Читать книгу Պատմվածքներ - იაკობ ცურტაველი - Страница 12
«Վերք Հայաստանի»
VIII
ОглавлениеՁորագետի ափերին` բոլոր ծառերից բարձր մի խումբ ընկուզենիներ են բարձրանում. ծուխը բարձրանում է նրանց միջից վերև, և քաջերի խումբն աղմկալի ուրախանում, քեֆ է անում այն հսկայական հովանու տակ:
Ծառատակերին, կանաչ խոտերում կարմիր խալիչաները տարածել, մի մեծ շրջան են կազմել անխնա լցրած մավի սուփրաների շուրջը: Ալևոր Մեհրաբն էր յուր հարազատներով, Օվագիմն ու յուր խումբը, Աղասին և յուր ընկերները, Արութինը, Խուդին, լեգզի Պետոն, Դոնղազ Ղռանը, Վերանը, Պրանը և զանազան տեղերից պատսպարված ժողովուրդների մեծերն ու տանուտերերը: Ուրախությունից բացվել, ծիծաղում են նրանց խոժոռ դեմքերը, ինչպես առավոտյան արևի տակ այն սև ժայռերը:
Այստեղ եկան ուղարկած որսկանները, սպանած պախրա բերին իշխանների լիքը սուփրեն, ձկնորսները թազա–թազա ձուկն եփեցին Ձորագետի ջրովն ու շուռ տվին տերևի վրա, և քեֆն ավելի թեժացավ:
Զվարթ աղմուկի ու ծիծաղի մեջ հնչում էր Օձնեցի հռչակավոր ուստա Յանըղի զուռնեն և թմբուկի հետ դրմբում էին քարերն ու քարանձավները: Ասողները ճգնում էին իրանց հուժկու ձայներով խլացնել աղմուկն ու զուռնեն, բայց Մեհրաբ յուզբաշու ծաղրածու Ղազոն տանում էր բոլորի ուշքը: Մատռվակները (սաղի) մեծ-մեծ գավեր ձեռքներին, սպասավորում էին շրջանի մեջտեղը պտտվելով. շարունակ հոսում էր Շուլավերի կարմիր գինին, երկայնակոթ հազարփեշաները անցնում էին ձեռքից ձեռք, և, ավելի ևս տաքանալով, աղաղակում էին նրանք` մերթ-մերթ նստած տեղերից դատարկելով հրացանները. գնդակները շառաչում էին բարձրաբերձ ժայռերի կրծքերին, և ձորերը բազմապատկում, տանում հեռացնում էին նրանց որոտը դեպի հեռու ձորեր: Տեր Մելիքսեթ պարթև քահանան էլ երբեմն-երբեմն մի հոգեբուխ մեղեդի էր վառում կամ ոգևորվելով թնդացնում էր Մամիկոնյան մեծ նախարար Սմբատի անվան երգը` «Առյո՜ւծ, արի՛ անպարտելի. ե՛կ, սեր իմ, ե՛կ…»: Ձորագետն էլ մյուս կողմից զանազան եղանակներով, հարբած ալևորի նման, հազար ու մի տեսակ ձայնը փոխելով, երգում էր ի պատիվ թանկագին հյուրերի… և այս բոլորը միախառնված իմացնում, ազդարարում էին, թե քաջերը զվարճանում են: