Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 63

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)
ԱՆԶԳԱՄ ԿԻՆԸ

Оглавление

Մի մարդ տրտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ։ Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ նստեցին քարին և մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում է։ Եվ մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է։ Ճնճղուկներն ասացին.

– Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք։

Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացին.

– Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես։

Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին:

Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե.

– Ես ի՞նչ անեմ, ամեն օր անխնա լծում են ինձ։

Էշը, որ նրան մոտիկ էր, ասաց.

– Վաղը սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն, կխղճան և այլևս քեզ չեն լծի։

Եվ այս լսելով, մարդը ծիծաղեց և մշակներին ասաց, թե այսօր չէ, վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղ լծեք։ Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզան.

– Ողորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում, ասում էին, թե այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն։ Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել։

Այսպես ասաց էշը, որպեսզի այլևս իրեն չտանեն լծելու, որովհետև այդ օրը շատ էր աշխատել։ Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց։

Այն ժամանակ նրա կինն ասաց.

– Ո՜վ մարդ, մենք աղքատ էինք և հանկարծ հարստացանք և այսչափ ապրանքի և բարիքի տեր եղանք և ժամ առ ժամ կենում և ինքդ քեզ ծիծաղում ես, ինձ ինչո՞ւ չես ասում, թե որտեղից է այս ամենը և դու ինչո՞ւ ես ծիծաղում։

Մարդն ասաց.

– Ո՜վ դու կին, եթե ասեմ, իսկույն կմեռնեմ, դրա համար չեմ ասում։

Իսկ կինը հանդգնեց և ասաց.

– Ճար չկա, պետք է ասես։

Իսկ նա չէր ուզում ասել, բայց կինը նրան խիստ նեղեց և ասաց.

– Պետք է ասես ինձ, եթե մեռնես էլ։ Եթե ոչ՝ ես ինձ կսպանեմ։

Եվ մարդն անճարացավ և ասաց.

– Ո՜վ կին, հավատա ինձ, որ առանց տարակուսանքի կմեռնեմ, թե որ ասեմ. երբ թույլ չես տալիս, երեք օր սպասիր, մատաղ անեմ, քահանաներին և աղքատներին կերակրեմ, ապա քեզ ասեմ և մեռնեմ։

Եվ չար կինը հազիվ հանձն առավ երեք օր սպասել: Եվ մարդը մորթեց շատ ոչխարներ և գառներ և կանչեց քահանաներին, կարգավորներին և աղքատներին, և նստեցին ճաշի և մինչդեռ ուտում էին և ըմպում, այն մարդն սպասում էր։

Եվ մարդն ուներ շան լակոտ, որ տան մեջ նստել էր լի տրտմությամբ սգով, նույնիսկ արտասուք էր թափվում նրա աչքերից։ Եվ հանկարծ եկավ աքլորը հպարտ և խրոխտալով և ներս մտավ, և նրա հետ կային քսաներեսուն հավ աջից և ձախից։ Շան լակոտն սկսեց աքլորին ասել.

– Ո՜վ լիրբ անաղուհաց, ի՞նչ ես խրոխտացել և տեսակ–տեսակ ձայն ես հանում. չգիտես, որ մեր տերը վաղը յուր գաղտնիքը պիտի կնոջն ասի և մեռնի։ Իսկ դու լալու փոխարեն, ուրախ ես։

Աքլորն ասաց.

– Ինձ ինչ, թե կմեռնի, ես, որ նրա ծառան եմ, քսան երեսուն կին ունեմ և նրանց զավթ եմ արել, իսկ նա չի կարող մեկին իր հրամանքով պահել։

Շան լակոտն ասաց.

– Ի՞նչ անի անզգամ կնոջը։

Աքլորն ասաց.

– Երբ ամենքը վեր կենան մատաղից, թող առնի երեք չորս փայտ, դուռը փակի և կնոջն ասի՝ արի քեզ ասեմ գաղտնիքը և նրան բռնի մերկացնի և կապի մի սյունից և այնքան ծեծի նրա կողերին և այլ տեղերին, որ ողջ տեղ չմնա, ամենը կապուտկի և ասի, թե չա՛ր կին, լավ է, որ դու մեռնես, քան թե ես և, դռնից հանելով, նրան դուրս վարի, ասելով` գնա կորիր, ես այլ կին կառնեմ և քեզ չեմ ուզում։

Եվ աքլորից լսելով այդ բարի խրատը, այն մարդը դարձյալ ծիծաղեց: Եվ անզգամ կինը տեսնելով այդ, ամբոխի մեջ մոտեցավ նրան, չամաչելով ոչ մարդկանցից և ոչ քահանաներից և մարդուն ասաց.

– Այժմ ինչո՞ւ ծիծաղեցիր, ասա ինձ և պատմիր, թե ինչպես հարստացար։

Եվ մարդն աղաչեց.

– Մի քիչ համբերիր, թող հյուրերը գնան, և ես քեզ ասեմ, այժմ ամոթ է նրանց առաջ բան ասել։

Եվ երբ ամենքը գնացին, ընտանիքը դուրս հանեց և դուռն ամուր փակեց և ըստ աքլորի խրատի ձեռքն առավ կնոջը, ջարդեց ամեն ոսկորները և դուրս արեց։ Իսկ կինը զղջալով նրա ոտքն ընկավ և լալով աղաչում էր, ասելով.

– Աստծու սիրուն, ինձ բան մի ասա և ամեն օր այսպես ծեծիր, միայն ինձ դուրս մի անի և քեզնից մի հեռացրու, որպեսզի աշխարհում խաղք չլինեմ։

Եվ այսպես մահից ազատվեց մարդը աքլորի խրատով:

Առակներ

Подняться наверх