Читать книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - იაკობ ცურტაველი - Страница 8
7
ОглавлениеՄինչ ուշ գիշեր պատրաստեցի հեռուստահաղորդման սցենարը՝ նվիրված Բեգում-Սարով գյուղի հուշարձանի բացմանը, առավոտյան տարա Արինային՝ մեքենագրելու:
Արինայի՝ դեպի ընդհանուր բաժին տանող դուռը կիսաբաց էր, լսվում էր՝ քթի տակ երգ էր դնդնում.«Միայն դու եկ, հետս խոսիր, բարևե, էդ ինձ համար կյանք է և թե արև է»:
– Առավոտ-առավոտ սոխակ է կտրել, չի թողնում աշխատենք, – անչար ասաց Լորաննան, ժպտաց: – Երեկ նախկինը կոմպլիմենտ է արել, երևի գլուխը կորցրել է:
– Երգի դակը ավելի ախորժալիա ախշադվում, – հարեց Թելման Կարաբաղլի-Չալյան-Սալվադոր Դալին: – Ճիրին ասալ են թա, հինչի՞ էս վշվշում, ասալա՝ հինգերս քարն ա: Էդ Կևորկ Ատաճանյան զիբիլը էնքան սրա-նրա գնանոցը հեդը խոսեց՝ թելեպոնը փչացրավ, չի ախշադում, – ասես արդարանալով ավելացրեց նա, – եգա էսդեղիցը զանկ դամ:
Մեր խոսակցության վրա Արինան բացեց իր սենյակի դուռը, լայն ժպտալով նայեց ինձ:
– Արինա, այդ ո՞վ է, որի խոսքն ու բարևը քեզ համար կյանք ու արև է:
– Արև է… Ո՞վ պիտի լինի՝ դու ես, – շեշտակի նայելով ծիծաղեց նա: – Մտնում ես ու չես բարևում:
– Բարև:
– Ողջույն, – կոտրատվելով պատասխանեց նա: – Ոչ մի տեղ չե՞ս գնալու՝ Սիլվան գալու է այսօր:
– Ո՞ր ժամին, գնանք առաջին հարկ՝ դիմավորելու:
Արինան շուրթերը ծռմռեց՝ պատասխան էր որոնում:
– Առանց մեր ընտանիքին կպչելու չե՞ս կարող:
– Կարող եմ, – ժպտացի ես, հաղորդման տեքստը տալով նրան: – Երկու օրինակից, մի օրինակը կտաս ռեժիսորին:
Թելմանը գնաց իր աշխատասենյակը, մնացինք երեքով:
– Արինա, այս ինչե՞ր եմ լսում. նախկինը վերջերս քեզ ինչ-որ կոմպլիմենտներ է շռայլում, դա ինչպե՞ս հասկանալ:
Արինան մի կատաղի հայացք նետեց Լորաննայի վրա, բայց հարմար գտավ իմ ներկայությամբ ոչինչ չասել:
– Ախր, ասա, ի՞նչ գործ ունես էդ երեխայի հետ, – շինծու սրտացավությամբ՝ հեռակա կարգով նախկինին կշտամբեց Լորաննան՝ դիտավորյալ բորբոքելով խոսակցությունը:
– Դե լավ՝ ի՞նչ է ասել:
– Ինչ է ասել… Ասաց՝ էդ ի¯նչ սիրուն սև աչքեր ունես, – ի վերջո գոհունակ ժպիտով խոստովանեց Արինան:
– Ում ասաց՝ քե՞զ:
– Ինձ, – ժպտերես պարծանքով գլխով արեց նա:
– Անճաշակ մարդ է, մի հավատա, – ասացի ես: – Նա արդեն այնպիսի մի վտանգավոր տարիքի է հասել, երբ բոլոր կանայք գեղեցկուհի են թվում: Մի հավատա:
– Մի հավատա… – շուրթերը ծամածռելով տնազեց Արինան՝ ակնդետ նայելով ինձ:
– Հուրունցը շատ լավ արեց, որ երեկ շշպռեց նրան, – ասաց Լորաննան: – Ոնց էր կատաղել: Եփած խեցգետինի պես կարմրել էր:
– Թող իմանա, – աչքով անելով Լորաննային՝ ասացի ես, – թե ինչ է նշանակում անմեղ տեղը մարդուն վիրավորել՝ «Էդ ինչ սիրուն սև աչքեր ունես»:
– Իսկ ի՞նչ է, Արինայի աչքերը սիրո՞ւն չեն, – իբր պաշտպանում էր՝ խորամանկորեն ժպտալով ասաց Լորաննան: – Մի նայիր՝ կուզես դեմուղիղ, կուզես՝ կիսադեմից, ոնց որ Սողոմոնի երգ-երգոցից իջած՝ սև եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղեմի աղջկունք. ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների շուշանն եմ, եթե գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նորան, ասացեք, թե սիրով հիվանդ եմ ես… Լեո, նայիր, մի՞թե սիրուն չեն այդ աչքերը:
– Եթե մոտ ութսուն տարեկան կնամեծար մարդը գտնում է, որ սիրուն են, – ժպտալով ասացի ես, – ուրեմն պիտի հաշվենք, թե սիրուն են:
Արինան շրխկոցով փակեց դուռը, իսկ Լորաննան մեղավոր ժպիտով աղերսաձայն ասաց.
– Լեո, խեղճ ես՝ Արինայի ձեռքին, ինձ սպանելու է: Ինչո՞ւ մատնեցիր:
Ես գիտեի Արինայի պոռթկումները, որոնք անցնում էին նույնքան արագ, ինչպես սկսվում էին:
– Մի վախենա, – ասացի, – երկու րոպեից հետո մոռանալու է:
Եվ, իրոք, չանցած մեկ րոպե, նա դուրս եկավ իր սենյակից, ձեռքին մեքենագիր մի թուղթ:
– Լսեք, էդ մարդը լրիվ ցնդել է: Եվ ո՞նց է ձեռքերը դողացնելով վերջում հավաքում թղթերը: Ասում եմ՝ Սամվել Աթանեսովիչ, նեղություն մի քաշեք ամեն օր գալ, ձեռագիրը թողեք, ես կմեքենագրեմ՝ կգաք, կտանեք, չէ, ասում է, չեմ կարող, մտքերս այստեղ կգողանան: Թաղեմ ես քո մտքերը, – սրտանց վրա բերեց Արինան: – Նայեք, մի երկու պարբերություն մեքենագրել, պահել եմ: «Քառասուներկու թվականի աշունն էր, – սկսեց կարդալ Արինան, – սեպտեմբեր, թե հոկտեմբեր ամիսը: Կինս՝ Անյան, առավոտյան ասաց, որ տերևով տոլմա է եփելու, որը ես շատ եմ սիրում: („Հուշերի մեծ մասը ուտելու կամ խմելու մասին է“, – մեկնաբանեց Արինան): Ռադիոկոմիտեում էի աշխատում, աշխատանքից տուն եկա ու դեռ մուտքում զգացի եփած տոլմայի հոտը: Բարձրացա երկրորդ հարկ, կոմունալ բնակարանում էինք ապրում, նախկին Կասպիյսկայա, այժմ՝ Շմիդտի փողոցի վրա, և ի¯նչ տեսնեմ՝ զինվորական շինելով, անթացուպը թևի տակ, ձեռքի մեկը կտրած մի ջահել մարդ, երևի բանակից փախած դեզերտիր, կերոսինկայի առաջ կանգնած արագ-արագ մեր տոլման ուտում է: Վազեցի մեր սենյակը, դռան ետևում մի երկար փայտ էի պահում, վերցրի այդ փայտն ու եկա՝ տալիս եմ, ոնց եմ տալիս՝ մեջքին, գլխին, ուր պատահի, գլուխը երկու տեղից ճղվեց, արյուն է, որ հոսում է, ուզում է պաշտպանվել՝ չի կարողանում: Ո՞նց պաշտպանվի՝ ձեռքի մեկը կտրած, ոտքը կաղ՝ անթացուպը թևատակին: Աղմուկ-աղաղակ. հարևանները դուրս են թափվել և, անիրավները, փոխանակ շնորհակալ լինելու, որ գող եմ բռնել, ինձ վրա էին խոսում, անպատվում: Զանգեցի, միլիցիան եկավ տարավ: Հետո ի՞նչ եղավ այդ գողի հետ, այդպես էլ չիմացանք»:
– Այսպիսի մարդիկ մի՞թե իրավունք ունեն ապրելու, – հուզմունքից գունատված ասաց Լորաննան: – Արինա, այդ ապուշությունները ո՞նց ես մեքենագրում:
– Գերագույն խորհրդի դեպուտատ, նախագահության անդամ, հողս անխիղճ գլխիդ, – տաքացավ Արինան: – Հաստատ՝ ծալը պակասել է:
– Դա նրա կոմպլիմենտներից էլ է երևում, – լրացրի ես:
Արինան ծիծաղեց, նայեց առանց չարության, հետո հիշեց.
– Լեո, Սիլվան գալու է, գնա խոսիր էլի գործի մասին:
– Լավ, կգնամ:
Անցնելով հաշվապահություն, պայմանավորվեցի Սեիդոզաևայի հետ: Հաշվետարի տեղն ազատ էր, և Սաիդան խոստացավ անպայման աջակցել, իսկ երբ վերադարձա, Լորաննան եկավ ինձ մոտ՝ շուրթերը վառ կարմիր ներկած, թանկարժեք օծանելիքների բուրմունքով, ձեռքին ինչ-որ թղթեր:
– Լեո, գլխավորն ասաց, որ քեզ հետ միասին նայենք այս նյութը:
– Ի՞նչ նյութ է:
– Հեռուստահաղորդում է, ես եմ պատրաստել՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հյուրախաղերի մասին Բաքվում:
– Լավ, նստիր կարդանք:
Ես նստեցի իմ տեղը, Լորաննան՝ իմ դիմաց, անփութորեն ոտքը ոտքին գցելով:
– Լեո, ի՞նչ գեղեցիկ ձեռքեր ունես, – ասաց նա:
Ես նայեցի նրան, ժպտացի.
– Եթե հաղորդումը լավը չեղավ, միևնույն է, խոտանելու եմ:
Լորաննան ծիծաղեց, ասաց.
– Եվ մատներդ նույնպես գեղեցիկ են: Ամեն անգամ հիանում ու նախանձում եմ, նայելով նրբավուն ու սիրուն մատներիդ:
– Այդքա՞նը միայն: Ուրիշ արժանիքներ չունե՞մ:
– Արժանիքներ շատ ունես:
Լորաննան նայեց ինձ իր մեղմ, բարեսիրտ հայացքով, ժպտաց.
– Բարձր, առնական, նրբակիրթ ու նրբազգաց, գեղեցիկ: Ու նաև սրտաբաց, կարեկից, ոչ ժլատ: Էլի՞ ասեմ… Լեո, երբեմն, մտածում եմ, ինչքան քիչ բան է անհրաժեշտ մարդուն՝ իրեն երջանիկ զգալու համար. ինչ որ հաճելի բառ, արտահայտություն, կամ նույնիսկ հայացք, կամ, ասենք, ժպիտ, ու կարծես միանգամից աշխարհը քեզ է պատկանում… Մոռացա արժանիքներիդ մասին. արտասովոր գեղեցիկ ու սքանչելի է և ժպիտդ, երբ հոնքերիդ տակից թեք նայում, բարեհաճ ներողամտությամբ ժպտում ես: Ինչ-որ առինքնող բան կա դրա մեջ:
– Տասնյակ կոմպլիմենտներ արա կնոջը՝ թեթևակի շնորհակալություն կհայտնի և վերջ, տղամարդուն չնչին մի հաճոյախոսությունը բավական է, որպեսզի նա ամբողջ կյանքում հիշի:
– Եթե երբևէ ինձ մոռանաս, կոմպլիմենտներս գոնե կհիշես, – ծիծաղեց Լորաննան: – Արինան գիտե՞ս ինչ էր պատմում քո մասին: Ասում է, երբ առաջին անգամ Լեոին տեսա, մի այնպիսի այրող հարված զգացի կրծքումս, որ մի րոպե թվաց, թե կանգ առավ սիրտս:
– Լավ, տուր հաղորդումը, – ասացի ես: – Ե՞ս եմ կարդում, թե դու:
– Դու: Ես ուզում եմ շարունակ լսել քո ախորժելի ձայնը… Մի բան ասեմ, Լեո, չծիծաղես, թե ինչո՞ւ է այդպես, ինքս էլ չեմ հասկանում. տասը սիրահար տղամարդ ընկնում են ոտքերդ, ու դու նրանց չես էլ նկատում, նրանք քեզ պետք չեն, քեզ անհրաժեշտ է այն մեկը, տասնմեկերորդը, որը չի էլ նայում քո կողմը: Զարմանալի է, չէ՞… Կարելի՞ է ծխել:
– Ծխիր: Բայց անջատիր օդորակիչը:
Լորաննան ամբողջ մարմնով ձգվեց, ճերմակ ազդրերը բացելով, սակայն ձեռքը չհասավ օդորակիչին, ելավ, օդորակիչն անջատեց, լուսամուտի մոտ կանգնած վառեց սիգարետը:
– Ե՞րբ են հյուրախաղերը:
– Դրանք, ճիշտն ասած, հյուրախաղային ներկայացումներ չեն, – պարզաբանեց Լորաննան: – Ընդամենը մի ներկայացում կլինի՝ Հրանտ Մաթևոսյանի «Մեծ աշխարհի մեր անկյունը», բայց ես պատմում եմ ընդհանրապես այդ թատրոնի անցած ուղու, խաղացանկի և, մասնավորապես, այդ ներկայացման մասին: Ես թատրոնն ընկալում եմ որպես հասարակական գիտակցության ձև, իբրև անձնավորման արվեստ, այսինքն բեմից հնչող բանավոր լեզվի արվեստ: Երեկ առավոտյան հյուրանոցում հանդիպեցի գլխավոր ռեժիսորին: Նրանք պատրաստի ժապավեն ունեն, այդ ժապավենը կտանք և հարցազրույց՝ ռեժիսորի և ներկայացման առաջատար դերասանների հետ: Հաղորդումն ուղիղ եթեր է տրվում, գլխավորն ուզում է, որ նրանց հետ հարցազրույցը դու վարես:
Հաղորդումը վատ չէր գրված, մի երկու աննշան դիտողություն արեցի, որին Լորաննան համաձայնեց:
– Դերասաններից ովքե՞ր են մասնակցում հաղորդմանը:
– Վիոլետա Գևորգյանը, Կիմ Երիցյանը, Վեհմիր Խաչիկյանը, Ժասմեն Մսրյանը և ինքը՝ բեմադրության ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը:
Ես ներքին հեռախոսով կապվեցի գլխավորի հետ:
– Վլադիմիր Գուրգենովիչ, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի մասին նյութը Լորաննայի հետ նայեցինք, վատ չէ գրված և, կարծում եմ, արժե, որ հենց ինքը՝ Լորաննան էլ վարի հաղորդումը:
Լորաննան գորովանքով նայեց ինձ, ժպտաց:
– Եթե գտնում ես, որ այդպես ավելի նպատակահարմար է, – արձագանքեց գլխավորը, – ես դեմ չեմ: Իսկ դու, Լեո ջան, եթե ազատ ես, մի րոպեով անցիր ինձ մոտ, ասելիք ունեմ:
Լորաննայի հետ միաժամանակ ելանք տեղից: Դռան մոտ, համարյա հպվելով ինձ ու պարուրելով իր բուրմունքով, նա հայացքը բարձրացրեց, շփոթ վարանանքով նայեց, մեղմաձայն ասաց.
– Լեո, ինչո՞ւ դու այդքան լավն ես:
Հանկարծակի շառագունած դեմքին մի տեսակ տարակա, գաղտնի բան հայտնվեց: Շնչում էր ծանր, խաժ աչքերում ու կիսաբաց, կտրուկ գծագրված կամակոր շրթունքների վրա հմայուն ժպիտ՝ նա նայում էր շեղակի, կկոցված աչքերով…
Գլխավորի ասելիքը Թելման Կարաբաղլի-Չալյանին էր վերաբերում, ավելի ճիշտ՝ հեռուստատեսությամբ երեկվա նրա մանկական հաղորդմանը:
– Նայե՞լ ես հաղորդումը, – հարցրեց գլխավորը:
Չէի նայել: Նա օրորեց գլուխը՝ ընդարձակ առանձնասենյակում ետ ու առաջ քայլելով:
– Կոմիտեում հրաշալի ժապավեններ կան, երկու հոգով անգործ նստած, ծուլանում են անգամ մտնել ֆիլմադարան, նայել հավաքածուն, ընտրել համապատասխան ժապավենը, լուսանկարների ֆոնի վրա մանուկների համար տաղտուկ հաղորդում են տալիս, մի՞թե կարելի է այդպես: Ոչ միայն ընդհանրապես երեխաների, մինչև մսուրային տարիքի մանուկների համար անգամ ձանձրալի են նրանց հաղորդումները, – չէր հանգստանում գլխավորը: – Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն:
– Վլադիմիր Գուրգենովիչ, – միջամտեցի ես, – անձամբ ինքս մի քանի անգամ խոսել եմ ձեզ հետ այդ թեմայով, ինչպես ասում են՝ անօգուտ, կոլեգիայում նույնպես քանիցս խոսք է եղել՝ ծույլ ու անկարողի մեկն է, ոչինչ չի ուզում անել: Եթե, իրոք, անհնարին է ուրիշ խմբագրություն տեղափոխել, եթե մենք, չգիտես ինչու, պարտավոր ենք նրան պահել մեզ մոտ՝ ապահովելով հոնորարներով, ապա իմ առաջարկությունն այսպիսին է. այլևս նրա հեղինակությամբ ոչ մի մանկական հաղորդում չտալ հեռուստատեսությամբ: Ինչ ուզում է գրի՝ հեքիաթ, մանկական պատմվածք՝ հաղորդել միայն ռադիոյով: Ուրիշ ելք ես չեմ տեսնում, չնայած ռադիոլսողներն էլ մեղք են:
– Համաձայն եմ: Առաջիկա կոլեգիայում որոշում կընդունենք: Մի հնար լիներ՝ երկուսից էլ ազատվեինք: