Читать книгу Զահրումար - იაკობ ცურტაველი - Страница 5
Ե
ОглавлениеԱռավոտյան Ճանճուր Իվանիչը վաղուց մի բաժակ կծովի թեյ խմելով՝ գնացել էր բազար. Գրիգոլը ութ ժամի կեսին գնացել էր գիմնազիոն. տիկին Բարբարեն պարապում էր տնտեսությամբ:
Այղ առաջին առավոտն էր, երբ օրիորդ Սոֆին, ազատվելով դպրոցի վաղորդյան զանգակի հրավիրական ձայնից, կամենում էր յուր ծնողական տան ծածկի տակ վայելել անուշ և հանգիստ քուն: Բայց նրա քույրերի կռվռոցը, որոնք մի ժամ առաջ զարթել էին, դռան ճռռոցը, սպասավորների ոտնաձայնը խռովեցին խեղճ օրիորդի հանգստությունը, և նա ստիպվեցավ վեր կենալ անկողնուց:
Նա շուտով լվացվեցավ, սանրվեցավ և հագնվեցավ և գնաց մոր սենյակը, ուր բոլոր գերդաստանը բոլորել էին թեյի սեղանի շուրջը:
Ջմայլեցավ տիկին Բարբարեն, երբ ցերեկով ոտքից գլուխ չափեց յուր դստեր գեղեցիկ հասակը և նրա հիանալի դեմքը:
Արդարև, օրիորդ Սոֆին այն գեղեցկուհիներից էր, որ ստեղծել կարող է միմիայն Կովկասի հրաշալի բնությունը: Նրա բարձր, ուղիղ և նրբակազմ հասակը, շնորհալի և սիգաճեմ ընթացքը նմանություն էին բերում մի անտառային հավերժահարսի, որի հպարտ և մեծաշուք կերպարանքը՝ Արքիմեդեսի քերիչը միայն կարող էր ձևակերպել սպիտակ մարմարիոնի վրա: Նրա դեմքն ուներ արևելյան գծագրության բոլոր կանոնավորությունը: Սևորակ նշաձև աչքերը, երկայն թերթերունքներով և նուրբ աղեղնաձև հոնքերով պատած, վառվում Էին ինչպես աստղերը պարզ և ջինջ երկնակամարի վրա: Նրա թավ, վարսագեղ, սև սաթի նման գիսակը հիանալի վայելչությամբ հարմարվում էր դեմքի հստակ գույնին և քնքուշ կազմությանը, որի վրա արտափայլում էին գեղեցկության հազարավոր հրապուրանքներ: Նրա ձայնը զանգակի հնչյուն ուներ, և խոսելու միջոցին նուրբ շրթունքները նմանում էին ճղած վարդի կոկոնին, ուսկից ալեռանդ թերթիկները կախարդողապես ժպտում էին մարդու երեսին: նրա քաղցրիկ ծիծաղը տալիս էր նրա դեմքին ավելի ախորժելի արտահայտություն, երբ երկու փոքրիկ փոսիկներ էին կազմվում. լիքը և վարդագեղ թշերի վրա: Բնական սև խալը, նրա շրթունքի վրա, ասես թե կենտրոնացնում էր յուր մեջ մի գրավիչ մոգական զորություն, որով առաջին նայվածքից կարող էր ներգործել սիրախնդիր երիտասարդին յուր հրապուրիչ ազդեցությամբ…: Նա շնչում էր մանկական գարունքի բոլոր քնքշությամբ…:
– Որպե՞ս անցկացրիր գիշերը, – հարցրեց նրանից մայրը վրացերեն լեզվով, ախորժանոք նայելով դստեր երեսին:
– Բավական հանգիստ, – պատասխանեց օրիորդը անուշ կերպով, – հայրական տան քունը քաղցր է, մայրի՛կ, միայն ես ներկայացնում էի ինձ, թե դարձյալ դպրոցումն եմ, երազումս երևում էին ինձ դասատները, ռուսաց լեզվի վարժապետը հարցնում էր ինձանից դասս, և ես դժվարանում էի պատասխանել. իմ ընկերուհիքը ծիծաղում էին ինձ վրա, ես ամաչելով կարմրում էի, բայց Լիզայի ձայնը զարթեցրեց ինձ, և ես նկատեցի, որ մորս տանն եմ. շատ ուրախացա, մայրիկ, որ իմ վարժապետից նուլ ստանալիս հիշեցի, որ երազ էր:
– Այդպիսի երևակայություններ, իմ սիրեկան, ընդերկար չեն հեռանում դպրոցի աշակերտներից, երբ նրանք մտնում են հասարակական կյանքը, – պատասխանեց օրիորդի մայրը: – Գրիգոլն էլ, նկատում եմ, շատ գիշերներ խռոված է լինում վարժարանի երազներով:
– Բայց քաղցր երազներ են դրանք, մայրիկ, – խոսեց օրիորդը խորհրդավոր ձայնով: – Նրանք հիշեցնում են դպրոցական անհոգ, մտավորական կյանքը…:
– Ինձ էլ տվեք պանսիոն, մայրի՛կ, – նրանց խոսքը կտրեց փոքրիկ Ելենան անմեղ ժպիտով, – որ ես էլ տեսնեմ այդպիսի երազներ:
– Հա՛, աղջիկս, – պատասխանեց մայրը, հարդարելով նրա գլխի մետաքսանման մազերը, որ նույն րոպեին թափված էին փոքրիկ կուսի սպիտակ երեսի վրա: – Սոֆին կսովորեցնե քեզ ու Լիզային, և հետո կգնաք պանսիոն:
– Հա՞, կսովորեցնե՞ս ինձ, Սոֆի ջան, – դարձավ փոքրիկ աղջիկը դեպի յուր քույրը, յուր կապուտակ աչիկները հարցական կերպով բանալով նրա վրա:
– Կսովորեցնեմ, իմ սիրեկան, երբ դու խելացի ու աշխատասեր կլինես, – պատասխանեց օրիորդը ժպտալով:
– Ես շատ խելացի եմ, էնպես չէ՞ , մայրիկ, – կրկնեց փոքրիկ աղջիկը՝ դառնալով դեպի տիկին Բարբարեն. – ես ոչ մի ժամանակ չեմ աղտոտում իմ հագուստները:
Լիզան, որ այդ խոսակցության միջոցին ընկղմված էր յուր սովորական մելամաղձական լռության մեջ, կտրեց փոքրիկ քրոջ խոսքը երգիծաբանորեն՝ ասելով.
– Հա՛, դու շատ խելացի ես, սնապարծ, հպարտ. օր չի անց կենա, որ դու մի բան չկոտրես, և հայրս չծեծե քեզ:
Փոքրիկ Ելենան վշտանալով քրոջ կծու նկատողությունից ասաց` նրան.
– Հա՛, դու շատ ուղորդ ես ասում… երեկ ես ի՞նչ էի կոտրել, որ մամեն թակեց ինձ. բայց այն, որ դու կոտրել ես, ասե՞մ…
– Դե, լուռ, Ելենա՛, դու երբեք թույլ չես տալ քեզ լրտեսություն անել, – սաստեց նրան օրիորդ Սոֆին:
– Ես ոչինչ չեմ ասում, բայց Լիզան միշտ ջգրացնում է ինձ, – ասաց նա և լռեց:
Տիկին Բարբարեն, որ յուր դուստրների բոլոր վիճաբանության միջոցին ծիծաղելով նայում էր նրանց վրա, գրկեց երկուսին ևս՝ ասելով.
– Դուք երկուսդ էլ խելացի եք, իմ աղջիկներ. Սոֆին ձեզ երկուսիդ էլ կպատրաստե, և հետո կտամ ձեզ պանսիոն: Սոֆիի նման լավ ռուսերեն և փրանցուզերեն կսորվիք:
Թեյըմպությունը և նախաճաշիկը վերջացավ:
Լսելի եղավ դռան մուրճի զարկը:
Ծառան իմացում տվավ, թե մի օրիորդ եկել է օրիորդ Սոֆիին տեսության:
Օրիորդ Սոֆին շուտով գնաց յուր սենյակը և հրամայեց հյուրուհուն հրավիրել այնտեղ:
Տիկին Բարբարեն դիմեց խոհանոց՝ պատվերներ տալու Թինային, որ կատարում էր և՛ աղախնի, և՛ խոհարարուհու պաշտոն: Ելենան առավ յուր խրծիկը և դուրս եկավ բակը՝ խաղալու կեցողի փոքրիկ աղջկա` Օլինկայի հետ: Բայց Լիզան, դեռ պահելով փոքրիկ քրոջ ոխը յուր սրտում, սկսավ վեր քաղել թեյի պարագաները:
Օրիորդ Սոֆիի սենյակում, որ և՛ նրա ննջարանն էր, և՛ հյուրանոցը, և՛ կաբինետը, հայտնվեցավ հյուրուհին, մի հասուն օրիորդ, միջակ հասակով, ուրախ դեմքով և բավական վայելուչ կերպով հագնված առանձին թեթև զգեստներով:
Նրա երևույթը լիակատար հաճություն պատճառեց օրիորդ Սոֆիին, տեսնելով յուր հին ընկերուհուն, որ երկու տարի առաջ ավարտել էր նույն պանսիոնը, ուր ուսանում էր ինքը, և նրանք ուրախությամբ գրկախառնվեցան:
Այդ օրիորդը նույնպես արմենուհի էր և կոչվում էր Անիչկա Եգորովնա:
Օրիորդ Սոֆին մատույց յուր ընկերուհուն մի հին աթոռ, որից երկու հատ միայն կար նրա սենյակում, այնպես որ մի երրորդ անձն եթե գար, ստիպված պետք է նրա մահճակալի վրա նստեր:
– Ներեցե՛ք, խնդրեմ, Անիչկա ջան, – ասաց նա ռուսերեն, ես տակավին որպես մի օտարական հյուր եմ այս տան մեջ. մենք դեռ ոչինչ չենք կարգադրել իմ կացության համար. նստի՛ր, խնդրեմ, հոգյակս, եթե մեր աղտոտ աթոռը չի կեղտոտիլ քո սպիտակ հագուստը:
– Այդ ոչինչ… – պատասխանեց նույն լեզվով օրիորդ Անիչկան: – Ես մինչ այն աստիճան նրբաճաշակ չեմ: Ես էլ տեսել եմ առաջին անգամ այդպիսի կեղտոտ աթոռներ հորս տանը…:
Եվ նա նստեց առաջարկած աթոռի վրա, հին գրասեղանի հանդեպ, որ յուր գույնով և կազմվածքով համապատասխան էր երկու աթոռների գոյությանը, որ երկու տարի առաջ Ճանճուր Իվանիչը հինգ մանեթով առել էր աճուրդում, Թամամշովի քարվանսարայի առաջ, մտածելով, որ մի օր նրանք կարող էին հարկավոր լինել դստերը, և նույն օրից թաքնված էր մառանումը, փոքրիկ Ելենայի չարություններից զերծ պահելու համար:
Բայց օրիորդ Սոֆիի թշերը շառագունեցան ընկերուհու նկատողության պատճառով, և նա ասաց խիստ խորհրդավոր ձայնսվ.
– Այո՛, այդ այդպես է լինում միշտ մեր կյանքի առաջին հանդեպը դպրոցեն դուրս գալուց հետո…
– Բայց դու տակավին մեծ պատերազմ ունիս и պատերազմելու հնամոլության հետ, մինչև կարգադրես ամեն ինչ քո ախորժակին համեմատ:
– Կփորձենք, – ժպտալով կրկնեց օրիորդ Սոֆին:
– Այժմ ասա՛, ի՞նչ նորություններ ունիս մեր աշխարհից, ի՞նչպես են Սոնիչկան, Մական, Կատոն, Էփոն և մեր մյուս ընկերուհիները:
– Բոլորը. քո տեսածին պես. Սոնիչկան տակավին ծուլանում է որպես առաջ. Մական դեռ չէ՛ դադրում լուսամուտներից թաքուն նայել դեպի շուկա, Կատոն նույնպես պահած ունի յուր բարձի տակ Տուրգենևը, և Էփոն նույնպես զանազան զվարճախոսությամբ ծիծաղեցնում է յուր ընկերուհիներին:
– Բայց Նատո՞ն:
– Նա էլ դեռ բանեցնում է յուր հին արհեստը. փոքրավորներին կաշառելով, ծածուկ նրանց ձեռքով գրագրություններ է անում, և ամեն րոպե պատրաստ է վազել դեպի լուսամուտը, լսելու այն քաղցր մեղեդին Դոն – Ժուանից, երբ նրա մտքի ցնորքը, գիշերային պահուն երգելով, անցնում է դպրոցի մոտից:
– Այդ, ճշմարիտ, շատ հետաքրքրական է, – խոսեց Անիչկան և սկսեց ծիծաղել:
– Բայց նրա Կոջորի այն անցքը ճշմարի՞տ էր, – հարցրուց Անիչկան՝ բավական հետաքրքրվելով ընկերուհու խոսքերից:
Օրիորդ Սոֆին յուր սովորական քաղցրաբարոյությամբ ծիծաղեց:
– Ո՞վ ասաց քեզ, – հարցրեց նա:
– Այդ ինձ ասաց Նինոն:
– Ա՜խ, ո՛րպիսի շաղակրատն է նա, աստված իմ, ամենևին գաղտնիք պահել չգիտե:
– Մեր մեջ ի՞նչ գաղտնիք, ասա՛ խնդրեմ:
– Այնուամենայնիվ չէ կարելի ամեն ինչ հրապարակել…
Անիչկան տեսավ, որ յուր ընկերուհին ընդունեց բավական պատկառելի ձև, սկսավ նրան թախանձել, որ հանգամանորեն պատմե Նատոյի անցքը:
– Դու արդեն լսել ես, էլ ո՞ւր ես կրկին հարցնում, – ասաց նրան օրիորդ Սոֆին:
– Կամենում եմ քեզնից լավ տեղեկանալ. դու գիտես, որ շատ չէ՛ կարելի հավատալ Նինոյի խոսքերին:
– Մենք մի օր առավոտյան պահուն գնացինք զբոսանքի բոլոր աշակերտուհիներով. մինչև մտանք անտառը, աշակերտուհիները ցրվեցան զանազան կողմեր և սկսան ոմանք ծաղիկներ քաղել, ոմանք վայրի մրգեղեններ: Հանկարծ նկատում ենք Նատոն աներևութացել է. մենք կարծեցինք, թե հարկավորության պատճառով մեզանից հեռացած պիտի լինի: Բայց երկար նայեցինք՝ նա չդաձավ: Վարժուհիները վրդովվեցան և կամենում էին որոնել նրան: Ես իսկույն կասկածանքի մեջ ընկա, որովհետև առաջուց գիտեի նրա գազտնիքր և թույլ չտվի վարժուհիներին՝ որոնել նրան: Ինքս Նինոյի հետ գնացի նրան որոնելու: Հանկարծ թփերի միջից, որ խիստ փակված էին միմյանց, լսում ենք խշշոց. հազիվ թե կարողացանք մտնել այնտեղ, գտնում ենք Նատոյին և նրան կատարյալ ռոմանական դրության մեջ… Նա իսկույն անհետացավ, թողնելով այնտեղ յուր շլյապան, իսկ Նատոն մեր ոտքերն ընկավ և սկսեց աղաչել, որ ոչ ոքի չասենք մեր տեսածը: Իհարկե, մենք ծածկեցինք վարժուհիներից և մյուս աշակերտուհիներից այդ անցքը. բայց ահա Նինոն հայտնել է քեզ:
– Ես վաղուց գիտեի նրա գաղտնիքները:
Երկու ընկերուհիների խոսակցությունն ընդհատեց տիկին Բարբարեն, որ մտավ յուր դստեր սենյակը: Անիչկան վեր կացավ, շնորհալի կերպով ձեռք տվավ նրան և շնորհավորեց օրիորդ Սոֆիի ուսման ավարտելը և մյուս անգամ յուր ծնողական տուն վերադառնալը: Տիկին Բարբարեն շնորհակալ եղավ և օրհնեց օրիորդին՝ նրա բարեսրտության համար, և կամենում էր նստել յուր դստեր մահճակալի վիա, բայց օրիորդ Սոֆին յուր աթոռը նրան տվավ և ինքը նստեց այնտեղ:
Օրիորդ Սոֆին մինչ այն աստիճան մոռացված էր իրանց խոսակցությամբ, որ չէր մտածել մի բանով հյուրասիրել յուր ընկերուհուն. մայրը մտաբերեց նրան, թե նա շատ անքաղաքավարությամբ էր վարվել յուր հյուրի հետ: Օրիորդը դուրս գնաց և հրամայեց ծառային սուրճ մատուցանել:
Բայց որովհետև այդ հյուրը մի անծանոթ բան էր Հացի-Գելենց տանը, ծառան նոր գնաց փողոցից գնելու: Մինչև նրա գնելը, մինչև դրացիներից բովելու գործիք առնելով սուրճը բովելը, տևեց ամբողջ երկու ժամ: Մի ժամ ևս հարկավոր էր կաթ գնելու համար, բայց օրիորդ Սոֆին խիստ տհաճությամբ հրամայեց այնպես տալ:
– Ինչպե՞ս են մայրդ, քույրերդ, – հարցրեց տիկին Բարբարեն Անիչկայից վրացերեն:
– Փառք աստծո, առողջ են. մայրս ձեզ հատուկ բարև ունի, – պատասխանեց նույն լեզվով Անիչկան:
Անիչկան թեև արմենուհի էր, բայց դժբախտաբար նա էլ չգիտեր հայերեն խոսել:
– Շատ շնորհակալ եմ, – պատասխանեց տիկին Բարբարեն: – Ձեր մայրը բարի կին է: Դուք ևս լավ աղջիկ եք. ես ուրախ եմ, որ չեք մոռացել Սոֆիին:
– Մենք վարժարանից սկսած սիրում էինք միմյանց, դեդի ջան, – ասաց Անիչկան բարեսրտությամբ:
– Աստված պահե ձեզ երկուսիդ էլ, – կրկնեց տիկինը:
Եվ այնուհետև նա սկսեց պատմել նրանց յուր մանկության ժամանակի աղջիկների բարքի ե բնության մասին, երբ ո՛չ ուսում կար և ո՛չ կրթություն, և թե ինչպես նրանք շատ պարզամիտ ու հիմարներ էին: Երկու օրիորդները բավական ծիծաղեցան՝ ասելով. – հենց հիմա էլ այդպիսի աղջիկներ սակավ չեն մեր քաղաքում:
Սույն միջոցին ներս մտավ բարձրահասակ Քիտեսը՝ սուրճի մատուցարանը ձեռքին: Քիտեսի ուղտի նման անշնորհք շարժմունքից սուրճի սև հեղուկը կես մասամբ գավաթների ափսեների մեջ էր թափվել: Օրիորդ Սոֆին, նկատելով այդ, բարկությամբ մի կողմնակի հայացք ձգեց վայրենի իմերելի երեսին և ոչինչ չխոսեց:
Աննա Եգորովնան բավական երկար նստեց, նրանք խոսեցան այս ու այն աղջկա, այս և այն նորափեսայի մասին, այս և այն հագուստի վրա, մի փոքր բամբասելուց, մի փոքր չարախոսելոց հետո օրիորդ Աննան առավ յուր փոքրիկ վարդագույն հովանին և հեռացավ:
Նրա գնալու ժամանակ օրիորդ Սոֆին խնդրեց շուտ – շուտ հաճախել յուր մոտ: Օրիորդը շարժեց գլուխը և ասաց նրա ականջին.
– Ես մյուս անգամ կգամ քեզ մոտ, մեր խոսքը կիսատ. մնաց…