Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 50

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)
ԱՂՔԱՏԸ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Оглавление

Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ։ Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից։

Եվ ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել։ Առավ Ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր. «Օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ»։

Այն աղքատր լսեց և ուրախացավ.

– Այս ինձ համար է ասված, և ահա շուտով կկատարեն իմ կամքը։

Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին:

Եվ աղքատն ասաց.

– Այն գիրն, որ կարդաց, սուտ էր։

Եվ առավ Ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ։ Եվ քահանան, եկեղեցի գալով, Ավետարանը չգտավ և աղքատին ասաց.

– Ո՞ւր է Ավետարանը:

Եվ աղքատն ասաց քահանային.

– Ի՞նչ ես անում սուտ Ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի:

Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց.

– Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե Ավետարանն աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը։ Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ, և չեք կերակրում ինձ, ծարավ եմ, ջուր չեք տալիս։ Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց։

Առակներ

Подняться наверх