Читать книгу Ոսկե աքաղաղ - იაკობ ცურტაველი - Страница 2
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Բ
ОглавлениеՄեծ պասի վերջին շաբաթվա օրերից մեկն էր: Այս շաբաթում գյուղացիները իրանց բոլոր լավ բաները կրում են քաղաքը, որ հարուստները լավ զատիկ անեին: Ավետ ապերն էլ, աքաղաղը կանչելուն պես, կես գիշերին վեր կացավ, ճրագը վառեց, լվացվեցավ, երեսը խաչակնքեց և սկսեց իր էշերը համետել: Ամբողջ ընտանիքը դեռ քնած էր, միայն Եղիսաբեթը օգնում էր ամուսնին: Նա դեռ մի օր առաջ պատրաստել էր երկու տիկ յուղ, մի բեռ նոր պանիր, երկու կթոց ձվաներ և մի քանի հատ հավեր, որ պետք էր տանել քաղաք ծախելու համար:
Մի այսպիսի նշանավոր խորհուրդը չէր կարող ծածուկ մնալ Կալոյի հետաքրքիր ուշադրությունից, որ իր հորեղբոր առաջին ոտնաձայնը լսելով՝ գլուխը վեր բարձրացրեց վերմակի տակից և ճրագի պես վառվող աչքերը լայն բաց անելով ասաց.
– Ինձ էլ պիտի տանես: Ես էլ կգամ:
– Ո՞ւր, – հարցրուց հորեղբայրը մի փոքր վրդովված ձայնով:
– Քաղաք, – ասաց Կալոն:
Ավետ ապերը, չնայելով իրան հատուկ սառնասրտությանը, այն գիշեր ինչ-որ բանի վրա բարկացած էր և շատ տխուր էր երևում: Այսպիսի մարդիկ երբեմն իրանց բարկությունը թափում են մի բոլորովին անմեղ առարկայի վրա, և այդ առարկան եղավ ողորմելի Կալոն:
– Ձենդ կտրի՛, լակո՛տ, – գոռաց նա կատաղի կերպով. – քաղաք գնալդ էր պակաս…
Կալոն լռեց և գլուխը կրկին դրեց բարձի վրա, երեսը թաքցրուց վերմակի տակ և սկսեց խուլ ձայնով լաց լինել: Նրա ձայնը զարթեցրուց պառավ Շուշանին, որ միևնույն անկողնի մեջ իր թոռնիկի հետ միասին էր պառկած:
– Այ տղա՛, ի՞նչ կա, ինչո՞ւ ես լաց լինում, – հարցրուց նա:
Կալոն հայտնեց պատճառը:
Նույն միջոցին խրճիթը ներս մտավ Ավետ ապերը, մնացած վերջին բեռը դուրս տանելու համար:
– Ավետ, որդի, ինչո՞ւ ես լացացնում խեղճ տղային, – հարցրուց պառավը: – Ուզում է քեզ հետ գալ, դու էլ տար. էլ ինչո՞ւ ես սիրտը կոտրում:
– Ախար նրա ի՞նչ քաղաք գնալու ժամանակն է, – պատասխանեց Ավետը մի փոքր մեղմացած կերպով:
– Հրեն Պետրոսենց Գյուքին էլ է գնում… նա ինձանից խո մեծ չէ՞… – վերմակի տակից լսելի եղավ Կալոյի լալագին ձայնը:
– Տա՛ր քեզ հետ, որդի, – կրկնեց պառավը համոզական եղանակով: – Տա՛ր, թող աշխարհ տեսնի. խո աղջիկ չէ, որ միշտ առիքի տակը մնա, տնից դուրս չգա. տղա է, սիրտը ուզում է, բան կսովորի, աչքը կբացվի:
Պառավի խոսքերը առանց հետևանքի չմնացին, մանավանդ երբ Ավետի կինը՝ Եղիսաբեթը մյուս կողմից սկսեց իր ամուսնին համոզել, որ Կալոյին իր հետ տանե, ավելացնելով թե ճանապարհին պետք կգա, էշերը կքշե:
– Դե՛, վեր կաց գնանք, մի ուշացիր, – վերջապես ասաց Ավետ ապերը:
Զատկին մոտ օրերում քաղաք գնալը գյուղացի երեխաների համար մի մեծ զվարճություն է. այնտեղ նրանց համար գնում են արխալուղ, գդակ, տրեխներ և վերջապես մի բան, որ նրանց ուրախացնում է: Այս առաջին անգամն էր, որ Կալոն քաղաք պիտի տեսներ, և այս պատճառով նրա ուրախությանը չափ չկար, երբ ստացավ իր հորեղբոր համաձայնությունը: Նա ծտի պես դուրս թռավ իր քնաշորերի միջից, մի քանի րոպե այս կողմ և այն կողմ վազեց, ինքն էլ չիմանալով, թե ինչ բանի համար, և հետո սկսեց իր երկայն ցուպը պտռել:
Կալոյի համար երկար պատրաստություն պետք չէր, նա շատ չուշացավ, որովհետև իր սովորության համեմատ առանց հանվելու էր քնել. հարկավոր էր միայն տրեխները կապել, այնուհետև ամեն ինչ վերջացած էր: Րոպեական արագությամբ կատարվեցավ բոլորը, հետո նա վեր առավ իր հովվական ցուպը, մոտեցավ պառավ տատին և փաթաթվելով նրա վզին՝ հարցրուց.
– Քեզ համար ի՞նչ բերեմ քաղաքից:
Պառավը ոչինչ չպատասխանեց, միայն համբուրեց նրան, և խորշոմած աչքերը լցվեցան արտասուքով:
Ավանակները արդեն բեռնած, պատրաստ էին բակում. Եղիսաբեթը ճրագը ձեռին կանգնած էր այնտեղ, իսկ Ավետը մտել էր ոչխարների գոմը: Նա դուրս բերեց մի չաղ երկու ամսական գառն և կապելով բեռան վրա իր մտքումը ասաց. – էդ կտանենք «աղայի» համար…
Դեռ բավական ժամանակ կար մինչև լուսանալը, երբ փոքրիկ քարավանը ճանապարհ ընկավ: