիկինը), որ իրենց բոլոր բարեկամուհիների մեջ Լիդիա Պավլովնան միակն է, որին ցանկանալով ցանկանում են տեսնել թե՛ ինքը, թե՛ աղջիկը, հենց որ ազատ են լինում զբաղմունքից: Դժբախտաբար, ազատ ժամեր քիչ են ունենում:

Լիդիա Պավլովնան, իհարկե, գիտեր թե ի՛նչ զբաղմունք կարող էր ունենալ տիկին Մարկոսյանը, իբրև բազմանդամ ընտանիքի մայր, բայց ցանկացավ լսել մի բաննաև օրիորդ Ադելինայի մասին, մանավանդ, յուր որդու, Պետրոսի ներկայությամբ:

Տիկին Մարկոսյանը, որ մի քիչ ավելի տարիքով էր, քան Լիդիա Պավլովնան և մի քիչ էլ պակաս գեղեցիկ, քան թե նա, բայց որը նազելու մեջ գերազանցում էր բարեկամուհուն, նազելով էլ պատասխանեց.

– Ա՛խ, սիրելիս, չես կարող երևակայել, թե որքա՞ն գործ ունի խեղճ երեխաս: Առավոտից մինչև ճաշը ձրի դասեր է տալիս «որբերի» ուսումնարանում. ճաշից հետո`մեր չարաճճիների դասերն է սովորեցնում. երեկոյան փոքրիկ աղջկաս դաշնամուրի վրա վարժություն է անել տալիս: Դրա վրան էլ ավելացրու այն, որբարեգործական նպատակով տրվող ներկայացումներին ու նվագահանդեսներին մասնակցում է անխտիր, որովհետև խնդրում, աղաչում են: Իսկ իմ Ադելինան, հո գիտեք, փափուկ սիրտ ունի և չէ կարող մերժել…

– Այդպես չի կարելի, սիրելիս, այդպիսով դու կհոգնեցնես քեզ, իսկ շատ հոգնելը վնաս է առողջությանդ, – դարձավ:

Լիդիա Պավլովնան օրիորդին, որ լսում էր մոր հայտարարությունը:

– Ո՛չ, ես չեմ հոգնում, ընդհակառակն, որքան շատ եմ գործում, այնքան ավելի առողջ եմ զգում ինձ, – պատասխանեց օրիորդն աշխույժով և թեթև շառագունելով:

– Այո՛, պարապությունը ավելի է վնասում առողջությանը, քան չափազանց զբաղմունքը, – հաստատեց երիտասարդ Կամսարյանը:

Օրիորդի մայրը համաձայնեց. վերջինի հետ` և առանց մի վայրկյան կորցնելու սկսավ պատմել թե` ի՞նչպես ինքն առաջ թույլ էր ու տկար, որովհետև տան գործը մեծ մասամբ թողել էր սպասուհիներին: Բայց այն օրից, որ իմացավ թե գործունեությունը կազդուրում է մարդուն ավելի, քան բժիշկների դեղերը (այդ բանն էլ ասել էրնրան մի բարեկամ բժիշկ, որ հիվանդներ չունենալու պատճառով ինքը հաճախ հիվանդանում էր), նա սկսավ այնուհետև տան գործերից շատերը յուր ձեռքով անել ևայն օրից ի վեր այնքան առողջացավ, որ էլ չէր գանգատվում ո՛չ սրտի ցավից, ո՛չ թուլությունից:

Այս զրույցի ժամանակ Լիդիա Պավլովնան լսում էր բարեկամուհուն ուշադրությամբ և ընդ նմին աշխատում, որ յուր լայն բացված և ուղիղ բարեկամուհու դեմքին նայող աչքերը համոզեն վերջնիս թե ինքը չափազանց հետաքրքրական է գտնում նրա բացատրությունը: Մինչդեռ երիտասարդը զբաղված էր նրա աղջկանով:

Ադելինային, իրավ, սա ճանաչում էր վաղուց, այսինքն, երբ դեռ ինքը գիմնազիոնի աշակերտ էր, իսկ նա` ինստիտուտի փոքրիկ աշակերտուհի: Այդ ժամանակ նրանք դրացիներ էին, իսկ ծնողները միմյանց բարեկամ: Եվ որովհետև վերջիններս հաճախ այցելում էին միմյանց, ուստի իրենք էլ տեսնվում էին իրար հետ: Բացի այդ,նրանք հանդիպում էին միմյանց դպրոց գնալիս և այդ դեպքում երիտասարդը միշտ ուղեկցում էր օրիորդին մինչև ինստիտուտի փողոցը, խոսակցելով նրա հետ աշակերտներին հետաքրքրող նյութերի մասին, կամ պատասխանելով այն հարցերին, որ Ադելինան հաճախ տալիս էր իրեն:

Այդ ժամանակ օրիորդը 14 տարեկան էր և թեպետ մարմնով նիհար ու չկազմակերպված, բայց դեմքով գեղեցիկ էր և բնությամբ խիստ աշխույժ: Այդ պատճառով Կամսարյանին դուր էր գալիս այնքան, որ սա նրա մասին գովությամբ էր խոսում միշտ ոչ միայն ընկերների, այլև մոր առաջ: Իսկ եթե մի փոքր էլ տղայի սրտին հավատայինք, կարող էինք ասել թե հենց այդ ժամանակ նա սիրահարված էր փոքրիկ դրացուհուն, որովհետև միշտ մի առանձին փափագով էր հետամտում այն սիրուն ժպիտներին, որոնցով Ադելինան առավոտյան ժամերին հանդիպում էր նրան փողոցում:

Բայց շուտով երիտասարդը ավարտեց գիմնազիոնը և գնաց համալսարան, ուր շատերի հետ միասին մոռացավ նաև Ադելինային, որովհետև համալսարանը նոր զբաղմունքներից զատ տվավ նրան նաև նոր բարեկամներ, որոնք իրենց կողմից ծանոթացրին նրան նոր զգացմունքների և ձգտումների հետ, որոնք գրավեցին նրա բոլոր ուշը: Բացի այդ, մայրաքաղաքում շատ կային Ադելինաներ, այնպես որ եթե Կամսարյանը ցանկանար երբևիցե ժպիտներով զմայլվիլ, ստիպված չէր հիշել յուր նիհար դրացուհուն:

Սակայն անցավ ժամանակ և նա, վերադառնալով հայրենիք, տեսավ նախկին Ադելինային բոլորովին փոխված: Այժմ նա այլևս ոչնչով նման չէր առաջինին: Նրա տասնևիննամյա ծաղկափթիթ հասակն ամփոփում էր յուր մեջ արբունքի հասած մի ազնվական կուսություն` գեղանի դեմքով, գրավիչ աչքերով, արյան ու կաթի խառնուրդն այտերին, վարդը` շուրթերին, որոնք նշան էին կյանքով ու կրակով լի քաջության: Նրա ճկուն հասակն աճել էր սպասածից ավելի, կուրծքը զարգացել վայելուչ չափով, իսկ մարմնի մասերը լցվել, բոլորվել այնպես համաչափ, որ երիտասարդը համեմատելով նրան մայրաքաղաքի ծանոթ գեղեցկուհիների հետ, գտնում էր գրեթե բոլորից գերազանց:

Եվ նա այժմ նայում էր նրան անթարթ աչքերով, հիշում էր մոր առաջարկությունը և ինքնիրեն մտածում. – «իրավ որ արժե ժառանգել այս գանձը»:

Լիդա Պավլովնան, որ աչքի տակով նայելով, տեսնում էր թե ինչպե՛ս որդու հայացքը անշարժ մեխվել է գեղանի օրիորդի վրա, շտապեց օգուտ քաղել դեպքից և խոսքը դարձնելով ամառանոցի վրա, հայտնեց թե ինչպե՞ս ապերախտ Պետյան որոշել է միայնակ թողնել իրեն այս ամառ:

– Ի՞նչպես, մի՞թե կարելի է, – բացականչեց տիկին Մարկոսյանը այնպիսի մի եղանակով, որ կարծես հայտնված նորությունը վերաբերում էր մի մեծ եղեռնագործության:

– Այո՛, միայնակ է թողնում և գնում է ճանապարհորդելու, – ավելացրեց նա տխրությամբ և ընդ նմին սպասելով,որ բարեկամուհին մեղադրական մի ազդու ճառ ուղղե որդուն:

– Այդ ձեզ չի վայելիլ, պարոն Պետրոս, – նկատեց տիկինը լրջությամբ: – Ինչպե՞ս կարելի է, որ այսքան ժամանակ օտարության մեջ մնալուց հետո, չմնաք այժմ ծնողներիդ մոտ գոնե այնքան, որ նրանք իրենց կարոտը առնեն ձեզանից: Ուրիշները նույնիսկ գործերնին թողնելով, գալիս են ծնողների հետ ամառն անցնելու, իսկ դուք, որ այստեղ եք, մի՞թե պիտի թողնեք նրանց ու հեռանաք:

– Բայց երբ հարկը պահանջո՞ւմ է:

– Ի՞նչ հարկ. ամառը հանգստության ժամանակ է և ոչ գործի. ոչ մի հարկ այդ ամիսներում չի կարող ստիպել մարդուն զրկել իրեն ամառանոցի մաքուր ու զով օդից,հանգստությունից… Ա՛յ, մենք էլ տնով-տեղով գնում ենք Բորժոմ, եթե դուք էլ գաք, միասին կլինենք և հիանալի ժամանակ կանցնենք:

– Հանդեսներ կսարքենք, կոնցերտներ կտանք, իսկ այդ բաներում դուք մեզ միշտ կօգնեք, – ավելացրեց օրիորդը շտապելով մասնակցել մոր ցանկությանը:

– Հանդեսնե՞ր, ի՞նչ նպատակով, – հարցրեց երիտասարդը հետաքրքրությամբ:

– Իհարկե բարեգործական, այդ մասին խնդրել են մեզ մի քանի ընկերությանց վարչություններ:

– Ձե՞զ:

– Այսինքն ինձ և ընկերուհիներիս:

– Հասկանում եմ: Եվ, իրավ, ամառանոցում հաջող մուտք կունենաք: Ափսո՛ս, որ չեմ կարող օգնել ձեզ այդպիսի բարի ձեռնարկությունների մեջ:

– Եթե գաք ամառանոց, կարող եք օգնել, – նկատեց օրիորդը ժպտալով:

– Այո՛, եթե գամ, բայց եթե չգա՞մ:

– Կխնդրեմ, որ գաք, – ասաց օրիորդը այնպիսի մի քնքշությամբ, որի մեջ, կարծես, խոսում էր մտերմության ձգտող մի թաքուն զգացմունք:

Երիտասարդը ժպտաց և չիմացավ ի՞նչ պատասխանել: Նրան թվաց թե այդ րոպեին նա լսեց Ադելինայի նախկին, մանկական ձայնը, այն անմեղ, միշտ ժպտող, միշտ շարժուն ու կրակոտ Ադելինայի, որ ամեն առավոտ հանդիպում էր իրեն դպրոց գնալիս, ողջունում այնքան սիրալիր և գտնում միշտ հարցեր իրեն զբաղեցնելու համար: Նրան թվաց թե այդ վայրկենին նորոգվեց նախկին մտերմությունը և թե ինքն այլևս իրավունք չունի սառն և անտարբեր խոսքերով այդ նորոգվող բարեկամության հաճելի տպավորությունը թուլացնելու:

– Ճշմարիտն ասած շատ կցանկանայի կատարել ձեր խնդիրը, բայց…

– Ի՞նչն է արգելք լինում, – ընդհատեց օրիորդն աշխույժով:

– Մի բարոյական պարտք, որ հանձն եմ առել դեռ այստեղ գալուց և ձեզ տեսնելուց առաջ:

– Եթե այդպես է, ուրեմն ամենից առաջ այդ պարտքը պիտի կատարեք. մենք իրավունք չունենք պահանջել, որ դուք անկատար թողնեք այն, ինչ որ կատարել խոստացել եք դեռ այստեղ գալուց առաջ:

– Շնորհակալ եմ, օրիորդ, դուք ինձ հասկանում եք. որքա՛ն ուրախ կլինեի, եթե մայրս էլ այդ ձևով մտածեր, բայց նա…

– Մայրդ գիտե թե ի՞նչ է մտածում, – ընդհատեց որդուն Լիդիա Պավլովնան, – դու իրավունք չունեիր մեզ լսելուց առաջ ուրիշներին բաներ խոստանալ:

– Իհարկե, առաջ մայրն է, հետո ուրիշները, – ձայնակցեց տիկին Մարկոսյանը:

– Բայց դուք հո չգիտեք թե ի՞նչ խոստումի մասին է խոսքը, – նկատեց Ադելինան մորը:

– Իսկ դու գիտե՞ս, – հարցրեց վերջինս:

– Ես էլ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պարոնը մի դատարկ բանի պատճառով չէր համաձայնիլ զրկել իրեն ամառանոցի հանգստությունից և զվարճություններից…

Այս ասելով օրիորդը մի խորհրդավոր հայացք ձգեց երիտասարդի վրա, կամենալով, կարծես, հարցնել թե` «այդ ի՞նչ բարոյական պարտք է, որի կատարումը ավելի անհրաժեշտ է, քան ինձ նման գեղեցկուհուն ամառանոցում ընկերանալը»:

Երիտասարդն էլ, գրեթե, այդպիսի մի նշանակություն տվավ այդ խորհրդավոր հայացքին, բայց ոչինչ չբացատրեց, որպեսզի այդպիսով հասկացնի օրիորդին թե`իրավ, ինքը խիստ մեծ ու արժանավոր նպատակի համար է զրկում իրեն ամառանոցի զվարճություններից: Բայց որպեսզի բոլորովին անքաղաքավար չգտնվի օրիորդի հարցասիրությունը գոհացնելու նկատմամբ, կարևոր համարեց այսքանը հայտնել, թե` կգա մի օր, երբ ինքը կբացատրե նրան այն կարևոր պատճառները, որոնք ստիպում Էին իրեն զրկվել Ադելինայի աննման ընկերակցությունից:

Առաքյալը

Подняться наверх