Читать книгу Պատմվածքներ - იაკობ ცურტაველი - Страница 13
«Վերք Հայաստանի»
IX
ОглавлениеՈւրախության այս թունդ միջոցին ծերունի Մեհրաբը վերցրեց գինով լիքը հազաբփեշեն, և բոլորը ուշք դարձրին նրան:
– Աղասի՛, – ձայն տվեց նա, – ես ուզում եմ օխնել էն ծառը, որ քեզ նման բար ա տվել… ո՞նց օխնեմ. աջողություն մաղթե՞նք, թե՞ ողորմաթասը խմենք…
Այս որ ասաց Մեհրաբ յուզբաշին` Աղասու պայծառ դեմքը մթնեց, ինչպես մի սև ամպ հանկարծ ծածկում է գարնան արևի երեսը. նա լուռ խոնարհեց գլուխը կրծքին. նրա հետ տխրեցին և յուր ընկերները:
Բոլոր սեղանակիցները իրար երեսի մտիկ տվին հոնքերի տակից, ուզեցին ասել – երևի տխուր բան հիշեցրին իրանց հյուրերին:
– Ուրեմն աստված հոգին լուսավորի, աստված նրա դատաստանը քաղցր անի… – մեղմ կարեկցությամբ խոսքն հառաջ տարավ ծերունին:
– Աղասու հերը մեռած չի, յուզբաշի, – գլուխը վեր քաշելով ընդհատեց Աղասու ընկերներից մեկը:
– Բաս ընչի տխրեցիք. ընչի՞ չեք խոսում, Կա՛րո, ի՞նչ կա…
– Տխրացրիր, ո՞նց չի տխրենք, յուզբաշի, – հառաչեց Կարոն:
– Աղասու հերը Երևանու բերդումը եսիր ա… Քանաքեռից աղջիկ փախցնելիս Աղասին ֆարրաշին սպանեց ու փախավ, չոլերն ընկավ, իրան տեղակ հորը բռնեցին… Պառավ մերը, ջահել կնիկն ու երեխաներն էլ…
Կարոյի պատմության հետ մռայլանում էր ծերունի նահապետի դեմքը, որպես Լալվարի սարը աշնան վերջերում, և թավամազ գորշ հոնքերի տակից աչքերը բարկությամբ վառվում էին, որպես կայծակը Լալվարի ամպերում: Սևագնում էին և մյուսները, որպես միասին ամպում են այն սարերը…
Կարոն շարունակում էր.
– Պառավ մերը, ջահել կնիկն ու երեխաներն էլ մնացել են Քանաքեռ-թշնամու հողում, ղզլբաշի բերանում… տանջվում են, կանչում են, ձեռքներս հասնում չի… ո՞նց չի տխրենք…
– Է՛ հե՜… – բացականչեց ծերունի Մեհրաբը այնպիսի եղանակով, որպես թե մի անսպասելի չար գաղտնիք էր գտել. – սա էլ իգիթի նման ման ա գալիս սարերում… – և, խեթ-խեթ ակնարկելով գունատված Աղասուն, մի դառը ծիծաղով աղաղակեց, – հա՜, հա՜, հա՜, հա՜, իգի՛թ… Բոլորը լուռ էին:
Ափսո՜ս, – մռնչաց ալևորը:
Նստողները գլուխները կախ արին:
– Ափսո՛ս, – կրկնեց նա և գինու թասը դրեց ներքև, – ափսո՛ս իմ հաց… ափսո՜ս իմ օջախ… ափսո՜ս, որ ես պաչեցի քո ճակատից… – Ապա թե ձայնը բարձրացնելով, գոռաց. – Մենք սրա՞ն ենք իգիթ ասում… Ոչ ոք ձայն չհանեց:
– Մենք նրան ենք իգիթ ասում, որ իրան վառած կրակում ուրիշին թողանի էրվելիս, ինքը գլուխն ազատի, փախչի սարերն ընկնի… իրան նամուսը – ծնողը, կնիկը, երեխեքը վեր գցի թշնամու առաջին…
Դարձյալ ոչ ոք չխոսաց, թեև բոլորը համաձայն էին:
– Ափսո՜ս իգիթ անունը… ափսո՜ս իմ օջախ… ափսո՛՛ս…
Այսպես աղաղակելով տեղիցը վեր կացավ ծերունին, հեռացավ սուփրից. վեր կացան յուրայինները, վեր կացան կանչած հյուրերը, լռեց զուռնի ձայնը, երգը վերջացավ:
Մի քանի վայրկյանից հետո դարձյալ ահագին ձորը մնաց մենակ Ձորագետի գոռոցներին, որոնք միացած, կարծես, մռնչում էին «ափսո՜ս…»: