Читать книгу Ոսկե աքաղաղ - იაკობ ცურტაველი - Страница 8
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ը
ОглавлениеԱնցավ երեք տարի:
Միքայելի վիճակի մեջ այս երեք տարվա ընթացքում բավական փոփոխություն էր եղել: Այժմ նա տան հասարակ սպասավորից դառել էր «դուքնի աշակերտ». դա մեծ առաջադիմություն է. բայց ո՞րպես հաջողվեցավ:
Զարմանալի նախապաշարմունքներ կան այն կարգի մարդիկների մեջ, որոնց պատկանում էր Մասիսյանը: Շատ անգամ մեկը մի նոր ձի է գնել3, մի նոր շուն կամ կատու է բերել տունը, պատահում է, որ նույն միջոցում նրա գործերը լավ են գնում, «շան, կատվի կամ ձիու ոտը խերով է», – ասում է նա և այն անասուններին չէ հեռացնում իր տնից: Այսպիսի անասունը դառնում է մի նվիրական արարած այն տան համար, այնտեղ ծերանում է, այնտեղ մինչև մահը ծառայում է, և մեռնելուց հետո նրա գլուխը թաղում են նույն տան գլխավոր մուտքի դռան շեմքի տակ: Նույնը նկատվում է մարդկանց վերաբերությամբ: Տեսնում ես, մեկը ամուսնանում է, պատահում է, որ կնոջ ոտը նույնպես «խերով» է լինում, տղամարդի գործերը լավ են գնում, և կինը սիրվում է: Շատ անգամ ընդհակառակն է պատահում: Կինը իր հետ դժբախտություն է բերում, նրա ոտը «շառոտ» է լինում, ամեն բան «նասացնում» է և նա ատելի է դառնում… Նույնը պատահում է նոր ծնված երեխաների հայտնվելով. ոմանք բախտավորություն, իսկ ոմանք դժբախտություն են բերում: Տան այն անդամը, որ իր հետ բախտավորություն է բերում, նրա համար ասում են՝ «տան դովլաթը (հարստությունը) նրա գլխին է կապած»… Դա էլ մի տեսակ «Ոսկի աքաղաղ» է, որ իր ազդեցությամբ բարիքներ է արտադրում:
Մի կողմ թողնելով այս տեսակ նախապաշարմունքների քննությունը, այսքանը միայն կասենք, որ այն օրից, երբ Միքայելը մտավ Մասիսյանի տունը, նրա գործերը սկսեցին անսպասելի կերպով լավանալ: Եվ սնահավատ Մասիսյանը չէր կարող չնկատել այդ և դրա համար սկսեց նա հետզհետե լավ աչքով նայել մանուկ գյուղացու վրա: Եվ այդ էր պատճառը, որ տարավ նրան իր առևտրական խանութը:
Միքայելի դրությունը այժմ մի աստիճան բարձրացել էր. նա տնային ստոր ծառայից դարձել էր «դուքնի աշակերտ»: Բայց նա այժմ այն չէր, ինչ որ երեք տարի առաջ, այժմ բավական տաշվել և կոփվել էր նա. այժմ նրա մոտ չէին երևում գյուղացու կոպտությունները: Նրա դեմքն անգամ փոխվել էր. գյուղական լիքը և կարմիր թշերը մաշվել էին, նուրբ և գեղեցիկ գծագրություն էին ստացել, և առաջվա զվարթ գույնը տեղի էր տվել խիստ ախորժ գունատության: Անփոփոխ մնացել էին միայն կրակոտ աչքերը:
Խանութի բոլոր հաճախորդները ճանաչում էին Միքայելին: Նա այն տեսակ տղերքից չէր, որ անհայտ մնար, որ նրա վրա ուշադրություն չդարձնեին: Ամեն մարդ ախորժում էր խոսեցնել նրան և լսել նրանից մի քանի խոսքեր: Միքայելը չափազանց կամակատար տղա էր. դեռ մեկը իր ծխախոտի գլանակը չշինած, նա արդեն լուցկին ձեռքում պատրաստ ուներ, որ պարոնին մի ծառայություն անե, և մեկը մի բան գնելիս, շուտով առնում էր, շնորհքով փաթաթում էր, շատ անգամ առանց նրանից խնդրելու, տանում, հասցնում էր գնողի տունը:
Բայց երբեմն ծագում էին փոքրիկ անհամաձայնություններ Միքայելի և աղայի՝ Մասիսյանի մեջ: Պատճառները առաջ էին գալիս վարպետի և աշակերտի հասկացողության անմիաբանությունից: Օրինակ, խանութը մտել է մի տիկին և կամենում է գնել մի քանի արշին չիթ կամ մի քանի ֆունտ թեյ: Մասիսյանը սկսում է տիկնոջ հետ մի ամբողջ պատմություն, թե նրա հանգուցյալ այրը իր լավ բարեկամն էր, թե ինքը նրա հիշատակը պատվելու համար պետք է զիջումներ անե և ապրանքի լավը տա, և այլն: Հետո նա դառնում է Միքայելին, ասում է.
– Ա՛յ տղա, այն լավ տեսակիցը բեր:
Միքայելը բերում է ամենալավ տեսակիցը, բայց աղան մի խոժոռ հայացք ձգելով անփորձ աշակերտի երեսին, ասում է.
– Հիմար, ա՞յդ է լավը, դու ե ՞րբ պետք է ճանաչես ապրանքները:
– Դրանից լավը չունենք, աղա, – պատասխանում է աշակերտը միամտությամբ:
– Ո՞նց թե չունենք, լակոտ, – բարկանում է աղան և ինքն է գնում բերելու խնդրած ապրանքը:
– Էդ խո վատիցն է… – նկատում է աշակերտը:
Աղան ուշադրություն չէ դարձնում, չափում է, կշռում իր ընտրած ապրանքիցը «մուշտարուն» ճանապարհ է դնում: Հետո նա դառնում է դեպի անփորձ աշակերտը.
– Անպիտան, դու ե՞րբ պետք է մարդ դառնաս, դու ե՞րբ պետք է բան սովրես: Երբ քեզ ասում են «լավիցը» բեր, դու պետք է «վատը» հասկանաս… Իմանում ե՞ս…
– Ի՞նչպես իմանամ: Լավը լավ է, վատը վատ է: Ես բոլոր ապրանքները ճանաչում եմ:
– Սարսա՛ղ, մուշտարուն առաջ լավը ցույց կտան, հետո վատը կտան… Հասկացա՞ր…
– Էդ ես չէի իմացել… – խոսում է ինքն իրան Միքայելը: – Հետո մարդու հոգին ո՞ւր կգնա, խո կկորչի՛…
Աղան սկսում է կարդալ նրա գլխին մի ամբողջ շարական…