Читать книгу Ոսկե աքաղաղ - იაკობ ცურტაველი - Страница 5

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ե

Оглавление

Ե… քաղաքի մի ետ ընկած փողոցում գտնվում էր միհարկանի տուն, որ որոշվում էր բոլոր տներից իր մաշված պատերով, ցած դռնով և նեղ լուսամուտներով, որոնց նմանը կարելի է տեսնել միայն բանտերի մեջ: Երևի նա շինված է եղել այն դարերում, երբ դեռ եվրոպական ճարտարությունը մուտ չէր գործել այդ քաղաքում, և այժմ հարևան տները փոխել էին իրենց կերպարանքը, իսկ նա մնացել էր իր պարսկական հին ձևի մեջ: Նեղ դուռը ներս էր տանում մի բավական ընդարձակ բակ, որ հովանավորված էր դարևոր թթենիներով, որոնց միջուկը բոլորովին փտել և դուրս էր թափվել, իսկ ծառերը իրանց պատռված փորով ստացել էին հրեշավոր կերպարանք: Նրանց հետ խառն այստեղ ու այնտեղ, անկանոն կերպով, տնկած էին մի քանի ընկուզենիներ, ծերացած ուռիներ և կիսաչոր ծիրանիներ: Խաղողի որթը, փաթաթվելով այս գոսացած ծառերի բունին և վեր բարձրանալով մինչև նրանց կատարը, իր սաղարթախիտ ոստերով թաքցրել էր նրանց մերկությունը, զարդարելով իր գեղեցիկ կանաչությամբ: Չնայելով որ այս ծառատունկը մարդկային բնակության մեջ էր գտնվում, բայց կարծես ադամորդու ձեռքը նրան բնավ չէր դիպել, և ամեն ինչ բուսել, աճել, մեծացել էր իր վայրենի համարձակության մեջ:

Բակի զանազան կողմերում նույնպես անկանոն կերպով գտնվում էին, գետնից հազիվ բարձրացած, մի քանի ծածկոցներ, հնացած, ծխի մեջ սևացած, և ժամանակից քայքայված շինվածքով, որոնք իրանց ողորմելի կերպարանքով լրացնում էին ընդհանուր պատկերի տխրությունը: Առհասարակ այդ տունը այն տպավորությունն էր գործում, որպես թե նրա մեջ բնակվում էր այն լեգենդային ոգիներից մեկը, որ ինքնահաճ համառությամբ չէ ներում ոչինչ նորոգություն, որ սիրում է անշարժ ավերակներ, ուր տիրում է փտությունը մշտական փլատակների վրա…

Այդ տան մեջ բնակվում էր քաղաքի ամենահարուստ մարդը, որին բոլոր գավառում «աղա» էին կոչում: Այդ տան մեջ բնակվում էր Պետրոս Մասիսյանը, որի հետ ընթերցողը ծանոթացավ նախընթաց գլուխներում:

Մասիսյանի անհոգությունը իր տան վերանորոգության վերաբերությամբ չէր առաջ գալիս ժլատությունից. – իսկապես նա ժլատ մարդ չէր, – այլ մի նախապաշարմունքից, որ նրա համար ավանդական էր դարձել: Նրա կարծիքով ամեն մի տուն ուներ իր խորհրդական ներգործությունը բնակիչների վիճակի վրա, այսինքն՝ տան գերբնական հատկությունիցն էր կախված նրանց թե՛ բախտավորությունը և թե՛ անբախտությունը: Կան տներ, որոնց մեջ բնակիչների զավակները մեռնում են, տերերը շատ չեն ապրում, չքավորությունը միշտ կապված է լինում այն տան ճակատագրի հետ, և եթե հարուստ մեկը բնակվելու լինի այնտեղ, շուտով կաղքատանա: Եվ ընդհակառակն, կան տներ, որ բարի ազդեցություն ունեն: Մասիսյանի տունը վերջին տեսակներից էր: Այսպիսի տների բախտը կապված է լինում մի աներևույթ էակի կյանքի հետ. ըստ մեծի մասին նա լինում է մի օձ, որ գլխին գոհարեղեն պսակ ուներ և հազիվ անգամ աչքի էր երևում: Բայց Մասիսյանի տան բախտը մի «ոսկի աքաղաղ» էր իր ոսկի հավի հետ, որոնք շատ անգամ երևացել էին նրա պապերին իրանց ոսկի ճտերով: Այդ մասին Մասիսյանի ընտանիքի մեջ մնացել էր առասպելական ավանդությունների մի ամբողջ շարք, որ անցել էր սերունդից-սերունդ:

Մասիսյանի հոր ժամանակ «ոսկի աքաղաղը» անհետացավ, և այս պատճառով նրա «բախտը քնեց», նա աղքատացավ, իսկ իր օրերում կրկին նա սկսեց գործ դնել իր բարերար ազդեցությունը: «Ոսկի աքաղաղը» կրկին հայտնվելով, կրկին նրա «օջախի» բախտը փոխվեցավ դեպի բարին, – տունը «վրա եկավ» նրան, – և դրա համար, այս տան ամեն մի մաշված աղյուսը, ամեն մի կտոր փտած փայտը ստացավ նրա համար նվիրական նշանակություն, որ պետք էր պահպանել իրանց անփոփոխ ձևի մեջ, որ պետք էր անշարժ թողնել, չիցե թե խանգարվեր տան խորհրդական գաղտնիքը:

Մասիսյանը այն տեսակ հարուստներից չէր, որ մեր մեջ սովորաբար կոչվում են պարսկական բառովս «նովքիսա», այսինքն՝ նոր քսակի տեր, որ նշանակում է՝ աղքատությունից բարձրացած և փողի տեր դարձած մարդ: Այս տեսակ հարուստները զանազանվում են ժառանգական դրամատերերից մի քանի հատկություններով: Դրանք, իբրև «չտեսներ», ամեն արժանավորություն, ամեն կատարելություն արծաթի մեջն են գտնում: Դրանք երևակայում են, թե խելք, գիտության, ազնվություն, պատիվ, մի խոսքով՝ ամեն բան ունեն, որովհետև փող ունեն և սիրում են այս վերջինը յուրաքանչյուր դեպքում երևան հանել, աչքի ձգել:

Դրանք մի տեսակ հրեշներ են, որ իրանց այլանդակությունը ծածկում են ոսկի դիմակով:

Բայց Մասիսյանը հիշյալ տեսակներից չէր: Նա իր հարստությամբ ո՛չ պարծենում էր և ո՛չ հպարտանում, այլ ընդհակառակն, նա խիստ համեստ մարդ էր և աշխատում էր, որքան կարելի էր, սակավ ցույց տալ ժողովրդի աչքին այն, որքան ինքն ուներ: – «Ներսս ինձ է այրում, դուրսս՝ ուրիշին»: – «Գումբազ եք տեսնում, բայց մեջը զորություն չկա»: – «Լավ է մարդու աչքը դուրս գա, քան թե անունը»: – Ահա այսպիսի առածներով էր բացատրում նա իր վիճակը:

Մասիսյանը այլապես էր մտածում փողի վրա: Ոչ ոք չէ պարծենում, – ասում էր նա, օրինակ, – այսպիսի հարստություններով, որ երկու աչք ունի, երկու ականջ ունի, երկու ձեռք ունի և այլն, որովհետև բոլորովին բնական է համարում: Այնպես էլ պետք չէ պարծենալ փողի վրա, որովհետև դա մի կենսական անհրաժեշտություն է, առանց որի, նրա կարծիքով, մարդը ապրել կարող չէր, և առանց որի պակաս էր մարդու համար մի ամենագլխավոր գործիչ:

Բայց փող ձեռք բերելու և փող պահպանելու համար, բացի «ոսկի աքաղաղից», այսինքն՝ բացի բախտից, Մասիսյանը ուներ իր հատուկ օրենքները: Նրա բարոյականության, նրա ամբողջ գործունեության նշանաբանը բովանդակում էր հետևյալ հայկական առածի մեջ, թե «աշխարհս դմակ է, իսկ մարդը – դանակ», պետք է աշխատի այս յուղալի պատառից կտրել և ուտել, եթե ոչ քաղցած կմեռնի: Իսկ միջոցների մեջ նա զանազանություն չէր դնում. ամեն միջոց նրա համար սուրբ էր, երբ հասցնում էր նպատակին: Եվ այդ բոլորը անում էր նա ոչ թե գիտակցաբար, ոչ թե չարամտությամբ, այլ բոլորովին բնական էր համարում, և այս պատճառով նրա խիղճը միշտ հանգիստ էր:

Մասիսյանը մսավաճառի որդի էր: Նա մանկության հասակում օգնում էր հորը իր արյունոտ գործի մեջ: Մսավաճառը և դահիճը շատ չեն զանազանվում իրանց արհեստով: Մեկը մարդիկ է մորթում, մյուսը՝ անասուններ: Այստեղից Մասիսյանը ստացավ իր բնավորության խստությունը, որ երբեմն նրա մեջ բարբարոսության էր հասնում: Բայց նրա խստասրտությունը ավելի տնային էր և ընտանեկան: Նա այն տեսակ մարդիկներից էր, որոնց մասին ասում են «տանը սատանա, դուրսը քահանա»: Ընտանեկան շրջանում նա բռնակալ էր, որպես գազան, իսկ դրսումը – գառն: Նրա մարդահաճությունը օտարների հետ հասնում էր մինչև ստորաքարշ ցածության: Նա ուներ սողունի բոլոր հատկությունները: Օձի պես դյուրաթեք և առաձգական էր. դեպի ամեն կողմ գալարվում էր, ծռվում և ծալվում էր: Եվ նույնպես օձի նման իր թույնը թաքցրած ուներ խայթոցի մեջ…

Այսպիսի հատկություններով Մասիսյանը նպատակ չուներ ոչ ոքին խաբելու, ոչ ոքի առջև կեղծավորվելու և ոչ մտածում էր, թե մեղանչում է պատվի դեմ, այլ համոզված էր, թե ուրիշ կերպ լինել կարելի չէ, թե աշխարհը այդ է պահանջում, և իր վարմունքը արդարացնում էր այն սովորական խրատով. «Եթե մտնելու լինիս մի քաղաք և տեսնես, որ մարդիկը միականի են, դու էլ աչքերիցդ մեկը դուրս հա՛ն, որ նրանց նմանես»: – «Սարթ (դյուրաբեկ) ամանը շուտով է կոտրվում», ասում էր նա, պետք է փափուկ լինել, ճկուն լինել, պետք է ամեն կողմ ծալվել, որ կարելի լինի պահպանել իր ամբողջությունը: Մասիսյանի մեջ մտացածին, կեղծ ոչինչ չկար: Ամեն ինչ բխում էր նրա մեջ հաստատ համոզմունքից: Նա հետևում էր իրերի և կյանքի պահանջների ընթացքին, և եթե այդ ընթացքը ձգել էր նրան ծուռ ճանապարհի վրա, նա մեղավոր չէր, այլ մեղավոր էր այն հոսանքը, որ նրան իր հետ էր տանում…:

Մասիսյանը իր ասպարեզը սկսեց «չոդարությունով», այսինքն թողնելով հոր արհեստը, մսավաճառությունը, սկսեց այնուհետև եղջյուրավոր անասուններ գնել գյուղերից և բերել քաղաքը, ծախել մսավաճառներին: Դա մի տեսակ գերեվաճառություն է: Ով որ ճանաչում է «չոդարին»՝ անասնավաճառին, նա մեզ հետ կհամաձայնվի, որ չոդարը բնավորությամբ շատ չէ զանազանվում այն մարդիկներից, որ Աֆրիկայի ափերի վրա կատարում են ամոթալի առևտուր:

Փոքր ինչ հարստանալով, Մասիսյանը ձեռք առեց ուրիշ զանազան տեսակ առևտրական գործեր, և ամենի մեջ «ոսկի աքաղաղը» օգնում էր նրան, մինչև նա եղավ իր գավառի ամենահարուստ մարդը:

Բայց ստոր ծագումից բարձրացած մարդիկ, որպես էր Մասիսյանը, միշտ աշխատում են իրանց տոհմային անցյալը մոռանալ տալ և մի կերպով ազնվացնել նրան: Մասիսյանը թեև հեռու էր ամեն տեսակ փառասիրությունից, բայց այդ ախտից ազատ մնալ չկարողացավ: Ինչը դրդեց նրան, հայտնի չէ, միայն ցանկացավ ունենալ փոքր ինչ փայլուն տոհմանուն: Եվ դրա համար մի մեծ դժվարություն չկար, բավական էր միայն նայել հայոց տարեգրությունների ցանկին և այնտեղից ընտրել մի պատմական անուն: Նա ընտրեց Մասիս անունը, որովհետև մնացյալ բոլոր անունները բռնված էին:

Իր նախնիքների փառավոր անունները գողանալ և հեռու մնալ նրանց առաքինություններից, – դա մեր, այժմյան հայերիս մեջ, նոր բան չէ: Մենք ունինք այժմ Արշակունիներ, Բագրատունիներ, Մամիկոնյաններ, Ամատունիներ, Պահլավունիներ, Կամսարականներ, – և ի՛նչ պետք է մի ըստ միոջե թվել, – մեր լեռների, դաշտերի և գետերի անուններն անգամ միացած են սինլքոր մարդկանց տոհմանունների հետ, այնպես որ, եթե հայոց պատմագիրները նորից աշխարհ գալու լինեին, շատ պիտի զարմանային, տեսնելով, որ մեր բոլոր սպառված նախարարական սերունդը կրկին հարություն էր առել:

Ոսկե աքաղաղ

Подняться наверх