Читать книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - იაკობ ცურტაველი - Страница 22

Մի կյանք և մի սեր

Оглавление

Մանկությունից էր այնպես՝ եթե մի գետնախնձոր տային, թե՝ կեր, խնձոր է, ուտում էր։

Մոտենում էր մեկին, թե՝

– Անոթի իմ։

– Սիրտդ ի՞նչ կուզե, Մոսես, – հարցնում էին։

– Սիրտս փախլավա կուզե։

– Առ քըզի փախլավա, – և տալիս էին սովորական լավաշը, և նա ոչ միայն ուտում էր իբրև փախլավա, այլև իսկական փախլավայի համ էր ստանում։

Երբ մանուկ էր, ոչինչ չէր կարողանում զանազանել իրարից։ Միայն մի բանում երբեք չէր սխալվում։ Երբ հարցնում էին՝ Մոսես, մո՞ւթ է, թե լուս, պատասխանում էր հիմար֊հիմար ժպտալով.

– Լո՜ս է։

Թե որտեղից և ինչպես գավառական փոքրիկ քաղաքն էր ընկել նա՝ ոչ ոք չէր իմանում, երևի պատահաբար դուրս էր եկել դաշտի գյուղերից մեկից, քայլել էր աննպատակ, ընկել էր քաղաքը և այլևս մոռացել էր հին գյուղը։

Արդեն երիտասարդ էր, երբ երևաց քաղաքում, ցնցոտիներով, կեղտոտ ֆեսով, բոբիկ, ճաքճքած ոտներով, փոքրիկ գլխով, բայց բեխերով և միրուքով, երևում էր, որ ածելի չէր դիպել նրա երեսին. բարձրահասակ էր, փոքրիկ, ապուշ աչքերով, բայց զարմանալիորեն համակրելի նայվածքով, նայվածք, որ կարեկցություն էր առաջացնում։

Շուտով, շատ շուտով նա հայտնի դարձավ շուկայի բոլոր խանութպաններին։

Մի քանի անգամ քաղաքի փողոցային մանուկները, ինչպես և փողոցային մարդիկ, փորձեցին խաղացնել նրան, բայց չհաջողվեց, որովհետև Մոսեսը ոչնչից չնեղացավ, ոչ մի արձագանք չտվեց, ասացին և հեռացան։

Շուտով նա դարձավ ամենապետքական մարդը շուկայի խանութպանների համար, որովհետև բոլորի համար անխտիր ջուր էր կրում։

– Մոսես, գնա սիթիլ21 մը ջուր բեր։

Մոսեսը առանց որևէ առարկության, վերցնում էր դույլը և գնում ջրի։

Բերելուց հետո էլ ոչ մի բան չէր պահանջում՝ լուռ ու մունջ կանգնում էր պատի տակը և ժպտում։ Բարեխիղճները նրան տալիս էին տանից բերած ճաշի ավելցուկը․ ուտում էր, բերանը սրբում թևով և նորից կանգնում մի պատի տակ, նայում տարտամ և անորոշ։

Մարդիկ փորձեցին, բացի ջուր կրել տալուց, ուրիշ աշխատանքի մղել նրան, բայց չհաջողվեց․ բացի ջուր կրելուց ուրիշ ոչինչ չէր կարող անել, որովհետև մինչև կես ճանապարհը մոռանում էր պատվերը և այլևս չէր վերադառնում պատվիրատուի մոտ, պատվերը մոռացած տեղը կանգնում էր և սպասում։

Երբ տարիքն առավ, նրան սկսեցին «Մոսես ախպար» կանչել։ Սկզբներում վարժ չէր այդ անվան, կարծում էր, որ իրեն չեն կանչում, բայց երբ մարդիկ համառորեն շարունակեցին՝ վարժվեց։

– Մոսես ախպար…

– Ղուրբան…

Սպասում էր, որ մի բան պատվիրեն։

Երբ որևէ բան չկար, որով վարձատրեին նրա աշխատանքը – ճաշի ավելցուկ և այլն – խանութպանները սովորություն դարձրին նրան վարձատրել փողով։ Իսկ այդ փողն իսկական չէր, կտրում էին լրագրից մի կտոր և տալիս էին նրան, թե՝

– Մոսես ախպար, էսի փարա է, պահե՛, հաց կառնես։

Մոսես ախպարը խնամքով պահում էր լրագրի կտորն իբրև փող, պահում էր ծոցի մեջ, հենց մարմնի և շապկի արանքում։ Բացի լրագրի կտորից՝ տալիս էին և պապիրոսի թղթի շապիկը։ Սա արդեն ավելի մեծ փող էր համարվում, որովհետև պատկերազարդ էր լինում և ավելի կանոնավոր կտրված։

Եվ իսկապես, լրագրի այդ կտորները կամ պապիրոսի թղթի շապիկները փող էին Մոսես ախպոր համար, որովհետև իր բոլոր գնումները անում էր այդ լրագրի կտորներով և պապիրոսի թղթի շապիկներով։ Մոտենում էր որևէ խանութի, կոշկակարի, նպարեղենի խանութի, վարնոց ճաշարանի, փողոցների անկյունները տժվժիկ եփողների, պաղպաղակ ծախողների և, տալով իր փողը, վերցնում էր ինչ որ ուզենար, բոլորն էլ տալիս Էին, որովհետև Մոսես ախպարն իսկապես այդ թղթի կտորներն իրար վրա դիզել էր սեփական և արդար աշխատանքով։

Մի անգամ մտավ մի սափրիչի խանութ և ամբողջ դեմքը մաքրել տվեց և խուզել տվեց գլուխը։ Սափրվելուց հետո ծոցից հանեց պապիրոսի թղթի մի շապիկ և տվեց սափրիչին։ Սափրիչն ուզեց բարեխիղճ լինել և ետ տվեց պապիրոսի թղթի շապիկը, թե՝

– Մյո՛ւսը տուր, էս շատ է։

Մոսես ախպարը ժպտաց և ետ վերցնելով պապիրոսի թղթի շապիկը՝ տվեց նրան լրագրի կտորը։

Մոսես ախպարը սիրում էր մածունը․ մանկությանը, գյուղում, միակ ուտելիքը մածունն էր եղել, բայց, դժբախտաբար, իր փողով չէր կարող մածուն գնել, որովհետև շուկայում մածունը ծախում էին գյուղացիները, որոնք ամեն առավոտ բերում էին, ծախում և գնում, նրանց համար ջուր հարկավոր չէր, որ Մոսես ախպարը կրեր և վարձատրություն ստանար և ապա փոխանակեր մածունի հետ, ուստի, ամեն առավոտ գնում էր շուկայի մեծ հրապարակը և համբերությամբ կանգնում էր մածուն վաճառողների կողքին, որպեսզի երբ շերեփից մածունը թափվեր տախտակի վրա՝ մատովը վերցներ և լիզեր։

– Մոսես ախպար, ի՞նչ կենես էստեղ, – հարցնում էին նրան։

Մոսես ախպարը, ուսերը վեր բարձրացնելով և ժպտալով՝ պատասխանում էր.

– Հե՛չ, մածուն կլզիմ։

Հրապարակից նա քաշվում էր այն ժամանակ միայն, երբ, բոլոր մածունը ծախած, գյուղացիներն ամանները վերցնում էին և հեռանում։

Իմացականության բացարձակ բացակայությունը երբեք պատճառ չէր, որ սիրտը դադարեր բաբախելուց։

Նա փողոցների անկյունները, բաղնիքի պատի տակը, եկեղեցու բակում կամ խանի թրիքների մեջ երկար ժամանակ գիշերելուց հետո քաղաքի ծայրում գտավ մի խրճիթ, որը բաղկացած էր մի նախասենյակից և մի սենյակից՝ հողե հատակով։

Այդ խրճիթում բնակվում էր մի այրի կին, արդեն հիսունն անց, սպիտակ մազերով, բայց զարմանալիորեն կարմրավուն երեսներով։

Որտեղից որտեղ Մոսես ախպարը լսել էր այրի կնոջ անունը։ Մի երեկո, հենց այն ժամանակ, երբ արևը թաղվում էր ծառերի ետևը և դաշտից զով ու թեթև մի քամի էր բարձրանում՝ Մոսես ախպարը մոտեցավ այրի կնոջը, որ ծնկան վրա դրած մատուցարանի վրա մի ափ ցորեն էր մաքրում, և ասաց.

– Խաչխաթուն քորո, եկա՛։

– Եկար, եկար, ա՞չքս կպաղեր։

– Քըզի փարա իմ բերեր։

Այրի Խաչխաթունը զարմացավ։

– Փարա՞։

– Հա՛, ինչքա՞ն կուզես։

– Տեսնամ, – աշխուժացավ Խաչխաթուն քորոն, մատուցարանը դրեց մեկ կողմ, ձեռքերը խաչաձևեց և դրեց փորի վրա։

Մոսես ախպարը հանեց իր բոլոր փողերը և դրեց Խաչխաթուն քորոյի ծնկանը և, չնայելով նրա ապշահար դեմքին՝ ասաց.

– Իշդե բյուդյունը (բոլորը) քըզի։

– Ջաննըմի՛ր, խենթ շուն, գազեթայի կտորները բերեր է քի՝ փարա է։

– Խաչխաթուն քորո, թուշդ կրծիմ, փարա է։

– Գնա՛, սարսա՛ղ, բախտ որ ունենայի, քըզի պես խենթերը դեմս չէին տնկվիր։

– Աչքս քոռնա, փարա է, – երդվեց Մոսես ախպարը։

Այրի Խաչխաթուն քորոն չհավատաց, վեր կացավ տեղից, մատուցարանը վերցրեց հետը, գնաց ներս և դուռը կողպեց Մոսես ախպոր երեսին։

Մոսես ախպարը չհուսահատվեց, գնաց շուկա։ Գնաց, որպեսզի այդ փողերով բան գնի, բերի Խաչխաթուն քորոյին, որ հավատա, բայց բոլոր խանութները փակ էին։ Գլուխը կախեց, մռայլվեց, էլ չժպտաց և կանգնած տեղն էլ նստեց ու քնեց, երբ հոգնությունն աճեց նրա ոսկորների մեջ։

Խաչխաթուն քորոյի հարևանուհիները մոտեցան նրան․

– Էդ խենթն ի՞նչ կըսեր, – հարցրին նրանք։

– Ամա՜ն, խենթ չըլլի՝ քովս կուգա՞։

– Է՛, ի՞նչ կըսեր։

– Ղազեթայի փարչան22 բերեր է քի՝ փարա է, ա՛ռ։

Հարևանուհիները կուշտ ծիծաղեցին։

– Բախտ ունենայի, անտեր չէի մնար, – ողբաց Խալխաթուն քորոն։

Մոսես ախպարն առավոտյան աչքերը բաց արավ բոլորից առաջ։ Մի բան մտքում կար, բայց անմիջապես չհիշեց։ Երբ երկու քայլ առավ, հիշեց – Խաչխաթուն քորոն էր։ Կանգ առավ։ Ժպտաց։ Փողոցներում ոտնաձայններ լսվեցին։ Ոտնաձայնները շատացան։ Բացվեցին խանութները։ Մոսես ախպարը մտավ մսագործների փողոցը։ Առանց իր խնդրելուն՝ նրան տեսնող առաջին մսագործն ասաց.

– Մոսես ախպար…

– Ղուրբան…

– Ի՞նչ տեղեն կուզես, կըյրիմ տամ։

Մոսես ախպարը, անգիտակցորեն մատը դրեց մսի մի մասի վրա։

– Շատ աղեկ, գլխուս վրա, – ասաց մսագործը և կտրեց տվեց։

Մոսես ախպարը հանեց լրագրի մի կտոր և երկարեց մսագործին։ Մսագործը լրջորեն վերցրեց լրագրի կտորը, և նետեց դախլը։

Մոսես ախպարը մսի կտորը, որ պատահաբար յուղոտ էր և դեռևս տաք, փաթաթեց մաշված ֆրակի փեշի մեջ և գնաց փռերի փողոցը։

Մի փռից հաց վերցրեց, գնաց ներքևի հրապարակը և գնեց մի քանի տեսակ բանջարեղեն, բոլորի համար էլ վճարելով լրագրի կտորներ։

Մաշած ֆրակի երկու փեշերը լիքը՝ նա քայլեց դեպի քաղաքի ծայրը, Խաչխաթուն քորոյի խրճիթը։ Թակեց դուռը։ Խաչխաթուն քորոն բաց արավ և՝

– Եկա՞ր, խե՛նթ անտեր։

Մոսես ախպարը կարևորություն չտվեց և ուղիղ քշեց ներս, թափեց բերածը խարխուլ մի թախտի վրա և ասաց.

– Կըսեյիր փարա չունիմ, տե՛ս։

Խաչխաթուն քորոն պատրաստվել էր մեծ ձայնով գոռալու, թե ինչո՞ւ ներս մտար, բայց տեսնելով միսը, հացը և բանջարեղենը՝ մատը տարավ բերանը և բացականչեց.

– Քա՜…

– Տեսա՞ր, ինծի Մոսես ախպար կըսեն։

Խաչխաթուն քորոն տնտղեց միսը, հացը և բանջարեղենը և շշնջաց.

– Քա՛, երազ չէ՞, – և դառնալով Մոսես ախպորը՝ ասաց.

– Ձեռքդ դալար…

– Հըլե շատ փարա ունիմ, – հպարտությամբ հաստատեց Մոսես ախպարը և, նորից ծոցից հանելով լրագրի կտորները և պապիրոսի թղթե շապիկները՝ ցույց տվեց Խաչխաթուն քորոյին։

Խաչխաթուն քորոն էլի ապշեց.

– Մեղա՜, տեր աստված, ե՞ս եմ խենթը, թե դուն։

– Դո՛ւն ես, դո՜ւն, – հայտարարեց Մոսես ախպարը։

Լռությունից հետո Մոսես ախպարը հարցրեց.

– Փատ ունի՞ս։

– Քիչ մը կաղըշնա (վայրի բույս, փշոտ և անպետք) ունիմ։

– Կաղըշնայով բան չեփիր, երթամ փատ բերիմ, – ասաց Մոսես ախպարը և քայլեց դուրս։

– Կեցի՛ր, ես ըլ հետդ գամ։

– Եկո՛ւր, ղուրբան, եկո՛ւր։

Երբ դուրս էին ելնում, Մոսես ախպարը ձեռքը հպեց Խաչխաթուն քորոյի ուսին։ Խաչխաթուն քորոն ոչ միայն չնեղացավ, այլև ներողամտությամբ ժպտաց նրան։

– Վա՛, թուշդ կռծիմ, – բացականչեց Մոսես ախպարը։

– Դե՛ խե՛նթ շուն, մի լպստվիր, առաջս ընկիր, – սաստեց Խաչխաթուն քորոն, բայց խորագույն հաճույք զգաց նա Մոսես ախպոր խոսքից։

Նրանք գնացին շուկա։ Մոսես ախպարն ուղիղ քշեց կոտրտած փայտ ծախողների շարքը։ Խաչխաթուն քորոն էլ ետևից։

– Մոսես ախպար, ի՞նչ կուզես։

– Փատ կուզիմ, ղուրբա՛ն։

Փայտավաճառը կշռեց մի գիրկ փայտ և տվեց։

Մոսես ախպարը ծոցից հանեց մի լրագրի կտոր և վճարեց փայտի համար։ Խաչխաթուն քորոն ապշեց։ Փայտերն ինքը Քորոն դարսեց թևի վրա։

– Է՛հ, դուն տուն գնա, ես գործ ունիմ, – ասաց Մոսես ախպարը։

– Կեսօրին եկուր, մեկտեղ ուտինք։

– Հա՛, ղուրբան, հա՛։

Խաչխաթուն քորոն գնաց, իսկ Մոսես ախպարը կանգնեց մի պատի տակ։

Խաչխաթուն քորոն հարևանուհիներին կանչեց ներս։

– Տեսե՜ք, տեսե՜ք, իշտե ղազեթայի փարչայով (կտորտանք) առավ։

– Քա՛, վո՞վ։

– Խե՛նթը, վո՞վ։

Բոլորը մատ խածին։

Խաչխաթուն քորոն ցույց տվեց Մոսես ախպոր բերած միսը, հացը և բանջարեղենը։

– Քա՛, ղազեթայի փարչայո՞վ առիք։

– Հա՛։

– Քա՛, ձեր մեջ վո՞վ է խենթը, Մոսե՞սը, թե դուն։

– Չըլնի՞ թե ես եմ խենթը, – տարակուսեց Խաչխաթուն քորոն, բայց շուտով զգաստացավ, չէ՛, խենթը Մոսես ախպարն էր, բայց ի՞նչն էր այդ մթին գաղտնիքը։

Իսկ Մոսես ախպարը շարունակեց իր աշխատանքը շուկայում։

– Մոսես ախպար։

– Ղուրբա՛ն։

– Գնա, սիթիլ մը ջուր բեր։

Եվ Մոսես ախպարը փութկոտությամբ ու աշխուժությամբ վազեց աղբյուր։

Կեսօրին Մոսես ախպարը գնաց Խաչխաթուն քորոյի խրճիթը և մտավ ներս համարձակորեն։

– Էնպես բան եփեր իմ, մատներդ հետը կուտես, – ասաց Խաչխաթուն քորոն։

– Ի՞մ մատներս։

– Քո՜ւ մատներդ, յա որո՞ւնը։

– Քո՜ւ մատներդ ուտիմ, ղուրբա՛ն։

– Խե՛նթ, – բացականչեց Խաչխաթուն քորոն՝ խորապես հրճվելով, որ վերջապես, երկար տարիներից հետո, եղավ մեկը, որ ուզում էր իր մատներն ուտել։

Երկուսն էլ նստեցին գետնին փռված կարմիր սփռոցի շուրջը։ Խաչխաթուն քորոն վերջին անգամ կերակուրը խառնեց և մոտենալով Մոսես ախպորը՝ ասաց.

– Փարաները ծո՞ցդ են։

– Հա՛, ծոցս են։

– Վաղն ալ միս կբերե՞ս։

– Ասսուն օրը կբերիմ, ղուրբա՛ն, քեզի համար Ասսուն օրը կբերիմ։

Խաչխաթուն քորոն երանությամբ նայեց Մոսես ախպորը։

– Մոսես ախպար, – ասաց նա, – աշխըրքի մեջ ես ըլ մինակ իմ, դուն ըլ։

– Երկուքս ըլ որբ ինք, – պատասխանեց Մոսես ախպարը։

Նա դողում էր, ուզում էր մի բան ևս ասել, իր սրտի մեջ եղածը, բայց չկարողացավ։

– Քա՛, կերակուրը տակը կպավ, – բացականչեց Խաչխաթունը և վազեց դեպի օջախը։

Մոսես ախպարը նայեց նրա մանրիկ քայլերին և թույլ֊թույլ մսերին, որ քայլելիս երերվում էին։ Նա երկու քայլ առավ առանց մտածելու, բնազդորեն։

Խաչխաթուն քորոն ետ եկավ արդեն կերակրով։ Կերակրի գոլորշին փոքրիկ սենյակը լցրեց ախորժալի հոտով. Մոսես ախպոր ռունգները բարձրանում և իջնում էին։ Երկու բան նրան զգլխում էին, – տաք կերակուրը և, թերևս կերակրից ավելի՝ տաք Խաչխաթուն քորոն։

– Ղուրբա՜ն, – շշնջաց Մոսես ախպարը։

– Ի՞նչ է, – պատասխանեց Խաչխաթունը։

Մոսես ախպարն էլ չկարողացավ ասելիքն ասել, սրտում շատ բան կար, բայց լեզվի ծայրը չէր գալիս, եթե գալիս էլ էր, շուտով փախչում էր վար։ Նայեց նրան երկար և լավաշի մեջ մսի մի կտոր փաթաթելով՝ երկարեց Խաչխաթուն քորոյին։

– Կե՛ր։

– Քա՛ , ես քըզի տի տամ, դո՞ւն ընծի կուտաս։

– Կե՛ր, ղուրբան, դո՛ւն կեր։

Խաչխաթուն քորոյի աչքերը լցվեցին՝ հիշեց, որ երեսուն տարի առաջ իր ամուսինն էլ մի օր այդ ձևով իրեն հյուրասիրեց։

– Ղուրբա՛ն, ինչո՞ւ կուլաս։

– Մարդս…― սկսեց Խաչխաթուն քորոն, բայց չկարողացավ շարունակել։

Մոսես ախպարը չէր իմանում, թե ինչ էր պատահել նրա ամուսնուն, թերևս և ողջ էր։

– Մարդդ հիմի ո՞ւր է, – հարցրեց նա։

– Հիմա բա՞ն մնացեր է, փտեր է անտերը։

Մոսես ախպարը շունչ քաշեց։

Ճաշից հետո Մոսես ախպարը ոտները տնկեց և թախթի վրա երկարեց առանց բարձի։ Հազիվ քնել էր, երբ Խաչխաթուն քորոն նրան զարթեցրեց։ Մոսեսը վախով բաց արավ աչքերը, նա կարծեց, որ Քորոն պիտի դուրս վռնդի իրեն։ Բայց քորոն ասաց.

– Ելիր, բարձը գլխուդ տակը դիր, մեղք ես։

Մոսես ախպարը քիչ մնաց ուշագնաց լիներ – առաջին անգամն էր իր կյանքում, որ մեկը հոգում էր իր չոր գլխի համար։

– Խաչխաթուն քորո, ղուրբա՜ն ըլլիմ քու ոտքերիդ, ոտքերդ լվամ, ջուրը խմիմ, – բացականչեց նա։

Խաչխաթուն քորոն ձայն չհանեց, սրբեց քիթը և կողքին նստեց։ Նա ուզում էր, որ Մոսես ախպարը սիրտը վերջապես բաց անի, բայց գլխի չէր ընկնում, որ Մոսես ախպարն արդեն սիրտը բաց էր արել, դրանից ավելի չէր կարող բաց անել։

Երեկոյան Մոսես ախպարը սպասում էր, որ Խաչխաթուն քորոն իրեն պահի տանը, իսկ Խաչխաթուն քորոն էլ սպասում էր, որ Մոսես ախպարն արդեն կմնա իր մոտ, բայց Մոսես ախպարը մութն իջնելուց առաջ ասաց․

– Երթամ շուկա։

– Վաղ կուգաս։

– Հա, ղուրբա՛ն, կուգամ։

Մոսես ախպարը գնաց շուկա և մի պատի տակ կանգնեց։

Առավոտյան կանուխ միս ու հաց առնելով՝ գնաց խրճիթ։ Խաչխաթուն քորոն անկողնից դեռ վեր չէր կացել։ Մոսես ախպարը լուսամուտից ներս նայեց և տեսավ, որ Խաչխաթուն քորոն վրան մի շոր է քաշում, որ գա դուռը բաց անի։ Մոսես ախպարը տեսավ նրա բաց սրունքները և բաց թևերը։

– Քա՛, դո՞ւն ես։

– Հա՛, ղուրբա՛ն, միս ու հաց բերեր իմ։

Երբ Խաչխաթուն քորոն տեսավ միսն ու հացը, չկարողացավ իրեն պահել և կողքովն ընկավ Մոսես ախպոր վրա։ Մոսես ախպարը գրկեց նրան, բարձրացրեց թևերի վրա և տարավ ներս, դրեց անկողնին։ Խաչխաթուն քորոն այնպիսի ձայներ հանեց, ինչպես տարիներ առաջ։ Մոսես ախպարը չէր իմանում, թե ինչ անի, մի քանի անգամ բարձրացրեց նրան, պինդ սեղմեց և նորից դրեց անկողնում, հետո շրթունքները մոտեցրեց նրա բաց թևերին և կծեց։

Խաչխաթուն քորոն ճչաց.

– Խե՛նթ շուն, էդպես կխածնե՞ն։

– Հըպը ի՞նչ էնիմ, ղուրբա՛ն, – անկեղծորեն, միամտորեն բացականչեց Մոսես ախպարը, որ առաջին անգամն էր հպում որևէ կնոջ։

Այդ գիշեր Մոսես ախպարը մնաց Խաչխաթուն քորոյի խրճիթում, և հաջորդող բոլոր գիշերները։

Մյուս առավոտն իսկ Խաչխաթուն քորոն հպարտությամբ խոսեց իր մարդու՝ Մոսես ախպոր մասին։

– Ճեպը, ծոցը փարա է, – ասաց նա։

Եվ իսկապես, եթե փող չունենար, որտեղի՞ց էր այն բարիքը, որ Մոսես ախպարը տունն էր լցնում ամեն օր։ Խաչխաթուն քորոն այլևս ազատվեց ուրիշների համար լվացք անելուց, թոնիր վառելուց և մուրացկանություն անելուց, որ երբեմն անում էր, երբ աշխատանք չէր լինում։ Նա այնքան աղքատ էր ապրել, որ ստիպված էր եղել ուրիշների մաքրած ցորենի ավելցուկը վերցնել և նորից մաքրել՝ մի ափ ցորեն գոնե ձեռք բերելու համար։ Իսկ հիմա։ Հիմա թող ողջ մնա իր ասլանը՝ Մոսես ախպարը, որը ինչ վաճառվում էր շուկայում՝ կարող էր գնել և տունը լցնել հենց լրագրի կտորներով, մի երևույթ, որը հրաշք էր թվում նրան։ Խաչխաթուն քորոն բոլոր պատռված դոշակները վերաշինեց, ճերմակեղենը կարեց, սովորեցրեց Մոսես ախպորը թաշկինակ գործածել.

– Եբոր գետինը կխնչես՝ քիթդ թևով մի սրբեր, մանդիլով23 սրբե, – խրատեց նա։

Իսկ խանութպանները, տեսնելով Մոսես ախպորը բոլորովին փոխված, վրան֊գլուխը մաքուր, գուլպայով՝ զարմանում էին և ասում.

– Աֆերի՛մ, Մոսես ախպար, քյալլե ղուլախդ24 շիտկեցիր։

– Կնիկ գտա, ղուրբա՛ն, – պատասխանում էր Մոսես ախպարը և դույլերը վերցնում, վազում ջրի։

Եվ քանի ժամանակն անցնում էր, Խաչխաթուն քորոն այնքան մտաբերում էր իր նախկին ամուսնուն, որ արհեստավոր էր, վաստակը տեղը, բայց մեկ֊մեկ գժվում էր, կռիվ սարքում տանը և իրեն էլ մի քանի ապտակ հասցնում, իսկ Մոսես ախպարը, նրա հետ դեռ մեկ հատիկ տարաձայնություն չէր ունեցել, ինչ որ ասեր, ինչ որ պատվիրեր՝ նույն միապաղաղ պատասխանն էր ստանում. – «Հա՛, ղուրբա՛ն»

Եվ Խաչխաթուն քորոն ասում էր հարևաններին.

– Էնպես սուս ու փուս է, էնպես խելոք, քնծոր հորթը կապես տունդ։

Բայց զարմանալի է բնության քմահաճույքը։ Երբ Մոսես ախպարն ազատվեց փողոցների անկյունները, խաների թրիքներում և բաղնիքի մոխիրներում քնելուց, ազատվեց ձմեռվա սառնամանիքից և սկսեց քնել բրդե անկողնում, մաքուր սավաններով, սկսեց և արագորեն քայքայվել.― Վա՜յ, փորս կցավի, վա՜յ, մեջքս, վա՜յ, ճռվներս…

Եվ մի օր էլ տուն եկավ, հազիվ խանութներից առած բաները տուն հասցնելով, պառկեց, թե՝

– Ղուրբա՛ն, Խաչխաթուն, ընծի բան մի եղավ, կերևա քի՝ տի փչիմ։

Եվ իսկապես, մինչև առավոտ Մոսես ախպարը «փչեց»։

Կյանքի վերջին պահին, երբ Խաչխաթուն քորոն, հուսահատ և տրտում ձեռքը դրել էր Մոսես ախպոր ճակատին, նա աչքերը բաց արավ, ժպտաց և հազիվ շշնջաց. – Է՜հ, փա՜ռք աստծո, վրաս լացող կա…

Եվ փակվեցին նրա աչքերը։

Խաչխաթուն քորոն, խոշոր֊խոշոր արցունքները սրբելով, Մոսես ախպոր ծոցից վերցրեց նրա բոլոր փողերը և դրեց իր ծոցի մեջ, քանի հարևանները չէին լցվել խրճիթը, և ապա սկսեց բարձր ճչալ.

– Մոսես ախպարս չի կա, Մոսես ախպարս գնաց Ասսու քովը..

Հարևանները եկան, մխիթարեցին նրան և բոլոր օրն ու հաջորդող գիշերը մնացին մոտը։

Խաչխաթուն քորոն պատմում էր գիշերը.

– Օր մըլ տեսա, Մոսես ախպարը եկավ, կայնեց դրանս առաջ, ըսի՝ քա՛, էս ինչ ասլան էր դեմս տնկվեց, ըսաց՝ ե՜ս իմ, ըսի՝ եկուր ներս, էդ ներս գալն էր, ալ դուրս չի գնաց, եփած ապուրներս կուտեր ու կըսեր՝ Խաչխաթուն, մատներդ հետը ուտիմ։

Եկեղեցուց մի հասարակաց դագաղ տվին Մոսես ախպոր համար։

Տերտերը և տիրացուն թաղման արարողությանը լպրտեցին, ինչպես քաղցած շունը լպրտում է գաղջ ապուրը։ Խաչխաթուն քորոն հազիվ մի քանի կաթիլ արցունք էր թափել՝ թաղումը վերջացավ։ Դեռևս բոլոր հողը չէին լցրել փոսը՝ երբ տերտերն ասաց.

– Օրհնա՛ծ, մեր վարձքը տուր, երթանք։

Խաչխաթուն քորոն ծոցից հանեց երեք հատ լրագրի կտոր, մեկը տվեց տերտերին, մեկը տիրացուին և երրորդն էլ ժամկոչին։ Տերտերը թուղթը նետեց իր փարաջայի լայն և անհատակ գրպանը, բայց տիրացուն գլխի ընկավ։

– Էս ի՞նչ տվիր, – հարցրեց նա լրագրի կտորի վրա նայելով ապշանքով և քմծիծաղով։

– Փարա տվի։

– Էս փարա՞ է։

– Քա՛ , փարա՛ է, Մոսես ախպորը փարան է, – ասաց Խաչխաթուն քորոն։

Տերտերը կարծելով, որ իրեն տվածը իսկական փող է, իսկ տիրացուինը լրագրի կտոր՝ կշտամբեց նրան.

– Մեռելի կշտին ատանկ խոսքեր չեն ըսեր, ծո՛, հա՜յդե։

Տիրացուն, ինչպես և ժամկոչը գլխահակ դուրս եկան գերեզմանոցից։

Երբ Խաչխաթուն քորոն տուն եկավ, մի մեծ շիվան փրցրեց.

– Մոսես ախպա՜րս, Մոսես ախպա՜րս… – ճչում էր նա և զարնում ծնկներին։

Հարևանները, մխիթարելու համար, ասացին.

– Աստված իրեն հավնածը կտանե․․․

– Ամա՜ն, Մոսես ախպարին ինչի՞ն հավնեց, որ տարավ, վա՜յ, վա՜յ, վա՜յ։

Հաջորդ առավոտը Խաչխաթուն քորոն, Մոսես ախպոր փողերը ծոցը, գնաց շուկա։ Առաջին անգամ կանգնեց փռի առջև, վերցրեց հացը, վճարեց և մի քայլ հազիվ էր փոխել, հացագործը ետևից կանչեց.

– Քո՛րս, էս ի՞նչ է, փարա՛ տուր։

– Քա՛, փարա չէ՞։

– Ի՜նչ փարա, դուն սարսաղ ես, կը կարծես մե՞նք ըլ սարսաղ ենք։

Խաչխաթուն քորոն ուզեց վիճել, բայց հացագործը խլեց տված հացը և վռնդեց նրան։

Խաչխաթուն քորոն կանգնեց մսագործի առաջ, տնտղեց մսերը և մի օխա միս վերցրեց։

Փողի վերաբերմամբ նույնը պատահեց և մսագործի հետ։

– Չէ՛, քորս, չէ՛, էդ փարա չէ, փարա՛ բեր։

– Մոսես ախպարը…

– Մոսես ախպարն ուրիշ էր, քորս, ան գնաց…

Օրը բոլոր Խաչխաթուն քորոն փորձեց մի բան գնել՝ չհաջողեց, բոլորն էլ վռնդեցին։

Երեկոյան քաղցած, հոգնած, հուսահատ ու մռայլ, խրճիթ վերադարձավ և թերևս նոր զգաց, թե ինչ էր կորցրել։

– Վա՜յ Մոսես ախպարս, – արցունք թափելով ողբում էր նա, – դուն ուրիշ էիր, անտեր մնացի, ընծի ըլ ետևեդ տար, Մոսես ախպարս, ոտքերուդ ղուրբան ըլլիմ։

Կես գիշերին, քաղաքի ծայրին կուչ եկած խրճիթում՝ Խաչխաթուն քորոն, կրկին այրիացած, հեկեկում էր և ողբում՝ հոտոտելով Մոսես ախպոր վերջին անգամ հագած շապիկը։

1934 թ.

21

դույլ

22

լրագրի կտորտանք

23

թաշկինակ, աղլուխ

24

մեջք, գլուխ

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր

Подняться наверх