Читать книгу Ոսկե աքաղաղ - იაკობ ცურტაველი - Страница 3
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Գ
ОглавлениеՃանապարհին միացան Ավետի հետ մի քանի ուրիշ գյուղացիներ, որոնք նույնպես ծախելու բան էին տանում քաղաքը, և հետզհետե նրանց խումբը ստվարացավ:
Եղանակը հանդարտ էր: Աստղերը խիստ անուշ ժպիտով փայլում էին պարզ երկնքից: Օդի մեջ տիրում էր գարնանային փափուկ թարմություն: Մի քանի օր առաջ եկած անձրևը բոլորովին ցամաքել էր, և ավանակները իրանց ծանր բեռների տակ կարողանում էին առանց խրվելու առաջ գնալ: Կալոն մի քանի իր հասակակից և իրանից մեծ տղերքի հետ քշում էին ավանակները, նրանց հետևից կամաց-կամաց գալիս էին նրանց հայրերը, որոնք նույն միջոցին զբաղված էին մի այսպիսի խոսակցությամբ.
– Տեսնենք ինչպես կգնա ալյուրը, – ասաց գյուղացիներից մեկը:
– Ասում են, գլուխը բարձրացել է (թանկացել է), – պատասխանեց մյուսը:
– Հիմա լավ չծախվի, ապա ե՞րբ պիտի ծախվի, – մեջ մտավ երրորդը, – այս ձմեռ ձյունի երես չտեսանք, ամառը վա՜յ մեր հալին… խմելու ջուր էլ չենք գտնի…
– Բայց այս վերջին անձրևը բանը շինեց, թե չէ արտերը իստակ կչորանային:
– Մի անձրևով ի՞նչ կդառնա. ուղտը քթալով չես ջրի… Մեր մեղքից երկինքը կապվել է:
– Տերտերն էլ խաչ-ավետարան չէ ման ածում, կարելի է աստված խղճա, – մեջ մտավ մի ուրիշ գյուղացի երեսը խաչակնքելով:
– Տերտերը անջախ անեծքի տոպրակը թևի տակը դրած, շուտ-շուտ «գործակալի» մոտն է վազում ու ամեն օր մի նոր հրաման է բերում՝ էս տվե՛ք, էն տվե՛ք… տալով հոգիներս դուրս եկավ… չես իմանում որի՞ դարդը քաշես… ամեն կողմից ուզում են… բայց մի` կոպեկի խեր չունենք…
Այս խոսքերը վիրավորեցին մի ծերունի գյուղացու ջերմեռանդությունը, և նա պատասխանեց.
– Դե էդպես եք խոսում, որ աստված բարկանում է, երեսը մեզանից դարձնում է, ո՛չ ձյուն է տալիս, ո՛չ անձրև: Տերտերը, ինչպես էլ որ լինի, մեր հոգևոր հայրն է, նրա աղոթքն է մեզ պահում:
– Յուղը, ասում են, շատ է թանկացել, – խոսակցությունը ընդհատեց մի ուրիշը: – Դու քանո՞վ ծախեցիր, Մարկոս:
– Տասը մանեթով:
– Ձո՞ւն քանով:
– Հարյուրը մեկ մանեթով:
– Լա՛վ է:
Այս բոլոր խոսակցության ժամանակ Ավետ ապերը լուռ էր, հետո նա էլ մեջ մտավ, ասելով.
– Ի՞նչ եք խելքներիդ զոռ տալիս. թե թանկ ծախեք, թե էժան ծախեք – դիփ մեկ է: Ի՞նչ պետք է տուն տանեք: Մենք որ կանք, քաղաքացիների ճորտերն ենք: Տարին-տասներկու ամիս աշխատում ենք, վարում ենք, ցանում ենք նրանց համար: Մեր ալյուրը, մեր յուղը, մեր պանիրը առնում են, ուտում են, փողն էլ իրանց ջիբն են դնում: Հին պարտքը մնում է ու մնում: Ամեն անգամ բեռներով քաղաք ենք գնում ու դատարկ ետ դառնում և ամոթով մտիկ ենք տալիս մեր կնիկների, մեր երեխերքի երեսին, երբ մեզանից հարցնում են, թե «քաղաքից» ի՞նչ բերեցիր մեզ համար:
Այս խոսքերը ամենի վրա տխուր ազդեցություն գործեցին, և կայծակնահարի նման բոլորը լռեցին: Ոչինչ բան այնքան դառն կերպով չէ խոցում գյուղացու սիրտը, որպես այն տխուր հիշողությունը, երբ նա միտն է բերում, թե պարտքեր ունի: Այստեղից հասկանալի էր Ավետ ապոր մի քանի ժամ առաջ ունեցած վրդովմունքի պատճառը, երբ նա իր ավանակները դեռ նոր էր բեռնում քաղաքը տանելու համար, երբ նա մտածում էր, թե այն բեռները, – իր քրտինքի և աշխատության արդյունքը, – իրան չեն պատկանում…
Բայց Կալոյի ուրախ խումբը, որ առաջ ընկած քշում էին ավանակների քարավանը, զբաղված էր բոլորովին այլ խոսակցությամբ: Նրանք ազատ էին իրանց ծնողների հոգսերից, որովհետև դեռ ոչ ոքի պարտամուրհակ տված չունեին:
– Սաքի, – հարցրուց Կալոն, – դու քաղաքը տեսե՞լ ես, այնտեղի գառները ո՞րտեղ են արածացնում:
Սաքին, որ հասակով իր ընկերներից մեծ էր, որ քանի տարի մնացել էր քաղաքում, պատասխանեց.
– Քաղաքացիները ոչխար չունեն, գառներ չեն պահում:
– Բա՛ նրանց տղերքը ի՞նչ են շինում, որ գառներ չեն արածացնում, – կրկին հարցրուց Կալոն:
– Կարդում են:
– Նրանց տերտերը ինչո՞վ է ծեծում, երբ դասը չեն սովորում:
– Նրանք տերտերից դաս չեն առնում, ըշկոլումն են կարդում:
– Ըշկոլն ի՞նչ է:
Սաքին չգիտեր ինչ պատասխանել և հարևանցիորեն ասաց.
– Ըշկոլը ըշկոլ է… չե՞ս իմանում:
Մի ուրիշ տղա հարցրուց.
– Քաղաքի տղերքը ով գիտի ինչ լավ տրեխներ կունենան:
– Նրանք տրեխներ չեն հագնում, սապոկներ են հագնում, – պատասխանեց Սաքին:
– Սապոկը ի՞նչ է:
– Այն էլ ռսի տրեխ է:
– Այնտեղ մոշ կա՞, զկեռ կա՞, – հարցրուց մի ուրիշը:
– Չկա, ծմակը հեռու է քաղաքից:
– Բա՛ քաղաքի տղերքը ի՞նչ են ուտում:
Սաքին չգիտեր ինչով գոհացնել իր ընկերների հետաքրքրությունը, որ դառնում էին նրան զանազան հարցերով: Նա կարճ կերպով նկարագրեց քաղաքի կյանքը, որքան իրան հասկանալի էր, ասաց, թե այնտեղ մեծ տներ կան, բազար կա, թե եզան ու գոմեշի տեղ ձի են լծում, սայլերը (կառքերը) բանեցնում են միայն նստելու համար և ավելացրուց, թե քաղաքացի տղերքը գյուղացի տղային ծաղրում են և պատահած ժամանակը ծեծում են:
Վերջին խոսքը գրգռեց Կալոյի բարկությունը, և նա իր երկայն ցուպը բարձրացնելով, սպառնացավ.
– Տեսնում ե՞ս մըհակս, էնպես կչափեմ նրանց բարակ մեջքից, որ «վա՛յ, նանի» կկանչեն: