Читать книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - იაკობ ცურტაველი - Страница 15

Յըլդըզ
Բ

Оглавление

Արմենակը բարձրահասակ և գեղեցիկ մի տղամարդ էր, ճակատի վրա ստվերում էր մազերի գանգուր մի փունջ, ֆեսը ետև նետած, հագնում էր մուգ֊կարմիր թավշյա մի ժիլե, շապիկի թևերը վեր քշտած, կանաչ չուխայե մի շալվար, որ սեղմորեն փաթաթվելով մարմնին՝ ցուցադրում էր սրունքների բարեձևությունը, աչքերի բիբերին ձգտող բեղ, կարմիր, արյունալից շրթունքներով, սուր ծնոտով, երկնագույն աչքեր՝ սև հոնքերով կիսաշրջանակված։

Արմենակի հայրը հյուսն էր, հռչակ ունեցող վարպետ, իր մեկ հատիկ արու զավակին ոչինչ չէր խնայում, այնպես որ, երբ նրա սերը կտրվեց դպրոցից և սկսեց չհաճախել, հայրը՝ ուստա Օվանեսը, չկշտամբեց նրան։

– Թող սաղ ըլլի, անկիրթ ըլլի. ես ըլ ուսում չառի, համա մարդ դարձա, – ասաց նա։

Արմենակը, սակայն, ինքն էլ հոր արհեստը սովորեց և վարպետ դարձավ, բայց արհեստանոցում գրեթե չէր աշխատում, որովհետև նրան այրում էր մի սեր, որ խելագարության էր հասնում։

Նա սիրում էր ձի։

Ամեն ուրբաթ օր Արմենակը վազում էր Գյուլ֊Օվան, ընդարձակ մի դաշտ, հերկած և փխրուն, որտեղ ճիրիդ1 էին խաղում, և դիտում էր ձիերի վազքը, նետախաղին մասնակցող ամեն մի ձիավորը նրա աչքին հեքիաթային հերոս էր։

Ամեն առավոտ գնում էր Վարի հրապարակը, որտեղ ձիու ճամբազները ձի էին վաճառում և գնում։

– Ո՞ւր էիր, ծո՛, – հարցնում է հայրը։

– Աղջկա պես ձի մը ծախեցի հինգ ոսկով, – թուքը կուլ տալով պատասխանում էր Արմենակը։

Սա մինչև անգամ կանգ էր առնում և դիտում մի քոսոտ ձիու պայտումը։

Արմենակի համար ձին կյանքի նպատակն էր։

Ուստա Օվանեսը, երկար ժամանակ իր կնոջը՝ Աննա Քորոյին, անսաց և ձի չգնեց Արմենակի համար, որովհետև Աննա Քորոն, գիշեր և ցերեկ, որդուց գաղտնի, լաց էր լինում և պաղատում ամուսնուն.

– Ինչ կընես, ըրե՛, ձի մի առներ։

Աննա Քորոն կարծում էր, որ ձին որդուն մոռացնել կտար ծնողներին, երկու քույրերին, ապա և կարող էր չիրականանալ մայրերի համար գերագույն երազը՝ ամուսնացնել որդուն և սիրուն մի հարս բերել տուն։

Իսկ որդին, ամեն անգամ, երբ հորը տեսներ մենակ, մանավանդ լավ տրամադրության մեջ, գլուխը կախ ասում էր․

– Հայրի՛կ, ձի մը չառհր ընծի համար։

– Կառնի՛մ, յավրո՛ւս, կառնի՛մ…

Ուստա Օվանեսի համար խոր տառապանք էր տեսնել որդուն գլուխը կախ, խեղճացած։

– Պապա իգիթ է, մեղք է, – մտածում էր նա։

Եվ մի օր էլ Ուստա Օվանեսը մի երազ տեսավ. Արմենակը իշու վրա նստած, բզելով և փորին քացիներ տալով՝ իբր թե ձիարշավ էր գնում։

Վեր կացավ կեսգիշերին, մի սուրճ եփեց իր համար, սկսեց խմել, ծխել և մտածել։

Աննա Քորոն էլ զարթնեց։

– Քա՜, ինչո՞ւ ես արթնցեր։

– Երազ տեսա։

– Բարին ըլլի։

Եվ Ուստա Օվանեսը պատմեց իր երազը։

– Քա՜, ի՞նչ կըսես…

– Յա՜…

Աննա Քորոն լաց եղավ։

– Քա՜, Արմենակս իշու վրա նստի՞…

– Աչքովս տեսա, կնի՛կ։

Առավոտյան Ուստա Օվանեսը գրկեց որդուն և ասաց.

– Ուզած ձիյըդ հավանիր՝ առնիմ, հա՜յդե, յավրո՛ւմ։

Արմենակը թռավ Վարի հրապարակը։

Աննա Քորոն լաց եղավ, բայց չդիմադրեց այլևս։

Արմենակի երկու քույրերր թռչկոտում էին, որովհետև նա երկուսին էլ գրկեց, ցավացնելու չափ սեղմեց և համբուրեց։

Երեք օրվա ընթացքում Արմենակը գտավ մի ձի, և Ուստա Օվանեսը ութ օսմանյան ոսկի համրեց վաճառականի ափի մեջ։

Արմենակն այլևս հոր արհեստանոցում չերևաց։

– Թող պոռթկռտա ու քեֆ ընե, աշակերտներ շատ ունիմ, – ասաց հայրը։

Այս ժամանակ Արմենակը քսանմեկ տարեկան էր։

Գնած ձին մի արատ ուներ՝ առաջի ոտները իրար էր խփում։ Արմենակը երկու ոսկի վրա տալով փոխեց մի ուրիշ ձիու հետ։

Մի օր հայրը լսեց, որ Արմենակը ճիրիդի էր մասնակցել, կնոջը բան չհայտնեց այդ մասին, բայց կինն իր ուրույն ճանապարհով լսել էր և ահ ու սարսափով բռնվել։ Ճիրիդում նետ էին գործածում, հազար ու մի թշնամություններ էին պատահում, զարնում էին գլխին և սպանում։ Ճիրիդում սպանվածի համար ոչ մի պատասխանատվություն չկար։

Մայրը կանչեց իր որդուն, բռնեց նրա գլուխը, սեղմեց իր բուրումնավետ կրծքի վրա և ասաց.

– Ճիրիդ մ՚երթար, յավրո՛ւս, ի՞նչ կըլլի, տես, կաթս հարամ կենեմ։

Արմենակը մորը խոստացավ ճիրիդի չմասնակցել։

1

ճիրիդ― նետ, նետախաղ

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր

Подняться наверх