Читать книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - იაკობ ცურტაველი - Страница 17
Յըլդըզ
Դ
ОглавлениеՄի իրիկուն, այն պահին, երբ վարդագույն լույս է լինում, Ուստա Օվանեսը, սենյակի լուսամուտի մոտ նստած, նորից հարց տվեց.
– Արմենակիս երթալը քանի՞ օր է։
Մեծ աղջիկը՝ Հաջիխասը, պատասխանեց.
– Քսանութ օր է։
Ուստա Օվանեսը երկար մտածեց և ասաց.
– Արմենակս ասօր կըլլի Ադանա։
Դեռ խոսքը հազիվ էր վերջացրել, երբ մի ձիավոր կանգնեց դռան առաջ, արաբական տարազով մի մարդ, սպիտակ ձիու վրա նստած։
Ուստա Օվանեսի լեզուն կլորվեց, հազիվ կարողացավ արտասանել․
– Ար֊մե֊նա֊կես գիր է եկեր…
Հաջիխասը վազեց լուսամուտը և պոռաց.
– Քա՜, Արմենակն է, ախպարս է…
Եվ իսկապես Արմենակն էր։
Սպիտակ ձին վրնջում էր, ինչպես արույրե զանգակը լուսաբացին, ծառս էր ելնում և դառնում ետևի ոտների վրա, ինչպես երիտասարդ մի պարուհի պիրուետ անելիս։
Հաջիխասն առաջինն էր, որ դուռը բաց արավ և հափշտակված կանգնեց, իսկ նրանից փոքրը՝ Հազարթերթը, հեռվից աղաղակեց.
– Վա՜յ, մեծ ախպա՜րս…
– Քիչ մը շեքեր բեր, – ասաց Արմենակը մեծ քրոջը։
Հաջիխասը վազեց շաքար բերելու։
Դռան շեմքին կանգնեցին Ուստա Օվանեսը և Աննա Քորոն։ Հաջիխասը շաքարը բերեց և վախվխելով տվեց եղբորը։ Արմենակը կռացավ ձիու վզի վրա և ափով շաքարը երկարեց ձիուն։ Շաքարը խռխռտացնելուց հետո ձին հանդարտվեց, այն ժամանակ Արմենակը վար ցատկեց։ Քույրերը փաթաթվեցին նրա վզովը, Արմենակը հազիվ ազատվեց նրանցից՝ փաթաթվելու ծնողներին։
Մայրը լաց եղավ։
Ուստա Օվանեսը, չհասկանալով ուրախության համար թափված արցունքները, բարկացավ և ասաց.
– Ա՛յ կնիկ, գնաց՝ լացիր, եկավ՝ կուլաս։
Արմենակը ձին տեղավորեց ախոռում և բարձրացավ վեր։
Հայրը հարցրեց.
– Էս ինտո՞ր եղավ։
– Գնացի Հալաբ, քանի մ՚օր ֆռլամիշ եղա, էս ձին տեսա, բյութուն (ամբողջ) փարան ատոր պառկցուցի, ելա եկա։
– Կըսեիր քի՝ տղաս խելացի չէ, տեսա՞ր, – դարձավ Ուստա Օվանեսը իր կնոջը։
Աննա Քորոն ապշեց, որովհետև այդպես բան երբեք ասած չէր։
Արմենակը գլխին փաթաթել էր ազնիվ բրդից հյուսված արաբական գլխանոց, վրան թեթև մի աբա, փոթռտուն մի շալվար և ոտին կարմիր ճտկավոր մի կոշիկ։
– Շամ9 չգացի՞ր, ծո՛։
– Չէ՛, փարաս հատավ։
– Բյութուն փարան ձիո՞ւն տվիր։
– Մենշուր10 ձի է, մայրը անգլիացի է, հայրը՝ արաբ, հարուր ոսկի տան, չեմ տար, – հպարտությամբ հայտարարեց Արմենակը։
– Մաշշալա՜, ծո՛…
– Անունն ի՞նչ է, – հարցրեց Հաջիխասը։
– Յըլդըզ…
– Քա՜… – բացականչեց Հազարթերթը։
– Յըլդըզիդ ղուրբան ըլլիմ, օղո՛ւլ, – շշնջաց Աննա Քորոն։
9
Շամ – Դամասկոս
10
մենշուր – հռչակավոր