Читать книгу Պատմվածքներ - იაკობ ცურტაველი - Страница 7
«Վերք Հայաստանի»
III
ОглавлениеԻնչպես ղրղին հանկարծ վրա է տալիս և ճնճղուկները ահաբեկված այս ու այն կողմից փախչում-լցվում են մի թփի մեջ, որ ազատվեն, ինչպես ուրուրը պտտվում է երկնքում և հավի ճուտերը լեղապատառ հավաքվում են մոր թևի տակը, – այնպես էր Հասան խանի ահից հալածված` Փամբակա, Շորագյալի, Աբարանու, Ղազախու, Բորչալվի, Լոռու ժողովուրդը փախել, լցվել Դսեղա ձորը:
Դսեղեցի Օվագիմ յուզբաշին, քառասուն աժդահա տղամարդ հետն առած, անքուն, անդադար ոտի տակ էր տալիս Սիսի բերդից մինչև Հաղբատ – Սանահին, Լոռու ձորերի մի ծայրից մինչև մյուսը, թևատարած արծվի նման պտտվում էր յուր ձորերի գլխին և սիրտ էր տալիս քարանձավներում, քարափների տակ կուչ եկած, իրան թևի տակը մտած ժողովուրդներին:
– Վա՜խիլ միք, – սրտապնդում էր նա, – քա՞նի գլխանի կըլի էն ղզլբաշը, էն դուշմանը, որ էս ձորերը ոտ կոխի… բաս էլ ընչի համար ենք մեր գլխին տղամարդի գդակ դնում, էլ ընչի համար ենք թուր ու թվանք վեր անում…
Իրա նման էին և իրա բոլոր ընկերները: Հասան խանի չափաուլները – ասպատակները առաջին անգամ սրան պատահեցին Գյուլլադագանա կիրճում, Լոռու ձորերի նեղ բերանում, և գլուխները կորցրած ետ նահանջեցին. երկրորդ անգամ ջարդվեցին Շահալվի ձորում, որը մինչև օրս էլ «Կռվատեղ» է կոչվում, իսկ երրորդ անգամ Հնեվանա ձորում քանդած Ուզունլարի թալանը խլել տվեցին գիշերով:
Այսպես անպարտելի կռվում էր, մի նոր գայլ Վահանի նման, այս «Լոռու ձորերի աստվածը» յուր առյուծ ընկերներով: