Читать книгу Զահրումար - იაკობ ცურტაველი - Страница 4
Դ
ОглавлениеԲայց մի գիշեր, ուսկից սկսվում է մեր վեպը, Հացի-Գելենց տան մեջ տեսանելի էր արտաքին կարգի փոփոխություններ: Կարծես թե նրանք պատրաստվել էին հարսանիքի կամ թե սպասում էին ընդունել մի պատվավոր հյուր: Այդ պատճառով սենյակները լուսավորված էին սովորականից ավելի ճրագներով, հատակի տախտակամածը մաքուր լվացված էր, գորգերը, որ ամբողջ տարին ծալված, մառանում դրված էին և բացվում էին միմիայն տոն օրերը, այսօր սփռած էին: Լիզան, Ելենան, Գրիգոլը, Քիտեսը և Թինան մաքուր հագնված էին, մի քանի հյուրեր իրանց դրացի աղջիկներից, կնիկներից և մերձավոր ազգականներից թռչում էին այս կողմ և այն կողմ. միով բանիվ ամենուրեք տեսանելի էին ուրախ դեմքեր և լսելի էին ծիծտղի ձայներ, որ մի օտարոտի երևույթ էր այն թախծալի բնակարանի մեջ: Բայց միևնույն անփոփոխ այն տան առարկաներից մնացել էր Ճանճուր Իվանիչի տրտում և մռայլոտ ռեխը, որին կյանքի բոլոր ուրախալի հանդեսները ազատել կարող չէին…:
Այո՛, Հացի-Գելենք պատրաստվել էին ընդունել օրիորդ Սոֆիին, որ ավարտելով յուր ուսումը տեղային գլխավոր իգական դպրոցում, այն օրը վարժարանի կյանքից փոխվում էր դեպի յուր ծնողների ընտանեկան կյանքը:
Տիկին Բարբարեն ինքն էր գնացել օրիորդ Սոֆիին բերելու պանսիոնից:
Ճանճուր Իվանիչը յուր սենյակում նստած մի մարդու հետ խաղում էին նարդի:
Այդ մարդը կոչվում էբ Սամիլ Պետրովիչ Թաթուխով:
Այդ պարոնը կլիներ քառասունհինգ տարեկան, բարձր և լիքը հասակով, ալեխառն մազերով և հնամաշ հագուստով: Նրա բոլոր շարժվածքի և խոսակցության մեջ նկատելի էր կեղծավորի խորամանկ ձևերը: Արդարև, Թաթուխովը հայտնի էր որպես նույն քաղաքի չարախնդաց բամբասողներից մինը: Նա բոլորովին անգործ և պորտաբույծ մարդ էր, և որպես այն քաղաքի հասարակության կենդանի օրագիրը, առավոտից մինչև գիշեր զանազան լուրեր ման ածելով, նա պատրաստ էր ամեն ծակ մտնել, ուսկից՝ ճաշի, խոնջույքի, հարսանիքի և մեռելի հոգեհացի հոտ էր փչում:
Բայց նույն գիշեր, Սամիլ Պետրովիչը, չգտնելով մի յուղալի տեղ, ուր ընթրիքը խիստ ճոխ լիներ և սեղանը առատ, և նկատելով Ճանճուր Իվանիչի լուսամուտներից ճրագների վառվիլը, այղ անսովոր երևույթն առիթ տվավ նրան մտնել այնտեղ: Եվ նա չսխալվեցավ յուր կարծիքի մեջ, երբ այն նշանավոր ժլատի տան մեջ գտավ մի օտարոտի հանդես, որ կարող էր ծառայել նրա փորին:
– Լսիլ ե՞ս նուր խարար, Ճանճուր Իվանիչ, – ասաց Թաթուխովը նարդիի զարը ձգելով, – ասում ին Պրուսը Փռանցուզի հիտ կռվում է, ու Փռանցուզեմեն մե քանի քաղաք է առի:
– Ռո՞ւսը, – հարցրուց Ճանճուր Իվանիչը, չդադարելով խաղալուց:
– Չէ, Պրուսը, – պատասխանեց Սամիլ Պետրովիչը:
Ճանճուր Իվանիչը, ծանոթ չլինելով այդ օտարոտի անվան հետ, կրկնեց յուր հարցը.
– Պրուսը ո՞վ է:
– Նա էլ մի թագավոր է Եվրոպումը, – պատասխանեց Սամիլ Պետրովիչը քաղաքագետ մարդու ոճով:
– է՜հ, թող մեկզմեկու միս ուտին, ի՛նչ միր բանն է թագավորներու վրա խոսիլը, – ասավ սառնությամբ Ճանճուր Իվանիչը և հորանջեց յուր վիզը քորելով:
– Գազեթներում գրած էր, վուր Սեդանի մոտ մինձ կռիվ է էլի, Նապոլեոնի գերի ին տարի հարյուր օխտանասունուհինգ հազար սալդաթով, – ավելացրեց Սամիլ Պետրովիչը:
Ճանճուր Իվանիչը, բոլորովին անկարեկից բացատրություն տալով յուր դեմքին՝ խոսեց.
– Ախա՞ր սատանի մոտ ի՞նչ գործք ուներ Նապոլեոնը, վուր գերի էր ննգնում. է՜հ, ի՛նչ կուզի անին, քիսեմես ի՛նչ է գնում: Դուն միր քաղկի բանն ասա՛, Սամիլ Պետրովիչ:
Արդարև, եթե բոլոր աշխարհը քանդվելու լիներ, Ճանճուր Իվանիչին փույթ չէր, միայն նրա կոպեկին վնաս չլիներ: Եվ Սամիլ Պետրովիչը՝ նկատելով որ նա ամենևին համակրություն ցույց չտվավ յուր քաղաքական լուրերին, խոսքը փոխեց, ասելով.
– Էս էլ քեզ քաղկի թազա խաբար, լսի՞լ իս, Խաշուտողի տղեն, ասում ին, փոդրաթներում զարար է արի, ու էգուց տնիրը տորգով ծախում ին:
– Էդ լա՛վ խաբար է… – կրկնեց Ճանճուր Իվանիչը՝ դադարելով խաղալուց, և նույն րոպեում ուրախության նման մի բան փայլեցավ նրա մեռած դեմքի վրա:
– Քանի՞ է նրա խազնի պարտքը:
– Քառասուն հազար մանեթ:
– Էդ լա՛վ է… – կրկնեց Ճանճուր Իվանիչը խորին ոգևորությամբ:
– Ամա քառասուն հազար մանեթն էլ շատ փուղ է, է՜, – պատասխանեց բամբասողը գլուխը շարժելով:
– Հոգին դուրս գա, – նրա խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը, – նա շատ իր ասածի էր, ու վուտն էլ իր լհեբի գորա չէր ձգում…
Եվ նա մի քանի վայրկյան մտածության գնաց:
Մեզ հայտնի է, որ Ճանճուր Իվանիչի այդ լռությունը որևիցե ցավակցության զգացմունք չէր դեպի խղճալի Խաշուտողի տղան, որի որդիքը քանի օրից հետո պիտի զրկվեին հացից, այլ, ընդհակառակն, այդ մի խորին հոգեզմայլության վրդովմունք էր, որ պատճառեց նրա սրտում բամբասողի անակնկալ ավետիքը: Որովհետև ոչինչ լուր Ճանճուր Իվանիչին այնքան չէր ուրախացնում, որպես մի բոթաբեր լուր որևիցե դժբախտի, երբ նա անաջողության էր հանդիպում: Այդ նրա միակ բաղձալի ցանկությունն էր, երբ նրա համավիճակ կամ իրանից բարձրաստիճան անձինք, ենթարկվելով զանազան վնասների, խոնարհվեին, և ինքն գերիվերո դասվեր նրանց ավերման փլատակների վրա: Այդպիսի ցանկություններ ունեցողներն այնքան շատ են, որ Ճանճուր Իվանիչը ձևացնում է նրանց բավական բարեխիղճ ներկայացուցիչը…:
Գոհ լինելով յուր լսած լուրից, Ճանճուր Իվանիչը հրամայեց Քիտեսուն շուտով պունշ մատուցանել բամբասողին, և ապա հարցրեց.
– Էլ ի՞նչ կա:
Բամբասողը, նկատելով յուր հաղորդած լուրի ուրախալի ընդունելությունը և լսելով պունշի անունը, ավելի ոգևորվելով հաղորդեց յուր խոսակցին մի նոր ավետիք ևս.
– Էլ ի՞նչ գուզիս, Ճանճուր Իվանիչ, Խոխրոյի տղի դուքանն էլ էսօր փնչատեցին, օխտը հազար թումանով կուտր է ննգի:
– Շատ լավ էլ ին արի, նրա հերն անիծած, – պատասխանեց մի փոքր բարկանալով Ճանճուր Իվանիչը. – նա էլ իր չլումը չէր կենում: Դրա հորը ես տեհիլ իմ հինգ կոպեկով Շեյթան փողոցեմեն ալուրի մեշոկը ինչկլի Վերա կու տաներ. ամա տղեն, կոսիս, թավադ էր ըլի, վուտնիրը կոտրվիլ է՞ր, վուր կառեթ էր պահում, դրոշկով էր ման գալի… կնկա համա պըլյանտե քորոց ու ոսկե ցեպոչկա էր շինել տվի. ինքն էլ մե նալ շլինքին քաշ տալու համա հազարներով մանեթներ մսխեց…:
– Էնենց մարդու վիրչն էլ էհենց կուլի, – կրկնեց Սամիլ Պետրովիչը. – հորես Էշքեբթողի տղեն, մինք ամենքս տեհիլ ինք,հերը ծխում, մխում սիվցած մե փռնչի էր, հիմի տղեն դրոշկով է ման գալի, ու բաբորի վորոտնիկ ունե… հա՛, քու գլխի պատռվիլը գիտենա… էգուց քու վիրչն էլ կու տեհնինք, եփոր վուր քու բարաբանն էլ կոծին…:
Ճանճուր Իվանիչը, չկամենալով տեղիք տալ բամբասողին կարծել իրան մի չարախնդաց մարդ, փոխեց խոսքը, տալով յուր մտածությանը ավելի մարդասիրական կերպարանք:
– Էս ժուկումս, – ասաց նա, – դիփունանքն էլ էհենց ին դառի, Սամիլ Պետրովիչ, շան վուրդութինը սորվիլ ին, ով վուր քիսումը մե քանի շահի փուղ է տեհնում, գժվում է ու էնդումեն դենը գցում է դենը անխի – անխիլ, դես ու դեն մսխիլը, իժում եփոր տեհնում է, վուր օխտեմեն չէ կանացի գա, ուրիշ սատանութին է մոգոնում – ան կուտր է ննգնում, խալխի փուղիրն ուտում, ան թե չէ Մոսկովեմեն, դես ու դենեմեն հազարնիրով փուղ է տակն անում, իժում թումնին երկու աբասի փուղ տալի իր պարտքատերերուն: Աբա մե ասա՛ դուն էն խիղճ փոլղատերիրը մեղքը չի՞ն, ախար ինչի՞ իրանց չափով չին ժաժ գալի, վուր վիրչը խարաբ չըլին, իրանց նամուսը պահին ու վիրչը բիաբուռ չըլին:
– Մե խոսքով, շատ ղուրթ իք հրամայում, աղա, – կրկնեց Սամիլ Պետրովիչը, խորին համակրություն ցույց տալով. – դրուստ է, կուտր ննգողնիրեմեն շատիրը սատանութին ին բանեցնում. Լաբլաբու տղեն էհենց չարա՞վ, վուր հիմի ջուխտ տան տեր է դառի ու փողոցումը էն ղադա դուքնիր ունե. էդ վո՞ւրղանցեմեն է, դիփ խալխի փուղր չէ՞:
Այս միջոցին Քիտեսը մատուցարանի վրա բերավ երկու մեծ բաժակ պունշ, մինը ընդունեց Ճանճուր Իվանիչր, մյուսը՝ Սամիլ Պեաբովիչը: Մի փոքր տաքացնելով իրանց ուղեղը ոգելից ըմպելիքով, նրանք կցեցին իրենց բամբասանքի թելը:
– Գիտի՞ս ինչեմեն է ըլում էտունք, Սամիլ Պետրովիչ, – խոսեց Ճանճուր Իվանիչը գործագետ մարդու եղանակով, – դիփ էլ հիմիկվան դատաստանատներու միղն է: Էս միրոյի սուդն էլ վուր լուս ննգավ, խալխի տունը ջլիզդան քանդվեցավ: Մինք ուրախանում էինք, թե հին պոլիցերեմեն պրծանք, ամա էլի նրանց աղբաթը խեր ըլի: Ախար էդ ի՞նչ օրենք է, քու փուղը աչքիդ առաջ ուտում ին, չիս կանացի վուչինչ անի: Ուրեմն վուր փուղդ իս ուզում, էն սհաթն սուդի դուռն է շանց տալի. գնում իս, գանգատ իս անում, տարի ին քաշիլ տալի. դիփունանքն էլ զակոնը լավ ին սորվի… Է՛ս միրոյի սուդ, է՛ս օկրոժնի սուդ, է՛ս պալատ, է՛ս սենատ, էլ ո՞վ է իմանում ուրիշ ինչ զահրումար… Տարիներով հենց գնում իս, գալիս իս, փուղ է վուր գջլում ին… կինքդ մաշում ին, ինչկլի մե իսպոլնի լիստ իս ձեռդ գցում: Ուրախանում իս, թե փուղ սաղացրի: Հա՛, քո հորն օղորմի, լավ սաղացրիր… էնդումեն դենը ասում ին՝ դե՛, դու տեղը շանց տո՛ւ, մինք առնինք: Տո անաստուծնիր, ես վո՞ւրղանցեմեն շանց տամ էդ շանորդի պարտականը, գանա էն ղագա տուտուց է՞ր, վուր էս քանի տարումը, հուղրումը մե իմքին թողիլ է՞ր: Նա իր էլած չելածն առաջուց թաքցրիլ է, մուլքը կնկա վրա հաստատիլ տվի, դուքանը ուրիշի անումով է գրիլ տվի, իրան նրա փռքաշիկ է շինի. հիմի ի՞նչ է մնացի, վուր ես շանց տամ: Գնում իս տունը վիր գրում. երկու կոտրած սկամի, մե հին ստոլ ու մե քանի ային – օյին բանիր իս գտնում: Էստունք էլ տանում իս Թամամշովի քարվանսարի առաջ տորգ իս անում, պրիսթավի փուղն չէ դուրս բերում: Թե պարտականն էլ ծիր է, ան թե մե քանի լակոտնիր ունե, բիրթումն էլ չիս կանա բռնիլ տա: Ու թեկուզ բռնիլ էլ տվիր, ի՞նչ խեր. ջիբեմեդ կորմովոյ պիտի տաս, նա էնդի ուտե ու պառկի, դու կի տնքա: Զակոնում յառսուն հազար մանեթի համա, ասում ին, իրիք տարի պիտի բիրթում նստի. էս էլ օրենք է՞, ախար էս ով չի անի:
Ճանճուր Իվանիչի այդ երկար քաղաքական նկատողությունը ընդհատեց Սամիլ Պետրովիչը, ասելով.
– Յառսուն հազար կոպեկ տան ինձ, կորմովոյ էլ հիդը, ես շանորդի ըլիմ, թե իրիք տարի բիրթումը չնստիմ. էս ո՞վ չի անի էստոլ վրա էլ լավ աշխատանք վո՞ւրդի կանա մարդ գտնի:
Ճանճուր Իվանիչը, յուր մտածողությունը յուր ժամանակի օրենսդրության վերանորոգության վրա իսպառ վերջացած չհամարելով, ավելացրեց.
– Էս խոմ էհենց է, Սամիլ Պետրովիչ, դրուստ է ձիր ասածը, մագրամ էս անիծած դավիծախառնող ադվոկատնիրը չի՞ս ասում, միր տունը ջլիզ քանդեցին, մարդու կաշի ին քերթում, սատկած էշ ին պտռում, վուր նալնիրն հանին:
Ճանճուր Իվանիչի խոսքն ընդհատեց փոքրիկ Ելենան, որ ներս վազեց ուրախությամբ, ասելով.
– Մամա, մամա, Սոֆոն գալիս է, – և կրկին շուտով դուրս թռավ աղջիկը, առանց հոր պատասխանին սպասելու:
Եվ արդարև, լսելի եղավ մոտեցող կառքի գռռոցը, որ կանգնեցավ նրանց դռան առջև, և մի քանի վայրկյանից հետս ներս մտավ տիկին Բարբարեն օրիորդ Սոֆիի հետ, Ճանճուր Իվանիչի սենյակը:
Ճանճուր Իվանիչի զավակները, եկվոր հյուրերը, կանայք և աղջիկները, բոլորը հավաքվեցան այնտեղ:
Օրիորդը՝ դպրոցական սերտած քաղաքավարական ձևերով մոտեցավ յուր հորը և համբուրեց նրա աջը, հայրն էլ համբուրեց դստեր ճակատը: Այնուհետև խիստ շնորհալի կերպով նա գլուխ տվավ Սամիլ Պետրովիչին, բարևեց բոլոր հյուրերին և ուրախությամբ գրկեց յուր քույրերին և եղբորը:
Ճանճուր Իվանիչը հարցրեց տիկին Բարբարեից վրաց լեզվով, թե ինչո՞ւ ուշացան նրանք: Կինը պատասխանեց նույն լեզվով.
– Սոֆիի տեսչուհին մեզ ուշացրեց. նա կարդում էր Սոֆիին յուր վերջին խրատները, թե դուրս գալով ուսումնարանից, նա ի՛նչպես պիտի վարե իրան հասարակական կյանքում:
– Այո՛, դրանք անշուշտ հարկավոր են, – կրկնեց Ճանճուր Իվանիչը, – բայց ասա՞ց, որ հորն ու մորը հնազանդ լինի:
Եվ հայրը խորհրդավոր կերպով նայեց դստեր երեսին:
– Այո՛ , ասաց. նա շատ բաներ ասաց, – պատասխանեց տիկին Բարբարեն:
Մի փոքր խոսելուց հետո տիկին Բարբարեն, օրիորդ Սոֆին, իրենց հյուրերի հետ, գնացին մյուս սենյակը, ուր պատրաստված էր թեյ և զանազան մրգեղեններ ու քաղցրավենիք՝ փոքրիկ խնջույքի համար: Եվ Ճանճուր Իվանիչը յուր հյուրի հետ դարձյալ մնացին մենակ:
– Ա՜յ, լավ խիլք իս արի, աղա, աղջիկդ ուսումի իս տվի, – ասաց Սամիլ Պետրովիչը նրանց հեռանալուց հետո Ճանճուր Իվանիչին: – Աստված պահե, շատ շնուրքով աղջիկ ունիս, դրուստ վուր, հեստի ժամանակ է էկի, վուր առանց ուսումի աղջիկը մե սիվ փուղ էլ չարժեք
– Թե ինձ կու հարցնիս, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը մի փոքր տհաճությամբ, – աղջկերանց համա ուսումը մե հարկավուր բան չէ՛, էնդուր վուր, ինչ ղադա կարդալ գրել սորվին, էն ղադա էլ սատանութինը ավելանում է: Աբա ի՞նչ անինք, անիծվի՜ էս ժամանակը, մոդեն էհենց է դառի. ինչկլի աղջիկը ռսնակ չէ խոսում, ինչկլի տանցավատ չէ իմանում, լավ օքմին թամահ չէ ննգնում:
– Էլի էդ լավ է, Ճանճուր Իվանիչ, էնդուր վուր ինչկլի հիմի տղեն աղջկա փուղին էր թամահ ննգնում ու հիմի փուղի տիղը ուսումը կու բռնե էլի՜:
– Ամա գիտի՜ս էս զահրումար ուսումը քանի է նստում… եփոր միտս իմ բերում Սոփոյի վրա մսխածս, ջանս դող է ննգնում… Ես էլ առաջ քիզպես փիքր էի անում, թե ուսումը աղջկա բաժինքի թանխեն կու պակսեցնե, ու էդ ումիկով Սոփոյին վարժատուն տվի, ամա հիմի տեհնում իմ, վուր «կոճիս թոխան նստեցավ…»:
Ճանճուր Իվանիչը յուր խոսակցության մեջ միշտ սովորություն ուներ գործ ածել այդ այլազգի բառը՝ զահրումար, որ նշանակում է օձի թույն: Այդ բառում նա ավելի ճյտությամբ կարողանում էր արտահայտել յուր սրտի տհաճությունը: Աշխարհի մեջ ամենայն առարկա, որ դուրս էր քաշում նրա քսակից մի քանի կոպեկ, զահրումարի նշանակություն ուներ նրա համար. միակ սուրբ բանը բոլոր ստեղծագործության մեջ, որ հեռու էր այդ թույնից՝ էր արծաթը:
Թաթուխովի գլխավոր արհեստը, որով պարապում էր նա յուր քաղաքի մեջ, բացի լրտեսությունը և բամբասանքը, էր մոցիքուլություն, այլ խոսքով՝ աղջիկների առևտուրի դալալություն: Նա այդ արհեստով բավական գումարներ էր կարողանում ձեռք ձգել. իսկ այդ բոլորը նա վատնելով կլուբում խաղաթղթի վրա, մնում էր միշտ աղքատ և խեղճ: Նա նկատելով Ճանճուր Իվանիչի վիշտը յուր դստեր մասին, մխիթարեց նրան, ասելով.
– Դուն, ա՛ղա, Սոֆոյիդ համա իսկի փիքր մի՛ քաշի, նրա համա մե լավ փեսա ճարիլը իմ վզին. շատ վուխտ է նրա դեիփ մե քանի լավ օքմնիր ասիլ ին ինձ:
Ճանճուր Իվանիչը, այդ հին վաճառականը, այն կարգի մարդկանցից չէր, որ ցույց տար գնողին կամ դալալին (միջնորդին), թե ինքը յուր վաճառքի մասին շիվար է մնացած, նա վաղուց էր սովորել միշտ մեծ արժանավորություն տալ յուր ապրանքին: Այդ պատճառով բավական անփույթ կերպով պատասխանեց նա, թեև միևնույն րոպեին նրա սիրտը զգաց ինքնաբավական ուրախություն, երբ լսեց մոցիքուլի խոսքերը՝ «մե քանի լավ օքմնիր ասիլ ին ինձ…»:
– Է՛հ, հալա ի՞նչ վուխտն է Սոփոյի համա փեսա մտածել. բերնեն ջեր կաթը գնում է:
– Էդ մի՛ ասի, աղա, աղջիկը պահելու ապրանք չէ՛. աղջիկդ չուստ մարդի տու, վուր իժում չի փոշմնիս:
Ամբողջ ժամեր նրանք միասին այդպես խոսում էին, երբեմն բամբասանք, երբեմն չարախոսություն, երբեմն զվարճախոսություն, մինչև ընթրիքը ուտելուց հետո Թաթոլխովը հեռացավ Հացի-Գելենց տանից: