Читать книгу Առաքյալը - იაკობ ცურტაველი - Страница 5

Ե

Оглавление

Տիկնոջ ու օրիորդի հեռանալուց հետո, Պետրոսն զգաց, որ վերջինի յուր վրա թողած ազդեցությունն այնքան է սաստիկ, որ յուր նախկին մտածմունքներին վերադառնալու համար իզուր պիտի լիներ այժմ դիմել հուշատետրի օգնության: Նրան այժմ հարկավոր էր ավելի զորեղ ցնցում, որպեսզի յուր մտքերը նորեն փարեին գաղափարական հայտնի նպատակին: Այդ պատճառով նա առավ Աբովյանի «Վերք Հայաստանին» և իջավ պարտեզ: Այս գիրքը նրան սիրելի էր դարձել մանավանդայն օրից, երբ ուսանողական ժողովում յուր հայտնի խոստումն արավ: Ճեմարանավարտ ուսանողն, որին ծանոթացանք պատմությանս առաջին գլխում և որն ուսանողական ժողովներին նախագահելուց զատ, առաջնորդում էր ընկերներին նաև մայրենի լեզվին ու գրականությանը ծանոթացնելու գործում, խորհուրդ էր տվել Կամսարյանին կարդալ Աբովյանի «Վերքը» որքան կարելի է շատ: «Դու որ նվիրում ես քեզ հայ ժողովրդի մոռացված մասին, այսինքն գյուղացուն ու մշակին, այդ գիրքը պիտի կարդաս հաճախ, ասել էր նա նրան, որովհետև բոլոր մարդկանցից ու գրքերից ավելի «Վերք Հայաստանին» կարող է քեզ ծանոթացնել հայ գեղջուկի հոգուն ու զգացմունքներին, նրա արժանիքին ու թերություններին, նրա կարիքներին ու ցավերին»: Եվ իրավ, քանի Պետրոսը կարդացել էր այդ գիրքը, այնքան ավելինա սկսել էր սիրել հայ շինականն ու գյուղացին, որոնց նա յուր հարազատ ազգակիցն էր համարում, բայց որոնց, ավա՛ղ, չէր ճանաչում անձամբ:

Նստելով հովանավոր ակաթենու տակ, նա բաց արավ գիրքը, բայց… մեքենաբար: Նրան թվում էր թե գեղեցկուհին դեռ նայում է իրեն յուր սիրուն աչքերով, թե նահենց նոր ժպտալով ասաց իրեն «կխնդրեմ որ գաք», իսկ մի փոքր հետո` աշխույժով ավելացրեց «ինչն է արգելք լինում…»: Այո՛, այս ձայները հնչում էին դեռ երիտասարդի ականջում, իսկ գեղանի պատկերն ու փայլուն հայացքը չէին հեռանում նրանից:

– Դժվար է… իրավ որ դժվար է, – մտածում էր երիտասարդը, ամենքին կարելի է թողնել, ամեն ինչ կարելի է զոհել, բայց այս հրեշտակին, այս դիցուհուն… ճիշտ որ դժվար է. չէ՞ որ սա ինձ համար կարող էր լինել ամեն ինչ… և եթե նա, իրավ, անտարբեր չէ դեպի ինձ… այն ժամանակ արդեն կատարյալ խելագարություն է թողնելնրան… Բայց հենց այս մտածմունքի հետ հիշեց երիտասարդն ուսանողների ժողովը, յուր հանդիսավոր խոստումն և այն ուժգին ծափահարությունը, որ հետևեց հայտարարությանը… հիշեց թե ինչպես «կեցցեները» դղրդացրին ներքնահարկի ցածուն դահլիճը:

«Ոչ, ես հաստատ կմնամ իմ վճռին, ես կկատարեմ իմ խոստումը», որոշեց երիտասարդը և նորեն առավ գիրքը, որ արդեն փակել, դրել էր նստարանին: Բանալով գիրքը, նայեց նրան նորեն և ապա դրավ ծնկներին: Այս անգամ էլ մի ուրիշ, սակարկող պայման գրավեց նրա մտածությունը:

– Ես կկատարեմ իմ խոստումը, ես կնվիրեմ ինձ մոռացված ժողովրդին… բայց եթե Ադելինան ընկերանար ինձ այս գործում, օ՛, որպիսի մեծ հաջողությամբ կպսակվեր իմ նվիրումը… իրավ, չէ՞ որ ամենաեռանդուն աշխատանքն իսկ ապարդյուն կանցնե, եթե նրան չխրախուսե կնոջ սերն ու ժպիտը… Եվ ի՛նչ երջանկություն.մենք միասին կաշխատեինք, միասին կգործեինք…

Այս միտքը երկար զբաղեցրեց երիտասարդին: Նա մտածում էր, մինչև անգամ, համակերպիլ առայժմ յուր մոր ցանկության, գնալ ամառանոց, մտերմանալ այնտեղ Ադելինային, նշանվել, պսակվել և հետո… իհարկե, Ադելինայի հետ միասին վերադառնալ գյուղը: Իսկ այնտեղ… չէ՞ որ երկու խելքը կարող էին ավելի լավ գործել,քան մեկը:

Բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ երիտասարդի երևակայությունը նորեն այդ գյուղից փոխադրեց նրան ամառանոց: Նա պատկերացրեց յուր առաջ նշանադրության հանդեսը, ապա հարսանյաց պատրաստությունները, վերջը` փառահեղ պսակադրությունը, հարուստ հյուրերը, մետաքսի, ադամանդի և փարիզական ճոխությանց մեջ փայլող կիսամերկ կրծքերով ու հոլանի թևերով գեղեցկուհիները, որոնց մեջ սպիտակազգեստ և ծաղկապսակ Ադելինան պիտի երևար իբրև մի հրաշագեղդիցուհի, հավերժահարսներով շրջապատված…

Բայց հենց այդ փայլի ու շքեղության պատկերը, կարծես, մարմին առնելով շշնջաց յուր ականջին` «մի՞թե չես ցնորում… Մի՞թե Ադելինան, այն կրթված, զարգացած,փափկության մեջ մեծացած, թատրոնի, երեկույթների և պարահանդեսների սովոր աղջիկը կհամաձայնի թողնել քաղաքը, նրա կյանքով ու հրապույրներով լի մթնոլորտը և գնալ, մտնել գյուղը, աշխարհի մի լուռ, անծանոթ անկյունը, թե ինչ է` այդտեղ պիտի հոգա շինականի կյանքը բարելավելո՞ւ մասին…»:

Այդ գաղտնի շշունջը ցրեց երիտասարդի նախկին մտքերը:

«Նա մինչև անգամ կարող է ինձ վրա ծիծաղել, իմ նպատակը ծաղրե՛լ, եթե ես դրա մասին խոսեմ նրա հետ» – տրամաբանեց Պետրոսը և տխրելով գլուխը կախեց:

Նրա աչքերն ընկան ծնկանը դրված գրքին և նա, կարծես, մտածելուց հոգնած, սկսավ կարդալ բաց երեսի վրա Աթոյենց աղջիկ Թագուհու մասին գրված հետևյալ տողերը.

«Բաս ի՞նչ կըլեր, որ էսպես չէր էլել: Մինչև էն հադաղը (միջոցը) նրա (Թագուհու) ականջը մեկ թթու խոսք չէր լսել, նրա աչքը մեկ դառը օր չէր տեսել, նրա երեսը մեկ կոշտ զրից չէր եկել: Վարդի պես ծաղկել, մանիշակի պես մեծացել էր: Տասնհինգ տարին անց էր կացել, դեռ նրա անմեղ հոգին աշխարհքիցս մեկ բան չէր խաբար: Նրա ընկեր աղջկերքը դռներին, կտրներին ման էին գալիս, օր անցկացնում, նա ծունկը մոր ծնկանը կպցրած, յա կար էր անում, յա քարգահ, յա իրենց տանն ու դռանն էր մտիկ տալիս, յա իրենց մալին, ապրանքին աչք ածում: Ղուշը գլխի վրով թռչելիս` կարմրատակած, շունչը կտրած տուն էր ընկնում, որ իր շվաքն է՛լա օքմինչըտեսնի: Մոր մեկ մատը փուշ ըլելիս, յա մեկ տեղը ցավելիս, ուզում էր հոգին հանի իրեն տա. էլ քար, էլ խոտ չէր մնում, որ նա վրեն չը չոքի ու աստծու ողորմությունըխնդրի: Աղքատ տեսնելիս բերնի թիքեն հանում, իրան էր տալիս, որ նրան օրհնի, արևշատություն խնդրի: Բաղն էն ժամանակ էր գնում, որ միսն ու մութը դեռ չէրբաժանված ըլում, բաղիցն էլ էն վախտն էր տուն գալիս, որ մութը գետինն առած, ոտը քաշված, խաղաղված էր ըլում: Ով նրան ուզենար տեսնի, յա ծառի, յա պատիտակ պետք է տափ կենար, որ նրա հրեսին մտիկ տար, նրա աչքերի լսովն հայիլ մայիլ մնար… Չայիր չիմանի, մանիշակի վրա, վարդի, թթենու տակին, յա քչքչանառվի մոտ, որ բազի վախտ քնած չէր ըլում, հենց իմանաս երկնքիցը լիս ա վեր եկել, ափնիքը հայլի դառել… Քունը նրա աչքերին էնպես էր մոտենում, ինչպես մեկ սրբի երկնային հրեշտակը, թևերն երեսին փռում, անմահական երազով նրան գրկում, գգվում, արթնացնում, էլ եդ իր գիրկը դնում…Ա՛խ, ո՞ր մեկն ասեմ: Նրա ամենմեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ մտիկ տալը, ամեն մեկ աչքի ու պռոշի ժաժ գալը հրաշք էր: Էն լուսակոլոլ աչքերը, էն խնկան ծաղիկ շրթունքը, որ բացչէր ըլում, մարդ ուզում էր ոչ ուտի, ոչ խմի, հենց նրան մտիկ տա, նրա սուրահի բոյին թամաշա անի, նրա ոտքի տակին հոգին տա, նրա ձեռիցը իր մահն առնի… Եվ էս երկնային հրեշտակը, էս անմեղ գառն էր էն հադաղին` էն գազանների (Հասան խանի ֆարրաշների) ձեռին… ի՞նչ քարացած, ապառաժ սիրտ պետք է ըլի, որ նրան տեսնելիս, կամ նրա պատմությունը լսելիս գլխին կրակ չվառվի…»:

Երիտասարդն է՛լ չշարունակեց: Որքան Թագուհու գեղեցկության նկարագիրը հիացմունք պատճառեց իրեն, այնքան էլ, վերջին տողերը հուզեցին յուր հոգին: Նա փակեց գիրքը և ինքնիրեն շշնջաց.

– Ամո՛թ ինձ, հազա՛ր ամոթ… Եվ ես դեռ տատանվում եմ, դեռ երկմտում եմ: Մի՞թե կարելի է մի վայրկյան անգամ ուշանալ… Մի ժողովուրդ, որ այսպիսի ծնունդներ ունի յուր մեջ, մի՞թե արժանի չէ մեր խնամքին ու օգնության: Ո՞ւմ մասին եմ մտածում – մի Ադելինայի, բախտից երես առած մի կենցաղասեր աղջկա… Ինչո՞ւչգնամ Աթոյենց աղջկերանցը, Թագուհիներին պտրելու…Եթե այսօր Հասան խանի ֆարրաշները չեն սպառնում նրանց, հո տգիտությունն ու խեղճությունը, հովաշխառուներն ու օրինազանցները սպառնում են: Ինչո՞ւ, ուրեմն, չերթամ օգնության կարոտ այդ ժողովրդի մոտ, ինչո՞ւ չծառայեմ նրանց և իմ աշխատության ընկեր չընտրեմ Թագուհիների միջից… Մի՞թե նրանց անմեղ ու միամիտ սերը պակաս ուժով կխրախուսե և կոգևորե ինձ: Այն աղջիկը, որ աչքը բանալու օրից ճանաչում էմիայն իր ծնողներին, յուր տունն ու դուռը, յուր արտն ու այգին, որ յուր ուրախությունը գտնում է ծնողական հարկի տակ, արդար աշխատության մեջ, որ յուր սերը խնամքով ծածկում, պահում է սրտի խորքում և նվիրում միայն նրան, ով աստծո կամքով վիճակվել է իրեն ամուսին և, որն ապա յուր կյանքն ու ուրախությունը որոնում է այդ ամուսնու մեջ, մի՞թե հազար անգամ ավելի մեծ, բարձր ու արժանավոր չէ, քան այդ զվարճասեր, փողոցի ու հանդեսների սիրահար, նորաձևությանց երկրպագու, դեմքեր ու զգացմունքներ կեղծող, շաղակրատ, նազող, հաճոյասեր, ամուսնանալուց առաջ արդեն աշխարհ ճանաչող, թաքուն անկյուններում օտարի հետ պաչպչվող, իսկ սալոններում սիրո սրբությունը դրվատող օրիորդներն ու մեծուհիները… Այո՛, որոշված է, ես կէրթամ և ինձ այլևս չի արգելիլ ոչ ոք:

Առաքյալը

Подняться наверх