Читать книгу Ոսկե աքաղաղ - იაკობ ცურტაველი - Страница 6
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Զ
ОглавлениеՄասիսյանի ընտանիքը փոքր էր: Նրա եղած որդիներից այժմ մնացել էին երկու աղջիկներ և մի տղա միայն: Նրա առջինեկը, մեծ աղջիկը, մեռավ մի ցավալի մահով. նա իրան խեղդեց, պարանոցեն կախ ընկնելով փայտանոցի առաստաղից: Պատճառը մի գաղտնիք էր, որը երևան հանելո՛վ, մենք չենք ուզում վիրավորել անբախտ զոհի հիշատակը… Մեծից փոքրը, երկար ժամանակ սպասելով, բավական պառավելով, երբ նկատեց, որ հայրը իրան մարդու տալու միտք չունի, ծածուկ փախավ հոր գործակատարներից մեկի հետ և գյուղումը պսակվեցավ: Հայրը անիծեց նրանց, բայց շուտով մոռացավ, միայն երբեմն մտաբերում էր այս նախատական բառերով. «այն անզգամը»… Այն օրից աղջիկը բոլորովին զրկված էր հոր տնից, մի քանի անգամ միայն բախտ ունեցավ ծածուկ մտնել հոր տունը մորը տեսնելու համար, որին շատ սիրում էր: Որդին, Ստեփանը, ավարտել էր գիմնազիայում, հայրը արգելեց նրան համալսարան մտնել, մտածելով թե ուսումը վնասակար բան է, կարող է բոլորովին փչացնել նրան: Վերադառնալով հոր տունը, որդին երկար տարիներ անգործ ման էր գալիս գիմնազիստի համազգեստով, և միշտ թախանձելով հորը, որ իրան կրկին ուղարկե ուսումը շարունակելու: Հայրը լսել անգամ չէր ուզում և ստիպում էր, որ խանութը մտնե և այնտեղ առևտուր սովորե: Այստեղից ծագեցան հոր և որդու մեջ անհամաձայնություններ, որ պատճառ տվեցին անվերջ դժգոհությունների:
Մասիսյանի մնացած աղջիկներից երեց քույրը կոչվում էր Գայանե, իսկ կրտսերը՝ Հռիփսիմե. առաջինը տասն տարեկան էր, վերջինը՝ յոթն: Այդ երկու քույրերի վրա բնությունը կարծես կամեցել էր գործ դնել իր բոլոր համառությունը, մեկին ստեղծելով որպես գեղեցկության օրինակ, իսկ մյուսին՝ նրա հակառակը: Բնավորության կողմից նույնպես նման չէին: Գայանեն, տգեղ, չափազանց մեղմիկ և բարեսիրտ էր: Հռիփսիմեն, գեղեցիկը, նույնքան հպարտ և չար էր: Տգեղի տգեղությունը լրացնում էր երկու ոտների ևս կաղությունը, որի պատճառով ման գալու ժամանակ սաստիկ օրորվում էր: Մարմնով արատավորները միշտ լեզվանի, հեգնող և երբեմն կծող են լինում: Գայանեն իր բարեսրտության հետ զուրկ չէր և այդ հատկություններից:
Երկու քույրերի մայրը կոչվում էր Մարիամ: Շատ անգամ բախտը, ճակատագիրը, նախախնամությունը, – վերջապես ինչ որ կուզեք անվանեցեք, – բայց կա մի բան, որ զարմանալի կատակներ է խաղում ամուսնական զուգավորության մեջ: Տեսնում ես, – գեղեցիկ կնոջը տալիս է տգեղ ամուսին, իսկ սիրուն տղամարդին` տգեղ կին: Տեսնում ես, խելացի կինը հիմար մարդ է ունենում, իսկ հիմար կինը՝ խելացի մարդ: Տեսնում ես, կարճահասակ տղամարդը բարձրահասակ կին է ունենում, իսկ բարձրահասակ տղամարդը՝ կարճահասակ կին: Կարծես, բախտը ամուսնության մեջ ներդաշնակություն չէ սիրում: Այսպես էլ պատահել էր անբախտ Մարիամի հետ: Որքան նրա ամուսին այրը ժանտ, դաժան և անտանելի էր, ինքն այնքան հեզ, բարի և համակրական էր: Գայանեն մոր սիրտն ուներ, իսկ Հռիփսիմեն փոքր ինչ նման էր հորը: Բայց Ստեփանը ոչ մեկին նման չէր:
Ահա այդ ընտանիքի մեջ ընկավ Կալոն, այն գյուղական ուրախ և անհոգ թռչնիկը, այդ ընտանիքի հետ կապվեցավ նրա ապագան, որ մեր վեպի գլխավոր նյութը պետք է լինի:
Մինչև Կալոյի հայտնվիլը, Մասիսյանի ընտանիքը երբեք ոչ մի ծառա կամ սպասավոր չէր ունեցել, մանավանդ այն խայտառակ անցքից հետո, որ նրա աղջիկներից մեկը փախավ գործակատարի հետ: Մասիսյանը միշտ հեռու էր պահում իր տունը օտար տզամարդերից: Ամեն ինչ, որ պետք էր տնտեսության համար, ինքն էր գնում բազարից. շատ անգամ կարելի էր տեսնել նրան, որ իր քթի աղլուխի մեջ միս, կանաչի, միրգ կամ մի ուրիշ բան դրած, տուն էր բերում: Եվ եթե պատահում էր խանութի աշակերտներից մեկի ձեռով ուղարկել, նա պետք է դռնից տար բերած բանը և ետ դառնար. ներս մտնելու իրավունք չուներ: Մասիսյանը խստությամբ էր պահպանում այն պայմանները, ինչ որ վերաբերում էր ընտանիքի անմատչելիությանը կամ կանանց սեռի հեռու պահելուն օտար տղամարդի հասարակությունից:
Բայց «խանա-բիչայները», այսինքն՝ տնային փոքրիկ տղա¬սպասավորները, ընդունված են մինչև անգամ պարսկական հարեմների մեջ: Մինչև 12-15 տարեկան հասակը այդ անմեղ արարածները ընդունվում են կանանոցների մեջ: Կալոյի տարիները բոլորովին համապատասխանում էին այդ վիճակին:
Առաջին օրը, – մեծ պասի ավագ ուրբաթ երեկոյան, – երբ նրան տուն բերեցին, ռամիկ գյուղացու օտարոտի կերպարանքը բարձրացրեց ընդհանուր ծիծաղ:
– Դա՞ է նոր բռնած ծառան, – հարցրեց տիկին Մարիամը հեգնական կերպով իր ամուսնից, ոտքից ցգլուխ չափելով Կալոյին, որ նույն ժամում զարմացած նայում էր իր շուրջը:
– Ի՞նչպես է, չե՞ս հավանում, – պատասխանեց նրա ամուսին այրը մի առանձին բավականությամբ. – տեսնո՞ւմ ես, օխտը մարդու բան կբանի, ղոչաղ տղա է. դու մեկ նրա ձեռք ու ոտքին մտիկ տուր, կասես նոր խամից դուրս բերած եզը լինի2:
Վերջին նկատողությունը դուր չեկավ Կալոյի ինքնասիրությանը և նա ասաց.
– Ես եզն չեմ…
Երկու ամուսինները սուր կերպով նայեցան նրա վրա և ոչինչ չպատասխանեցին: Կալոյին հրամայեցին տանել խոհանոցը և հաց տալ ուտելու:
– Լեզուն երկար է երևում… – նկատեց Մասիսյանը. – կոշտ-կոպիտ է մեծացել… ջեր վարպետի ապտակ չի կերել… Բայց լավ բանվոր է:
– Բանելը յոլա կգնա, – պատասխանեց տիկինը. – աստված տա, գող չլինի:
– Հիմա, իհարկե, չի լի՛նի, հալա նոր է ձվից դուրս թռել. կամաց-կամաց կսորվի, հետո կգողանա:
– Ես չեմ թողնի, որ սորվի, – ասաց տիկինը:
Մասիսյանը անհավան կերպով գլուխը շարժեց և ծիծաղելով ասաց.
– Դու չես թողնի, բայց նա էլի կսորվի. շատ բան կա, որ արգելում ենք, բայց մարդիկ սովորում են առանց վարժապետի: Ղազի ճտին որքան արգելես, որ գետը չմտնի, չես կարող, հենց որ ձվից դուրս եկավ, կվազե դեպի ջուրը: Ո՞վ սովորացրեց նրան լեղ տալը:
Այս խոսակցությունը անց էր կենում բակումը, ուր այր և կին նստած էին մի քառանկյունի թախտի վրա, որ դրած էր նոր տերևները բացած ուռենու տակ և ծածկած էր կապերտով: Նրանց որդին՝ Ստեփանը, ծնողներից փոքր ինչ հեռու, ածուի մոտ նստած, խոշորացույցով զննում էր մի փոքրիկ միջատ: Լսելով հոր վերջին խոսքերը, նա մեջ մտավ, ասելով.
– Ղազի ճուտը բնազդում ունի, և դրա համար վազում է դեպի ջուրը, բայց մարդը մի այնպիսի բնազդում չունի, որ դրդեր նրան դեպի գողություն. այդ ախտին սովորում է նա վատ օրինակից, անկրթությունից, և վերջապես կյանքի ուրիշ պայմաններից:
Հայրը, իհարկե, չհասկացավ որդու խոսքերը, և մի խոժոռ հայացք ձգելով նրա երեսին, ասաց.
– Դա քո խելքի բան չէ, սուս կա՛ց…