Читать книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - იაკობ ცურტაველი - Страница 2
1
ОглавлениеՕհ, ինչքան տխուր է տեսնել աչքերը կոտրված թևերով թռչունին, որ այլևս իզուր իր արյունած թևերը քարերուն կըզարնե նորեն բարձրանալու կապույտին ու արևին:
Համաստեղ
Քարտուղարուհու զանգի մեջ տարօրինակ ոչինչ չկար: Նրա խոսելու ձևը՝ մտերմիկ-հարձակողական, նույնպես սովորական էր: Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, միանգամայն զարմանալի ու անսպասելի էր:
– Տանը քեզ համար դինջ նստել, հանգստանում ես, իսկ գիտե՞ս, որ հյուր ունես Երևանից:
– Սիրելիդ իմ Արինա, – ոչ չար հեգնանքով ասացի ես, մտածելով, որ հեռուստահաղորդման ժամ է, բաժնում, հավանորեն, իրենից բացի ոչ ոք չկա, և նա ձանձրույթից է զանգել:– Կներեք, ես միանգամայն մոռացել էի զեկուցել ձեզ, որ, համաձայն գլխավոր խմբագրի հետ ունեցած բանավոր պայմանավորվածության՝ տանը շտապ հաղորդում եմ պատրաստում: Ամենայն հավանականությամբ, գլխավորը նույնպես մոռացել է տեղեկացնել ձեզ: Խոնարհաբար խնդրում եմ, ներողամիտ եղեք մեր հանդեպ և ընդունեք խորին հարգանացս հավաստիքը:
Արինան ամուսնու կողմից ինձ հեռու բարեկամ էր գալիս: Մոտ երեք տարի առաջ, ամռանը, իմ այդ հեռու բարեկամը եկավ խմբագրություն և սկսեց նրանից, որ կրտսեր տղայի համար Ղարաբաղից հարս են բերել, շատ լավ հարս է ու շատ էլ լավ աղջիկ է. և՛ մեքենագրել կարող է, և՛ համակարգչից է հասկանում, բայց, դե, ի վերջո, ասաց նա, հայկական կրթությամբ հնարավոր չէ այստեղ աշխատանքի տեղավորվել, եթե կարող ես՝ օգնիր, ինստիտուտն էլ էս տարի է ավարտել՝ ոսկի մեդալով: «Ոսկի մեդալով ինստիտուտ չեն ավարտում, – բարեհոգի ժպիտով ասացի ես: – Գուցե համալսարա՞ն»: «Ի՞նչ իմանամ, գուցեև՝ համալսարան, – արդարացավ իմ հեռու բարեկամը: – Վարսավիր մարդ եմ, էդպիսի բաներից գլո՞ւխ եմ հանում»: Գլխավոր խմբագրին խնդրեցի, նա չառարկեց՝ «Դե որ ասում ես՝ ես կարո՞ղ է դեմ լինեմ»: «Վաղը թող գա, – գլխավորի առանձնասենյակից դուրս գալով, ասացի ես: – Ասացեք թող առավոտյան փաստաթղթերը վերցնի, գա»:
Ահա այսպես Արինան հայտնվեց Ադրբեջանի հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հայկական ծրագրերի խմբագրությունում:
Հենց առաջին օրվանից Արինան՝ բարեկազմ, նուրբ ու սիրունիկ թուխ դեմքով, հրացայտ սև աչքերով, իմ նկատմամբ անսքող համակրանք էր տածում: Չնայած դա չէր խանգարում, իհարկե, որ նա՝ դյուրաբորբոք ու պոռթկուն, ղարաբաղյան իր հարուստ բառապաշարի ոսկե ֆոնդից համեմունքներ հրամցներ նաև ինձ. «Տիպտ կտրվի, երեկ որտե՞ղ էիր»: Կամ՝ «Լսիր, էդ ո՞ւմ հետ էիր չանչախ կտրել, մի ժամ է զանգում եմ՝ հեռախոսդ զբաղված»:
– Եվ ո՞վ է այդ հյուրը, – հարցրի ես, զգալով, որ Արինան մենակ չէ, այլապես հազիվ թե նա լռին կուլ տար իմ անչար խայթոցները:
– Այդ հյուրը… բա չասի՞ Երևանից, – իբր բարկացած՝ ասաց նա: – Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:
– Ապրես, – ասացի ես, – ահագին լուսավորեցիր: Հեռախոսը տուր իրեն:
Մի փոքր դադար:
– Բարև, Լեո ջան: Իմ անունը Արմեն է: Արմեն Հարությունյան՝ սկսնակ բանաստեղծ: Մեր ազգային ամենամեծ բանաստեղծներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի թոռ Ավիկ Իսահակյանից ջերմ բարևներ եմ բերել ձեզ, – շուտասելուկի պես վրա տվեց ինձ անծանոթ Արմեն Հարությունյանը: – Խնդիրն այն է, որ ես այսօր անպայման պիտի տեսնեմ ձեզ, Լեո ջան, սա՝ ոնց որ փափագ, պիտի կատարվի, ես պետք է հանդիպեմ ձեզ, Լեո ջան, կարևոր խոսելիք ունեմ, հեռախոսով ասելու բան չէ: Ավիկն ասաց, որ միակ մարդը, որ կարող է օգնության ձեռք մեկնել ինձ՝ հայրենիքից հեռու այս օտար ափերում, Լեո ջան, չեմ թաքցնում, դու ես: Կարո՞ղ եմ հիմա գալ մոտդ: Աղջիկներն էստեղ մոտավորապես բացատրեցին տանդ տեղը, էս ի¯նչ հոյակապ աղջիկներ են, ի¯նչ շենք ու շնորհք, ի¯նչ ազնիվ հոգի… Իրանի հյուպատոսության կողքի շենքում եք, չէ՞, ապրում:
– Այո, – ակամա արձագանքեցի ես՝ համարյա ոչինչ չհասկանալով նրա կցտկտուր բացատրություններից, – երեսուներորդ շենքն է, երկրորդ մուտք, բնակարան՝ տասնվեց:
Քառորդ ժամ չանցած՝ Արմենն արդեն ինձ մոտ էր: Թիկնեղ ու ժպտերես՝ նա հաճելի տպավորություն թողեց:
– Առաջին անգա՞մ եք Բաքվում, – ես հարցը տվեցի մի բան ասած լինելու համար, միաժամանակ հրավիրելով նրան նստել, իսկ ինքս սկսեցի սուրճ պատրաստել:
– Հա, առաջին անգամն է:– Արմենը չնստեց, քայլում էր սենյակում, ուշադիր դիտելով չորս կողմը:– Մի շաբաթ չկա, որ եկել եմ: Բարեկամիս մոտ՝ Բայիլովում եմ մնում: Մե¯ծ քաղաքում ես ապրում, Լեո ջան, փայլուն, անհանգիստ, շլացուցիչ է էստեղ կյանքը, մեծ քաղաքում ապրելը երջանկություն է: Բա ծո¯վը, ծովն ինչ ասես արժե: Սիրեցի ես Բաքուն, ախպեր, ազնիվ խոսք, շատ սիրեցի, ու թե գործերս էլ լավ գնան, ուրեմն էս քաղաքը հարյուր տարի պիտի հիշեմ: Մայակովսկին ճիշտ է ասել, որ ինչ-որ բան կա, որ մարդուն ձգում, պահում է էստեղ: – Արմենը նստեց բազմոցի ծայրին, կրկին ելավ ու դարձյալ սկսեց քայլել: – Եվ սա հայոց քաղաք էր, Լեո ջան, հայոց քաղաք էր, ոնց որ ժամանակին Թիֆլիսն էր հայոց քաղաք: Դու գիտե՞ս եզդիների անեկդոտը, – կանգ առնելով հարցրեց նա ու պատմեց, – եզդին ասում է՝ հայ ժողովուրդ շատ լավ ժողովուրդ. Թիֆլիսը սարքին՝ տվին վրացոց, Բաքուն սարքին՝ տվին ադրբեջանցոց, Երևանն էլ սարքում են՝ տան մեզ, իրենք գնան Ամերիկա: Զիլ է, չէ՞, – ծիծաղեց Արմենը: – Երեկ էստեղի հայոց եկեղեցու հոգևոր հովիվ Արաբաչյանի հետ ծանոթացա: Նա եկեղեցական հին մատյաններ ցույց տվեց ինձ, մինչև 1914 թվականը, նույնիսկ հինգ-վեց թվականների Բաքվի կոտորածներից հետո, այսօրվա Ադրբեջանի տարածքում մեկ միլիոն հարյուր քսաներեք հազար հայություն էր ապրում, հենց մենակ Ղարաբաղում երկու հարյուր քսան գործող եկեղեցի կար: Տասնութ թվականի սեպտեմբերին, Ստալինի մեղքով, թուրքերը գրավեցին Բաքուն, մինչ այդ ճանապարհին կոտորածի ու ավարի մատնելով հարյուրավոր հայկական գյուղեր՝ Նուխիից սկսած մինչև Շամախի, որը մինչև անցյալ դարի հիսունիննի մայիսի երեսունի երկրաշարժը նույնպես հայության կենտրոն էր: Ստալինի մեղքով էր դա, Լեո, Ստալինի մեղքով: Տասնութ թվականի գարնանը Շահումյանի կարգադրությամբ նրա դեմ, որպես ցարական պահնորդական բաժնի լրտեսի, քրեական գործ է հարուցվում: Ստալինն, իհարկե, իրազեկ էր արդեն դրան և հարմար պահ էր փնտրում՝ վրեժխնդիր լինելու: Առիթը եկավ այդ նույն տասնութի ամռանը, երբ անգլիացիները՝ մի կողմից, թուրքերն ու գերմանացիներն էլ՝ մյուս կողմից, ամեն կերպ ձգտում էին զավթել Բաքուն: Ռուսաստանի ռազմական կոմիսար Տրոցկու հրամանով՝ Ստալինը Ցարիցինից, ուր գտնվում էր, շտապ կերպով թուրքերի դեմ պետք է ուղարկեր Պետրովի ինըհազարանոց դիվիզիան: Դու գիտեի՞ր էդ մասին: Նա ոչ միայն չի կատարում Տրոցկու հրամանը և դիվիզիայի փոխարեն փոքրիկ մի ջոկատ է ուղարկում՝ նույն Պետրովի հետ, այլև Բաքվի համար մեծագույն դժվարությամբ հայթայթված ամբողջ պարենն ու զինամթերքն ուղարկում է բոլորովին այլ ուղղությամբ՝ փաստորեն քաղաքը մատնելով աղետալի կործանման: Մի ողջ ժողովուրդ կողոպտվում, ոչնչացվում էր ամբողջ մարդկությանն ի տես, և ոչ ոք չէր ըմբոստանում ու չէր միջամտում: – Արմենը պատուհանից մի պահ լուռ նայում էր դուրս, հետո ասաց վհատ ձայնով, – եթե Բաքուն հայոց քաղաք չէր, ապա ինչո՞ւ այդ նույն տասնութ թվականի օգոստոսի քսաներկուսին, կոտորածից ընդհամենը քսան օր առաջ, թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մուրսալը և գերմանական գլխավոր շտաբի պետ Պարակենը հատկապես Բաքվի հայոց ազգային խորհրդին վերջնագիր ներկայացրին` քաղաքն առանց կռվի հանձնելու մասին: Իսկ գուցե այդ վերջնագիրն այլ նպատակ էր հետապնդում՝ որպեսզի կանխատեսված եղեռնի ամբողջ մեղքը բարդվեր հենց հայերի՝ ոճրագործության զոհերի վրա: Արդյունքում՝ երեսուն հազար հայ սպանվեց: Հիմիկվա Կիրովի անվան զբոսայգու տեղը հայկական մեծ գերեզմանոց էր, Արաբաչյանն ասաց, որ էդ երեսուն հազարն էնտեղ են թաղված: Նա պատմեց, որ առաջ հայկական եկեղեցի ու մատուռ կար էնտեղ, սուրբ Հարությունի մատուռ էր կոչվում, բոլշևիկները քանդեցին: Ինչպես որ քանդեցին ոչ միայն Վաչագան թագավորի կառուցած եկեղեցին, ուր 1806 թվականին հայերը պատսպարել էին գեներալ Ցիցիանովի՝ Բաքվի խանի կողմից սպանված ու աղբանոց նետած գլխատված դիակը, այլև քաղաքի բոլոր հինգ եկեղեցիները՝ Կույսի աշտարակի մոտ, Արմենիքենդում, ինչպես նաև 1911-ին ճարտարապետ Տեր-Հովհաննիսյանի նախագծով կառուցված հոյակերտ եկեղեցին՝ հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը՝ քաղաքի կենտրոնական մասում, որը շուրջ երկու տարի տանկով-բանով քանդում էին, ասում են, ու չէին կարողանում քանդել: Ուզեիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիայի խաչաձև շենքը, դա, երևի, դու էլ գիտես, էդ հիմնապատերի վրա է կանգնեցված: Եթե մեզ մի օգնող ձեռք էր լինելու, Լեո, փետրվարյան հեղափոխության շնորհիվ էր լինելու միայն, բայց բոլշևիկյան հեղաշրջումը կործանեց ամեն ինչ: Ես քեզ ասեմ, բոլշևիկները մեզ վնաս շատ տվին: Շա¯տ: Ավետիք Իսահակյանը հո զուր տեղը չի ասել, թե ո՛չ իթթիհատը, ո՛չ ցարիզմը, ո՛չ Գերմանիան ու Անտանտն ավելի հիմքով չկործանեցին մեր տունը, ինչքան բոլշևիզմը՝ այդ գազանական շարժումը, որ մուկ դարձած թուրքերին հասցրեց մինչև Բաքու… – Արմենը դադար տվեց, որոշ ժամանակ լուռ քայլում էր: – Քո գլխավոր խմբագրի հետ խոսեցի, – անսպասելիորեն փոխելով խոսակցության թեման, շարունակեց նա, – ոնց որ թե վատ տղա չէ, հ՞ը, Լեո, էդ Վլադիմիր Աբրահամյանը… Հասկացավ ինձ, բայց ասաց, որ քեզ հետ խոսեմ: Դե, ես էլ, ահա, եկա մոտդ: Սպանության հարց կա մեջը, Լեո ջան:
Զարմացած ետ շրջվեցի, նայեցի նրան՝ «ի՞նչ»:
– Խանդի հողի վրա է, – հանգիստ ավելացրեց Արմենը: – Մի խոսքով, ի՞նչ թաքցնեմ, մեր Վարդենիսի շրջկոմի քարտուղարը կնոջս վրա աչք էր դրել: Նրա մոտ էր աշխատում… ինձ հաղորդեցին… Դե, ես էլ որոշեցի նրա վերջը տամ: Սա է պրոբլեմը: Միլիցիան, դատախազությունը գլխի ընկան, պարզ է, միլիցիա-բան՝ սաղ իրա մարդիկ են: Կարճ՝ հերս ու մերս ընկան ոտքերս՝ աղաչանք, պաղատանք, որ չանեմ էդ բանը, ուղարկեցին էստեղ, բարեկամների մոտ, որ շառից հեռու մնամ:
– Իսկ կի՞նդ:
– Կինս… – Արմենը հոնքերն իրար բերեց, ծանր օրորեց գլուխը: – Ի՞նչ ասեմ քեզ, Լեո, գեղեցիկ է անիրավը, շա¯տ է գեղեցիկ:
Նա խորը հառաչեց, կրկին օրորեց գլուխը:
– Ա¯խ, Շողիկ, Շողիկ… Տարա Երևան, Մասիսում է՝ ծնողների մոտ: Բա, ախպեր ջան, էդպիսի բաներ… Առնվազն մի յոթ-ութ ամիս կմնամ էստեղ, ու էդ արանքում ուզում եմ գիրք հրատարակել, բանաստեղծությունների թեկուզ մի փոքրիկ գրքույկ: Էդքան բան, ու էդ գործում, Լեո ջան, պիտի որ օգնես ինձ: Հասկանո՞ւմ ես, ինձ բարոյական աջակցություն է պետք, որպեսզի գիրքը ձեռքիս գնամ Երևան… Մասիս: Դե, ռադիոյով-բանով էլ կհաղորդես, դա, կարծում եմ, դժվար չի լինի, հ՞ը:
– Եթե բանաստեղծությունները լավն են՝ պրոբլեմ չկա:
– Կարդա՞մ:
– Կարդա:
– Ղարաբաղյան է: Այսպես ասած՝ հայրենասիրական, – ասաց Արմենը և բուռն ոգևորությամբ սկսեց.
Ինչքան մենակ բուսնում է նա
լեռան ետև, մեն մի ձորում,
Ինչքան հեռու իր մոր աչքից,
այնքան բուռն է ուժը լարում,
Այնքան ավել ճյուղը փռում,
արմատները խորն է խրում
Կյանքի հյութով ու սաղարթով
այնքան թանձր է հայոց բարդին:
Ինչքան նրա դեմը փակում,
խորն է ծածկում լեռը նրան,
Ինչքան կոծում, կողն են ծեծում
շանթ ու անձրև, ամպ ու մռայլ,
Այնքան շանթին ճակատ տալիս,
կանաչում է շատ ու շռայլ,
Այնքան համառ ձգվում է վեր,
այնքան բարձր է հայոց բարդին.
Ձգվում է վեր, որ բարձրանա,
որ գլուխը մի կերպ հանի
Քար ու ժայռից ու երևա,
ու երևա Երևանին,
Ասիª նայիր, եղել եմ, կամ
ու կլինեմ ինչ էլ լինի,
Դու հավատա, լեռներից վեր,
քարից կարծր է հայոց բարդին:
Նա նայեց ինձ: Խորախորհուրդ ժպտում էր:
Հայրս այդ բանաստեղծության մասին ասում էր՝ սոսկ բարդի չէ դա, ղարաբաղյան բարդի է, ասես մարդ, նա ավելի սլացիկ, ավելի ձիգ ու բարձր է, որովհետև տեղը նեղ է, ամեն կողմից շարունակ նեղում են, բարձրանում, ձգվում է վեր՝ ձորերից, սարերից ու լեռներից էլ վեր, որպեսզի կարողանա տեսնել Արարատյան դաշտի բարդուն, և Արարատյան դաշտի բարդին էլ նմանապես իրեն տեսնի, և որ ինքը ևս հայոց բարդի է՝ հայոց Ղարաբաղում:
– Լա՞վն է:
Ես այդ պահին սպասքեղենի պահարանից մի շիշ «Ապշերոն» կոնյակ էի հանում:
– Ինքս չեմ փորձել, – խուսափողական ասացի ես, առանց նրան նայելու, – բայց, ասում են, լավն է, Հեյդար Ալիևը, տեսել եմ, մենակ «Ապշերոն» է խմում:
– Իյա¯, այ տղա, – ծիծաղեց Արմենը, – ես բանաստեղծությունն ի նկատի ունեմ:
Անելանելի, անհարմար վիճակ էր, չգիտեի ինչ ասել: Ի վերջո ասացի.
– Գիտե՞ս, 1959 թվականին Սիլվա Կապուտիկյանը եկել էր Ղարաբաղ: Հայրս տասներորդ դասարանի աշակերտ էր: Նա ասում է, որ Կապուտիկյանն այդ բանաստեղծությունը հենց այդ օրերին է գրել: Ինքը Կապուտիկյանն էր խոստովանել աշակերտների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Ինձ թվաց՝ Արմենը մի պահ շփոթվեց, բայց դա մի կես վայրկյան տևեց միայն:
– Հա, – անհոգաբար ասաց նա: – Ինձ դուր եկավ, անգիր արեցի: Գիտեմ, որ բնիկ ղարաբաղցի ես, հատուկ քեզ համար արտասանեցի: Քեզ ասեմ՝ ղարաբաղցիք ուժեղ ժողովուրդ են: Մագդա Նեյմանը փառաբանում, երկինք է հանում նրանց: Կարդացել ե՞ս:
– Իհարկե:
– Ասում ես լավ կոնյակ է, հա՞, էդ «Ապշերոնը»:
Նրա սովորությունը՝ մի թեմայից թռչել մյուսին, ինձ այլևս չէր զարմացնում: Նա շփեց ձեռքերը.
– Դե՛ մի լցրու տեսնենք: Ստալինն էլ էր բանաստեղծություններ գրում. «Բացվեց կոկոնը վարդի և մանուշակին քնքուշ գրկեց, ու արտույտը դայլայլեց ամպերից էլ վեր»: