Читать книгу Զահրումար - იაკობ ცურტაველი - Страница 7

Է

Оглавление

Գալով յուր դստեր մոտ, տիկին Բարբարեն ոչինչ չասաց նրան յուր ամուսնու սենյակում անցածի մասին. միայն օրիորդը յուր մոր դեմքի տխուր արտահայտությունից և նրա վրդովմունքից գուշակեց, թե նրա դեսպանախոսությունը յուր ուզածների մասին` անհաջող ընդունելության է հանդիպել: Բայց տեսնելով, որ մայրը ոչին չի հայտնում իրան, ինքը ևս չուզեց բան հարցնել:

Թե՛ տիկին Բարբարեն և թե օրիորդ Սոֆին այն գիշեր խիստ անհանգիստ անցկացրին:

Առավոտյան Քիտեսը հայտնեց յուր տիկնոջը, թե աղան գիշերը հեռագիր է ստացել և այսօր պատրաստվում է գնալ Կավկա, կապալի գործի համար, և իրան հրամայել է, որ ճանապարհագիր հանեմ, և սայլակ վարձեմ:

Այս հանկարծակի լուրն իսկույն փարատեց տխրության սև թախիծը, որ գիշերվանից սկսած կուտակվել էր տիկնոջ դեմքի վրա, և նրա գեղեցիկ աչքերը վառվեցան ուրախությամբ: «Թո՛ղ նա գնա, ես գիտեմ, թե ինչ կանեմ»… – ասաց նա յուր մտքում:

Միայն Ճանճուր Իվանիչը, առանց ոչինչ հայտնելու յուր ընտանիքին Կավկա գնալու մասին, վաղ առավոտյան տանից դուրս եկավ և գնաց փողոց:

Այնտեղ նա ամբողջ օրը հազիվ կարողացավ կարգադրել յուր գործերը: Երեկոյան հարկավոր պատվերները տալով յուր գործակատարներին, նա վերադարձավ տուն, ուր ճանապարհորդական սայլակն սպասում էր դռանը: Նա ուղղակի մտավ յուր սենյակը և իսկույն հրամայեց Քիտեսին՝ տեղավորել սայլակի վրա յուր ուղևորության հարկավոր պիտույքները, իսկ ինքն սկսավ քրքրել յուր թղթերը :

– Նա այս գիշե՛ր է կամենում գնալ, – հարցրեց Քիտեսից տիկին Բարբարեն:

– Հրամմել եք, աղջիկ պարոն, – պատասխանեց իմերելը:

Տիկին Բարբարեն թեև մի կողմից ուրախ էր յուր ամուսնու հեռանալու համար, բայց մյուս կողմից նրա սրտին տիրեց խիստ ցավեցուցիչ տհաճություն, երբ տեսավ, որ յուր ամուսինն օտար երկիր է դիմում՝ առանց յուր կնոջն ու ընտանիքին հայտնելու յուր գնալու պատճառի և նպատակի մասին:

Նա ասաց Գրիգոլին, որ գնա տեսնե, թե յուր հայրը ո՞ւր է գնում և ինչի՛ համար:

Պատանի գիմնազիստը մտավ հոր սենյակը:

– Դեպի ո՞ւր եք պատրաստվում գնալու, հայրիկ, – հարցրեց նա:

– Ջհանդամը, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը խորին վրդովմունքով:

Յուր հոր այդ կոշտ պատասխանից Գրիգոլի լեզուն կապվեց, և նա, սիրտը կոտրած, մի քանի րոպե հոր վրա նայելուց հետո դուրս գնաց նրա սենյակից:

Նա ասաց յուր մորը, թե ի՛նչպես պատասխանեց իրան հայրը:

Ճանճուր Իվանիչի մի այդպիսի վրդովմունքը և ջհանդամ բառը պատճառ տվին տիկին Բարբարեին մտածել, թե յուր ամուսնու Կավկայի կապալի գործերը պիտի անհաջողության հանդիպած լինին, և որ նրա մի այդպիսի հանկարծակի ճանապարհորդությունը ոչինչ բարիք չե գուշակում:

Նույն րոպեին Քիտեսը իմացում տվավ, թե աղան պատրաստվում է գնալու:

Տիկին Բարբարեն, օրիորդ Սոֆին և նրանց մյուս զավակները դուրս գնացին նրան ճանապարհ գցելու:

Նա արդեն նստած էր սայլակի մեջ: – Մուղայիթ կացեք, բճերքն ու քոծը բան չգողանան, ու դուք էլ հիռու կացեք անխելք մսխելեմեն, – ասաց նա` յուր վայրենի հայացքը ձգելով ընտանիքի վրա, որ ավելի սարսափելի էր գիշերային մթության մեջ:

– Քշե՛, – հրամայեց նա սայլապանին:

Ձիաները առաջ խաղացին, սայլակի զանգակներր հնչեցին, անիվներն սկսան գլորվել փողոցի ողորկ քարահատակի վրա:

Տիկին Բարբարեն և յուր զավակները, երկար կանգնած դռանը՝ նայում էին նրա հետևից, մինչև զանգակների ձայնը լռեց, և սայլակն անհետացավ գիշերային խավարի մեջ:

Նրանք խորին տխրությամբ դարձան տուն:

– Նա մինչև անգամ մնաք բարով էլ չասաց մեզ, մայրիկ, – ասաց օրիորդ Սոֆին՝ ողորմելի կերպով նայելով մոր երեսին:

Մայրը ոչինչ չպատասխանեց, միայն աղջիկը տեսավ, որ նրա աչքերից գլորվում էին արտասուքի խոշոր կաթիլներ:

– Ահա՛ ի՛նչ է նշանակում հին մարդիկ, – կրկնեց օրիորդ Սոֆին, – նրանց մեջ չկա ո՛չ ծնողական սրտի քնքուշ զգացմունք և ո՛չ մարդավայել քաղաքավարություն…

Օրիորդը մի քանի խոսքերով մխիթարելով յուր մորը՝ գնաց յուր սենյակը:

Այդ գիշեր բոլոր Հացի-Գելենք անցկացրին ցավեցուցիչ տրտմությամբ: Հոր խստասրտությունն առավելապես զգալի եղավ օրիորդ Սոֆիին:

«Այս էլ աշխարհը… արդյոք ի՞նչ վայելչություն կա սրանում»… – ասաց նա հոգվոց հանելով և յուր գեղեցիկ գլուխը թաղեց բարձի մեջ:

Բայց քունը երկար ժամանակ մոտ չեկավ նրա աչքերին:

Ճանճուր Իվանիչի բացակայությունը թեև մի կողմից անախորժ տպավորություն թողեց յուր ընտանիքի վրա, այնուամենայնիվ մյուս կողմից նա պատճառեց տիկին Բարբարեին բավական մեծ հաճություն, որ ազատվեցավ յուր ամուսնու վշտացուցիչ ծանրությունից, և օրիորդ Սոֆիին, որին այնքան ատելի էր հոր ներկայությունը:

Հենց Ճանճուր Իվանիչին ճանապարհ դրած գիշերվա առավոտը տիկին Բարբարեն պատրաստվեցավ օրիորդ Սոֆիի հետ միասին փողոց գնալ՝ նրա խնդրած իրեղենները գնելու: Թեև նա հարկավոր գումարը չուներ պատրաստի, բայց ամբողջ քաղաքի խանութներում ճանաչում էին հարուստ Ճանճուր Իվանիչի կնոջը, և այդ պատճառով նա ամեն տեղ մեծակշիռ վարկ ուներ:

Առավոտյան տասը ժամին նրանք կառք նստեցին և, իրանց հետ առնելով Քիտեսին, դիմեցին դեպի Գոլովինսկի պրոսպեկտ:

Նրանք նախ և առաջ մտան մի ֆրանսիացու մոդնի մագազին. այդտեղ Փարիզի նորեկ մոդայի ձևերով, որ ընդունված էր քաղաքում, պատվեր տվին օրիորդի համար ոտքից գլուխ կարել մի քանի ձեռք հագուստ՝ պարահանդեսի համար առանձին, թատրոնի համար առանձին, հասարակ օրվա, զբոսանքի համար առանձին և տանը հագնելու համար առանձին, բոլորն այլևայլ տարազներով և գներով: Կար անող ֆրանսուհին չափերը վերցրեց, նրանք գրավ տվին և դուրս եկան:

Այնտեղից անցան մի այլ խանութ, ուր գնեցին կոշիկներ, գույնզգույն ձեռնոցներ, զանազան տեսակ գուլպաներ, հովանի, հովհար և այլ այդպիսի կանանց հարկավոր իրեղեններ:

Հետո մտան մի այլ խանութ, ուր վաճառում էին եվրոպական կարասիք. այդտեղ գնեցին աթոռներ, բազկաթոռներ, սոֆա, զանազան տեսակ սեղաններ և այլ տնային կահ-կարասիք:

Այնտեղից էլ անցան մի այլ խանութ, ուր վաճառում էին գրության պիտույքներ և գրասեղանի զարդե., այդտեղ գնեցին թանաքաման յուր պարագաներով, գեղեցիկ աշտանակներ, գրասեղանի ժամացույց, բրոնզից կամ կավճյա փոքրիկ կիսարձաններ, զանազան պատկերներ, մեծ հայելիք և սենյակի այլ զարդեր, ինչ որ օրիորդի գեղասեր ճաշակին դուր եկավ:

Ճանապարհին նրանք մտան մի այլ խանութ, ուր օրիորդը գնեց զանազան նկարներով գրելու թղթեր, զանազան տեսակ նույնպես նախշուն ծրարներ, որոնցով միայն սիրահարական նամակներ են գրում օրիորդները սիրուն տղաներին:

Բայց դաշնամուրի գնելը նրանք թողին մյուս օրվան, որովհետև կեսօրից երկու ժամ արդեն անցել էր:

Նրանք դարձան տուն, մի քանի թեթև բան առնելով իրանց հետ կառքի մեջ, մնացածը թողնելով, որ Քիտեսը տուն բերե:

Օրիորդ Սոֆին գտնվում էր յուր հոգու զվարճալի դրության մեջ:

Գալով տուն, նա գրկեց յուր մորը և շնորհակալություն հայտնեց:

– Այսուհետև, մայրիկ, ես այլևս չեմ տխրիլ, – ասաց նա: – Միայն մեր գնած իրեղեններր մեր այժմյան կացարանին ինքդ կվկայես, խիստ անհարմար են:

– Այդ մասին դու անհո՛գ կաց, սիրելիս, – պատասխանեց մայրը: – Ես այդ ևս կկարգադրեմ:

Եվ նույն րոպեին տիկին Բարբարեն իրանց տան վերի հարկի կեցողներին մի տոմսակ գրեց, որ նրանք մինչև առաջիկա շաբաթ օրը բոլոր սենյակները դատարկեն, հակառակ դեպքում նրանց դուրս կանեն ոստիկանության միջոցով:

Որովհետև կեցողները պայմանյալ ժամանակով չէին վարձած իրանց կացարանը, այդ պատճառով ընդունեցին տանտիկնոջ պատվերը:

Քիտեսը յուր հետ բերեց բեռնավորված մշակների մի ամբողջ կարավան, և Ճանճուր Իվանիչի տան ներքին սենյակները լցվեցան բազմաթիվ խայտաճամուկ իրեղեններով:

Լիզան յուր սովորական մելամաղձական լռությամբ, իսկ Ելենան յուր բնական մշտազվարճ դեմքով նայում էին նրանց համար խիստ զարմանալի իրեղենների վրա: Օրիորդ Սոֆին ինքն էր տեղավորում նրանց: Տիկին Բարբարեն կանգնած նայում էր յուր դստեր գործունեությանը:

Բայց փոքրիկ Ելենան դիմեց նրան այսպիսի հարցով.

– Մայրի՛կ, այդ բոլորը ո՞ւմն են:

– Սոֆիինը, – պատասխանեց տիկին Բարբարեն ծիծաղելով:

– Հապա ի՞նձ, – հարցրեց վշտանալով աղջիկը:

– Դու ի՞նչ ես ուզում:

– Մի հատ նոր խրծիկ, – պատասխանեց Ելենան յուր սիրուն գլուխը շարժելով:

– Չէ՞որ դու արդեն խրծիկ ունիս:

– Չէ՛, մայրիկ, նա լավը չէ, – կրկնեց դժգոհելով փոքրիկ աղջիկը: – Նրա աչքերը կապույտ են, մազերը դեղին, ես չեմ սիրում: Ինձ համար առեք մի այնպիսի խրծիկ, որ Սոֆիի նման սև աչքեր և սև մազեր ունենա:

– Չէ՞ որ քո աչքերն էլ կապույտ են և քո մազերը դեղնագույն, – կրկնեց մայրը:

– Իմ աչքերը կապույտ են, իրավ է, բայց մեր Թինան ասում է, թե հետո կսևանան, Սոֆիի աչքերի նման կդառնան:

Տիկին Բարբարեն ծիծաղեց փոքրիկ դստեր պարզ մտքի վրա,

– Բայց չե՞ս ուզի, որ Լիզի աչքերի պես լինին, – հարցրեց մայրը:

– Չէ, չեմ ուզում. ես Լիզի աչքերից վախենում եմ:

Իսկ Լիզան մի կողմնակի հայացք ձգեց քրոջ երեսին, և արդարև նրա աչքերը նույն րոպեին սարսափելի էին:

Մայրը սաստեց յուր երեխին, որ այդպես չխոսի քրոջ վրա և խոստացավ նրա համար գնել մի խրծիկ՝ սև աչքերով և սև մազերով:

Ելենան դուրս վազեց հայտնելու յուր մոր խոստմունքը իրանց դրացու աղջկան փոքրիկ Օլինկային:

Զահրումար

Подняться наверх