Читать книгу Պարապ վախտի խաղալիք - იაკობ ცურტაველი - Страница 2

էՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ

Оглавление

Գնա՜, իմ խեղճ գիրք՝ գնա՛ մարդամեջ.

Գլուխդ քաշ քցի՛ր, մի՛ նեղանար հեչ,

Անկաջդ փակի՛ր, սիրտդ լեն բռնի՛ր,

Ինչ ասեն, խոսին, տա՛ր ու համբերի՛ր:

Ճամփորթի գլխին շատ փորձանք կգա:

Անձրև, ձին, կարկուտ՝ հազիր համեշա,

Դուման ու կայծակ, շոք, բուք ու կրակ

Ամեն տեղ կըլին, ամեն ժամանակ:

էսպես բանիցը, ով շուտ վախենա,

Ու ճամփի կիսիցն վեր կենա, եդ գա,

Ո՜չինչ չի շահվիլ, դարդակ կմնա:

Փորձանքից՝ մարդը՝ լավ չի՝ նեղանա:

Ի՞նչ ես դարդ անում, որ վրեդ խոսին,

Յա քեզ ծաղր անեն, յա աչքից քցեն:

Ամենի սրտին դուր գալ չի ըլիլ.

Ամենի խաթրը ո՞վ կարա առնիլ,

Աշխարքի բերանն ջվալի բերան:

Առակ է ասած՝ ո՞ւմ ասես քո բանն:

Հալբաթ մեկ օր էլ արև դուս կգա,

Էն վախտն կիմանան, թե ուզածդ ի՞նչ ա,

Գնա՛, աստված քեզ բարի ճամփա տա,

Ում տուն էլ մտնիս, բարով տո՛ւր, գնա ,

Մտքումդ պահի՛ր էն վաղի առակն,

Որ չանես քեզ էլ ինձ էլ խայտառակ,

Որ մեկ ծեր մարդ իր ջահել որդու հետ

Դուս Էկավ, գնաց, աշխարք տեսնի, եդ

էլ իր տունը գա: Ինքն իշի նստեց,

Սնգսնգալով՝ նա որդին առաջ քցեց:

Ճամփորթի մեկը էս տեսավ, ասեց:

Ի՞նչպես հեր ա նա, որ որդուն թողել

Ոտով, լիտր ու կես՝ ինքն իշին բազմել:

Ասածը ծերը լսեց, վեր էկավ,

Որդուն նստացրեց, ինքն առաջ ընկավ:

Մեկն էլ Էն կողմիցն՝ իր զուռնեն փչեց,

«Երկուսդ էլ նստիք, ի՞նչ բան ա էդ մեծ»:

Սրան էլ լսեց լողլող հալևորն.

Ոտներն ճոլոլակ էն մեծ միրքավորն:

Հեր ու որդի որ իշի վրա բազմած՝

Չմտան քաղաքն. էլ մարդ չի մնաց,

Որ մատով նրանց ցույց չի տա՝ հանկարծ:

Բեղ, միրուք բոլորն լավ սղալելով,

Ծափ տվին քամակիցն, վրեն ծիծաղելով:

Խղճի որ ճարը կտրվեց, վեր Էկավ,

Իշի ոտները կապեց, մեկ փեդ լավ

Միջովն անց կացրեց, մեկ տուտն իր ուսին

Մեկը իր որդու՝ դրեց քամակին:

Քար ու ձոր բերան, ու աչք բաց արին:

Ճարն որ կտրվեց, ի՞նչ պետք է աներ,

Սիրտը չտարավ աշխարքի բաներ,

Հազար ուշունց ու անեծք կարթալով,

Էշը վեր առավ, քցեց ջուրն՝ լալով,

Գետի ղրաղին կանգնած՝ սուք արեց՝

«Լիս դառնա հոգիդ ա՛յ իմ էշ»՝ ասեց:

«Ի՞նչ կըլեր, տանից չէինք դուս էկել,

Ո՛չ ուրշին լսել, ո՛չ մեր տունն քանդել:

Ինձ տեսնողը՝ թո՛ղ՝ իր գլուխը լա,

Ուրըշի դնչին հեչ մտիկ չտա»: —

Ամենի խոսքին ականջ դնողը

Գլուխը կկորցնի, յա էլած ղուղը:

Ով լայաղ չանի, քեզ վերցնի, կարթա,

Թո՛ղ իր շնորքը պահի, մոտ չգա:

Քար ու չոլ ընկնիլ ի՞նչ մեկ մեծ բան ա,

Խոր խոր խոսալուցն ո՞վ ինչ կիմանա,

Խոսողին էլ՝ միշտ հասկացող պտի,

Թե չէ փուչ՝ քամին կառնի, կտանի:


Պարապ վախտի խաղալիք

Подняться наверх