Читать книгу Զահրումար - იაკობ ცურტაველი - Страница 1

Ա

Оглавление

Կովկասյան նահանգի մի գավառաքաղաքի մեջ բնակվում էր Հացի-Գելենց Օհանեսի որդի Ղաղո անունով հարուստ վաճառականը: Նրա ծնողքը, մեռնելով խոլերայից, թողեցին միակ զավակը, փոքրիկ Ղաղոյին, մանկական հասակում, բոլորովին անխնամ և հետին աղքատության մեջ: Փոքրիկ Ղաղոն օրական հացի կարոտ չմնալու համար, իրանց թաղի ծխատեր քահանա տեր – Մարուքի բա րերարությամբ, հանձնվեցավ իբրև աշկերտ մրգավաճառ Պաճո – Սոսիկոյի մոտ, ուր նրա պաշտոնն այն էր՝ հսկել խանութի դռանը, կանաչեղենի վրա ջուր սրսկել, խնձորների փոշին սրբել, վաճառողներ հրավիրել և երբեմն անցնող մի ջհուտի ետևից թաքուն քարշ տալ աղվեսի պոչ, հետո հա՜յ, հո՜յ աղաղակ բարձրացնել, ծափ տալ և յուր վարպետին ծիծաղեցնել:

Փոքրիկ Ղաղոն առողջ և վստահ երեխա էր, նրա բնական ճարպկությունը առիթ տվավ մի քայլ հառաջադիմության նրա գործունեության մեջ, երբ յուր տասնուչորս տարեկան հասակում եղավ նա կատարյալ կինտո: Նա թեև հրաժարվել էր յուր վարպետից, բայց այնքան վարկ և համարում ստացել էր բոլոր մրգավաճառների մոտ, մինչ նա ամեն օր կարողանում էր անվճար գնել նրանցից ամենայն տեսակ մրգեղեններ, և լցնելով յուր ահագին տաշտը, գլխի վրա դնել, և կշեռքը ուսից քարշ տված, յուր մթերքը քաղաքի շուկաներում և փողոցներում պտտացնել, զանազան լեզուներով բարձրաձայն գոռալ մրգեղենների անունները, գովասանություններ եղանակել և գնորդներ հրապուրել:

Կինտո Ղաղոն ծանոթ էր բոլոր մրգասեր հասարակությանը: Նրա գռռալու ձայնը այն աստիճան քաղաքականություն էր ստացել, մինչ նա շուկաներում երբ յուր խռպոտ և ձգական ներդաշնակությամբ եղանակում էր՝ «հա՜յ ճանճուրի հե՛», այդ բավական էր մի քանի րոպեում դուրս ածել մրգասեր երեխաների խումբը, որոնք ամենայն հոժարությամբ իրանց կոպեկները նրա տաշտի մեջ ձգելով, մի քանի խնձոր կամ տանձ առնելով, ուրախությամբ կրկին դեպի տուն էին վազում:

Այդ հաջողականությունը կինտոյի գործունեության մեջ այն հետևանքն ունեցավ, որ նա ժառանգեց յուր սիրելի վաճառքի անունը, այնպես որ ամեն երեխա, նրա ծանոթ ձայնը լսելով, իսկույն երևակայում էր Ղաղոյին, ահագին բարեբեր տաշտը գլխի վրա, և հրճվելով ասում էր՝ «Ճանճուրը» եկավ:

Եվ այդպիսով Ղաղոն սկսավ կոչվել Ճանճուր:

Ավելորդ եմ համարում մանրամասնաբար պատմել, թե ինչ ճանապարհներով Հացի – Գելի տղան, կամ լավ է ևս ասել, Ճանճուրը բարձրացավ մինչև յուր հարստության վերին աստիճանը: Այսքանը միայն հարկավոր է հիշել, որ նա յուր տասնվեց տարեկան հասակում թողեց մրգավաճառությունը և չգիտեմ ի՞նչ բախտով բազազխանայի աշկերտ դարձավ. այնտեղ սրամիտ կինտոն ոչ միայն կարճ ժամանակում կրթվեցավ առևտուրի արհեստում, այլ, մի քանի հարյուր մանեթ իր ձեռքն ձգելով, յուր համար փոքրիկ բազազի խանութ բաց արավ, կարճ միջոցում նա ընդարձակեց յուր վաճառականկան ասպարեզը և մեծակշիռ վարկ ստացավ:

Իսկ անհավատարիմ բախտը, որ առաջ այնպես սիրելությամբ ժպտում էր նրա երեսին, խղճալի Ճանճուրին ևս հասցրեց յուր ծանրագին հարվածը: Մի գիշեր հանկարծակի հրդեհով այրվեցավ նրա խանութը, և նրա բազմամյա քրտինքի և աշխատության պտուղներն մի քանի րոպեում անգութ կրակին զոհ դարձան: Ճանճուրը մնաց դարձյալ խեղճ և աղքատ:

Ավելորդ է խորամուխ լինել այն մթին գաղտնիքների մեջ, ուշադրություն դարձնելով չարախնդաց հասարակության բամբասանքներին, որոնցից ոմանք ասում էին՝ «հարամ փուղի վիրչն միշտ էտենց կուլի), և ոմանք՝ թե ինքը Ճանճուրը դիտմամբ յուր խանութը հրդեհել է և այլն: Միայն նրա բարեսիրտ պարտատերերն, «աստծու բանն է» ասելով, խիստ ներողամտությամբ վարվեցան այդ դժբախտի հետ և, թումանին չորս ապասի ստանալով, ազատեցին նրան բոլոր պարտականություններից:

Այդ դժբախտությունը չստիպեց Ճանճուրին ընդերկար ձգել յուր աղքատության լուծը. նա շուտով եղավ գործակատար մի երևելի կապալառուի մոտ և, քանի տարի ծառայելուց հետո, ինքն սկսավ պարապել փոքրիկ կապալներով, և հետզհետե ընդլայնելով յուր գործունեության շրջանը, նա յուր քառասուն տարեկան հասակից սկսած հազարների հետ էր խաղում մինչև յուր հիսունամյա հասակը, երբ հանդիպում ենք նրան մեր վիպասանության մեջ:

Այժմ նա յուր կինտոյի արհեստով ժառանգած Ճանճուր մականունը կցելով յուր հոր՝ Օհանեսի անվան հետ, կոչվում է «Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Ճանճուր Իվանիչ»: Այդ անունով ևս մենք պարտավորվում ենք նրան ծանոթացնեք մեր ընթերցողներին:

Ճանճուր Իվանիչի տարիքը, որպես հիշեցինք, անցել էր հիսունից, բայց ծերությունը դեռ ոչ բոլորովին ճնշել էր նրան: Նրա բարձր, հսկայակերպ ճակատը, միախառնվելով մարմնի զուգակշիռ լայնության հետ, ձևացնում էր ահագին մեծությամբ մի շարժական մսեղեն գունդ:

Նրա այլանդակ դեմքի վայրենի գծագրությունները խիստ կոշտ և սարսափելի էին: Լայն և մսոտ երեսի վրա, անկանոն կերպով, դրված էին կնճռած խորշոմների ծալքերը, որոնք վերջանալով դուրս ցցված ծնոտներով և միախառնվելով վրացու պարկի նման ուռած պարանոցի մսանների հետ, ձևակերպում էին Անգեղյա Տորքի առասպելաբանական կերպարանքը, յուր թավամազ հոնքերով, ահագին տափակ քթով, լայն բերանով, ուռած շրթունքով, որոնք, արյունով լցված երկու հաստ տզրուկի նման, դրված էին միմյանց վրա, և դժնետեսիլ աչքերով, որոնք երկու սարդերի նման նենգավոր կերպով նայում էին երեսի խորշոմների խորքից:

Այդ հսկայական դեմքի արտահայտություններն այնքան դժվար որսալի էին, մինչ անկարելի է որոշ կերպով նկարագրել նրանց, նրանք երբեմն բացատրում էին վագրի վայրենի կատաղությունը, երբեմն սարսափելի մեռելային էին, որպես մահ, և երբեմն անխորհուրդ հիմարական, որպես անխելք ավանակի խաղաղասեր ռեխը:

Նրա երեսի գույնին չէ կարելի որոշ նշանակություն տալ, որովհետև նա փոխվում էր, որքան փոխվում էին տարվա եղանակները: Այսինքն գարնան եղանակում նրա դեմքը ուներ մուգ աղյուսի գույն, բայց քանի մոտենում էր ամառը, այդ ազատ կարմությունը պարզվում էր, հետևաբար ընդունելով գորշ դեղնապղնձի բրոնզային սևությունը: Իսկ աշունքի ցրտերը խառնելով այդ գորշության հետ փոքրիշատե կարմրություն, նրա դեմքը ստանում էր լերդի գույն: Իսկ ձմեռն ավելի լրջանում էր նա և միևնույն ժամանակ նմանություն էր բերում հնդկահավի գլխի գույնին:

Բայց թե ինչ հոգեբանական և բնագիտական գաղտնիք կար նրանում, այդ դժվար է բացատրել, մենք թողնում ենք ժամանակին և արհեստին լուծել այդ խնդիրը:

Նրա մարմնի կազմության մեջ ավելի հետաքրքրական մի երևույթ էր ահագին փորը: Այդ բախտավոր փորը, լավ է ևս ասել, այդ ամեն ապականության մթերանոցը, վաղուց արդեն ծառայում էր Բաքոսի տարրին: Եվ կարելի է նախանձվելով, թե ինչո՞ւ գինետների ռումբիքը կարող էին տանել իրանց մեջ այնքան հարյուրավոր թունգիներ այն օրհնյալ հեղուկից, որ շնորհում են Կախեթիայի որթերը,ինքն նույնպես աշխատել էր այնքան լայնանալ, գուցե նրանց մեծությանը հասներ: Բայց եթե Ճանճուր Իվանիչի փորը ունենար որևիցե զգացողություն, ես պարտավորություն կհամարեի կարդալ նրան Եզոպոսյան գորտի առակը, թե այդ օրըստօրե տարապայման ուռուցքը ոչ միայն չէր հասցնելու նրան յուր սիրելի նպատակին, այլ մի օր, շատ հավանական է, պատկառելու էր սաստիկ պայթումն և տրաքոց: Միայն ցավալի է ասել, որպես Ճանճուր Իվանիչը, նույնպես և յուր բարեբախտ փորը, զուրկ էին ամենայն մարդկային զգացողությունից: Մենք բարվոք ենք համարում լռել, ի նկատի ունենալով, որ նա շատ էլ փոքր մնացած չէր ռումբիից:

Արդարև, այդ մսեղեն բլուրը ձևացնում էր երկրագնդի վրա մի անպիտան ծանրություն, բոլորովին անօգուտ մարդկային հասարակությանը, այնուամենայնիվ իսպառ չէին կորցնելու նրա այնքան ջանքերը, հաստացնելու և պարուրելու յուր մարմինը, որովհետև կգար բախտավոր օրը, երբ ճճիք, զեռունները, օձերը և մողեսները նրա շնորհիվ կարող էին ամբողջ ամիս խրախճան կազմել և քեֆ անել նրա գերեզմանում, ունենալով առատ ու լի սեղան: Այղ, իմ կարծիքով, ավելի կնպաստեր մյուս աշխարհում նրա հոգվո փրկությանը, քան թե այն հոգեհացն, որ որոշելով բազմաթիվ զոհերի արյան գնից, պիտի տային աղքատներին և հարուստներին նրա մահվան պատարագը կատարելուց հետո:

Ճանճուր Իվանիչի հագուստները ունեին առանձին խորհրդական հատկություններ, որոնք համապատասխան էին նրա կոշտ և անգեղասեր ճաշակին: Նրա սև մահուդի կաբան գուցե կրում էր յուր վրա այն հին ձևը, որով առաջին անգամ երևեցավ այդ հագուստը վրաց Քարթլոսի ժամանակ: Մահուդի խավը վաղուց մնաք բարյավ էր ասել յուր գործվածքին, որ նրա փոխարեն ընդունելով յուր վրա յուղի և կեղտի առատ մածույքներ, այնքան կոկվել և փայլունացել էր, մինչ նա ավելի նմանություն ուներ մուշամբայի, քան թե չուխայի: Նրա սև ղատաքե արխալուղը, մինչև վիզը խնամքով կոճակած, նույնպես փայլում էր կեղտոտությունից: Նրա քիրմանի շալե գռտին՝ չկարողանալով շրջապատել նրա հաստ փորը և յուր սովորական տեղը թողնելով՝ բարձրացել էր մինչև թևքերի տակ, լավ է ևս ասել, կանգնած էր նրա կուրծքի վրա: Նրա ոչ այնքան լայն շալվարը ուներ կրկնակի գույն: Կաբայից ցած բոլորովին մուգ – դեղնագույն էր, բայց բարձրանալով դեպի վեր՝ նա տակավին կրում էր յուր նախկին սև գույնը: Դրա պատճառը ո՛չ այլ ինչ էր, եթե ոչ` կաբայից դուրս շալվարի մահուդը, որ երկար տարիներ ենթարկվելով արևի և անձրևի ազդեցությանը, զրկվել էր առաջին երանգից: Նրա չաքմեքը (կոշիկները), խարազի հմուտ գործ, կարծես թե ամեն մինը մի երեխայի գերեզման լիներ: Նրանց նալերը (պայտերը), որք երկայն մեխերով ամրացած էին կոշիկների կրունկներին, իրանց մեծությամբ պակաս չէին իշի նալերից: Իսկ դրանք անհրաժեշտ պետք էին, որովհետև նրանց մեխերր բավականին օգնում էին Ճանճուր Իվանիչին յուր ահագին մարմինը անսայթաք ման ածել ցեխոտ և սառած գետնի վրա:

Նրա սև բուխարու մորթե գդակը հայտնի չէ որքան ժամանակ ծածկում էր Ճանճուր Իվանիչի ահագին գլուխը: Միայն հարկավոր է մտածել, թե ամբողջ տասնյակ տարիների ընթացքը միայն կարող էր ներգործել նրա վրա այն վնասակար ազդեցությունը, որով մորթը զրկվել էր յուր գույնից և մազերից, երևացնելով գդակի վրա անհամար թվով լերկ աստղիկներ, որոնք ծածկելու համար Ճանճուր Իվանիչը ներկել էր թանաքով:

Տարվա բոլոր եղանակներում այդ նվիրական գդակը տեսանելի էր Ճանճուր Իվանիչի գլխին: Միայն դժվար է լուծել խնդիրը, թե ի՞նչպես նա ամառային սաստիկ տոթերում չէր զգում որևիցե նեղություն այդ ահագին թարաքամայի մոթալի թանձրությունից: Բայց կարելի է համաձայնել, թե նրա համար տանելի էր այդ ծանրությունը, որովհետև զգացողություն ասած բանը վաղուց արդեն անհետացել էր Ճանճուր Իվանիչի սրտից:

Բայց տեսանելի էր, շատ անգամ Ճանճուր Իվանիչը ամարային տոթ օրերում, հոգնած և փոշոտած դառնում էր փողոցից յուր տունը, և նստելով թախտի վրա, երբ գդակը առնում էր, նույն րոպեին, կրակի վրա ջուր ածելու նման, թանձր շոգիք էին բարձրացնում նրա գլխից: Այն ժամանակ նա յուր աջ ձեռքի ցուցամատը քարշում էր ճաղատ ճակատին, քրտինքի աղբերակների մակընթացությունը գետանում էր խորշոմների միջից, և իսկույն կազմվում էր մի փոքրիկ ջրվեժ, որ հեղվում էր նրա գլխից դեպի գետին: Այնուհետև Ճանճուր Իվանիչը սրբում էր թաց եղած ձեռքը և ճակատը յուր կաբայի փեշով, ջրվեժը դադարում էր հոսելուց:

Միայն հարկավոր եմ համարում խոստովանաբար ասել իմ ընթերցողին, որ թաշկինակ կամ աղլուխ ասած բանը վաղուց արդեն անծանոթ էին Ճանճուր Իվանիչին: Միայն նա ուներ յուր գրպանում մի կեղտոտ լաթի կտոր, որով և քիթն էր սրբում, և առավոտյան լվացվելուց հետո երեսը, որի մեջ երբեմն միրգ ածած բազարից բերում էր յուր երեխաներին:

Զահրումար

Подняться наверх