Читать книгу Պատմվածքներ - იაკობ ცურტაველი - Страница 14
ԳԻՔՈՐԸ
Оглавление1
Գյուղացի Համբոյի տանը կռիվ էր ընկել:
Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնում:
– Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում, – լալիս էր կինը:
Բայց Համբոն չլսեց:
Մի խաղաղ առավոտ էր. մի տխուր առավոտ: Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին:
Քույրը` Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի. «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գիքո՜լ»:
Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում: Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը: Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում: Մին էլ ետ նայեց. գյուղը ծածկվել էր բլուրի ետև:
Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում:
– Արի հա՛, Գիքոր ջան, արի հա՛, հասանք հա՛, – որդուն կանչելով գնում էր Համբոն, շալակին մի խուրջին, մեջը մի քանի հաց ու պանիր ու մի երկու դաստա թութան:
Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՛ւ մշուշում:
– Ա՛յ, ապի, մեր տունն էն ա հա՛, – ցույց տվավ Գիքորը` մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը իսկի չէր երևում, ու անցան:
Առաջին իրիկունը ղոնախ ընկան մի գյուղում: Տանտերը Համբոյի հին ծանոթն էր:
Դեղին սամովարը թշշում էր տախտի ծերին: Մի ջահել աղջիկ շրըխկշրըխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր շինում: Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին: Գիքորն էնտեղ մտքումը դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զաննի համար մի էն տեսակ շոր ղարկի:
Իրիկնահացից ետը տանտերն ու Համբոն թինկը տված, չիբուխ քաշելով զրուց էին անում: Խոսեցին Գիքորի մասին: Տանտերը գովեց Համբոյին, որ չարչարվում էր որդուն մարդ շինի: Հետո սկսեցին խոսել կովի վրա, հացի թանգության վրա, բայց Գիքորը շատ էր հոգնած, քունը տարավ:
Մյուս օրը քաղաք մտան: Գնացին ծերունի թավլաչու մոտ: Առավոտը բազարն իջան:
– Բիձա, էդ էրեխին ծառա ես տալո՞ւ, – խանութի ներսից հարցրեց մի վաճառական:
– Հրամանք ես, – ասավ Համբոն ու Գիքորին էն կողմը հրեց:
Բեր ինձ տուր, ես կբռնեմ, – առաջարկեց վաճառականը:
Նրան ասում էին բազազ Արտեմ:
2
Համբոն քաղաքում Գիքորին ծառա տվավ բազազ Արտեմի տանը: Պայմանն էն էր, որ Գիքորը պետք է տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր, դուքանը բաժին տաներ, ու էս տեսակ մանր ծառայություններ, մինչև մի տարի:
Մի տարուց ետը բազազը նրան պետք է տաներ դուքան, շիներ դուքանի «աշկերտ», ու էսպես Գիքորը պետք է բարձրանար: