Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 7

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (XII Դ.)
ՄԱՐԴՆ ՈԻ ԾԱՌԵՐԸ

Оглавление

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

– Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ, – ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

– Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Առակիս ծառը խրատում է հյուրերին ու աղքատներին, որ հարմար ժամի գնան մեծարանք փնտրելու, հյուրերը ուտելու և հանգստանալու, իսկ աղքատները՝ կարիքները բավարարելու։ Եվ ամեն ժամ հյուրընկալողները պատրաստ չեն ընդունելու, կամ բարեգործները` ողորմություն տալու: Իսկ ամբաստանելու և տրտնջալու դեպքում չպետք է չարանալ, այլ անհրաժեշտ է պատասխանել քաղցրությամբ, բացատրել անպատրաստության պատճառները և այլ ժամի առատաձեռնությունը։

Առակներ

Подняться наверх