Читать книгу Պոեմներ, առակներ, հեքիաթներ - იაკობ ცურტაველი - Страница 14

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Оглавление

ԽՈԻԼԻ ԱՅԾԵՐԸ

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորչում են: Տերն ընկնում է դես-դեն այծերը գտնելու:

Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.

– Բարի աջողում, ախպեր, այծերս չե՞ս տեսել:

– Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:

Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.

– Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:

Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ-ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.

– Շնորհակալ եմ, ախպե՜ր, այծերս գտա. առ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:

– Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, – զարմանքով ասում է արտավար խուլը:

– Ի՞նչ ես խոսում, – ասում է այծատերր, – ես ա՜յս այծն եմ խոստացել, որ մեռնես էլ՝ մյուս այծերից տվողը չեմ:

– Չէ, ես չեմ կոտրել, – բարկացած ասում է մեկը:

– Չէ, ես է՜ս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը:

Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

– Ա՜յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին. գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցընում, ես է՜դ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:

– Ա՜յ նանի, – ասում է խուլ մարդը, – էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:

– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, – պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել. քանի որ էն չքոտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

ԿԱՏՈՒՆ, ԱՔԼՈՐՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում մի ծեր մարդ է լինում: Այդ ծեր մարդն ունենում է մի կատու և մի աքլոր: Ինքը լինում է փայտահատ: Ամեն օր գնում է անտառ փայտ կտրելու:

Պոեմներ, առակներ, հեքիաթներ

Подняться наверх