Читать книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - იაკობ ცურტაველი - Страница 7

6

Оглавление

Պլանավորումից ես դուրս եկա անտրամադիր: Գործուղման գնալ բոլորովին չէի ուզում, բայց և գլխավոր խմբագրի խնդրանքը մերժել նույնպես չկարողացա. հո չէի՞ ասելու, թե պատանյակի պես խելքը թռցնելու աստիճան սիրահարված եմ, հասկացեք, և սիրտս շատ է ուզում, որ մնամ այստեղ, քաղաքում, մի անգամ ևս հանդիպեմ նրան, ախր, չեք պատկերացնում, թե ինչքան սիրուն ու լավիկն է նա, արար աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան նրա լուսապայծառ դեմքը և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան ինձ համար այնքան սիրելի նրա ձայնի ամեն մի հնչյունը, իսկ Միր-Բաշիրի շրջան, այդ հեռավոր ու մենավոր հայկական Բեգում-Սարով տարօրինակ անունով գյուղ, ուր Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան է կանգնեցվել և գյուղի ղեկավարությունը զանգել, խնդրում է հեռուստատեսությամբ հաղորդում տալ հուշարձանի բացման արարողության մասին, թող մեկ ուրիշը գնա:

Տասը րոպեական հաղորդում, և մենք չորս հոգով՝ խմբագիր, ռեժիսոր, օպերատոր ու հաղորդավար, երեքհարյուր կիլոմետր ճանապարհ պետք է կտրենք, իսկ ճանապարհը, ընդհուպ մինչև Քուռ գետը, անցնում է չոր, դժնատես ու մեռյալ տափաստանով. ո՛չ ծառ, ո՛չ բուսականություն՝ ձանձրացնող միապաղաղությամբ ձգվող ասֆալտապատ մի ճանապարհ՝ համատարած ամայության թագավորությունում:

Քուռ գետից այն կողմ միայն բուսականություն կար: Բամբակի անծայրածիր դաշտերում կանայք էին աշխատում: Ճանապարհի երկարությամբ, այս ու այն տեղ, բացօթյա խորտկարաններում տղամարդիկ նարդի էին խաղում կամ թեյ խմում՝ ալարկոտ նայելով ճանապարհով անցուդարձող մեքենաներին:

Տափաստանային էր և Բեգում-Սարով գյուղը, բայց այն կորած էր ծառ ու ծաղկի մեջ՝ իսկական մի դրախտ՝ անծայրածիր տարածության մեջ:

– Շենք ու շնորքիդ մեռնեմ, հայ, – հոգնած ոտքերը մեքենայից դուրս քաշելով՝ ասաց օպերատոր Բենիկը: – Որտեղ ոտք ես դնում՝ չոր հողը ծաղկում է: Առաջ Մարտակերտի շրջանին էր պատկանում այս գյուղը, – ասաց նա, – հետո վերցրել, կցել են ադրբեջանական Միր-Բաշիրի շրջանին: Հինգ թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ, լրիվ ավերվել էր, հիմա, տե՛ս, ինչ ծաղկուն գյուղ են դարձրել նորից: Բա էլ ի¯նչ հայ, որ չծաղեկեցնի չոր հողը…

Ինձ թվում էր՝ հաջորդ օրը կավարտենք գործը և՝ հետ, բայց ստացվեց այնպես, որ ստիպված եղանք ուշանալ ևս երկու օր և քաղաք վերադարձանք միայն հինգշաբթի օրը, կեսօրից ետ: Զարմանալի է, ամբողջ ճանապարհին մտածում էի՝ տեղ հասնենք թէ չէ՝ իսկույն կզանգեմ Ռենային, բայց հետո սկսեցի տատանվել ու փոխեցի միտքս. չէ՞ որ բաժանվելիս նա ոչինչ չասաց, իսկ զանգել՝ առանց նրա համաձայնության՝ հարմա՞ր է արդյոք:

Գլխավոր խմբագրի հետ քիչ զրուցեցինք, նա նոր անեկդոտ պատմեց մեկի մասին, որը, անսպասելի վերադառնալով հեռավոր գործուղումից, մտնում է տուն ու տեսնում՝ մահճակալին օտար մի տղամարդ: Նայելով վերմակի տակից դուրս մնացած նրա ոտքերին, հարցնում է՝ «Սա ո՞վ է»: «Ո՞վ է, ո՞վ է, – վրա է տալիս կինը: – Որ էնքան ասում էի՝ մուշտակ առ ինձ համար, առա՞ր: Ինքն առավ: Եղե՞լ է, որ գոնե մի անգամ ծովափ տանես ինձ: Իսկ ինքը տարել է: Բա ամառանո՞ցը: Մեքենա՞ն: Դու, ի՞նչ է, կարծում ես երկնքի՞ց է ընկել էդ բոլորը: Հիմի էլ ուզում է փող տա, որ նոր բնակարան առնենք»: «Որ էդպես է, – ասում է ամուսինը, – ոտքերը ծածկիր, թէ չէ՝ կմրսի»:

Ես ծիծաղելով ելա տեղից, ուզում էի դուրս գալ, գլխավորը հարցրեց.

– Սուրճ չե՞ս խմի:

– Կխմեմ, – ասացի, կրկին նստելով բազմոցին:

Գլխավորը սեղմեց սելեկտորի կոճակը, ասաց.

– Արինա, սուրճ չե՞ս պատրաստի Լեոյի համար:

– Մեծավ ուրախությամբ, – արձագանքեց Արինան, և ես ձայնի մեջ զգացի նրա անթաքույց հրճվանքը:

Գլխավորը նայեց ինձ, բազմանշանակ ժպտաց:

Քիչ անց Ժան Լիոտարի «Շոկոլադ բաժանող աղջիկը» կտավի գեղեցկուհու պես սկուտեղը բռնած՝ հանդիսավորությամբ ներս մտավ Արինան՝ ծիծաղկուն նայվածքով ողջունելով ինձ:

Ես պատասխանեցի նրա ողջույնին, ասացի.

– Արինա, վերջին մի երկու օրվա թերթերը բեր, խնդրում եմ:

Սուրճը հաճելի էր, բավականությամբ խմեցի, բարձրացա տեղից:

– Շնորհակալություն, հոգնածությունս անցավ:

– Լեոնիդ Հուրունցն այստեղ է, տեսա՞ր: Լորաննայի մոտ նստած, զրուցում են: Նա առաջ այստեղ՝ ռուսական խմբագրությունում էր աշխատում:

– Ոչ, չեմ տեսել:

Խմբագրության՝ միջանցքի վրա բացվող դռներին նայելով՝ գնացի դեպի իմ առանձնասենյակը: Սենյակում շոգ էր, փողկապիս հանգույցը թուլացրի, միացրի օդորակիչը: Նստեցի սեղանի մոտ, աչքիս տակով նայելով հեռախոսին: Ոչ, չեմ զանգի, վերջնականապես որոշեցի ես:

– Նորից բարև, – ներս մտնելով ասաց Արինան, թերթերը դնելով իմ առջև, սեղանին: – Ինչո՞ւ ուշացար, մեռանք սպասելով, – ավելացրեց նա, նստելով իմ դիմաց մշտական իր կեցվածքով՝ բերանը կիսաբաց, արմունկը հենած սեղանին, ձեռքը՝ այտին, Կանովայի քանդակների կանանց հազիվ նշմարելի հարցական ժպիտը շուրթերի անկյուններում:

– Ուզում էի տեսնել՝ կկարողանա՞մ ներել քեզ, թե ոչ:

– Ի՞նձ, – ձեռքը դնելով կրծքին, քթիկը ժնգռնած հարցրեց նա:

– Այո, – կատակախառն տոնով ասացի ես և հանկարծակի հիշեցի. Ավիկ Իսահակյանի մասին ես միայն իրեն՝ Արինային էի պատմել, սպասիր, ի՞նչ առիթով էր, հա՛, Բերիայի մասին խոսք եղավ, և ես ասացի, որ համալսարանում Ավիկ Իսահակյանը մեզ դասախոսում էր, և որ նա ամուսնացած էր Բերիայի թոռնուհու հետ, որը միաժամանակ Մաքսիմ Գորկու ծոռնուհին էր:

Պարզ է, Արինան այդ մասին պատմել է Արմենին, և նա՝ խորամանկը, կառչել էր դրանից, զանգել ինձ:

– Ինչի՞ համար, – հարցրեց նա, ստորին շրրթունքն ատամի տակ սեղմած, ուշադիր նայելով ինձ:

– Ավիկ Իսահակյանի մասին որևէ բա՞ն ես պատմել Արմենին:

– Կարծեմ… այո, նա գլխավորի մոտ էր, դուրս եկավ, հետաքրքրվում էր, քո մասին հարցրեց… Հա… Ավիկ Իսահակյանի մասին պատմեցի, նա այդ մասին ոնց որ թե չգիտեր… իսկ ի՞նչ է պատահել:

Ես Արինային կարճ պատմեցի ռեստորանի մասին, հարցրի.

– Իմ բացակայության ժամանակ Արմենը չի՞ երևացել այստեղ:

– Ոչ… – Արինան լայն բացված աչքերով նայում էր ինձ: – Ի¯նչ կեղտոտն է… Կարգին մարդու տեղ էինք դրել… Լեո, ներիր, խնդրում եմ, մեղավոր եմ…

– Դե լավ, գլուխը քարը: – Ներքուստ հաճելի էր զգալ նրա անաղարտ մաքրությունը, բայց նրա երազկոտ ու դյուրահույզ հոգու հետ խաղալը նույնպես հաճույք էր պատճառում: – Մտածում էի՝ գուցե իրար հետ պայմանավորված եք արել, բայց տեսնում եմ, որ չէ…

– Տեսնո¯ւմ եմ, որ չէ… Լեո, դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում, – տեղից փութկոտ վեր թռչելով շառագունած ասաց նա՝ անարդարացի մեղադրված մանկան հուզիչ անկեղծությամբ: – Չէ, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում:

– Դե լավ, նստիր, կատակ էր, – ծիծաղեցի ես: – Դու կատակ ասած բանը հասկանո՞ւմ ես: Նստիր, գլխավորը մի լավ անեկդոտ պատմեց, նստիր պատմեմ:

– Նստիր պատմեմ… – դեռևս նեղացած, երեխայի պես շուրթերն ուռցրած, ասաց Արինան, կրկին նստելով իմ դիմաց:

– Դասախոսը հարցնում է ուսանողուհուն. «Ձեր ազգանո՞ւնը»: «Դարբինյան», – պատասխանում է ուսանողուհին ու ժպտում: «Իսկ ինչո՞ւ եք ժպտում», – զարմանում է դասախոսը: «Գոհ եմ, որ ձեր առաջին հարցին ճիշտ պատասխանեցի», – ասում է ուսանողուհին:

– Գլխավորն այդպիսի բան չի պատմել, – արդեն ժպտալով պատասխանեց Արինան: – Դա դու հնարեցիր: Ոչինչ, սրամիտ է: Բայց կուզենայի ասել քեզ, որ ես ինստիտուտը գերազանց գնահատականներով եմ ավարտել…

– Դե, իհարկե, այլապես ինչո՞ւ պիտի ոսկե մեդալ տային:

– Մեդա¯լ տային… և չես էլ ամաչում, – աչքերը կկոցած՝ մտերմական տոնով նախահարձակ եղավ Արինան, – էն մեծ մարդուն ինչո՞ւ էիր ձեռ առել՝ «Գուցե ոչ թե ինստիտուտ, այլ համալսարա՞ն», – բերանը ծռմռելով տնազեց Արինան: – Նա էլ եկել տանը ոգևորված պատմում, հպարտանում էր, որ այդպիսի սրտացավ բարեկամ ունի: Ի միջի այլոց, նա ուզում էր գալ քեզ մոտ:

– Ինչո՞ւ: Կարո՞ղ է, փոշմանել է, ուզում է, որպեսզի ազատենք քեզ աշխատանքից:

– Ընդհակառակը, – ծիծաղեց Արինան: – Ուզում է, որ հարսներից մեկին էլ տեղավորես աշխատանքի:

– Սպասիր՝ գրիչ վերցնեմ, բոլորդ միասին քանի՞ հարս եք:

– Մի վախեցիր՝ ընդամենը երեք, – կրկին ծիծաղեց Արինան: – Միջնեկ տագրս, ինչ էլ ուզում է լինի, չի թողնի, որ կինն աշխատի, սաստիկ խանդում է:

– Ուրեմն, մնաց մեկը: Ես շատ ուրախ եմ:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես… – Արինան ծիծաղեց, թափահարեց գլուխը, – լսիր, ես ուրախ եմ, դու ուրախ ես, նա ուրախ է, վա¯յ աստված, սրանք իմ գլուխն ուտելու են: «Մոզգս» արդեն շարժվեց: Մի խոսքով, մնում է մեծ տագրոջս կինը՝ Սիլվան:

– Սիրո՞ւն է:

– Սիրո՞ւն է… Քե՞զ ինչ՝ սիրուն է, թե չէ:

– Լսիր, չպիտի՞ իմանամ՝ ում եմ երաշխավորում:

– Նրանց սիրո՞ւն է պետք, թե մասնագետ:

– Սիրուն մասնագետ:

– Սիրուն մասնագետ… լեզուդ չլիներ՝ քաջքերը քեզ վաղուց տարած կլինեին:

– Քաջքերը տարած լինեին՝ ձեզ ո՞վ պիտի աշխատանքի տեղավորեր: Ի՞նչ մասնագիտություն ունի: Անուն, ազգանուն: Տարիքը:

– Տարիքը… դրանից էլ սկսեիր, – բարկացավ Արինան: – Տնտեսագիտականն է ավարտել:

– Տառերը գիտի՞:

Հոնքը կեռած՝ աչքի տակով նայեց, ծիծաղեց.

– Ի՞նչ տառեր:

– Շարունակիր, ազգանուն, անուն:

– Մեր ազգանունը նույնն է՝ Դարբինյան: Դարբինյան Սիլվա, քսաներեք տարեկան: Հոկտեմբերին լրանում է քսաներեքը: Ուրի՞շ:

– Կոմիտեի հաշվապահությունում ազատ տեղ կա: Գլխավոր հաշվապահը՝ Սեիդոզաևան, կարծում եմ, չի մերժի: Զանգե՞մ:

– Չէ, պետք չէ, – առարկեց Արինան, – սպասիր Սիլվայի հետ խոսեմ՝ նոր: Վաղը կասեմ: Սա ի՞նչ ծոցատետր է, – լայնածավալ սեղանի անկյունում, թղթապանակների արանքում ընկած սևակազմ ծոցատետրը վերցնելով՝ ասաց Արինան, հարցական նայելով ինձ:

– Երևի Արմենն է մոռացել: Վերցրու, երևաց՝ կտաս իրեն:

Արինան ելավ տեղից:

– Նախկինն այնտեղ նստած ինձ է սպասում, գնամ: Էդ հուշերով նա իմ հոգին հանելու է, հաստատ բան եմ ասում: – Դռան մոտ նա շրջվեց, հենց այնպես, ի միջի այլոց, ասաց, – էն աղջիկն էր եկել:

– Ի՞նչ աղջիկ, – իբր անտարբեր, բայց սրտահույզ բերկրանքով հարցրի ես, ներըմբռնումով զգալով, որ Ռենայի մասին է խոսքը:

– Ի¯նչ աղջիկ… չգիտեմ, – նետեց Արինան ուշադիր նայելով ինձ: – Էն որ Արմենի հետ եկել էր: Քեզ էր հարցնում:

– Ի՞նձ, – դարձյալ սրտահույզ բերկրանքով ու դարձյալ անտարբեր ձևանալով հարցրի ես:

– Ի¯նձ… Այո:

Նույն քննախույզ նայվածքը: Արինան դանդաղ ծածկեց դուռը, և ես հասկացա, որ չի գնում, կանգնած է միջանցքում: Հետո բացվեց ու փակվեց ընդհանուր սենյակի դուռը: Քիչ անց Արինայի փոքրիկ սենյակում խուլ չխչխկաց գրամեքենան:

Ես համարյա ցատկեցի տեղից, բանալին պտտեցի կողպեքի մեջ, փակեցի դուռը: Մտածում էի, եթե խոսափողը Ռենան չվերցրեց, չեմ խոսի: Հավաքեցի հեռախոսահամարը՝ 9, 2, 6, 9, 9, պտտեցի վերջին թիվը՝ 8, մի փոքր պահեցի ու բաց թողեցի: Սկավառակը մանրիկ աղմուկով վերադարձավ իր տեղը:

– Ալլո՞:

Ռենան էր:

– Բարև, Ռենա, – հուզմունքից դողացող ձայնով ասացի ես:

– Ողջույն, Լեո: Ես երկու անգամ եկա քեզ մոտ, խմբագրություն, դու տեղում չէիր:

– Ես անսպասելի գնացի գործուղման, – մի տեսակ արդարանալով բացատրեցի ես, – և ամբողջ ճանապարհին ու այնտեղ շարունակ մտածում էի քո մասին:

– Շնորհակալ եմ: – Նույնիսկ հեռախոսով ասես զգացվում էր նրա ամոթխած ժպիտն այդ պահին: – Հաճելի է լսել: Երկուշաբթի օրը ոչ մի տեղ չե՞ս մեկնում:

– Ոչ, – արագ ասացի ես:

– Երկուշաբթի պարապմունքներից հետո կանցնեմ: Սպասիր ինձ, լա՞վ:

– Իհարկե:

Սակայն Ռենան չդրեց խոսափողը:

– Գիտե՞ս, քո վարդերը չեն թառամել դեռ, – ասաց նա: – Կոկոնները լրիվ բացվել են և սենյակս լցված է բուրմունքով: – Նա մի կիսավայրկյան լռեց, ասաց, – նրանք շարունակ հիշեցնում են ինձ քո մասին:

– Հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում, – ասացի ես, – մարդիկ հանդիպում են իրար առանց գիտենալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը:

– Այո, երևի այդպես է, – արձագանքեց Ռենան: – Իսկ ի՞նչ է սպասում նրանց հարյուրավոր ճանապարհների այդ անհայտ խաչմերուկից հետո՝ նույնպես անկարելի է գիտենալ:

– Դու ինձ դուր ես գալիս, Ռենա, շա¯տ, – դարձյալ հուզված ասացի ես: – Երկուշաբթի ես ամբողջ օրը կսպասեմ քեզ:

– Ցտեսություն, – ծիծաղեց նա, սակայն դարձյալ չդրեց խոսափողը: – Դու նույնպես համակրելի ես ինձ: Երկուշաբթի կգամ, ցտեսություն:

– Ցավդ տանեմ, – սրտի անդիմադրելի մղումով ասացի ես, և իմ ձայնը թրթռաց:

– Սավետ տանեմ: Դա ի՞նչ է նշանակում:

– Ոչ թե՝ սավետ տանեմ: Այլ՝ ցավդ տանեմ:

– Ցավեդ տանե՞մ:

– Ոչ, ցավըդ տանեմ:

– Ցավե՞դ տանեմ:

– Ոչ, ոչ, ցավըդ տանեմ:

– Դա ինչպե՞ս է թարգմանվում:

– Ռուսերեն բառացի՝ որպեսզի ես ինձ վրա վերցնեմ քո ցավը:

– Ա¯… աղրըն ալըմ, – քնքշահույզ արտաբերեց Ռենան: – Կամ իմաստով իրար մոտ՝ դարդըն ալըմ, գադան ալըմ, ադրբեջաներեն ավելի ճիշտ և լավ է հնչում, քան ռուսերեն: Ցավեդ տանեմ: Ցտեսություն, – նա ծիծաղեց, ցած դրեց հեռախոսը:

Անկանոն բաբախող սրտով ես որոշ ժամանակ քայլեցի առանձնասենյակում՝ չիմանալով անելիքս: Սիրտս չեր դիմանում, ուզում էի ինչ-որ մեկին պատմել, ասել, որ երկուշաբթի Ռենան կգա ինձ մոտ և որ ամբողջ օրը ես անհամբեր ու կարոտով կսպասեմ նրան: Բայց և գիտեի, որ երբեք ու ոչ ոքի ոչինչ չեմ պատմի նրա մասին:

Հինգերորդ հարկի իմ պատուհանից նայեցի ներքև, ուր մենավոր մի փշատենի, շենքը շրջափակող պատն ի վեր բարձրացել, կախվել էր կենտկոմին նայող փողոցի վրա՝ ճերմակ ծաղկափոշի տարածելով շուրջը: Գույնզգույն թիթեռները ճախրում էին ծաղկափոշու ամպիկների մեջ, իջնում ծաղիկներին: Իմ պատուհանից երևում էր Բաքսովետի մետրոյի հրապարակը՝ իր մարդաշատ անցուդարձով, հին Բաքուն՝ Իչարի Շահարն էր երևում, հրետանու անցքերով հաստաբեստ բարձր բերդապարսպից այն կողմ, արևի տակ փայլող ձյութածածկ տափարակ կտուրներով, քարվանսարայներով, բաղնիքներով, մզկիթներով, մուեձինի՝ նամազի հրավիրող թախծորուն կանչով ու դեպի ծով իջնող սարդոստայնային նեղլիկ փողոցներով, երևում էր և ծովը, ուր խարիսխ նետած նավի վրա անդադար պտտվում էին ճայերը, երբեմն սլացիկ նետվում ջրերի մեջ: Մինչև կենտկոմի նոր շենքի կառուցումը ծովն այստեղից լրիվ երևում էր, իսկ հիմա՝ միայն մի մասը: Գարնանային արևի տակ ջրերը կուրացուցիչ շողում էին, անդրադարձնելով արևի պայծառ ճաճանչները: Երկինքը նույնպես կիսված էր երևում իմ առանձնասենյակից: Կիրովի անվան զբոսայգու բարձունքն իրենով ծածկում էր երկնքի մի մասը և թվում էր Կիրովի հոյակերտ արձանը՝ ձեռքը պարզած առաջ, դեպի ներքևում սփռված քաղաքն ու ծովը, ոչ թե բարձրունքի վրա, այլ բարձր երկնքում էր կանգնած:

Ես դուրս եկա միջանցք և, թեքվելով ձախ, մտա ընդհանուր բաժին:

Լորաննան նստած էր տեղում, նրա դիմաց՝ Լեոնիդ Հուրունցը՝ ցորնագույն ալեխառն մազերը մի կողմի վրա թափած, խնդումերես ու զվարթաբարո մի մարդ:

– Ընկեր Հուրունց, ծանոթացեք, – ներկայացրեց Լորաննան, – մեր գլխավոր խմբագրի տեղակալն է: Ծնողները Ղարաբաղից են, բայց ինքը Սումգայիթում է ծնվել:

Որպես գրողի՝ ես Հուրունցին, իհարկե, գիտեի, կարդացել էի նրա գրքերը, հատկապես «Ղարաբաղյան պոեմ» վեպը՝ տոգորված քնքշանքով, անաղարտ սիրով ու ռոմանտիզմով, բայց իրեն՝ Հուրունցին, տեսնում էի առաջին անգամ:

– Ղարաբաղցի ե՞ս, – նստած տեղից ձեռքը մեկնելով աշխուժորեն ասաց նա: – Ասա ինչի՞ ես հարցնում՝ առանց էն էլ երևում է՝ բոյով, բուսաթով, աստղով: Ղարաբաղցիները բոլորն էլ էդպես են՝ բարձր, գեղեցիկ: Մեր Բագրատ Ուլուբաբյանի ասած՝ սերմացու ժողովուրդ: Ամուսնացա՞ծ ես, – լայն ժպիտը դեմքին, հարցրեց նա:

Տարուբերեցի գլուխս՝ «ոչ»: Հուրունցը մտերմիկ, հարազատորեն նայեց ինձ:

– Քո տարիքում ես արդեն երկու անգամ բաժանվել էի, իսկ դու դեռ չես էլ ամուսնացել:

– Ժամանակ չունի, – խորամանկ ժպտաց Լորաննան:

– Թե՞ ժամանակ չեք տալիս, – ծիծաղեց Հուրունցը: – Մարդ ջահել ժամանակ ապրում է, որպեսզի սիրի: Հասուն տարիքում սիրում է, որպեսզի ապրի… Իմ առաջին կինը Թաթուլ Հուրյանի կնոջ՝ Մանյայի քույրն էր, դե, քանի որ Թաթուլի հետ մոտ ընկերներ էինք ու երկու քրոջ հետ էինք ամուսնացել, որոշեցինք նույն ազգանունը կրել, նա՝ Հուրյան, ես՝ Հուրունց… Էհ, աշխարհում ջահելությունից լավ բան չկա, – շարունակեց նա, – նրանից թանկ էլ ոչինչ չկա: Երբ առկա է ջահելությունը, սոսկ մի երկու չնչին մանրուք է մնում՝ լիարժեք զգալու երջանկության հմայքը: Այնպես որ՝ քանի ջահել եք, ամեն օր ժպտացեք լուսավոր ժպիտով, զվարճալի ինչ-որ բան գտեք կյանքում: Հարկավոր է ժպտալ ու երազել: Ինչպես ասում են՝ գնա երազանքիդ ետևից և այն քո առջև դուռ կբացի այնտեղ, ուր առաջ անառիկ պատ էր: Երբ մարդ դադարում է երազել՝ նա համարյա մեռած է արդեն: Մեր շուրջն ինչքան մարդիկ կան, որ մեռած են, բայց իրենք դա չեն էլ գիտակցում նույնիսկ: Մեծ տարբերություն կա ծերանալու ու մեծանալու մեջ, – ասաց Հուրունցը մի փոքր դադարից հետո: – Եթե դու երեսուն տարեկան ես ու ողջ տարին բազմոցին պառկած ոչինչ չես անում՝ կդառնաս երեսունմեկ: Դժվարին ոչինչ չկա՝ մեր տարիքին մի տարի ևս ավելացնելու մեջ: Այսինքն, դրա համար տաղանդ կամ ձիրք ամենևին պետք չէ: Ձիրքն ու տաղանդը հենց այն է, որ կարողանաս այդ փոփոխման ժամանակ նոր հնարավորություններ ձեռք բերես քեզ համար: Երեք բան կա, որ հետ չեն վերադառնում երբեք՝ ժամանակը, խոսքը, հնարավորությունը: Հիշեք իմ խոսքն ու մի ափսոսացեք ոչ մի բանում: Մի ափսոսացեք այն, ինչ եղել է երեկ, մի վախեցեք նրանից, ինչ լինելու է վաղը, եղեք երջանիկ նրանով, ինչ կա այսօր: Հասակն առած մարդիկ, սովորաբար, արածի համար չեն ափսոսում, նրանք չարածի համար են տրտմում, այն բանի համար՝ ինչ չի հաջողվել, կամ չեն հասցրել անել անցած ժամանակներում: Հայտնի երգում ոնց է ասվում՝ արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս, չարածներիդ համար պիտի ասես՝ ափսո¯ս, հազար ափսոս… Այդպես է, – հոգոցով շարունակեց նա: – Աշխարհում իրավ ջահելությունից լավ բան չկա: Իսկապես, նրանից թանկ էլ ոչինչ չկա: Բայց շատ ափսոս, որ կարճ է տևում այն: Ես իմ «Ղարաբաղյան պոեմը» կյանքիս ամենալավ ժամանակաշրջանում՝ ջահել ժամանակ գրեցի: Բայց այդպես էլ ոչ մի ուրախություն չտեսա այդ գրքից, – ավելացրեց նա: – Դառնություն էր, որ ճաշակում էի: Ադրբեջանում ազգայնամոլության կատաղի վերելքի մթնոլորտ էր, անհուսալիության զանազան պիտակներով անվանի հայերին քշում էին Բաքվից ու հանրապետության մյուս վայրերից՝ գրավելով նրանց պաշտոններն ու տիրելով հարմարավետ բնակարաններին, քշում էին Ղազախստանի հյուսիսային կողմերը կամ էլ ուղիղ Սիբիր: Միրզա Իբրահիմովը, որ այն ժամանակ արվեստի գլխավոր վարչության պետն էր, հետո Գերագույն խորհրդի նախագահության նախագահ դարձավ, մյուսները, սա էլ նրանց հետ միացած, – գլխով նախկինի կողմը ցույց տալով շարունակեց Հուրունցը, – թափվեցին վրաս, և եթե ես աքսորից խույս տվի ու մնացի ողջ, ապա միայն պատահականության շնորհիվ:

Սաղումյանը հեռվից լուռ լսում էր, համաձայնորեն շարժելով գլուխը: Նա, հավանաբար, տեղյակ էր այդ իրադարձություններին, հիշում էր:

– Լավ, իսկ ինչի՞ մեջ էին մեղադրում, – հետաքրքրվեց Լորաննան: – Հակապետական բա՞ն կար գրքում:

– Չէ հա, – զարմացավ Հուրունցը: – Ի՞նչ հակապետական բան: Վերնագիրն էր կատաղացրել: Սամեդ Վուրղունն այդ ժամանակ գրողների միության նախագահն էր, այդպես էլ ասաց. «Դու ինչո՞ւ հատկապես Ղարաբաղն ես վեպի նյութ դարձրել, ինչ է, ուրիշ տեղեր չկա՞ն: Գլուխդ ես գցել՝ Ղարաբաղ հա՛ Ղարաբաղ: Դու էդ խելառ պառավի՝ Մարիետա Շահինյանի հետքերո՞վ ես, հա, գնում, որ „Օգոնյոկում“ գրել է, թե, իբր, Ղարաբաղը պատմական Հայաստանի տասներորդ նահանգն է: Նավ ես նստել ու նավապետի հետ կռիվ ես սարքում: Թե Բաքվում վատ ես ապրում, կարող եմ քեզ համար լավ տեղ գտնել», – ասաց ու գլխով ցույց տվեց ներքին գործերի մինիստրության շենքը, որ գրողների միության դիմացն էր, հրապարակի մյուս կողմում, այժմյան Շահումյան պողոտայի վրա:

– Հիմա էլ այնտեղ է, – ավելացրեց Սաղումյանը:

– Այո, – համաձայնեց Հուրունցը, – հիմա էլ այնտեղ է, իր ներքին բանտով-բանով: Չէ, ուրախություն չբերեց առաջին գիրքս: Գրողների միության մյուս ղեկավարն էլ Մեհթի Հյուսեյնն էր, որը միաժամանակ ադրբեջանական գրական ամսագրի խմբագիրն էր: Մի անգամ նա մտավ ռուսական ամսագրի խմբագրություն, այդ պահին ես էլ այդտեղ էի: Յուրի Գրանինի և Իոսիֆ Օրատովսկու հետ նստած զրուցում էինք, երբ ներս մտավ: «Ընկեր գրողներ, – նրանց կողմը դառնալով ասաց նա, – մասնավորապես, Գրանին և Օրատովսկի, բարև ձեզ»: Դա, իհարկե, վիրավորական էր: «Ընկեր Մեհթի Հյուսեյն, ասացի ես, իսկ ինչ է, ես գրո՞ղ չեմ»: Նա թե՝ «Դու գրող չես… Դու ծառի ճյուղին նստած՝ ճյուղը տակից կտրող դաշնակ ես»: «Իսկ դու տիպիկ մուսավաթական ես», – պատասխանեցի ես: Վեճ, փոխադարձ վիրավորանքներ: Եվ այդ ամենը «Ղարաբաղյան պոեմի» պատճառով, որը նրանցից և ոչ մեկը չէր կարդացել՝ բացի վերնագրից, իհարկե: Ինչպես որ հիմա ոչ ոք չի կարդացել Զորի Բալայանի «Օջախը», բայց ի¯նչ աղմուկ-աղաղակ են բարձրացրել ամբողջ երկրով մեկ: Մի խոսքով, ես վերցրի ու այդ ամենի մասին գրեցի կենտկոմ՝ Միր-Ջաֆար Բագիրովին: Գիշերը Բագիրովը զանգում է հայկական «Կոմունիստ» թերթի խմբագիր Տիգրան Գրիգորյանին, պահանջում գիրքը, իսկ հաջորդ օրը կարգադրում է դրվատական հոդված տպագրել «Բակինսկի Ռաբոչի» թերթում: Դուք մի տեսնեիք, թե ո¯նց էին քծնում, շողոքորթելով ներողություն խնդրում իմ երեկվա հակառակորդները: Բայց, դե, այդ լավությունը հեռահար նպատակ ուներ, շուտով մեծ կռիվ սկսվեց Մարիետա Շահինյանի դեմ, ինձ հրավիրեցին կենտկոմ, որ իմ ստորագրությունը դնեմ Շահինյանին ջարդուփշուր անող պատրաստի հոդվածի տակ: Ես հրաժարվեցի, պատճառաբանելով, որ նա ինձ համար հոգևոր մոր տեղ է գալիս, իմ գրական ձիրքի մասին առաջին խոսքը նա է ասել: «Գնա մտածիր, ասացին, կկանչենք»: Բայց չկանչեցին: Ասում են՝ շները կռվեցին՝ մուրացկանի բախտը բերեց: Գրող Մարգար Դավթյանը՝ մի անզուգական, շատ սիրելի անձնավորություն, Գերագույն խորհրդի դեպուտատ էր, կարգ էր՝ Բաքվի հայ մտավորականներից մի դեպուտատ էին ընտրում: Առաջ դերասանուհի Ժասմենն էր, քառասունիննին՝ թատրոնը փակվելուց հետո՝ Դավթյանը: Լավ առիթ էր, ձեր այս նախկինն օգտագործեց դա: Գնաց կենտկոմ ու Մարգար Դավթյանի թեկնածությունը տվեց, արձակագիր է, ասաց, պատմությունն էլ լավ գիտի: Փորձված աղվես էր, շատ լավ հասկանում էր, որ այդ ստորագրությունը կկործանի Մարգարին, և ինքը «Գրական Ադրբեջան» հանդեսի գլխավոր խմբագիր ու դեպուտատ կդառնա: Այդպես էլ եղավ: Հանրապետության բոլոր թերթերը՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, հրապարակեցին այդ հոդվածը՝ Մարգար Դավթյանի և Տիգրան Գրիգորյանի ստորագրությամբ: Տիգրանի համար դա նշանակություն չուներ, նա մարզկոմի քարտուղար եղած ժամանակից դրան սովոր էր, բայց Մարգարին այդ ստորագրությունը բարոյապես սպանեց: Դա երեսուն տարի առաջ էր, և ահա երեսուն տարի ձեր նախկին գլխավորն անբաժան է իր դեպուտատական կրծքանշանից:

– Բա ո¯նց, – արձագանքեց Սաղումյանը, – արյան գնով նվաճել է, հո ձեռքից չի՞ տալու: Ադրբեջանցիները լավ ասացվածք ունեն՝ քյոռ թութտուղընը բրախմազ*:

– Ա՛յ Հարություն, – դիմելով Սաղումյանին՝ մտամոլոր ասաց Հուրունցը: – Հայի ձեռքով հային բնաջնջելը նորություն չէ: Ադրբեջանի ղեկավարությունն իր հայահալած գործողություններում միշտ էլ դիմել է հայերի օգնությանը, օգտագործել է նրանց շատ ճկուն միջոցներով, դրա համար ընտրելով այնպիսիներին, ովքեր պատրաստ են եղել իրենց անձնական շահի համար ոտնատակ տալ հարազատ ժողովրդի շահն ու պատիվը: Շուշիի անառիկ բերդն ո՞վ նվիրեց Պարսկաստանից փախած մի ոմն քոչվոր ցեղի պարագլուխ Սարիջալլու Փանահալուն՝ հայազգի մի նենգ Շահնազար: Բագրատ Ուլուբաբյանի պես մեծ հային ո՞վ տապալեց՝ մի ոմն ծախու շուն՝ Գևորգ Աթաջանյան անունով: Լսել եմ, որ ձեզ մոտ է աշխատում: Բուլգակովն իր հռչակավոր գրքում՝ «Վարպետը և Մարգարիտան» վեպում, նկարագրում է, թե ինչպես կիրիաֆցի

Հուդան Յեշուային սիրալիր հրավիրում է իր տուն, հյուրասիրում է, միաժամանակ հետաքրքրվելով նրա վերաբերմունքով՝ հանդեպ իշխանությունները, իսկ հետո մատնում է նրան դահիճներին: Ճիշտ նույն ձևով այդ Աթաջանյանն իր նման մեկի հետ, որի անունը տալ չեմ ուզում, որովհետև ընդունված չէ մեռած մարդկանց մասին վատ խոսել, Ուլուբաբյանին, Բոգդան Ջանյանի հետ միասին, հյուր են կանչում և սեղանի շուրջ եղած ամբողջ խոսակցությունը թաքուն ձայնագրելով հանձնում են ԿԳԲ-ին: Դա այն ժամանակ էր, երբ ղարաբաղցիները հերթական անգամ հարց էին բարձրացրել՝ Ղարաբաղը միավորել Հայաստանին: Բոլոր շրջաններում, գյուղերում ստորագրություններ էին հավաքվել: Քառասունհինգ հազար ստորագրություն… Շատ շուտով Ղարաբաղի մի շարք հայտնի մարդիկ սկսեցին ենթարկվել հալածանքների, ոմանք ստիպված եղան քոչել հանրապետությունից:

Հուրունցը մտամոլոր, երկար մտածում էր:

– Քառասուն հոգու Բաքվի մեկուսարաններում ու բանտերում անմարդկային տանջանքների ենթարկելուց հետո, – շարունակեց նա, – ուղարկեցին Կոմի երկրամաս: Նրանց մեջ էր և 1966-ի սեպտեմբերին Մարտունու շրջանի Կուրապատկինո գյուղում Արշադ Մամեդովի ձեռքով դաժանորեն սպանված ութ տարեկան Նելսոն Մովսիսյանի հայր Բենիկ Մովսիսյանը: Այն Արշադ Մամեդովի, որի հուղարկավորությանը մասնակցելու էին եկել

Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահ Իսկանդարովն ու մինիստրների խորհրդի նախագահ Ալիխանովը: Երկուսն էլ՝ ազգությամբ քուրդ:

Հուրունցը մի կարճ պահ դադար տվեց, ցավագնորեն ասաց.


* քյոռ թութտուղընը բրախմազ (ադրբ.) – կույրն իր բռնածը բաց չի թողնի


– Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Վալի Յուսուֆովիչ Ախունդովի հրամանով Ուլուբաբյանը վտարվեց Ղարաբաղից, իսկ նրա տեղը գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար նշանակվեց… այդ նույն ծախու շուն Աթաջանյանը: Մի օրվա մեջ նրան ընդունեցին գրողների միության շարքերը: Չտեսնված ու չլսված բան. Մաքսիմ Հովհաննիսյանի նման մեծատաղանդ գրողը տասնհինգ տարուց ավելի հերթի է սպասում, չեն ընդունում: Վարդան Հակոբյանի, Հրաչյա Բեգլարյանի, Նվարդ Ավագյանի, Կոմիտաս Դանիելյանի պես գրողներին, որոնց ստեղծագործությունները քաջ հայտնի են նաև Հայաստանում, չեն ընդունում գրողների միության մեջ, իսկ այ անտաղանդ, թեթևսոլիկ ու անբարոյական մարդուն մի օրվա մեջ ընդունեցին: Եվ ովքե՞ր նրան այդպես շտապ երաշխավորագիր տվեցին՝ Սամվել Գրիգորյանն ու ձեր նոր գլխավորը: Կանչեք՝ երեսին ասեմ:

Հուրունցը երկար դադար տվեց, ասաց.

– Հայոց պատմության մեջ չի արձանագրված որևէ փաստ, որ մեզ նվաճողներից պարսիկը, արաբը կամ թուրքը հայ վեհափառ սպանած լինի: Դրան մենակ բոլշևիկներն ընդունակ եղան: Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը հրաժարվում է Մայր Աթոռի գանձերը տալ բոլշևիկներին: 1938-ի ապրիլին նրան գազախեղդ են անում Էջմիածնում: Եվ ո՞ւմ հրամանով է արվում՝ հայ բոլշևիկ Անաստաս Միկոյանի: Եվ վերջապես, Սերգո Օրջոնիկիձեին միացած՝ ո՞վ առաջարկեց վերանայել Անդրկովկասի բյուրոյի պլենումի 1921-ի հունիսի երեքի որոշումը՝ հօգուտ Հայաստանի, ու մի ամիս ու երկու օր անց՝ հուլիսի հինգին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն ո՞վ դեմ քվեարկեց՝ այդ նույն բյուրոյի ընդհանուր քարտուղար Հմայակ Նազարեթյանը: Այդ հատկությունները տարիներ ի վեր պիոներ Պավլիկ Մորոզովից ու կիրովաբադցի Գրիշա Հակոբյանից սկսած մինչև այսօր, խրախուսվել են, գիտակցաբար արմատավորել: Ստալինի, Բերիայի, Բագիրովի մարդակործան արարքներին օգնած և ոչ մի տականք նրանց մահից հետո անգամ չի պատժվել: Պատերազմի նախօրեին Ստալինը կարմիր բանակի ղեկավար անձնակազմից՝ մարշալից մինչև լեյտենանտ, քառասուն հազար հոգու գնդակահարեց: Մարշալ Բլյուխերին, նրա կարգադրությամբ, անմարդկային տանջանքների են ենթարկում, փշրում ողնաշարը, բանտարկության տասնութերորդ օրը փառապանծ մարշալը զոհվում է քննիչների սապոգների տակ: Քառասունվեց թվականին, այս անգամ արդեն Բերիայի կարգադրությամբ ու անմիջական մասնակցությամբ, այդ նույն քննիչների սապոգների տակ խոշտանգումների է ենթարկվում նաև մեր քաջ հայրենակից մարշալ Խանփերյանցը՝ Մեծ Թաղլար գյուղից: Տասնութ թվականին նա ծածկագրող էր եղել այստեղ՝ Բաքվի կոմունայի շտաբում, լսել է Բերիայի գաղտնի հեռախոսազրույցը անգլիական հետախուզական ծառայության աշխատակցի հետ և այդ մասին հաղորդել կոմունայի ղեկավարությանը: Բերիան դա չէր մոռացել… Բլյուխերն ինչ, միջազգային մասշտաբի այդ դահիճ Ստալինը քառասուն միլիոն մարդու գլուխ կերավ, նա կարող էր ամբողջ երկրի գլուխն էլ ուտել, բայց, բարեբախտաբար, սահմանափակվեց այդքանով: Ո՞վ էր նրա ձեռքը բռնելու, ո՞վ էր ընդդիմանալու, եթե այդ թիվը կրկնապատկեր ու քառապատկեր: Ոչ ոք: Սպանելու, աքսորելու, երկրի երեսից մարդկանց, ամբողջ ժողովուրդներ, ազգեր ջնջելու իրավունքը միայն ու միայն իրեն էր վերապահված, իր սեփականությունն էր: Միահեծան ու անսահմանափակ իշխանության տեր, իր անձնական դիկտատուրան ներկայացրած որպես պրոլետարիատի դիկտատուրա: Ամեն ինչ տեղը տեղին՝ կա՛ սովետական ժողովուրդ, կա՛ նրա առաջատար ջոկատը՝ բանվոր դասակարգը, կա՛ այդ դասակարգի առաջավոր ջոկատը՝ կուսակցությունը, կա՛ այդ առաջավոր ջոկատի ղեկավարող կորիզը՝ Քաղբյուրոն և, վերջապես, նրա գլխավոր քարտուղարը՝ Ստալինը, որի կամքը կուսակցության կամքն է, ով դեմ է Ստալինին՝ դեմ է կուսակցությանը, ով դեմ է կուսակցությանը՝ դեմ է ժողովրդին, նրա թշնամին է: Հիմա այդ իրավունքն իրար մեջ կիսել են հազարավոր մանր ստալիններ, որոնցից մեկն էլ կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովն է, համարյա նույնանման իշխանության տեր: Ստալինին հետմահու պատժեցին, դատապարտեցին նրա անօրեն արարքները, Բերիային ու Բագիրովին գնդակահարեցին, իբր տեսեք, դատապարտեցինք, մենք սահմանադրություն ունենք, դատախազություն, դատարան ու արդարադատություն ունենք: Դրանք բոլորը, իբր, ժողովրդի շահերին ծառայելու համար են ստեղծված: Հիդրայի կտրված գլխի փոխարեն աճել են նոր գլուխներ և այն էլ շա¯տ: Դե արի ու դիմացիր:

Հուրունցը քիչ լռեց և, ասես ինքն իր հետ էր խոսում, կամացուկ ասաց.

– Ճշմարտություն, արդարություն, իբր թե սրանք են մեր կյանքի չափանիշները: Բացատրեք, խնդրեմ, կա՞ն, գոյություն ունե՞ն դրանք: Մեկն ու մեկը դրանց երեսը տեսած կա՞. երեկ, նախանցյալ օրը: Գուցե դրանք յոթ փակի տակ են և սպասում են, որ մենք ազատե՞նք, լույս աշխա՞րհ հանենք:

Մեքենագրուհու դուռն անաղմուկ բացվեց, իր անբաժան մթերացանցը ձեռքին, դուրս եկավ մեր նախկին գլխավոր խմբագիրը:

Մերկ գլխին ձախից աջ սոսնձած ճերմակ մազափնջով, կախ ընկած կրկնակզակով, շեկ, ցածրահասակ ու դեռևս ամրակուռ՝ նա մի պահ թղթապանակը տեղավորեց ցանցում և, ուշադիր նայելով Հուրունցին ու, ասես կրակին յուղ լցնելու ակնհայտ մտադրությամբ, ասաց.

– Կևորկովը բնակարան է տվել ինձ:

Հուրունցը բարձրացրեց գլուխը, զարմանքով նայեց նրան:

– Իսկ դու, ինչ է, բնակարան չունեի՞ր, – հարցրեց նա: – Դու երեք սենյականոց բնակարան ունեիր հայկական եկեղեցուց ոչ հեռու, Հյուսի Հաջիև փողոցի վրա և, գիտեմ, լսել եմ, Հեյդար Ալիևը չորս սենյականոց նոր բնակարան է տվել քեզ կառավարական տան մոտ, ծովափին:

– Էստեղ չէ՝ Ստեփանակերտում, – մեծահոգաբար ժպտալով պարզաբանեց նախկինը: – Որպեսզի ամառները գնամ թութ ուտեմ: Հայրենիքս է, չէ՞, Ղարաբաղը, բանաստեղծություններ ունեմ նվիրած՝ «Շաղասար», «Լալիկ աղբյուր», «Սինգարա»… Ա՛յ, վերջերս եմ գրել, բնակարանը տալուց հետո.

Երբ ասում են Ղարաբաղ,

Մեր սարերն եմ ես հիշում,

Աղբյուրները նրա պաղ,

Խոսուն քարերն եմ հիշում:

Ա¯խ, մեր թոնրի լոշը տաք,

Ու զով կալերն եմ հիշում,

Մեր Քուռանի մոշն անտակ,

Քաղցր թութն եմ ես հիշում…


– Էհ, հետո՞, – հարցրեց Հուրունցը:

– Ի՞նչ հետո, – հեգնական քմծիծաղով ասաց նախկինը, քիթը չոր վեր քաշելով: – Ղարաբաղի գովքն է: Մայր բնության գովքը: Մի՞թե պարզ չէ՞

– Իմ մի բարեկամը Ղարմետաքսկոմբինատում բանվոր է, – այլևս առանց նրան նայելու, ահեղաշունչ քաղաքավարությամբ խոսեց Հուրունցը, – տասնութ տարի է՝ վեց հոգով մի նեղլիկ ու խոնավ նկուղում պատսպարված, բնակարանի հերթի են սպասում ու չգիտեն, թե դեռ էլի քանի տարի պիտի սպասեն: Քո էդ Կևորկովը ո՞նց է քեզ բնակարան տալիս՝ ամռանը թութ ուտելու համար: Ամբողջ կյանքը Ղարաբաղին նվիրած Բագրատ Ուլուբաբյանը, Ղարաբաղի համար բանտ նստած Բոգդան Ջանյանը Ղարաբաղ մտնելու իրավունք չունեն, ինձ նույնպես արգելված է գնալ Ղարաբաղ, որին նվիրել եմ իմ բոլոր գրքերը, իմ ողջ կյանքը, – հոգոց քաշելով և առանց որևէ դադարի շարունակեց Հուրունցը: – Կևորկովի ահից իմ ազգականներն անգամ վախենում են ինձ հետ խոսել: Ստոր ու ծախու արարած է նա, և քանի դեռ կան նրա նմանները, քանի դեռ անպատիժ ապականում են մթնոլորտը, երկրիս երեսին ո՛չ արդար դատաստան, ո՛չ արդարություն կլինի:

– Լեոնիդ, խնդրում եմ, ինձ մոտ այդպիսի բաներ մի ասա, – բողոքեց նախկինը՝ քիթը դարձյալ վեր քաշելով:

Երկու թե երեք տարի առաջ ճիշտ այդ նույն բառերն ասաց նա գրող Սուրեն Այվազյանին: Այվազյանը՝ ճերմակահեր, բարեդեմ, ազատախոս ու զրուցասեր՝ բորբոքված խոսում էր Բրեժնևի մասին. «Երկիրը սովի մատնված, խանութները դատարկ, կաշառք ու կողոպուտ, թալանն անսահման չափերի հասած, իսկ նա ամիսը մի անգամ նոր շքանշան է կախում դոշին: Էլ շքանշան կախելու տեղ չկա, մնում է մի երկու հատ էլ պորտից կախի»: Ներկաները ծիծաղեցին, իսկ նախկինը հուզվեց, կարմրեց ու էլի այս նույն բառերն ասաց. «Սուրեն, խնդրում եմ, ինձ մոտ այդպիսի բաներ մի ասա», որին Սուրեն Բախշիևիչը ծիծաղելով պատասխանեց. «Նախօրոք ապահովեցիր քեզ, որտեղ իմ ասածը հայտնեն, քո ասածն էլ են հաղորդելու»:

Հուրունցը բոլորովին այլ բան ասաց.

– Ցավալի է, Սամվել, – ասաց, – շատ է ցավալի, որովհետև կեղծ հեղինակությունների թիկունքում չես տեսնում, ավելի ճիշտ՝ չես ուզում տեսնել այն չարիքը, որ ամեն օր, ամեն ժամ ձնագնդի պես մեծանում է: Մեծանում է նրանց շողոքորթ աջակցությամբ, ովքեր պարտավոր են կռվել չարիքի դեմ: Իմացած եղիր, որ կևորկովները կանցնեն, ինչպես ժամանակին նրա նախորդներն անցան՝ Կարակոզով, Զամարաև, Ապուլով, Զիալով, Շահնազարով, Ջամգարով, Ասլանով, հայկական մարզում՝ ոչ մի հայկական ազգանուն: Հայկական ազգանունով միայն Եղիշե Գրիգորյանն էր, էն էլ՝ որովհետև կնիկը թուրք էր:

Նախկինը սառցային քամահարանքով նայում էր Հուրունցին. նա քիթն աջ ու ձախ տանելով՝ կրկին չոր վեր քաշեց:

– Ինչո՞ւ է այսպես, – շարունակեց Հուրունցը: – Մտածե՞լ ես մի անգամ, որ ուղիղ հարյուր ութսուն տարի առաջ Ղարաբաղն իր տասներեք գավառներով ու տասներկուսուկես հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ավելի քան հինգ հազար պատմաճարտարապետական հայատառ հուշարձաններով, իր հայ մելիքներով ու իր հայ պատմությամբ՝ սկսած Հերոդոտից ու Ստրաբոնից մինչև Դիոն Կասիոս, կամավոր մտավ Ռուսաստանի կազմի մեջ, նրա այդ տարածքից այսօր մոտ չորսուկես հազարն է մնացել, որը նույնպես այս ու այն կողմից բռնագրավվում է: Ո՞վ քսան թվականին ավերեց, հողին հավասարեցրեց Ղարաբաղի հիսունինը շեն գյուղերն ու ոչնչացրեց նրա քսանհինգ հազար հայ բնակչությունը, իսկ երեսունյոթ հազարը դարձավ գաղթական: Ո՞ւր են հայկական մշակութային կյանքի առաջատար ջոկատներից մեկի՝ Շուշի քաղաքի հինգ տպարանները, որտեղ նախանցյալ դարի սկզբից հայերեն գրքեր ու պարբերականներ էին հրատարակվում, ո՞ւր մնաց թեմական դպրոցը, հարյուր յոթանասուն տարի առաջ կառուցված Կուսանոց վանքը, Մկրտիչ Խանդամիրյանի երեք հարյուր հիսուն տեղանոց շքեղազարդ թատրոնը, ամառային և ձմեռային ակումբները, գործող վեց եկեղեցիները, հազարի հասնող արհեստանոցները, գորգագործական ֆաբրիկան, որը տարեկան յոթ հարյուր ընտիր գորգ էր արտահանում, ո՞վ երեք անգամ հրդեհի մատնեց գեղեցկուհի քաղաքն ու, ստոր անգլիացիների հետ դաշնակցած, խաբեությամբ կոտորեց նրա հայ բնակչությունը: Գոնե մտածե՞լ ես մի անգամ, – տեղից ելնելով ու գունատված շարունակեց Հուրունցը, – թե ինչո՞ւ Խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերի մեջ չկա մի կոմպոզիտոր, նկարիչ, գիտնական, հանրապետության մասշտաբի ղեկավար աշխատող, կենտկոմի քարտուղար ու բաժնի վարիչ, ոչ մի կարգին գրող… Այդ ինչպե՞ս պատահեց, որ ատելի հին կարգերի օրոք Բաքվում Հայոց ագգային խորհուրդ ու հայ գրողների միություն կար, բարեգործական, մարդասիրական ու մշակութային ընկերություններ կային, Ալեքսանդր Շիրվանզադեն ու Հովհաննես Հովհաննիսյանը կարողացան համարյա մինչև կյանքի վերջն ապրել այստեղ, իսկ խորհրդային տարիներին հայ գրողներ Գարեգին Սևունցը, Համո Սահյանը, Աշոտ Գրաշին, Սուրեն Այվազյանը, Արշավիր Դարբնին, Գարեգին Բեսը, Լեոնիդ Հուրունցը և շատ ուրիշներ հարկադրված եղան հանրապետությունից հեռանալ: Ո՞ւր մնացին Բաքվի մի քանի տասնյակ հայկական դպրոցները, մշակույթի տները, գրադարանները, տպարանները, ինստիտուտն ու թատրոնը, որ անխափան գործում էր հազար ութ հարյուր յոթանասուն թվականից ի վեր: Ինչո՞ւ Ղարաբաղի գրողները, ովքեր հինգ-վեց տարին մի անգամ փոքրիկ մի բրոշյուր տպագրելու իրավունք ունեին միայն, երկարամյա հետապնդումներից հետո ստիպված եղան փախչել՝ Բագրատ Ուլուբաբյանը, Բոգդան Ջանյանը, Ժան Անդրյանը, մյուսները, որոնք Երևանում անգամ պրծում չունեն Կևորկովի ճանկերից:

– Քո կարծիքով, ուրեմն, այստեղ ոչ մի կարգին գրող չկա: Ես էլ գրող չեմ, հա՞, – կատաղի ցասումով բացականչեց նախկին գլխավորը: – Իմ երկերի երկհատորյակը իզո՞ւր են տպել, Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծի կոչում ինձ իզո՞ւր են տվել:

– Ժողովրդական բանաստեղծի կոչում քեզ տվել են նրանք, ովքեր քո գրածները կարդալ չեն կարող: Դա հիմարություն է, իսկ հիմարությունը, եթե ճշմարտության տեղ է դրվում՝ սարսափելի է:

– Փառք աստծո, – դանդաղ, բառերը ձգելով արտաբերեց նախկինը, – որ ո՛չ դու և ո՛չ էլ քո նմաններն են որոշողը, թե ում կարելի է տիտղոս ու կոչում տալ և ում՝ ոչ: Փառք աստծո, – կրկնեց նա՝ մոտենալով դռանը:

– Գնա, գնա, իմ ասածներից մենակ դա՞ կպավ քեզ, հա, – առերևույթ հանգստություն պահպանելով, քմծիծաղ տվեց Հուրունցը: – Գնա, հատուկ խանութից մթերք կբերեն, տանը չես լինի: Հատուկ խանութ, հատուկ հիվանդանոց, հատուկ հյուրանոց, հատուկ ռոճիկ ու հավելավարձ, հատուկ դեղատուն, հատուկ զուգարան, լրիվ հատուկ՝ ծննդատնից մինչև գերեզմանատուն, լրիվ հատուկ և լրիվ ժողովրդից անջատ: Հասել են իրենց պայքարի վերջնական նպատակին՝ կոմունիզմ են կառուցել, յուրաքանչյուրից՝ ոչինչ, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքի, իսկ պահանջմունքներն այնքան մեծ են, որ իսկական կոմունիզմ առայժմ հաջողվել է կառուցել միայն իրենց համար:

Նախկինը բազմանշանակ նայեց Հուրունցին, բիբերի մեջ ցոլաց չարության փայլը, սակայն ոչինչ չասաց, լուռ, զայրույթից կարմրատակած, քիթը վեր քաշելով դուրս եկավ, առանց հրաժեշտ տալու: Սակայն, երկվայրկյան չանցած, նա ետ եկավ և, բացելով դուռը, անողոք չարախնդությամբ նետեց.

– Գիտես ի՞նչ, Հուրունց, ասում են՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ՝ խակ է ասավ, – և շրխկոցով փակեց դուռը:

Տիրեց երկարատև լռություն:

Արինան իր սենյակի դուռը բացել, գլուխը դռան կողափայտին հակած, նայում էր:

– Տասնութ թվականին թուրքերը մորն ու քրոջն այստեղ՝ իր աչքի առաջ մորթել են, – ի վերջո լռությունը խախտեց Սաղումյանը: – Ինքը մահճակալի տակ թաքնված տեսել է, փոխանակ այդ մասին գրելու, ծռտի-մռտի հուշեր է գրում… Գնաց հաղորդելու, – ավելացրեց նա:

– Գիտեմ, – ներողամտորեն համաձայնեց Հուրունցը, ձեռքը թափ տվեց: – Եվ ո՞ւր է հասարակությունը, Հարություն, – նորից խոսեց Հուրունցը: – Օրինակ, դու, որպես պարտիզանական միավորման նախկին հրամանատար, ի՞նչ ես մտածում, ի՞նչ են մտածում կոմունիստները, որոնք ամեն ինչ գիտեն և ոչ մի խոսք չեն ասում հօգուտ արդարության, կուրորեն ծափահարում են ղեկավարությանն ու նրանց կամակատարներին: Վերջապես ամեն մի կոմունիստ, յուրաքանչյուր մարդ ունի՞ բարոյական պատասխանատվության զգացում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրում: Թե՞ վախկոտություն են խաղում, Համլետի ասած՝ «Խոհեմությունն այսպես ամենքիս վախկոտ է դարձնում և անվճռական»:

– Դու, սիրելի Լեոնիդ, տարիներ շարունակ անդադրում բողոքում, գրում ես ամեն տեղ, որևէ արդյունքի հասե՞լ ես արդյոք, – միջամտեց Սաղումյանը: – Ախր, բանն այն է, որ չարիքի դեմ պայքարելը հանձնարարվում է նրան, ով չարիք է գործում: Բողոքդ ուղարկում են նրան, ում դեմ բողոքել ես:

Հուրունցը լուռ էր, հետո խոսեց միանգամից՝ դանդաղ արտաբերելով բառերը:

– Այո, այդպես է: Ջահելները չգիտեն, բայց ես ու դու հո հիշում ենք, թե ինչպես էին պարտադիր փոխառությունները փաթաթում խեղճ ղարաբաղցու վզին, հետո այդ փոխառությունները մարելու նպատակով ինչպես էին թշվառ գյուղացու դռնից քշում տանում վերջին կովը կամ ոչխարը, պատից հանում կարպետը, դուրս քաշում ներքնակի բուրդը, խլում կարի մեքենան, ինչպես էին պոկում տանիքի թիթեղը՝ տունը թողնելով բաց երկնքի տակ: Բողոքներ էին, որ գնում էին Մոսկվա, բայց այդ բողոքները վերադառնում էին Բաքու, այստեղից էլ գալիս էին գյուղ՝ ոչ թե բողոքի իսկությունը պարզելու, այլ դրանց հեղինակներին գտնելու և պատժելու:

– Հա, դժբախտաբար, ճշմարտություն է այդ ամենը, – ասաց Սաղումյանը, ծանր օրորելով գլուխը:

– Մակար Բարխուդարյանցը, որ ուղիղ հարյուր տարի առաջ ծայրից ծայր շրջել է ողջ Ղարաբաղն ու գրի առել ամեն ինչ, նշում է, որ երեք քաղաքի, տասը ավանի ու ավերված երեք հարյուր վաթսուն գյուղերի փլատակներ կան Ղարաբաղի տարածքում, տասնյակ ու տասնյակ գյուղերի անուններ է թվարկում, ուր նախկինում հայեր էին ապրում, իսկ այժմ՝ քոչվոր ցեղեր: Վերցրեք մինչև հեղափոխություն հրատարակված հանրագիտարանները, – շարունակեց Հուրունցը, – և կտեսնեք, որ 1914-ին Լեռնային Ղարաբաղն ուներ երկու հարյուր քսանչորս հայկական գյուղ՝ երկու հարյուր յոթանասուն հազար հայ բնակչությամբ: Ղարաբաղի ամբողջ տարածքում ազգաբնակչության հինգ տոկոսն էր միայն այլազգի, մնացած իննսունհինգ տոկոսը հայեր էին: Մենակ հայեր: Տասնութ թվականի սկզբին այդ թիվը հասել էր երեք հարյուր երեսուն հազարի: Քսան տարի անց, այսինքն՝ Հայրենական Մեծ պատերազմի նախօրյակին, հայ բնակչության թիվը կրճատվել, հասել էր հարյուր երեսուներկու հազարի, որից քառասունհինգ հազարն ուղարկվեց ռազմաճակատ, այսինքն յուրաքանչյուր հինգից երեքը, մինչդեռ, ինչպես պարզվեց հետո, հանրապետության ադրբեջանական շրջաններից, որոնք բնակչությամբ չէին զիջում մարզին, զորակոչվել է հինգից-վեց անգամ քիչ մարդ:

– Իսկ կռվից հետո ինչքա՞ն մարդ քշվեց Սիբիր, – դառնությամբ լրացրեց Սաղումյանը:

– Կռվից հետո, 1949-ի հունիսի տասնչորսի լույս գիշերը, Ղարաբաղից քսանչորսուկես հազար մարդ աքսորվեց Ալթայի երկրամաս, – ի պատասխան արձականքեց Հուրունցը: – Այսքանն իբր քիչ էր, 1952—1955 թվականներին քսան հազար հայ պատանիներ ու աղջիկներ քշվեցին շինարարական կառույցներ՝ Սումգայիթ, Մինգեչաուր, Կարադաղ, Ալի-Բայրամլի… Սա Ղարաբաղը փաստորեն դատարկելու անսքող պլան էր, որը պետականորեն իրականացվում էր: – Հուրունցը դարձյալ քիչ դադար տվեց, հետո շարունակեց, – Կևորկովից առաջ Ղարաբաղում տեր ու տիրականը Վոլոդինն էր, համարյա նրա տեսակից՝ շորթող և ոչ հասարակ կաշառակեր: Նա ակնարկներ չէր անում, այլ պահանջում էր: Ծառայողական մեքենան ուղարկում էր կոլտնտեսությունները՝ տուրք հավաքելու՝ հավ, ձու, միս, յուղ, մեղր, պանիր, թոնրի հաց: Ինչ ասես: Բայց ամենից շատ՝ թթի օղի, տասը-քսան լիտրով: Դեպք է եղել, որ միանգամից քառասուն լիտր է պահանջել: Նախագահներից մեկը՝ Կարմիր գյուղի կոլտնտեսության նախագահ Թովմասյանը, չի դիմանում, տուրքի ետևից եկածին ոչ միայն գրողի ծոցն է ուղարկում, այլև հայհոյում է մարզկոմի քարտուղարին, նրան անվանելով մուրացկան: Ասում է ու ձեռը կրակն ընկնում: Խեղճ մարդուն կուսակցությունից ու պաշտոնից վտարում են, բանտ նստեցնում: Նա մի անգամ հարբած վիճակում ասել է. «Ամբողջ Ղարաբաղը բանտ կարող եմ քշել»: Եվ իսկապես, քանի-քանի մարդկանց անմեղ տեղը բանտ է նետել, քանի կյանք խորտակել: Ուր ուժն է օրենքը, այնտեղ օրենքն անուժ է: Զորեղների հավիտենավառ ու անմարդկային ուժի օրենքն է դա` ընդեմ թույլ ու խեղճերի, որ նոր չէ, գոյություն ունի մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, երբ աթենացիները Մելոս կղզու խեղճուկրակ բնակչությունից պահանջում էին ենթարկվել Աթենքին, որովհետև` զորեղն անում է, ինչ կարող է, իսկ թույլը զիջում է… Վոլոդինի գործունեության մասին վագոններով բողոքներ են ուղարկվել վերին ատյանները. ոչ մի օգուտ: Նրա հանցավոր արարքների մասին շատ առիթներով եմ խոսել, գրել, նույնը. ձայն բարբառո հանապատի: Ոչ մի օգուտ: Չեմ հիշում մի դեպք, որ կուսակցության կամ իրավապահ մարմինների աշխատողը որևէ հարցում սխալ լինի, արմատացած ավանդույթով նրանք միշտ ճիշտ են, գլուխդ թեկուզ քարին տուր, միևնույն է, չես կարող քոնն ապացուցել:

Արինան Հուրունցի համար թեյ բերեց, հախճապակե պնակիկի մեջ՝ մի քանի կոնֆետ:

Հուրունցը մի կում արեց մուգ թեյից, ասաց.

– Քաղբյուրոյի անդամ Պելշեի օգնականը, մերժելով ինձ ընդունել, հայտարարեց. «Դուք կուսակցության անդա՞մ եք, որ եկել եք Կենտկոմ: Իսկ ի՞նչ հարցով եք ուզում Պելշեի մոտ գնալ… Քննադատե՞լ մարզկոմի քարտուղարին՝ դուք մտածո՞ւմ եք ինչ եք ասում, ձեզ ո՞վ կհավատա: Եթե կուզեք իմանալ, ինքը՝ Պելշեն անգամ, չի կարող նրան մատով կպչել»: Ղարաբաղի հայերը հարյուրամյակներով թթի այգիներ են տնկել: Թթից չամիչ են չորացնում, դոշաբ են եփում՝ երկուսն էլ բուժական մեծ հատկություններով օժտված, օղի են քաշում: Օգտվելով օղու դեմ պայքարն ուժեղացնելու մասին միութենական կառավարության հակաժողովրդական որոշումից, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը կարգադրել է Լեռնային Ղարաբաղում կտրատել թթի բոլոր ծառերը, մարդկանց ու կոլտնտեսությունները զրկելով եկամուտի այդ չնչին աղբյուրից: Նպատակը հեռահար ու որոշակի՝ հայ գյուղացուն զրկել ապրելու միջոցներից, որ թողնի հեռանա, օջախն ու հողը լքի, գնա բնավորվի Հյուսիսային Կովկասում, միջինասիաներում, ուր ուզում է, միայն թե գնա: Սա ցեղասպանություն չի՞, որ Ադրբեջանի կառավարությունը որոշեց վերացնել մարզում եղած չնչին արդյունաբերությունը՝ ավտոտրանսպորտային շարասյունն ու սպանդանոցը տեղափոխել Աղդամ, մետաքսագործական ֆաբրիկան՝ Նուխի: Նպատակը նույնը՝ հայ մարդկանց զրկել աշխատանքից: Ստացվում է, որ Ղարաբաղի հայերի վիճակը շահի Պարսկաստանում անհամեմատ լավ էր, քան սովետա-ալիևյան Ադրբեջանում՝ երկու դար անց:

Հուրունցը շուռումուռ եկավ տեղում: Թեյ խմեց: Ընդհանուր լռության մեջ կրկին հնչեց նրա ձայնը.

– Վերջերս հակահայկական «Պրավդա» թերթի թղթակից Թաիրովը Նախիջևանի մասին ինչ-որ նյութ էր գրել. նա այնտեղ տեսնում է բազում մզկիթներ և իր քոռացած աչքով չի տեսնում ոչ մի հայկական եկեղեցի, չի տեսնում ավերված բնավեր Ագուլիսը՝ իր բազմաթիվ եկեղեցիներով, հայկական կիսաքանդ գյուղերը, Բադամլին, որն իր ութսուն ընտանիքներով՝ գյուղի քահանայի հետ միասին, մի օրվա մեջ թրքացվեց, այլապես մեծ ու փոքրով սրի էր քաշվում, էլ չեմ ասում՝ պատմաճարտարապետական անթիվ-անհամար հուշարձանները, Ջուղայի երեք հազարի հասնող ջարդված քարահյուս խաչքարերը: Նախիջևանի հայությունը դիմացավ սելջուկներին, ցարիզմի լծին, անգամ մուսավաթականներին, բայց, ահա, չի կարողանում դիմանալ խորհրդային պետության վարած հայադավ քաղաքականությանը, դատարկվում է:

– Ընկեր Հուրունց, – ասաց Լորաննան մի տեսակ ընկճված տոնով, – ուրեմն՝ ճի՞շտ էր Նաիրի Զարյանը, երբ ասում էր՝ Սևան, իզուր ես դու ափնակոծում, որոտում, ճակատագիրը իմ ու քո՝ օվկիանոսներն են որոշում:

Հուրունցը ձեռքը մտերմաբար դրեց Լորաննայի ուսին, դառը ժպտաց:

– Մինչև 1929 թվականը Հայաստանի տարածքը կազմում էր երեսունչորս հազար հինգ հարյուր երեսունինը քառակուսի կիլոմետր, Կովբյուրոյի՝ այդ նույն տարվա փետրվարի 18-ի որոշմամբ Հայաստանից Ադրբեջանին է հանձնվում չորս հազար յոթ հարյուր երեսունինը քառակուսի կիլոմետր տարածք: 1926 թվականի Խորհրդային մեծ հանրագիտարանի քարտեզում Լեռնային Ղարաբաղն անջատված չէ Հայաստանից: Հետագայում, որպեսզի Հայաստանը Ղարաբաղից անջատվեր, Մոսկվայի հրահանգով ստեղծվեց «Կարմիր Քուրդիստանի օկրուգը»: Այսօրվա Զանգելանի, Ղուբաթլուի, Լաչինի և Քյալբաջարի շրջաններն են: Հետագայում դրա կարիքը, պարզ է, այլևս չէր զգացվում. գործն արդեն արված էր: Դրա համար էլ քսանինը թվականին լուծարման ենթարկվեց: Երեսուն թվականի քարտեզներում այդ շրջաներն արդեն մտցված էին Ադրբեջանի կազմի մեջ, այսինքն՝ Ղարաբաղն անջատված էրՀայաստանից…

Հուրունցը քիչ լռեց, ասաց հոգնաբեկ.

– Հայաստանի վերջին բաժանումը նախատեսված էր հազար ինը հարյուր հիսուներեքի ամռանը: Բագիրովի դատավարության ժամանակ բացվեց դա: Ռազմական տրիբունալի նախագահ Ռուդենկոյի խաչաձև հարցաքննությամբ պարզվեց, որ Բագիրովը ծրագրել էր Ադրբեջանին միացնել Դաղստանը, ինչպես նաև ինքը՝ Բերիան և Ստալինը նախատեսել էին 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի վիթխարի բռնագաղթ, որով հանրապետության բնակչությունը կդառնար մեկ միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից: Ռուդենկոյի այն հարցին, թե Հայաստանն, ուրեմն, պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարևանների՞ն, Բագիրովն անվրդով պատասխանել էր, որ, այո, ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով: Ռուդենկոյի նոր հարցին, թե ո՞րն էր հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր, Բերիայի և Ստալինի մտադրությունները, Բագիրովն ասել էր՝ Կրեմլին ձեռնտու էր Արևելքում, մահմեդական աշխարհի նախադռանն ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան…

Հուրունցը դարձյալ քիչ լռեց, քրթմնջաց, ասաց.

– Երբևէ տեսել ե՞ք անտառից անջատ, մենավոր ծառ, որը լավ եղանակին լինի, թե վատ, անվերջ գալարվում է, ասես Ճյուղերով շուրջն ինչ-որ բան փնտրելով: Ինձ միշտ այնպես է թվացել, թե ծառը փնտրում, փնտրում է մեկի հուսալի ձեռքը, մեկի աջակցությունը ու չի գտնում: Անցնում են տարիները, տասնամյակները հաջորդում են իրար ու ծառը կա՝ հողմերից ծեծված, շարունակում է գալարվել ու փնտրել, փնտրել ու գալարվել: Ղարաբաղն է դա, որ ահա երեք հարյուր տարի ի վեր պատվիրակներ է ուղարկում այս ու այն կողմ՝ Իսրայել Օրուց մինչ այսօր, խնդրում, բողոքում ու տառապելով սպասում է օգնության, բայց քար լռության ու քար անտարբերության մեջ կանգնած՝ մենավոր այն ծառի պես չի գտնում աջակից ու հուսալի մի ձեռք ու գալարվում, տնքում է անամոք ցավից, չհասկանալով, որ, այո, օվկիանոսներն են որոշում իր բախտը: Դե, լավ, վեր կացեք գնանք, այս բոլորը, ինչ ձեզ պատմեցի, գրած ունեմ, բայց ո՞վ է տպագրողը, չեն տպում ու չեն էլ տպի, վեր կացեք, խոսելուց օգուտ չկա, խոսելով չէ՝ ազատությունը զենքով, զենքով է միայն ձեռք բերվում, զենքով ու անհամար մարդկանց սրբազան արյան գնով:

Հուրունցը վերցրեց իր հին, գույնը կորցրած ցմփոր պայուսակը և առաջինը դուրս եկավ միջանցք:

Վերելակի կողմից զրուցելով գալիս էին հաղորդավարները, որոնք եկել էին երեկոյան ծրագրի հաղորդմանը: Նրանց հետ էր և մանկական հաղորդումների բաժնի խմբագիր Թելման Կարաբաղլի-Չալյանը՝ դեղին փողկապով, գլխին մի տասնհինգ-քսան մազ, ակնակոպերի այտուցով, վազվզուն աչքերում՝ շարունակ ինչ-որ կարմրածություն, գունատ, սմքած շուրթերով, հիսունն անց մի տղամարդ, որը, եթե ոչ վերջնականապես ցնորված, ապա արդեն խանգարված մարդու տպավորություն էր թողնում: Եթե ոլորուն ու բարակ բեղեր պահեր՝ ծայրերը վեր ցցված, կարելի էր կարծել, թե ինքը՝ Սալվադոր Դալին է առջևդ կանգնած:

– Մունք եկալ ենք ախշադանքի, տուք քինամ եք դոն, – իր կարծիքով մաքուր հայերենով փիլիսոփայեց Թելմանն ու առանց բարևի անցավ մեր կողքով:

Այս Թելման Կարաբաղլի-Չալյանի մանկությունը Բարդա քաղաքում էր անցել, մայրը՝ մանկահասակ երկու երեխայով, ամուսնացել էր ադրբեջանցու հետ, նրա կրթությունն ադրբեջանական էր, համալսարանի իրավաբանականն էր ավարտել, ասում էին, որ նույնիսկ հեռավոր ինչ-որ շրջանում մի քանի ամիս դատախազ էր եղել: Այնուհետև աշխատել էր հեռուստատեսության ադրբեջանական խմբագրություններից մեկում, հայկական ծրագրի բացումից հետո նրան փոխադրել էին մեր խմբագրություն: Բայց թե ինչպե՞ս էր ավարտել համալսարանը, ինչպե՞ս էր աշխատել մինչև այդ՝ անհասկանալի էր. երկու-երեք էջանոց մանկական հաղորդման վրա երկու շաբաթ տնքում ու տառապում էր, և թե նախկին գլխավորն ինչո՞ւ էր նրան հայկական խմբագրությունում աշխատանքի ընդունել՝ նույնպես անհասկանալի էր: Ոչ այն է պետական անվտանգության կոմիտեից էին պարտադրել, ոչ այն է կենտկոմից, և ահա քանի տարի առոք-փառոք ապրում էր, ոչինչ չանելով: Նրա մասին տղաներն անեկդոտ էին սարքել, որը Հուրունցին ևս ծիծաղելի թվաց: Իբր, այս Թելմանի մայրը, Գիքորի պես ձեռքը բռնած՝ նրան տանում է հայկական «Կոմունիստ» թերթի խմբագիր Գեղամ Բարսեղովիչ Անտելեպյանի մոտ՝ աշխատանքի տեղավորելու: «Գոնե դառերը գիդի՞», – հարցնում է արևմտահայ Անտելեպյանը: «Չէ, մատտաղ, – պատասխանում է մայրը, – բա, որ իմանար՝ էլ ինչո՞ւ էի ձեզ մոտ բերում, կտանեի «Բակինսկի Ռաբոչի»:

Նոր գլխավորը նույնպես նրան ձեռք տալ չէր ուզում: Մի անգամ կոլեգիայի նիստում, երբ խոսք բացվեց այն մասին, որ նա ոչինչ չի անում, գլխավորը, չգիտես ինչու հուզվելով, դեմքն ափով շփեց՝ ասես ծանր հոգսն իրենից վանելու համար, և հայացքը փախցնելով ասաց. «Հաշվեք, որ դա փակ թեմա է և, խնդրում եմ, այդ մասին այլևս խոսք չլինի», իսկ ինձ առանձին ասաց. «Ես չեմ կարող նրան հանել, դա իմ ուժերից վեր է»:

Երեքով՝ Հուրունցը, Սաղումյանը և ես, վերելակով իջանք ցած, դուրս եկանք փողոց:

Գարնան օրը՝ ջինջ, արևը՝ հաճելիորեն տաք, հաստաբուն լորենիների ստվերում մի խումբ տղաներ թեյում էին՝ ալարկոտ նայելով անց ու դարձողներին, մեքենաների անվերջ հոսքը՝ պողոտայով, այգու խորքում, Իչարի Շահարի բարձրաբերձ պարսպի տակ, բացօթյա սրճարանում դպրոցականների խումբը զրնգուն ձայներով պաղպաղակ էր վայելում, նրանց անհոգ ծիծաղը տարածվում էր այգով մեկ…

– Նա պարտավոր է խմբագրել ուրիշի նյութերը, չի անում ու, պարզ է, չի էլ կարող անել, – ասաց Սաղումյանը Թելման Կարաբաղլի-Չալյանի հասցեին: – Այդքանը հերիք չէ, մեկն էլ պիտի նստի ու այս ու այնտեղից թռցրած նրա մանկամիտ բարբաջանքները թարգմանի, մշակի ու պատրաստի, որպեսզի նա չզրկվի ամենամսյա հոնորարներից:

– Սա նույնպես մեր ժողովրդի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի արտահայտություն է, – եզրակացրեց Հուրունցը, – հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների կոմիտեում տասնյակ խմբագրություններ կան, մի՞թե հնարավոր չէր նրան մի այլ խմբագրությունում տեղավորել:

– Ադրբեջաներեն տառերը նույնպես չգիտի՝ ո՞վ կուզենա նրան պահել, – կատակեց Սաղումյանը: – Երկու հոգով են բաժնում, ինքն ու քո ասած էդ Գևորգ Աթաջանյանը, մի նադինջ, ամբարիշտ ու կռվարար տիպն էլ դա է, ամբողջ օրը կռիվ ու վեճ է: «Գրական Ադրբեջան» հանդեսում սրբագրիչ էր, հանեցին, ընդունել ենք ու մնացել ձեռքը կրակն ընկած:

– Իսկ գիտե՞ք, որ ցարի օրոք ու դրանից էլ շատ առաջ այստեղ, Բաքսովետի մետրոյի այս տարածքում, հիմիկվա ֆիլհարմոնիայի շենքից սկսած մինչև կենտրոնական ունիվերմագ, հայ-ռուսական մեծ գերեզմանոց էր: – Հուրունցը շրջվեց, արևով ողողված մայթին կանգնած՝ երկար նայում էր մեր շենքին, ուշադիր դիտում պատերի համաչափ ու ներդաշնակ համամասնությունները, պատուհանների կամարաձև շրջանակները, վահանաձև զարդերն ու խորաքանդակները: – Կյանքը մի ակնթարթ է՝ ներկայի ու անցյալի արանքում, – դեմքին խորին ափսոսանքի արտահայտություն, արտաբերեց Հուրունցը, մատներով սանրելով անհնազանդ մազերը: – Ինձ թվում է, ջահելության հմայքի ողջ գաղտնիքը ոչ թե ամեն ինչ անելու հնարավորության մեջ է, այլ այն մասին մտածելու հնարավորության մեջ, որ դու ամեն ինչ կանես: Մարդ իր կյանքն ապրում է երազելով՝ ջահել ժամանակ ուզում ես ուրախ ապրել, թեպետ ջահելությունն ինքնին ուրախություն է, մեծացած՝ ուզում ես լավ ապրել, ծեր հասակում մի բան ես ուզում միայն՝ երկար ապրել… Ասես երեկ էր, ջահել, ամբողջ կյանքս առջևում, թռվռալով իջնում-բարձրանում էի այս աստիճաններով, հիմա աստիճանների քարերն էլ են մաշվել իմ կյանքի նման… Ութ տարի աշխատեցի այստեղ, հեռուստատեսություն դեռ չկար, ռադիոհաղորդումների ռուսական հաղորդումների խմբագրությունում էի աշխատում, հաղորդումները հավասար կերպով տրվում էին երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, կոմիտեի նախագահը հայ էր, Հովհաննիսյան ազգանունով, կենտկոմի հայազգի քարտուղար էլ կար, կարծեմ՝ Առուշանով, իսկ մինչև Բագիրովը՝ Կիրովից հետո, կենտկոմի առաջին քարտուղարը Լևոն Միրզոյանն էր՝ Ղարաբաղի Աշան գյուղից: Նրանից հետո էլ առաջին քարտուղարը հայ էր՝ Ռուբեն Ղուկասովիչ Ռուբենով՝ հայտնի Ռուբենը: Բագիրովն ու Բերիան երեսունյոթին երկուսի գլուխն էլ կերան: Իսկ այս շենքը գիտե՞ս ումն էր, – հարցրեց նա:

– Իհարկե, գիտեմ, – կարծես թե նեղացավ Սաղումյանը: – Էդ մեր Լեոն կարող է չիմանալ, ես գիտեմ՝ Միրզաբեկյան եղբայրների շենքն է, ինը հարյուր իննսունինը սենյակ ունի, մեր կոմիտեից բացի տասնյակ ուրիշ հիմնարկություններ կան՝ է՛լ դատախազություն, է՛լ մինիստրություններ, է՛լ նախագծային ինստիտուտներ, տարբեր խմբագրություններ՝ ինչ ասես: Այս շարքի բոլոր տասներեք հոյակերտ տները հայերին էին պատկանում՝ Բուդաղյաններին, Շահգելդյաններին, Տեր-Ակոպովներին… Իսկ այս մեկը Թումանյանների տունն էր, մյուսը՝ Տեր-Ղուկասովինը, մինչև հիսուներեք թիվը Բագիրովն այդ տանն էր ապրում, հիմա պատկերասրահ է, քիչ ներքև, այս նույն փողոցի վրա, ծովափին, ղարաբաղցի Արամյանցի տունն էր, «Ազնևթի» վարչությունն է հիմա այնտեղ, ավելի դենը, Հայոց թեմական դպրոցների վարչությունն էր, Բաքսովետի ուղղությամբ, Արմյանսկայա կոչվող փողոցում, որ հիմա Գորկու անունն է կրում, Հայոց մարդասիրական ընկերության ու հայկական եկեղեցու շենքերի կողքին, Մանթաշովի տունն էր, 1918-ի սեպտեմբերին մուսավաթականներն ու թուրքերը երեք հազար հայ կին ու երեխա հավաքում, լցնում են Մանթաշովի այդ տան բակը և բոլորին սրի քաշում: Այն Մանթաշովի, որի սեփական միջոցներով Բաքվից մինչև Բաթումի 835 կիլոմետր նավթատար խողովակաշար գցվեց: Բաքվում հարյուրավոր շենքեր կան, այդ թվում Մագոմաևի անվան ֆիլհարմոնիայի և Ախունդովի անվան օպերայի ու բալետի շենքերը, որոնք մինչև հեղափոխությունը պատկանում էին հայերին: Գաբրիել Տեր-Ղուկասովը, ասում են, ճարտարապետ Տեր-Միքելովին պատվիրում է ֆիլհարմոնիայի ամառային դահլիճն այնպես նախագծել, որպեսզի քիչ այն կողմ, իր առանձնատան պատշգամբում նստած՝ կարողանա իրիկունները և՛ թեյ խմել, և՛ երաժշտություն ունկնդրել, որովհետև, ասում է, ինքը ժամանակ չունի համերգներ գնալու: Ճակատագրի չար հեգնանքով՝ հետագայում այդ տան պատշգամբում նրա դահիճ Միր-Ջաֆար Բագիրովն էր նստած թեյ խմում ու երաժշտություն լսում նրա կառուցած մարմարյա դահլիճից: Նայիր, ֆիլհարմոնիայի դիմացի ահա այն հոյաշքեղ տունը, որտեղ երեսնական թվականներին կենտկոմն էր տեղավորված՝ այդ նույն Բագիրովի գլխավորությամբ, նույնպես Տեր-Միքելովն է կառուցել:

– Այդ շենքերի տերերին թուրքերը կոտորեցին հինգ ու տասնութ թվերին՝ հափշտակելով նրանց գործարանները, ֆաբրիկաները, խանութներն ու գրասենյակները, – լրացրեց Հուրունցը փշրված ձայնով, – իսկ ովքեր ողջ մնացին՝ Բագիրովի ու Լավրենտի Բերիայի ձեռքով գնդակահարվեցին, մի մասին էլ քշեցին Սիբիր. գնացին կորան: Նրանցից և ոչ մեկը չվերադարձավ:

Լուռ քայլեցինք դեպի մետրո:

– Գրող Սուրեն Կասպարովի մոտ եմ գնում, – ասաց Հուրունցը: – Տղաները սպասում են, Ալիևի ու Կևորկովի հակահայ գործունեության մասին մի նամակ է՝ Քաղբյուրոյին ուղղված, պիտի միասին նորից կարդանք, առավոտյան շուտ հենց Սուրենի մոտից էլ կմեկնեմ օդանավակայան: Երեկ մի երկու հոգով մինչև ուշ երեկո դրանով էինք զբաղված, շատ խելացի դիտողություններ եղան, հարկավոր կլինի որոշ շտկումներ կատարել, ոչինչ, կանեմ, ասացին, որ Ճարտարի նախագահ Սուրեն Ադամյանն այստեղ, Բաքվում է, այսօր գալու է Կասպարովի մոտ, շատ լավ կլիներ, որ նա էլ ծանոթանար այդ նամակին: Լսիր, – հանկարծակի ու զարմացած ասաց նա: – Քանի տարի առաջ եմ տեսել, մի մազ անգամ չի փոխվել: Ահա ձեզ մի նոր Սամվել Գրիգորյան:

Մենք ակամա նայեցինք նրա հայացքի ուղղությամբ: Դիմացից մի ծերունի էր գալիս՝ բարձրահասակ, մեջքից մի թեթև կոր, սակայն առույգ քայլվածքով:

– Իսկ ո՞վ է դա, չեմ ճանաչում, – աչքերը կկոցած հարցրեց Սաղումյանը:

– Քիչ առաջ պատմում էի՝ հային հայի ձեռքով վերացնելու մասին: Սա հայտնի չեկիստ Ասծատուրովն է: Դավիթ Ավետովիչ Ասծատուրով: Լսած կա՞ք:

– Այն, որ Թևանին…

– Այո, այո, հենց նա է, որ կա: Թևանին, շնորհիվ որի Ղարաբաղի հայությունն ամբողջովին չբնաջնջվեց թուրք արյունարբու զավթիչների ու մուսավաթականների կողմից, սա է կործանել: Մեր թշնամին մեր մեջ է, Հարություն, ամենավտանգավոր թշնամին մեր մեջ է: Ծառը չէր տապալվի, եթե կացնի կոթն իրենից չլիներ… Իմացած եղիր, ազգերն ամենից շատ իրենց տականքների երեսից են տառապում:

Մինչ այդ ծերունին հասավ մեզ, ուզում էր անցնել, Հուրունցը կանգնեցրեց:

– Բարև ձեզ:

– Բարև…

Մարդը շփոթված կանգ առավ, անվստահությամբ ու փոխնիփոխ նայեց մեզ:

– Չեմ ճանաչում, – ավելացրեց նա մի տեսակ մեղավոր տոնով, – տեղը չեմ բերում:

– «Կոմունիստ» հայերեն թերթում ենք աշխատում, – չգիտես ինչ նպատակով՝ հնարեց Հուրունցը, – ինչպե՞ս եք:

– Ոչինչ, շնորհակալ եմ, անցյալ տարի իմ ծննդյան յոթանասունհինգ ամյակին շքանշան ստացա, իսկ այս տարի հրաձգության հանրապետական մրցումներում գրավեցի առաջին տեղը:

Սաղումյանը զարմանք արտահայտող դեմքով նայեց նրան:

– Յոթանասունհինգ տարեկանի նման չեք բոլորովին, – ասաց նա: – Դուք ինձնից շատ ջահել եք երևում:

– Սպորտով եմ զբաղվում, – փութով բացատրեց ծերունին: – Ժամը վեցից հետո հաց չեմ ուտում, ամեն օր սառը ցնցուղի տակ լողանում եմ, մարզանք եմ անում, իսկ իրիկունները նստած՝ հուշեր եմ գրում:

– Ինչի՞ մասին ես գրում, – խոսեցրեց Հուրունցը:

– Իմ գործունեության, – անվարան ասաց ծերունին, – քիչ բա՞ն կա գրելու: Օրինակ, մասնակցել եմ թաթարների տեղահանմանը՝ Ղրիմից Միջին Ասիա, Ուզբեկստան: Նրանցից անմիջապես հետո հույներին, բուլղարներին ու հայերին աքսորեցին: Հայերը համեմատաբար քիչ էին՝ ինը հազար վեց հարյուր քսանմեկ մարդ: Գաղտնի պայմանագիր է եղել կնքված, որ Ղրիմը դատարկեն՝ այնտեղ հրեաներին բնակեցնելու համար, բայց հետո Ստալինը միտքը փոխել է: Չեչենների ու ինգուշների տեղահանմանը՝ 1944 թվականի փետրվարի քսաներեքի տոն օրը, նույնպես մասնակցել եմ: Մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեմ, չեք իմանա… Լեռնային Հայբախ գյուղում ձյունամրրիկի պատճառով հնարավոր չէր բնակչությանը մեքենաներով փոխադրել մինչև երկաթուղային կայարան, ներքին գործերի ժողկոմի տեղակալ Բոգդան Կաբուլովի կարգադրությամբ, գյուղի ողջ բնակչությունը՝ յոթ հարյուր երեսուն մարդ՝ կին, տղամարդ, երեխա-բան, լցրեցինք կոլտնտեսության ձիաբուծական ֆերման, տախտակներով դուռ ու պատուհան ամուր մեխեցինք, հրացանները պատրաստ բռնած չորս կողմից շրջապատեցինք՝ իրարից մեկուկես մետր հեռավորության վրա, որ փախչող չլինի, վառեցինք ֆերման: Մինչև կայարան տանելու հնար չկար: Երկու ժամ էր տրված ընդամենը, միակ ելքը դա էր… Զանազան մարդկանց հետ եմ հանդիպել, նրանց մասին եմ գրում: Մեկը կար՝ մեր կարգերի թշնամի, իմ հրացանազարկից փորը պատռվել էր, սիրած աղջիկ ուներ, սա պատռված փորը մրթասեղով կարում էր, իսկ ինքը մեյխանա ասելով մեզ վրա կրակում էր: Կամ մի ուրիշ դեպք. մեկին Պարսկաստանում բռնել, բերել էինք ներքին բանտ: Սա խնդրեց, որ թույլատրենք վերջին անգամ իրենց տունը տեսնի: Հարուստ նավթարդյունաբերողի որդի էր: Տարանք, մեքենայից երկար նայում էր, գլուխն օրորելով արտասվում, հետո ոնց պատահեց՝ սիրտը պայթեց, տեղնուտեղը մեռավ:

– Թևանի մասին չե՞ս գրում, – հարցրեց Հուրունցը՝ աշխատելով պահպանել ձայնի բարեկամական հնչողությունը:

– Թևան Ստեփանյանի՞, – ոգևորվեց նա: – Գրում եմ, բա ոնց… Նա դաշնակցական բանակի սպա էր, մինչ այդ ցարական բանակի կազմում կռվում էր թուրքական ճակատում, բայց հետո հակահեղափոխական գործունեություն սկսեց: Զանգեզուրում Գարեգին Նժդեհ կար, լսած կլինեք, Վլադիմիր քաղաքի տաժանակիր աշխատանքի կենտրոնական բանտում մեռավ, այդ Նժդեհի ծավալած ռազմական ապստամբության տարբերակն էր իրագործում Ղարաբաղում՝ ձգտելով Լեռնային Ղարաբաղի միավորումը Զանգեզուրի ու Հայաստանի հետ: Զորք կազմած՝ սկսեց կռվել տասնմեկերորդ կարմիր բանակի դեմ, գրավեց Դիզակի և Վարանդայի բոլոր գյուղերը, հասավ մինչև Ասկերան… Մի խոսքով, – շունչ առավ ծերունին, – մեր չեկան նրան երկու անգամ ձերբակալեց, բայց Թևանը երկու անգամ էլ կարողացավ փախուստի դիմել: Չեկայի նախագահ Բագիրովն ու Բերիան, որն այն ժամանակ Բագիրովի տեղակալն էր, անձամբ գնացին Տումի, Թևանի ծննդավայրը, բայց անօգուտ: Հետագայում, քսանինը-երեսուն թվերին, Բագիրովը նորից գնաց Ղարաբաղ՝ փոքրիկ մի խմբով, երկու օր թաքնված մնացին, սակայն Թևանին բռնել այդպես էլ չկարողացան: Նրանք չկարողացան, իսկ ինձ հաջողվեց բռնել: Բայց շատ տարիներ հետո, իհարկե: Տասնմեկ տարի հետո:

Ծերունին դադար տվեց, ակներևաբար, սպասելով իր խոսքերի թողած ազդեցությանը, հետո ասաց.

– Թևանն իր անունն ու տեղը շուտ-շուտ փոխում էր՝ մեկ Պարսկաստանի հյուսիսում էր լինում, մեկ՝ հարավում, մեկ Բաղդադի հայաբնակ գյուղերում: Քառասունմեկ թվականի աշնանը, նոյեմբերի սկզբին, նա Մազանդարայի Սարի քաղաքում էր աշխատում. տեխնիկ-շինարար էր: Պարսկաստանում ստեղծված իրադրության պատճառով շինարարությունը դադարեցվել էր, և նա ուզում էր մեկնել Շիրազ՝ անգլիացիների մոտ, այնտեղից Ամերիկա մեկնելու մտադրությամբ: Մենք նրա համար ծուղակ սարքեցինք, – խնդմնդաց ծերունին, – նրա մոտ ուղարկեցինք մեր հայ գործակալներից մեկին, որը, իբր, նույնպես ուզում է գնալ Շիրազ, բայց վարորդը, որին նա գտել էր, մենակ մի մարդու համար չէր ուզում գնալ, իբր թե նրան ասել էր՝ մեկ-երկու հոգու էլ գտիր, այդ դեպքում կտանեմ: Թևանն ուրախությամբ հայտնում է, որ ինքը համաձայն է վճարել նրան ուզած գինը, միայն թե տանի: Մեր գործակալի հետ պայմանավորվում ենք՝ նրան սպասել Թեհրանից մոտ տասը-տասներկու կիլոմետրի վրա: Մեր մեքենայի շարժիչի ծածկոցը բարձրացրած կանգնել ենք, իբր, մեքենան փչացել է: Մեկ էլ տեսանք՝ հեռվից նրանց մեքենան երևաց: Տխուր տեսքով կանգնած ենք, և երբ նրանց մեքենան մոտեցել, դանդաղ անցնում էր մեր կողքով (նախօրոք պայմանավորվել էինք), բարձրաձայն, որպեսզի Թևանը լսի, Ղարաբաղի բարբառով ասացի. «Արա պա սհենց պեն կինի՝ մնացենք էս չոլումը»: Թևանը լսեց իմ խոսքերը, շտապ կանգնեցնել տվեց մեքենան և ուրախ տեսքով մոտեցավ մեզ՝ ասելով. «Պա ես մեռա՞ծ ըմ, որ տյուք չոլումը մնաք»: Չէր հասցրել թեքվել շարժիչի վրա, հետևի կողմից ամուր բռնեցի նրան, մյուս երկուսն էլ, ապրեն, իսկույն հասան՝ ձեռքերն ու ոտքերը կապեցինք: «Վահ, էս հի՞նչ նամարդ մարթ տյուս եկեք», – ասաց նա, բայց դե նրան լսողն ով էր, կոխեցինք մեշոկի մեջ, ամուր կապկպեցինք և այդպես էլ հասցրինք Թեհրան, որտեղից, Ալիևի կարգադրությամբ, ինքնաթիռով ուղարկեցինք Բաքու… Ոչ թե այսօրվա Ալիևի, այլ նրա աներոջ՝ Ազիզ Ալիևի կարգադրությամբ: Նա մեր միսիայի ղեկավարն էր Իրանում:

Ծերունին լռեց, շունչը տեղը բերեց, ասաց.

– Թևանը մանր ձեռնագրով գրած մի հաստ տետրակ ուներ՝ «Մոռացված հերոսը» վերնագրով: Հարցաքննության ժամանակ ոչինչ չէր խոստովանել, հենց այդ օրագիրն էլ ներկայացվեց նրան որպես մեղադրանք: Մի անգամ, – կրկին խնդմնդաց ծերունին, – հարցաքննության ժամանակ, որը տևել էր շուրջ երեսունհինգ ժամ՝ փոփոխվող քննիչներով, քննիչ Իշխանովը հանկարծ ննջում է: Բացում է աչքերը՝ Թևան չկա: Աղմուկ, իրարանցում, տագնապ քաղաքում՝ չկա: Առավոտյան հավաքարարուհին տեսնում է սանդուղքների տակ մի մարդ քնած: Թևանն է: Փորձել է փախչել, տեսել է հսկիչը դռան մոտ կանգնած, թաքնվել, սպասել է ու քնով անցել: Բագիրովն իր կաբինետում գնդակահարեց նրան, իսկ ընտանիքն աքսորվեց Ղազախստանի հյուսիսային կողմերը:

– Բագիրովը, որի բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց մոտ հարյուր քսան հազար մարդ՝ գերազանցապես հայեր, քրդեր, լեզգիներ ու թալիշներ, նմանապես Բերիան և դու ինչո՞ւ չէիք բռնում Խոսրով բեկ Սուլթանովին, որի հրամանով ու մասնակցությամբ սրի քաշվեց Խնածախ, Դաշուշեն, Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած հայկական Ղարաղշլաղ, Փարաջանց, Հարար, Մինքենդ, Սպիտակաշեն ու Պետրոսաշեն գյուղերի բնակչությունը, – անշտապ, կարծես ինքն իրեն հանգստացնելով ասաց Հուրունցը: – Հադրութի արևմտյան մասում գտնվող այդ Հարարը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղով Ղարաբաղը կապում էր Հայաստանին ու մինչև տասնութ թիվը հազար յոթանասունութ բնակիչ ուներ: Մուսավաթականներն ավերեցին այն, իսկ այնուհետև Միր-Ջաֆար Բագիրովի հրահանգով հայկական Հարարն իր ողջ մնացած ութսունհինգ հայ բնակչությամբ միացվեց այսօրվա Ֆիզուլիի շրջանին: Ի՞նչ իրավունքով արվեց դա: Ինչո՞ւ չբռնեցիք աչքի մեկը քոռ Սուլթանովին, երբ թուրք ասկյարներն ու հինգ հազարանոց քուրդ զինված հեծելազոր խուժանը նրա գլխավորությամբ կոտորեց Շուշիից երկու կիլոմետրի վրա գտնվող Ղայբալիշեն հայկական մեծ գյուղի ու Ստեփանակերտին կպած Փահլուլ ու Կրկժան գյուղերի ողջ բնակչությանը՝ սպանելով վեց հարյուր անպաշտպան կանանց ու երեխաների, որոնց միակ հույսն ու պաշտպանը Թևանի խումբն էր: Քո այդ հայատյաց Բագիրովը չէ՞ր, որ հետագայում ինչպես այդ, այնպես էլ մյուս հայկական գյուղերը բնակեցնել տվեց հատուկ ծրագրով Հայաստանից տեղահանված հինգ հազար քոչվոր թուրքերով: Նմանապես նույն քուրդ Սուլթանովը չէ՞ր, որ վառեց Շուշին, սրի քաշելով նրա բազմահազար բնակչությունն ու գլխատել տալով հայոց թեմի առաջնորդ տեր Վահանին, որի գլուխը վայրենի ամբոխը ցից հանած պտտեցնում էր քաղաքի փողոցներում: Թևանը շատ տեղին խոսք է ասել, – չոր ու կոպտորեն վրա բերեց Հուրունցը՝ արգահատանքով նայելով ծերունուն: – Իրոք, շատ նամարդ մարդ եք եղել: Վատ մարդ:

Ծերունին, հանկարծակիի եկած, ետ ընկրկեց, հոնքերը զարմացած բարձրացան, մաքուր ածիլած թորշոմած դեմքը լարվեց: Նա կարճ մի պահ տարակուսանքով զննեց մեզ և, արագ շրջվելով, հեռացավ իր ոչ ծերունական կայտառ քայլվածքով:

– Դե, լավ, ես գնացի, – ուշացումով ասաց Հուրունցը, մի տեսակ հոգնած հայացքով ուղեկցելով հեռացող ծերունուն: – Մի ամբողջ գյուղ՝ ծեր, մանուկ, հարազատներով միասին, վառել են: Էսէսականների, ֆաշիստների ու դրանց արածների միջև որևէ տարբերություն տեսնո՞ւմ եք: Ասենք՝ տարբերություն կա. նրանք հակառակորդի, թշնամու հետ էին դաժանորեն վարվում, սրանք՝ սեփական ժողովրդի, ու այն էլ ավելի գազանաբար: – Դառնալով ինձ, ասաց, – Իմ խելքի տղամարդն ամուսնանում է անխելքությունից, բաժանվում է համբերության պակասից, կրկին ամուսնանում է՝ կարճ հիշողության պատճառով: Դու էդպես չանես… – Նա ժպտաց բարեսրտորեն ու պատվիրեց, – մյուս անգամ որ եկա՝ ամուսնացած լինես, չնայած, իհարկե, ամուսնությունը երբեմն նաև դառնություններ է բերում, բայց երկար ամուրի մնալու մեջ նույնպես ոչ մի լավ բան չկա: Տղամարդը կյանքում երկու ճանապարհ ունի՝ մնա ամուրի ու իրեն զգա դժբախտ կամ պսակվի ու այլևս ապրել չուզենա… Սոկրատեսն ի՞նչ է ասել՝ ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի. լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, թե վատը եղավ՝ կդառնաս փիլիսոփա, – ծիծաղեց նա, գրկեց իմ ուսերը: – Լավ խոսք է ասել, իսկ քեզ, – հրաժեշտի համար սեղմելով Սաղումյանի ձեռքը՝ ասաց Հուրունցը, – առողջություն եմ ցանկանում: Դիմանանք, տեսնենք ինչ է դառնում վերջը: – Հուրունցը մի քայլ արեց, ետ շրջվեց: – Մենք դեռ կհանդիպենք, – բազմանշանակ ժպտաց նա:

Որևէ մեկից բաժանվելիս՝ մենք երբեք չենք մտածում այն մասին, որ էլ չենք տեսնելու նրան: Ավաղ, մենք այդպես էլ այլևս չտեսանք նրան:

Հեռվից նայում էինք, Հուրունցը մտավ մետրոյի նախասրահ, շրջվեց, մենք ձեռքով հրաժեշտ տվեցինք միմյանց:

– Ինչքան գիտեմ նրան՝ միշտ այդպիսին է եղել, – Հուրունցի մասին ասաց Սաղումյանը, ափով մտախոհ շփելով մորուքը, – ծնողներին երեսունյոթին աքսորել են, ինքը պատերազմի թոհուբոհով է անցել, հասել մինչև Բեռլին, բայց նույնն է մնացել միշտ՝ ուղղամիտ, սկզբունքային, համարձակ ու անհաշտվողական: Նույնքան ժամանակ էլ Սամվելին գիտեմ՝ ստորաքարշ ու խեղճացած՝ եթե իրեն պետք է, եթե տասը կոպեկի շահ ունի, անողորմ ու դաժան՝ խեղճերի գլխին: Երկու տարբեր բևեռներ ու տես, թե ինչպես է դասավորված նրանց կյանքը, մեկը՝ ճոխության, պատվի ու հարգանքի մեջ, մյուսը՝ տասը տարի նույն մաշված վերարկուն ուսերից կախ:

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ

Подняться наверх