Читать книгу Զահրումար - იაკობ ცურტაველი - Страница 9
Թ
ОглавлениеՄի օր առավոտ օրիորդ Սոֆիի մոտ եկավ Աննա Եգորովնան:
Մանկահասակ օրիորդը, տեսնելով ընկերուհու կացարանի փառավոր զարդարանքը և նայելով յուր չորս կողմը, ժպտալով նրա ձեռքն առավ և ասաց ռուսերեն.
– Այժմ արդեն կարելի է շիկ տալ…:
Օրիորդ Սոֆին նույնպես քաղցր ժպտալով, պատասխանեց նրան.
– Այո՛, այժմ կարելի է ասել, թե ապրում ենք…
Նրանք հարցնելով միմյանց առողջությունը, և ընդունելության սովորական ծեսերը կատարելուց հետո, օրիորդ Սոֆին ման ածեց յուր ընկերուհուն բոլոր սենյակները, ցույց տվավ նրան յուր գնած իրեղենները և յուր նոր հագուստների մինչև վերջին թելը, հայտնեց յուր դիտավորությունը՝ նորոգություններ անելու համար:
Աննա Եգորովնայի դեմքը բացատրում էր ուրախություն, օրիորդ Սոֆին նույնպես գտնվում էր յուր հոգվո զվարճալի տրամադրության մեջ:
– Այդ արդեն հրա՜շք է, Սոֆի, – ասաց նրան Աննա Եգորովնան: – Դու ի՞նչպես կատարեցիր այս բոլոր հեղափոխությունը առանց պատերազմի և առանց զոհերի:
Աննա Եգորովնայի խոսքը Հացի-Գելենց ընտանեկան կյանքի վերանորոգության համար էր:
– Մեր պատերազմը մնացել է հորս վերադարձից հետո, – պսսոասխանեց նա ծիծաղելով:
– Այդ ոչինչ… – պատասխանեց Անիչկան, և նրա փափուկ դեմքի վրա երևեցան խիստ ծամածռության նշաններ:
– «Հարսանիքից հետո զուռնա չեն ածում»: Ամեն ինչ արդեն վերջացած է…: Նրանք նստեցին օրիորդ Սոֆիի կաբինետում:
– Դու այսօր Ալեքսանդրյան այգո՞ւմն էիր, – հարցրեց նրանից օրիորդ Սոֆին:
– Այո՛, – պատասխանեց Անիչկան:
– Ասա՛, խնդրեմ, ո՞վ էր այն երիտասարդը՝ բարձր հասակով, սև, գանգուր մազերով, նորաբույս ընչացքներով, գեղեցիկ դեմքով, սև բարխատյա կարճլիկ սերթուկով… փոքրիկ ակնոցներով…:
Եվ նա սկսավ նկարագրել գեղեցիկ երիտասարդին, որ այնքան գրավել էր յուր ուշադրությունը:
– Դա՜, այդ դու Շերիմովին ես ասում, – պատասխանեց Անիչկան: – Նա նոր է ավարտել Մոսկվայի համալսարանը:
– Ա՜խ, ի՛նչպիսի փառավոր պարոն է նա:
– Նա առաջին ֆրանտն է մեր քաղաքում: Դու հավանեցի՞ր նրան:
– Ինչպե՞ս չհավանեի:
– Ելիսավետն էլ նրա համար խելքից էլած է:
– Ո՞րտեղ է բնակվում, – հարցրեց հետաքրքրվելով օրիորդ Սոֆին:
– Նա բնակվում է Սոլոլակում:
– Նա մի՞շտ լինում է այգում:
– Համարյա՛ ամեն օր:
Եվ նրանք երկար խոսեցին Մոսկվայի համալսարանի ուսանողի մասին, մինչև որ օրիորդ Սոֆին ասաց.
– Ես վճռել եմ անպատճառ ծանոթանալ նրա հետ:
– Այո՛, արժե ծանոթանալ, – կրկնեց Անիչկան խորին հուզմունքով:
– Դու լսե՞լ ես նոր համբավ, – խոսքը փոխեց նա:
– Ի՞նչ, – հարցրեց օրիորդ Սոֆին հետաքրքրվելով:
– Օրիորդ Մահակյանը նշանվել է:
– Ասա՛, խնդրեմ, ո՞ւմ վրա, – շտապով հարցրեց օրիորդ Սոֆին:
– Տոլմա – ուտողի տղա Սոսիկոյի վրա, – պատասխանեց Անիչկան ծիծաղելով:
– Չէ՛, դու կատակ ես անում, Անիչկա, – զարմանալով կրկնեց օրիորդ Սոֆին:
– Ո՛չ, հավատա, ես ղորդ եմ ասում:
– Աստված իմ, այդ ի՞նչ հիմարություն է:
– Ընդհակառակն, շատ խելոքություն է, – նրա խոսքը կտրեց Անիչկան: – Գիտե՞ս որքան հարուստ է այդ Սոսիկոն:
– Դիցուք թե հարուստ է, բայց նա ինչի՞ նման է:
Եվ օրիորդ Սոֆին սկսավ նկարագրել նրա տգեղությունը:
– Գեղեցիկ երիտասարդներ միշտ կարող է գտնել օրիորդ Մահակյանը և՛ նրա կինը լինելուց հետո, բայց փող, ո՛չ ամենայն ժամանակ:
– Վերջապես այդ հիմարություն է:
Անիչկան խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և ասաց.
– Նա յուր հաշիվը լավ գիտե… Նրան ասել են այդ, նա պատասխանել է, թե ինձ այնպիսի ամուսին պետք է, որ օրը մի տեսակ հագուստով հանդես դուրս գամ:
– Նա հենց վարժարանում այդպես հիմար էր:
Մահակյանի նշանվելու վրա երկար խոսելուց հետո, Աննա Եգորովնան նորոգեց հարցը Նատոյի Կոջորի անցքի մասին, որ մի քանի օր առաջ կիսատ էր մնացել. օրիորդ Սոֆին լրացնելով յուր պատմությանը, ավելացրեց.
– Այդ Նատոներից մի քանի հատ ևս այժմ ավելացել է մեր վարժարանում:
Աննա Եգորովնան սկսեց թախանձել, որ հայտնի, թե ովքեր են նրանք, բայց օրիորդ Սոֆին պատասխանեց, թե ինքը սովոր չէ հայտնել այլոց գաղտնիքները:
Հետաքրքիր օրիորդը վշտացավ այդ պատասխանից, ասելով.
– Սոֆի, դու բոլորովին անկեղծ չես ինձ հետ, մինչդեռ ես քեզանից բան չեմ ծածկում:
Օրիորդ Սոֆին, նկատելով յուր ընկերուհու տրտունջը՝ ասաց.
– Խղճմտանքի ընդդեմ է բամբասել նրանց այդպիսի հանցանքների համար. չէ՞ որ մենք ամենքս էլ ունինք այդպիսի թուլություններ:
Աննա Եգորովնան ծիծաղեց:
Օրիորդ Սոֆին հնչեցրեց գրասեղանի վրայի փոքրիկ զանգը.
Ներս մտավ ռուս աղախին Մաշան:
– Մաշա՛, մի քանի տեսակ մուրաբա բեր, – հրամայեց օրիորդը աղախնին:
– Հրամմել եք, – ասաց թեթևաշարժ աղախինը և շտապով դուրս գնաց:
Օրիորդ Սոֆին դիմեց յուր հյուրուհուն.
– Այնպիսի լավ մուրաբեք ունիմ, Անիչկա՛, մի խոսքով հիանալի:
– Այժմ քեզ մոտ ամեն ինչ կգտնվի, – պատասխանեց հյուրուհին:
– Դեռ ո՛չ ամեն ինչ, Անիչկա… – խորհրդավոր ձայնով պատասխանեց օրիորդ Սոֆին:
Աննա Եգորովնան գուշակելով, թե ինչ է կամենում ասել նա, ասաց ժպտալով.
– Իմ կարծիքով միայն մի բան պակաս է, Սոֆի:
– Ի՞նչ:
– Դու արդեն գիտես…
Օրիորդ Սոֆին ծիծաղեց: Նրա դեմքը բացատրում էր ներքին զվարճություն:
– Ի՞նչ խորամանկ ես դու, Անիչկա՛, – կրկնեց նա:
Սույն միջոցին Մաշան մի թանկագին արծաթյա սկուտեղի վրա ներս բերեց զանազան տեսակ ազնիվ մուրաբաներ, որոնք ածված էին փոքրիկ հախճապակյա ափսեների մեջ, և դրեց բոլորակ սեղանի վրա, որի մոտ նստած էին նրանք:
Նույն րոպեին ներս մտավ տիկին Բարբարեն, և տեսնելով յուր դուստրը և նրա հյուրուհին, շատ ուրախացավ՝ ասելով.
– Ահա՛ այդպես լավ է:
Նրանք փոխեցին իրանց խոսակցության նյութը: