Читать книгу Պոեմներ, առակներ, հեքիաթներ - იაკობ ცურტაველი - Страница 8

ՓՇԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Оглавление

Կառ փուշը գլուխը տնկած, փշերը փռած, փշերը սրած, ուռած ու փքված ինքն իրեն ասում էր.

– Ես այս դաշտի իշխանն եմ, ո՞վ կհամարձակվի ինձ ձեռք տալ: Ես քանի-քանի քիթ եմ ծակել քանի կովի, եզան ու գոմեշի լեզու կծել: Քանիսի ձեռքից, քանիսի ոտքից արյուն եմ հանել:

Ճիշտ որ, եթե ես իմ քաջությունները համրելու լինեմ, քաջերի քաջն եմ, խաների խանն եմ: Իսկ ինչ կանեմ սրանից հետո, էն էլ ես գիտեմ: Ես վճռել եմ ով մոտիցս անցնի՝

Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,

Լեզվի միջին փուշս թաղեմ,

Թո՛ղ թրթռան, թո՛ղ մրմռան,

Ես ծիծաղեմ, ես հռհռամ:


Երբ կովերն անցնում էին կառ փշի մոտով, խեթ-խեթ նայում էին նրան ու միմյանց զգուշացնում.

– Չմոտենաս էս հպարտին, կծել գիտե, կծան է, չես կարող դու բերանդ առնել, ոչ տրորել, ոչ ծամել…

Ոչխարներն ասում էին.

– Բուրդներս կքաշի, թող կորչի էս կառը, գլուխը մեծ քարը:

Խոզն ասում էր.

– Արմատդ կքանդեի, քեզ կհանեի, բայց չարժե, որ դունչըս կեղտոտեմ: Գնա կորի, ո՞վ պետք է փորի:

Բայց կառ փուշը գլուխը տնկած` իր երգն էր երգում.

Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,

Լեզվի միջին փուշս թաղեմ,

Թող թրթռան, թող մրմռան,

Ես ծիծաղեմ, ես հռհռամ:


Ու մեկ էլ եկավ էշը, վիզը երկարացրեց, ըռխեց փշի ցից գլուխը, լամեց-լամլմեց, ծամեց-ծամծմեց, կուլ տվեց ու ասավ.

( Փշի գերեզմանը էշի փորն է:

Պոեմներ, առակներ, հեքիաթներ

Подняться наверх