Читать книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - იაკობ ცურტაველი - Страница 3
2
ОглавлениеՄյուս օրը՝ աշխատանքի ավարտին, Արմենը եկավ ինձ մոտ, խմբագրություն: Նա մենակ չէր: Մի աղջկա հետ էր եկել, որին տեսնելով, ես, ակամա դանդաղ ոտքի ելա ու, նրա ճաճանչափայլ գեղեցկությամբ գերված, մնացի կանգնած:
Արմենը նկատեց դա, մի տեսակ ոգևորվեց: Աղջիկը կլիներ տասնյոթ-տասնութ տարեկան, իր մաշկի պես սպիտակաթույր շրջազգեստ էր հագին, որը պրկորեն գրկել էր նրա բարակ իրանը: Ոսկեզօծ փայլուն մազերը՝ շագանակագույն երանգով, մանրիկ ալիքներով իջնում էին ուսերին, հոնքերը՝ աղեղնաձև ու բարակ, քիթը գեղեցիկ՝ նրբագեղ զգայուն ռունգերով, սքանչելի կորությամբ գծագրված շուրթերը՝ քիչ ուռուցիկ ու հրաբոսոր, իսկ աչքերը… գարնանային մեղմությամբ ճառագող կապույտ աչքերը շողում, ժպտում էին՝ նայելով մերթ ինձ, մերթ Արմենին:
– Շատ է սիրուն, չէ՞, շան աղջիկը, – հայերեն ասաց Արմենը:
– Շա¯տ, – չթաքցրեցի ես՝ դեռևս անկարող հայացքս կտրել նրանից:
– Ի՞նչ է ասում, – շուրթերը կիսաբաց՝ աղջիկը ժպտուն նայեց ինձ, և ես տեսա, որ մարգարտաշար ձյունաճերմակ ատամները մի ուրիշ հմայք են տալիս նրան. հատկապես առջևի երկու ատամը՝ իրարից աննշան հեռու:
Ես չհասցրի պատասխանել աղջկան, որովհետև Արմենը մոտեցավ ինձ և, գրկելով իմ ուսերը, հանդիսավոր ներկայացրեց.
– Մահմուդովա Ռենա, բժշկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի, Բաքու քաղաքի թիվ մեկ գեղեցկուհի:
Ռենան մեղմիկ ծիծաղեց և, իր լուսափայլ աչքերով նայելով ինձ, թույլ մեկնեց ձեռքը: Սադափագույն եղունգներով նրա մատները՝ նուրբ ու սառը, միառժամանակ չէի ուզում թողնել: Անթարթափ նայում էի նրան, ասես ձգտելով ընդմիշտ մտապահել նրա կուսական, նույնիսկ փոքր-ինչ մանկական արտահայտություն ունեցող լուսեղեն դեմքի հմայիչ սքանչելիությունը:
– Այ տղա, բաց թող ձեռքը, – ծիծաղեց Արմենը, ամենայն հավանականությամբ, բավականություն զգալով իմ շփոթվածությունից:
Ռենան նստեց իմ դիմաց, սեղանի մյուս կողմը, ոտքը գցելով ոտքին, ասես դիտմամբ ցուցադրելով հղկած մարմարի պես ողորկ ծնկները:
– Նստեք, ինչո՞ւ եք կանգնել, – լուսապայծառ ժպիտով, մտերմաբար ու երգեցիկ արտաբերեց Ռենան, հայացքով հասկացնելով, որ նստեմ:
Ասես ես իմ առանձնասենյակում չէի և նստելու իրավունքն ուրիշից պիտի ստանայի:
Նա գլուխը թափով ետ տարավ, մազերը շաղ եկան ու փարթամ գանգուրներով կրկին փռվեցին ուսերին:
– Լեո ջան, կարելի՞ է՝ զանգեմ Երևան, – առիթից օգտվելով, հարցրեց Արմենը, հեռախոսը քաշեց դեպի իրեն և ծոցատետրը հանելով, դրեց սեղանին: – Կարծում եմ, ձեր հեռուստառադիոկոմիտեն այնքան էլ աղքատ հիմնարկություն չէ, և պետությունն իմ մի երկու զանգով չի սնանկանա:
– Զանգիր, իհարկե, – ասացի ես և, որպեսզի չխանգարեմ, դուրս եկա առանձնասենյակից:
Գլխավորը չկար, երևի տուն էր գնացել արդեն: Լորաննա Հովակիմյանը՝ վերջին լուրերի բաժնի խմբագիրը՝ երեսունին մոտ, բարձր, կառուցիկ, ամենևին ոչ հայուհու նման՝ երգչուհի Մադոննայի կազմվածքով ու նրա պես շիկամազ, խաժ աչքերով ու զգայական կամակոր շրթունքներով, գլուխը հակած սեղանին նյութ էր խմբագրում: Ասում էին, որ մեր նախկին գլխավոր խմբագիրը մի ժամանակ խենթի պես սիրահարված էր նրան, ահագին բանաստեղծություններ է նրան նվիրել: Ես մի անգամ կատակով ակնարկեցի նրան այդ մասին՝ ճշմարտանմա՞ն է այդ պատմությունը: Լորաննան ո՛չ ժխտեց, ո՛չ էլ հաստատեց, ծիծաղելով ասաց. «Սիրահարված ծերուկը, Լեո, մեծագույն այլանդակություններից մեկն է բնության մեջ»:
Այդ նախկին գլխավորն արդեն մի ամիս կլիներ՝ օրվա վերջին գալիս, Արինայի անկյունային փոքրիկ սենյակում նստած, ինչ-որ հուշեր էր թելադրում:
– Էդ ի՞նչ աղջիկ է քո առանձնասենյակում, – առանց գործից կտրվելու՝ հեռվից նետեց Արինան:
Նախկինը ետ շրջվեց և, բաց դռնից տեսնելով ինձ, գլուխ տալով հարգալից բարևեց:
– Քո մտերմիկ բարեկամի՝ Արմենի ծանոթուհին է, – ասացի ես: – Կարո՞ղ է էլի հարց ունես:
Արինան սև, խոշոր աչքերով տնտղեց ինձ, բայց ոչինչ չասաց:
– Կարծեցի քեզ համար է բերել, – այնուամենայնիվ չհամբերեց, կծեց նա:
– Հա, մտքում այդպիսի բան կա, – իբր անտարբեր հաստատեցի ես: – Ինչ է, դուրդ չի՞ գալիս:
– Չէ, սիրուն է, – խոսակցությանը խառնվեց Լորաննան: – Քիչ առաջ մտան այստեղ, Արմենն ասաց, որ ադրբեջանուհի է, բժշկականում է սովորում: Ես կին տեղովս ուղղակի մնացի շշմած՝ ցնցող գեղեցկություն ունի: Իսկական թոփ-մոդել: Նարեկացին երևի նրա մասին է ասել հազար տարի առաջ. «Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ երկու փայլակնաձև արեգական նման, բերանն երկթերթի վարդն ի շրթանցն կաթեր…»: Երբ նրան տեսա, գիտե՞ս ինչ հիշեցի, Լեո: Ֆետի տողերը, որոնցում ասված է. «Երկնքում սրտառուչ կանչի նման փայլատակում են աստղերի ոսկյա արտևանունքները»:
– Էդ ազգի դավաճանը որտեղի՞ց է գտել նրան, – հետաքրքրվեց Արինան ու տեղից ելնելով, եկավ դեպի մեզ: – Սամվել Աթանեսովիչ, կներեք, բայց հոգնել եմ, – ուսի վրայով ասաց նա, – «կրիշկաս» արդեն բարձրանում է:
Լորաննան ծիծաղեց, նա գիտեր՝ եթե Արինան մեքենագրելու միտք չունի, ճնշումը տեղն ու տեղը բարձրանում է: Հատուկ պատվերով:
– Դե ի¯նչ եմ ասում, – խեղճացած արձագանքեց նախկինը: – Երկուշաբթի կշարունակենք:
– Անցյալ անգամ Արմենը մի շատ հետաքրքիր բան ասաց, – անբռնազբոսիկ ծիծաղեց Արինան: – Ասում է՝ տղամարդիկ աչքերով են սիրում, կանայք՝ ականջներով:
– Իսկ իմ կարծիքով, – ասաց Լորաննան, – տղամարդիկ ականջներով են սիրում, իսկ կանայք՝ աչքերով: Առաջինները՝ որպեսզի հասկանան, թե ինչ են ասում իրենց, երկրորդները՝ որպեսզի դուր գան նրանց, ում հետ խոսում են:
– Արմենն ասաց նաև՝ եթե շնչում ես, ուրեմն սիրում ես, եթե սիրում ես՝ ուրեմն շնչում ես, շատ ճիշտ խոսք է, որովհետև առանց սիրո կյանք չկա և չի էլ կարող լինել: Կարծեմ, Բլոկի գործերում եմ կարդացել, որ միայն նա մարդ կոչվելու իրավունք ունի, ով սիրահարված է: Արմենն ասում է՝ Հնդկաստանում ամուսնության ժամանակ հարսի ճակատին կարմիր նշան են դնում: Ճի՞շտ է դա:
– Ճիշտ է, – ասացի ես, – իսկ փեսացուին սնայպերական հրացան են նվիրում, որպեսզի իրար հավատարիմ ծերանան նույն բարձին:
– Հո չասի¯ր, – սրտանց ծիծաղեց Արինան՝ շողարձակող աչքերով հիացմունքով նայելով ինձ: – Արմենն ասում է…
– Լսիր, – ընդհատեցի նրան, – Արմենից շատ ես խոսում, կարո՞ղ է՝ խանդում ես: Գիտե՞ս, չի խանդում նա, ով հույսի նշույլ չունի: Բայց իմացիր, հա, խանդի մեջ մի բաժինն է սեր, մնացածը ինքնասիրություն է:
– Եթե ամուսինը խանդում է՝ ուրեմն սիրում է, եթե չի խանդում, ուրեմն դեռ ոչինչ չգիտի, – ծիծաղեց Լորաննան:
Արինան նվազագույն ուշադրության չարժանացրեց Լորաննայի խոսքին: Նրա գործն ինձ հետ էր:
– Ինքնասիրություն է… Հա, խանդում եմ, իսկ ո՞նց կռահեցիր: – Արինայի աչքերը կատաղի շողացին, բայց նա զսպեց իրեն, նույնիսկ բերանի մի անկյունում թաքնված ժպիտ երևաց: – Ի միջի այլոց, նա ինձ ռեստորան էր հրավիրում, – ավելացրեց Արինան և, իբր ինձ հետ ավարտած, դարձավ նախկին գլխավոր խմբագրին: – Մեռնելու մասին չարժե մտածել, – խորհուրդ տվեց Արինան, – որովհետև անիմաստ է մտածել այն մասին, ինչ առանց այն էլ անխուսափելի է: Բալզակն է ասել. «Մենք պետք է ձգտենք դեպի գեղեցիկը»: Այնպես որ, ապրելու մասին պիտի մտածել, Սամվել Աթանեսովիչ, լավ, գեղեցիկ բաների մասին:
– Արինա ջան, էդ դուք պիտի լավ, գեղեցիկ բաների մասին մտածեք, – բացատրեց նախկինը: – Մենք լոկ ապրում ենք հուշերով, որովհետև, երբ ծերությունը վրա է հասնում, մարդը զրկվում է ոչ միայն լավ ու գեղեցիկ բաների մասին մտածելուց, այլև հույսերից: Չե՞ս կարդացել իմ գրածը՝ «Բռնիր ձեռքը դու ծեր մարդու, թող հեշտ գնա նա իր տունը, մի օր էլ դու կհասկանաս, թե ինչ բան է ծերությունը»: Բա¯, – ծոր տվեց նա, և, աչքի տակով գողունի նայելով Լորաննային, ավելացրեց, – ծեր մարդիկ թառամած ծաղիկներ են, իսկ թառամած ծաղիկներ ո՞վ է սիրում որ…
– Ի՞նչ է պատահել, Սամվել Աթանեսովիչ, – շրջվելով նախկինի կողմը, հարցրի ես, – ի՞նչ անկումային, հոռետեսական խոսակցություններ են:
– Էհ, չգիտեմ, այ Լեո, – նախկին գլխավորը դեղնափայլ շրջանակներով ակնոցը հանեց, սկսեց թաշկինակի ծայրով մաքրել ապակիները: – Աղջիկներից խորհուրդ էի հարցնում… Երեսուն տարի հանրապետության գերագույն խորհրդի դեպուտատ եմ, վերջին ընտրությունների ժամանակ նախագահության անդամ ընտրեցին, պարզ է, որ մեռնեմ՝ ինձ կառավարական պանթեոնում են թաղելու: Բայց, ախր, կինս հայկական գերեզմանոցում է թաղված՝ ստադիոնի մոտ, դա ո՞նց կլինի՝ նա այնտեղ, ես՝ այստեղ:
– Դիմեք կենտկոմ, որ ձեր մեռնելուց հետո իրեն բերեն ձեզ մոտ, – խորհուրդ տվեց Լորաննան:
– Չեն անի, – թերահավատ ասաց նա: – Կանե՞ն որ, – նա միամիտ տեսքով, սպասողական նայեց ինձ: – Դա հնարավո՞ր է:
Արտահաստիքային թարգմանիչ Սաղումյանը՝ կարճ մորուքով, մեղմաձայն ու նրբաբարո մի ծերուկ, ընդարձակ սենյակի խորքում նստած՝ հեռագրական գործակալության պաշտոնական նյութ էր թարգմանում երեկոյան ռադիոհաղորդման համար: Նա բարձրացրեց հայացքը, մի պահ նայեց նախկինի կողմը, տրտմագին օրորեց գլուխը:
Ես ոչ մի կերպ չէի կարողանում ըմբռնել, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը :
– Կամ ընդհակառակը, – մեջ ընկավ Արինան: – Թող ձեզ տանեն նրա մոտ: Բայց դա էլ հեռանկար չունի: Պանթեոնն ուրիշ…
Լորաննան ձեռքով ծածկեց բերանը, որ չփռթկացնի: Ես կշտամբանքով նայեցի Արինային՝ «Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս»:
– Դե, ես գնամ, – թղթապանակը մթերացանցի մեջ տեղավորելով՝ ասաց նախկինը: – Հատուկ խանութից սննդամթերք եմ պատվիրել, կբերեն՝ տանը չեմ լինի, ետ կտանեն: – Նա շրջվեց դեպի ինձ, ներողամիտ ժպիտով ասաց, – Լեո, վաղուց ոչինչ չեք տալիս ինձնից, ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ ռադիոյով: Կոստյա Խաչանյանի չա՞փ էլ չկամ, նրա բանաստեղծությունները հաղորդում եք, իմը՝ չէ: Նոր բաներ եմ գրել, տղաներին կարդացել եմ, հավանում են, կուզենայի հանդես գալ: Եթե պետք է, Վլադիմիրին էլ ասեմ:
– Վլադիմիրին ասել պետք չէ, – ասացի ես, – բերեք, այս ամսվա վերջին կտանք:
– Շնորհակալություն, – գթաշարժ ստրկահաճությամբ նայելով՝ ավելացրեց, – թե չէ՝ ընթերցողներս կկարծեն, թե մեռել եմ արդեն:
Մթերացանցը ճոճելով նա դուրս եկավ խմբագրությունից:
– Մի տես ո¯նց է խեղճացել, ո¯նց է ձևացնում, – դժգոհեց Սաղումյանը: – Ամբողջ կյանքն ապրեց՝ ո՛չ կռիվ տեսավ, ո՛չ բանտ ու աքսոր՝ մյուսների նման, միշտ ապահով, բարեկեցիկ կյանքով ապրեց: Երկիրը քանդվում է, իսկ նա հասարակ բժշկուհի կնոջը կառավարական պանթեոնում վերաթաղելու մասին է մտածում:
– Մարդն ուրիշ հոգս չունի, ինչի՞ մասին մտածի, – դառնակսկիծ արտաբերեց Լորաննան: – Աղջիկը՝ Երևանում բարվոք տեղավորված, տղան՝ Մոսկվայում, ինչի՞ մասին պիտի մտածի: Խանութները՝ դատարկ, իսկ իր համար ամեն ինչ պատրաստի բերում են: Աստված ողորմի հոգիդ, Պարույր Սևակ. «Եվ թիվն ասացեք մեր այն ժամերի՝ անթիվ, անհամար, որ ծանր ու թեթև ժամանակներում կորան-գնացին ինչ-որ հերթերի ու երթերի մեջ»: Երեկ կես կիլոգրամ նրբերշիկի համար չորս ժամ հերթ եմ կանգնել:
– Հանրապետությունն ամեն տարի փոխանցիկ դրոշներ ու շքանշաններ է ստանում՝ պլանները գերակատարելու համար, խանութներն ինչո՞ւ են դատարկ, – հեռվից նետեց Սաղումյանը, շարունակելով իր թարգմանությունը:
– Լսիր, Արինա, – դառնալով Արինային, ասացի ես, – դու գիտե՞ս, թե Ցիցերոնն ինչ է ասել քո մասին:
– Իմ մասի՞ն, – ցուցամատը կրծքին տանելով՝ հարցրեց նա: – Ի՞նչ է ասել:
– Ասել է՝ մի խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը… Դու այն ի՞նչ էիր մեկնաբանում. մեռած մարդուն ի՞նչ հեռանկար: Դու խոսում ես՝ հետո՞ մտածում, թե՞ մտածում ես՝ հետո խոսում:
– Պարզաբանիր, չհասկացանք, – աչքերում՝ ծիծաղ, դեմքը՝ ժպիտով ողողված, նա նայում էր ինձ:
– Մարդիկ տարբերվում են նաև նրանով, որ ոմանք նախ մտածում են, հետո խոսում, իսկ մյուսները՝ խոսում են, հետո մտածում: Դու ո՞ր խմբին ես պատկանում:
Նույն ծիծաղը՝ աչքերում, նույն ժպիտը՝ դեմքին:
– Էլի՞ չհասկացար:
– Ոչ, – գլուխը ցնցեց Արինան՝ շարունակելով սևեռուն նայել:
– Դու այդ ի՞նչ ես մեքենագրում, որ խելքդ լրիվ կորցրել ես:
– Հուշեր, – փութաջան պատասխանեց Արինան: – Հուշերի գիրք է՝ իր տեսած և… չտեսած մարդկանց մասին:
– Սովորաբար հուշերի գիրքը, – հանգիստ ասացի ես, – հիշողությունների շարադրանք է, ուր հեղինակը պատմում է որևէ արժանավոր անձի հետ ունեցած իր անձնական հանդիպումների մասին: Հուշեր՝ չտեսած մարդկանց մասին՝ նորություն է:
– Նորություն է… ես ի՞նչ գիտեմ, – բարկանալու նշաններ արեց Արինան: – Ինքը գրում է, ես տպում եմ:
– Ոչ, դու տպում ես՝ ինքը գրում է: Դու ես մեղավոր, – լուրջ դեմքով ասացի ես, – որ չտպես՝ ինքն էլ չի գրի:
– Չի գրի… Բա գիրքը թողնենք անավա՞րտ, – շվարած ասաց նա:
Լորաննան ծիծաղեց, ասաց.
– Արինա, խնդրում եմ, լռիր, իմ «կրիշկան» էլ է բարձրանում:
– Իսկ ինչ վերաբերում է ռեստորանին, անպայման գնա, – խորհուրդ տվեցի ես, – տղան կնեղանա:
– Տղան կնեղանա¯… Ո՛ւհ, – քիթ-մռութը կնճռոտեց Արինան, – քեզ նման բարեկամի ինչն ասեմ, – և իբր խիստ նեղացած, կրունկներով մանրահատակը ջարդելով, գնաց իր սենյակը:
Զվարթ տրամադրությամբ դուրս եկա միջանցք և քայլեցի դեպի իմ առանձնասենյակը, ինչ-որ տարօրինակ զմայլանքով մտածելով այն մասին, որ հիմա կտեսնեմ Ռենային:
Արմենն արդեն վերջացնում էր խոսակցությունը: Նա ցած դրեց խոսափողը, ասաց.
– Շնորհակալություն, Լեո, խոսեցի:
Ռենան թերթ էր նայում, նա թերթը մի կողմ դրեց, մի պահ անվճռական նայեց, հարցրեց.
– Ճի՞շտ է, որ ձեր ծննդյան օրն է այսօր:
– Ի՞մ:
– Թե՞ հնարում է, – Ռենան կասկածանքով լի հայացքով նայեց Արմենին:
– Գիտե՞ս ինչ, Ռենա, – դանդաղ սկսեց Արմենը, դեմքի միմիկայով հասկացնելով ինձ հաստատել իր ասածները, սակայն, տեսնելով որ, իմ՝ անտեղյակությա՞մբ ասեմ, թե անհասկացողությամբ, կարող եմ փչացնել գործերը, նախաձեռնությունը միանգամից վերցրեց իր ձեռքը և արագ ասաց, – բանն այն է, Ռենա ջան, որ մեզ մոտ, Հայաստանում, հարգված սովորույթ կա. ծննդյան օրվա նախօրյակին անպայման գնում են ռեստորան, դա կոչվում է փորձնական ծնունդ, կամ էլ ասենք՝ սրճարան, մի գավաթ սուրճի, կոկտեյլի կամ էլ մի բաժակ շամպայնի շուրջ նստած պայմանավորվում են, որոշում, թե ինչպես անցկացնեն միջոցառումը, որպեսզի, այսպես ասած, չխախտեն ժողովրդական ավանդույթը: Առաջարկությունս այն է, որ մենք նույնպես պահպանենք հնուց եկող ժողովրդական սրբավանդ կարգը: Մեզ մոտ դա խստիվ օրենք է:
– Այստեղ այդպիսի բան չկա, – դյուրահավատորեն ասաց Ռենան:
– Այստեղ չկա՝ այնտեղ կա, – կարճ կապեց Արմենն ու տեղից ելավ: – Մի խոսքով, ժամանակ չկորցնենք, Ռենա ջան, և չվիրավորենք Լեոին: Նա, համոզված եղիր, արժանի է մեր բարի վերաբերմունքին. միասին գնում ենք «Նոր ինտուրիստ», կարծեմ, դա այնքան էլ հեռու չէ այստեղից, և մեկական բաժակ սուրճ ենք խմում կամ, ասենք, շամպայն, տարբերություն չկա:
Ռենան նրբանկատորեն փորձեց առարկել.
– Կներեք, խնդրում եմ, ես չեմ կարող… Չէ՞ որ դուք ասացիք՝ երկու րոպեով ենք բարձրանում… Դուք խնդրեցիք…
– Չեղավ, չեղավ, – դերասանություն արեց Արմենը: – Եղբայրական ժողովրդի հինավուրց ավանդույթը չեն արհամարհի, չի կարելի: Ոչ, ոչ, ոչ, կնեղանամ, Ռենա ջան, ազնիվ խոսք, կնեղանամ, Լեոն նույնպես կնեղանա: Զանգիր ընկերուհիներիցդ որևէ մեկին, բայց պայմանով, որ Լեոյի սրտով լինի, լավը լինի: Ասացիր հայուհի ընկերուհի ունես, անունը Ռիմա, ձեր կուրսից: Սիրո՞ւն է:
– Սիրուն է, բայց դա… ի՞նչ նշանակություն ունի, նա չի գա: Անծանոթ տղաների հետ նա ոչ մի տեղ չի գնա: Ես…
– Լսիր, բոլորն էլ սկզբում անծանոթ են լինում, հետո ծանոթանում են, ի՞նչ կա դրա մեջ, – շարունակեց համոզել Արմենը: – Զանգիր, նա չի գա, մեկ ուրիշին զանգիր: Կնստենք, մի քիչ երաժշտություն կլսենք, գոնե մի երկու ժամով ազատվենք էս առօրյա հոգսերից: Առավել ևս՝ վաղը շաբաթ է, մյուս օրը՝ կիրակի: Սխալ բա՞ն եմ ասում, թե սխալ եմ, ասեք՝ սխալ ես: Զանգիր, Ռենա, մեծի խոսքին կլսեն: Լեո, դեսը տուր հեռախոսը: Ամբողջ ծախսն ինձ վրա է, ես եմ հրավիրում:
Ռենան իր անուշիկ հայացքով անօգնական նայեց ինձ:
– Արմեն, պետք չէ զանգել, – ինքս էլ չհասկանալով թե ինչու, միանգամից ասացի ես: – Ես չեմ ուզում:
– Իյա¯… Ի՞նչը չես ուզում: Ռեստորա՞ն չես ուզում… Չհասկացանք: Լեո, – փորձեց սաստել Արմենը, – այ տղա, գործը մի փչացրու, – կշտամբանքով նայելով ինձ, հայերեն ավելացրեց նա: – Քեզ նման ընկեր ունենալով՝ թշնամին ինչի՞ս է պետք: Ռենա, մի լսիր նրան, զանգիր:
– Ռենա, խնդրում եմ, ոչ մի տեղ մի զանգեք, – արդեն հաստատուն ասացի ես: – Ազնիվ խոսք, ինձ ոչ ոք պետք չէ:
Եվ լավ է, որ չասացի՝ քեզնից բացի:
Ռենան ասես կարդաց իմ մտքերը, չարաճճի մի լույս փայլեց նրա կապուտակ աչքերում:
– Ուրեմն երեքով կգնանք, – անզիջում վրա բերեց Արմենը: