Читать книгу Զահրումար - იაკობ ცურტაველი - Страница 10
Ժ
ОглавлениеՕրիորդ Սոֆին նույն օրվա երեկոյան պահուն ստացավ Աննա Եգորովնայի ուղարկած գրքերը: Դրանք մի քանի հատոր Տուրգենևի, Պիսեմսկու ռոմաններից էին: Սկզբում մոր երկյուղից ստիպված էր այդ գրքերը յուր բարձի տակ թաքցնել կամ գիշերները գաղտնի կարդալ, իսկ այնուհետև նա շարունակ զբաղված էր այդ գրքերի ընթերցանությամբ բոլորովին համարձակ, որովհետև նրա ծնողները և բոլոր տանեցիք ամենևին հասկացողություն չունեին, թե ի՛նչ է ռոման ասած բանը:
Այնուհետև օրիորդն այլևս դուրս չէր գալիս յուր առանձնասենյակից. նա երևում էր յուր մորը միայն առավոտը, ճաշին և ընթրիքի ժամանակ, և մեկ էլ՝ երբ նրանց մոտ հյուրեր էին գալիս: Մայրը հարցնում էր նրան, թե ի՞նչ է շինում նա ամբողջ օրը յուր սենյակում փակված: Օրիորդը պատասխանում էր` «զբաղված եմ»:
Նա անդադար կարդում էր և կարդում… և այդ բանաստեղծական գրքերի անհատական աղբյուրից ձևակերպում էր նոր գաղափարներ:
Այդ գաղափարները, օրըստօրե տպավորվելով և կերպարանագործվելով նրա թարմ ուղեղի մեջ, ծնեցին նրա գլխում երևակայական ցնորքներ, որ շատ անգամ արթուն կամ քնի մեջ ևս երազում էր:
Երբեմն գիշերային քաղցր երազների մեջ նրան պատկերանում է մեծահանդես բալ: Դահլիճը լուսավորված է կուրացուցիչ փայլողությամբ: Հանդիսականները եռ են գալիս գույնզգույն հագուստներով: Մետաքսը, շալը, ոսկին, արծաթը և գոհարեղենները, արհեստի վայելուչ հարմարությամբ, վառվում են, խշխշում են և ալեկոծվում…:
Մեր երազամոլ հերոսուհին, վառված ադամանդներով ու պճնված գեղեցիկ հագուստներով, սիգաճեմ ընթացքով մտնում է բալի դահլիճը: Բազմությունը դղրդում է: Բոլորի ուշադրությունը դառնում է դեպի նա: «Ահա գեղեցկության դիցուհին», – լսելի են լինում հիացման ձայներ: Մուզիկան հնչում է, պարահանդեսը փոթորկվում է: Մի կարճլիկ տղամարդ, հաստ փորով և ուռած թշերով, առաջարկում է օրիորդին յուր ձեռքը՝ պարելու: Նա հրաժարվում է: Մոտենում է մի այլը՝ մեծ էպոլետներով և օրդեններով պատած կուրծքով: Նա դարձյալ հրաժարվում է: Մոտենում է քաղաքավարությամբ մի այլը՝ պճնազգեստ երիտասարդ, բարձրահասակ, նրբակազմ, գանգրահեր և խիստ գեղեցկադեմ: Օրիորդր կանգնում է: նրանք պտտվում են որպես անիվ: Մի քանի անգամ օրիորդի փափուկ կուրծքը և կիսամերկ բազուկները հեզիկ շփվում են յուր պարընկերի թևերին: Օրիորդը յուր մարմնի բոլոր կազմության մեջ զգում է էլեկտրական ցնցողություն: Պարի ձևը փոխվում է: Օրիորդը իրան ձևացնելով թե հոգնեց, նստում է: Նրա պարընկերը շնորհալի կերպով մոտեցնում է նրան աթոռ: Օրիորդը իր գոհությունը հայտնում է գլխի հեզիկ շարժումով: Պարընկերը չի հեռանում նրանից: Օրիորդը լսում է նրանից մի քանի քնքուշ խոսքեր…
Երբեմն մեր հերոսուհին երազում էր, թե նա թատրոնումն է. ինքը փառավորապես նստած է լոժայի մեջ: Հանդիսականները վառվում են բյուրավոր պճրանքով: Քաղցրաձայն մուզիկան հնչում է: Իտալուհին անուշ ձայնով երգում է: Լոժաները լիքն են սիրուն աղջիկներով: Բայց նրանցից և ո՛չ մինը յուր նման հագնված չէ: Հանդիսարանում աթոռներն ու բազկաթոռները լիքն են բազմաթիվ երիտասարդներով: Բայց նրանցից ո՛չ մինը չէ նայում բեմին: Նրանց դիտակներն ուղղված են դեպի յուր լոժան…:
Եվ երբեմն էլ երազում էր նա, թե գտնվում է մի այգու մեջ, յուր գլուխը զարդարված է ծաղիկներով: Մի գեղեցկադեմ պատանի, չոքած յուր առջև` աղաչում է… և արտասուքը մարգարտի նման գլորվում է նրա սիրուն աչքերից… «Ես սիրում եմ քեզ… Սոֆի»: Այդ մոգական ձայները զարկվում են նրա ականջներին:
Ահա այդպես մեր սիրուն հերուսուհին, յուր գիշերային հանգստյան մեջ, հրապուրվում էր այդպիսի երևակայական պատկերներով: Եվ ամբողջ օրը նրա մտքից չէին հեռանում այդ գիշերային հիմար երազները:
Այո՛, մի կատաղի ախտ զարհուրելի կերպով բոցավառվում էր նրա սրտի մեջ – դա էր սերը:
Վերջին օրերը օրիորդ Սոֆին մտածեց յուր երևակայական երազներին տալ որևիցե իրողական կերպարանք: Իսկ այդ փափագին հասնելու հնար չէր լինում մի քանի արգելառիթ պատճառներով: Եվ գլխավորապես այն էր պատճառը, որ Հացի-Գելենց ընտանեկան կյանքի շրջանը՝ ինչպես հայտնի է մեր ընթերցողին, խիստ նեղ էր, մռայլոտ և անմատչելի: Թեև վերջին օրերը տիկին Բարբարեն նրան բավական ընդարձակ և փառավոր կերպարանք տվավ, բայց այնուամենայնիվ այդ արտաքին շքեղությունը բավական չէր սրբելու նրանցից հին կեղտը, և առիթ տար նրանց հարաբերություն ունենալ հասարակության բարձր դասակարգի անհատների հետ, ուր դեգերում էր միշտ օրիորդ Սոֆիի միտքը: Նրանց երթևեկները տակավին հասարակ մարդիկ էին – մի քանի կաբավոր մորթե գդակով փողոցի առևտրական տղամարդիկ, մի քանի աղջիկներ՝ կոլոլված իրանց դերիաների մեջ, նախշուն թասակրավիներով, և մի քանի քաթիպավոր կանայք իրանց մերձավոր ազգականներից: Բայց այդ տեսակ մարդիկ ո՛չ միայն չէին կարող գրավել օրիորդ Սոֆիի ուշադրությունը, այլ սկսած նրա վարժարանի կյանքից, ատելի էին նրան: Թեև նրանցից շատերը գիտեին մի քանի հատ ու կտոր պոժոլուստ – մոժոլուստա ասել և գլուխ տալու կամ ձեռք բռնելու միջոցին ոտքը գետնին քսել, բայց այդպիսի կապկորեն քաղաքավարությունները առավել զայրացնում էին նրան, և նա չէր կարող հարգանք զգալ դեպի այդպիսի մարդիկ:
Միակ հյուրը, որին պատվում էր օրիորդ Սոֆին, Աննա Եգորովնան էր, որ նրան զվարճացնում էր՝ բերելով երբեմնապես զանազան լուրեր:
Բայց վերջին օրերը օրիորդի ուշադրությունը գրավեց մի պատանի գիմնազիստ, վեցերորդ դասարանի աշակերտ Նիկոլ Մայիլով անունով:
Մայիլովը տասնևութ տարեկան էր, քնքուշ կազմվածքով, գեղեցիկ դեմքով, քաղցրաբարո և բարեսիրտ պատանի, հին, ազնվական տոհմից: Նա թեև խիստ փափուկ էր մեծացած, բայց բավական բարեկիրթ, խելացի և ամոթխած էր: Մի փոքրիկ նկատողությունը կարող էր նրան վրդովմունք պատճառել, և նա կարմրում էր մինչև ականջները:
Նա Գրիգոլի դասընկերն էր, և շատ անգամ գալիս էր նրա մոտ սերտողության համար:
Օրը կյուրակե էր:
Տիկին Բարբարեն վաղ առավոտյան գնացել էր մի ազգականի տուն: Օրիորդ Սոֆին միայնակ կանգնած, պատշգամբից նայում էր դեպի բակը: Հանկարծ երևեցավ Մայիլովը մի քանի տետրակներ թևի տակին: Տեսնելով օրիորդին, նա մոտեցավ, բարևեց և կարմրելով հարցրեց.
– Ասացե՛ք, խնդրեմ, տա՞նն է Գրիգոլը:
– Ո՛չ, նա մի քանի րոպե առաջ դուրս գնաց, – պատասխանեց օրիորդը ռուսերեն:
Մայիլովը դարձյալ գլուխ տվավ և կամենում էր հեռանալ:
– Ինչո՞ւ, Նիկոլ, այդպես շուտ, – ասաց նրան օրիորդը: – Մի փոքր սպասեցեք, նա շուտ կվերադառնա:
Մայիլովը կանգ առավ:
– Նե՛րս գնանք, – ասաց օրիորդը:
Նրանք մտան դահլիճը:
Օրիորդը նստավ լուսամուտի մոտ, որ նայում էր դեպի Մթածմինդայի բակը, և խնդրեց գիմնազիստին՝ նստել յուր մոտ:
Օրիորդը հնչեցրեց զանգը, ներս մտավ աղախինը:
– Մաշա՛, պատրաստեցեք սուրճ, կաթնով, եթե սեր չկա:
Աղախինը հեռացավ: Օրիորդը դիմեց դեպի պատանի հյուրը այսպիսի հարցով.
– Ի՞նչ տետրակներ են դրանք:
– Մեր ուսանելի առարկաները, – պատասխանեց Մայիլովը:
– Եթե կարելի է, խնդրեմ, տաք ինձ նայեմ նրանց:
Մայիլովը տվավ նրան յուր տետրակները:
Օրիորդը դրեց լուսամուտի վրա գիմնազիստի կեղտոտ և կիսամաշ տետրակները և ուշադրությամբ նայում էր նրանց վրա և թերթում: Նրանց մեջ, խառն և անորոշ գրիչով, մի տեղ թանաքով, մի տեղ մատիտով, նշանակված էին նկատողություններ զանազան առարկաներից. իսկ մի քանի տեղ նկարված էին աշակերտական կյանքից խեղկատակ պատկերներ, օրինակ՝ գլուխներ՝ ահագին և երկար քթով, կմախքներ՝ այլանդակ կերպարանքներով և այլ պեսպես անորոշ և խառնափնթոր գծագրություններ: