Читать книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - იაკობ ცურტაველი - Страница 19
Յըլդըզ
Զ
ОглавлениеԵվ ամեն կիրակի ու տոն օրերը Արմենակը դուրս էր բերում իր ձին, կրծքից կախած մի փիրուզյա խոշոր քար, որ աչք չտան, թնդացնում էր փողոցը, պայտը խփում էր սալահատակին, մետաղի զիլ հնչյունը զրնգում էր ջինջ օդում։
– Արմենա՜կը, Արմենա՜կը…
Յըլդըզը, ամբողջովին սպիտակ, ածուխի նման սմբակներով, ազնվագույն գլուխը բռնած բարձր և հպարտ, անպայման զգում էր, որ ահա ողջ քաղաքը հանդիսատես է իր վազքին։
Օրը դառնում էր խելահեղ ողջ գավառական քաղաքի համար, իսկական տոնական և համայնական ուրախության օր։
Այդ իրիկուն բոլոր գինի խմողները, – ծանոթ թե անծանոթ, – պարտք էին համարում խմել Արմենակի և նրա ձիու կենացը.
– Ողջ ըլլին երկուսն ըլ, մեր քաղաքը փառլաթըմիշ12 ընեն…
– Փեզեվենկի տղուն ձիյը ինչ ըսես արժե, մաշշալա՜հ…
Այդ իրիկուն, գրեթե ամեն տան մեջ խոսակցությունը դառնում էր Արմենակի և նրա ձիու շուրջը։
– Քա՜, տեսա՞ր…
– Յա չի տեսա՞…
– Ես առուեն անցած ատեն տեսա, աչքս խառալմիշ եղավ13…
– Ես դաշտը կայներ էի, տեսա հրեղեն ամպի պես կուգա կոր…
Եվ ոմանք պատմում էին բաներ, որ չէին տեսել, բայց հավանորեն կարող էին պատահած լինել։ Ով ինչքան շատ բան «տեսած լիներ», այնքան իրեն հպարտ էր զգում և պատմելով, պատմելով, իրենք էլ հավատում էին իրենց պատմածներին։
– Դաշտին միջի էն թեք ծառը կա՞ յա, իշտե էն ծառի վրայեն թռա՜վ…
– Չէ՛, ջանը՛մ, – չհավատալով և ապշահար գալիս է պատասխանը մեկից, բայց լավ է զգում, որ դիմացինը փչում է։
– Սոխախին (փողոց) մեջ կնիկ մի դեմը ելավ՝ Յըլդըզը վրայեն թռավ անցավ ու կնիկը հեչ բան մընալ չի գիտցավ։
– Դուք էդ կըսես, իմ գլխուս վրայեն թռա՜վ… – բոլորովին հավատացած և անկեղծորեն փչում էր մի չորրորդը։
Կային մարդիկ, քաղաքի ամենադատարկապորտները, որոնց ֆեսը միշտ ծուռ է և որոնք ժաքեթի միայն մի թևը հագած են ման գալիս, այդ միևնույն տեսակի փչոցները, ավելի գունավորված և առասպելական, պատմում էին հենց իրեն՝ Արմենակին։
– Քուզում Արմենակ, դուն վրան ես, չես տեսնար, սոխախին վերևը էն աղքատ Մարտիրոսին տունը կա յա, էդ տեղը եբոր հասար, Յըլդըզը չոլրվավ14, ոտքերը դրեց տեների վրա ու՝ յալլա՜…
– Աճայի՞բ15․․․ – զարմանում էր Արմենակը։
Եվ որպեսզի սառը ջուր լցրած չլինի ձիու համբավի վրա, ինքն էլ մի քիչ հափշտակված հեքիաթային զրույցներից, ասում էր․
– Եբոր կը քշիմ, աչքիս վրա կարծես բուլուդ կիջնա, հեչ բան չեմ տեսնար։
Եվ բոլորն հավատում էին, որովհետև նախ և առաջ հավատացել էին իրենց իսկ ստերին։
Քաղաքի բոլոր մարդկանց այրում էր մի ցանկություն՝ մոտենալ Յըլդըզին և շոշափել նրան, գեթ շատ մոտիկից զգալ նրա շունչը։
Ոչ մի մարդու համար, սակայն, այդ ցանկությունը չիրականացավ, որովհետև անկարելի էր, որ Յըլդըզը բացի Արմենակից որևէ մեկին թույլ տար իրեն մոտենալու։ Հենց որ մեկը փորձում էր այդ՝ Յըլդըզը կատաղում էր, վրնջում և ծառս լինում։ Ինքը՝ Արմենակը շատ ջանաց, որ նրան ընտելացնի տան անդամների հետ, չկարողացավ, միայն այն օրերը, երբ Արմենակը տանը չէր լինում և գարի տալու ժամն էր լինում, Հաջիխասը մի ձեռին գարի, մյուսին՝ շաքար, մոտենում էր, շաքարը տալիս, գարին թափում մսուրի մեջ և փախչում։
– Շատ աղե՜կ, – ասում էր Ուստա Օվանեսը, – էս ինտո՞ր եղավ, որ քեզ թողուց մոտը։
– Հենց առաջին օրը ինձ շատ սիրեց, – պատասխանում էր Արմենակը։
– Անասունները մարդու կաթը կը ճանչնան, – եզրակացնում էր Աննա Քորոն։
12
փայլ տալ
13
սևացավ, մթնեց
14
դառնալ
15
աճայիբ― մի՞թե