Читать книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - იაკობ ცურტაველი - Страница 5

4.

Оглавление

Անցնելով լայն պողոտան, ես քայլեցի դեպի տուն: Ես դանդաղ, անշտապ քայլում էի դեպի տուն և իմ սիրտն ինչ-որ անհայտ, շատ ցանկալի ու անորոշ բանից տրոփում էր: Ի՞նչ էր դա՝ ըմբռնել, հասկանալ չէի կարողանում, զգում էի, որ այդ անհայտ ու անորոշ բանից աշխարհն աչքիս հազար անգամ մեծ էր երևում, եղածը՝ հազարապատիկ շատ: Իմ կողքով զույգեր էին անցնում, ես, իմ մտքերի մեջ խորասույզ, նրանց չէի նայում, բայց մտածում էի, որ նրանք անպայման երջանիկ են, ես սրտանց ուզում էի, որպեսզի երջանիկ լինեն նրանք, որովհետև ինքս անչափ երջանիկ էի այդ պահին, և այդ երջանկությունն արբեցնում էր ինձ, ես ուզում էի ողջունել բոլորին, ես բոլորի բարին էի ցանկանում: Իրոք, թե ինչ էր կատարվում ինձ հետ՝ անհասկանալի էր: Ես վայրկյան անգամ չէի կարողանում մոռանալ Ռենային, նրա դեմքը, աչքերը, շուրթերը, ձայնի նրբագրգիռ ելևէջը, վայելչագեղ պարանոցը, որ բուրում էր ինչպես նորաբողբոջ վարդը: Աստված իմ, մի՞թե այդպես միանգամից սիրահարվեցի նրան: Ես զարմանում ու ծիծաղում էի ինքս ինձ վրա, որովհետև այսօր առավոտյան ես ոչինչ չգիտեի նրա գոյության մասին, իսկ հիմա նրա մասին մտածելն անգամ ինձ ուրախություն է պատճառում: Ես ուզում էի ետ պահել ինձ այդ խելացնոր մտքից, ես աշխատում էի ուրիշ բանի մասին մտածել, բայց չէր հաջողվում: Ես նախանձում էի Արմենին, բայց դա չար նախանձ չէր, պարզապես ափսոսում էի, որ ոչ թե ինձ, այլ նրան է բախտ վիճակվել ծանոթանալ այդպիսի հրաշք աղջկա հետ: Հարկավոր է մոռանալ նրան, մտածում էի, անպայման մոռանալ, ինչքան էլ դժվար լինի ինձ համար, որովհետև իմ կողմից գեղեցիկ քայլ չէ՝ մտածել մեկի մասին, որը ոչ թե քո, այլ ուրիշի ծանոթուհին է, նրա հետ եկավ քեզ մոտ: Տանը նույնպես մտածում էի Ռենայի մասին, հիշողություններն ալեկոծում էին իմ հոգին, անծանոթ հույզեր արթնացնում իմ մեջ, ես իմ աչքի առջև շարունակ տեսնում էի նրա ամոթխած և ուշադիր հայացքը, գեղեցիկ շուրթերի արանքից երևացող ատամների տամուկ փայլը, հիշում էի նրա մատների սառը հպումը, և այդ ամենից ասես գլուխս պտտվում էր: Դասական երաժշտության տակ հաճելի էր մտածել ու հիշել: Հիշել ու մտածել: Իսկ գիշերը՝ երազում, ես կրկին նրա հետ էի, քաղցր ինքնամոռացության մեջ ես գրկել էի նրան, ես նրան սեր էի խոստովանում, ես նրան կրկին ու կրկին համբուրում էի ու չէի հավատում, որ հենց հիմա համբուրեցի այդ շուրթերը, որ երազից դուրս նման իրական բան կարող է լինել և բերկրանքից ու երջանկությունից կտրվում էր շունչս…

Հեռախոսազանգն արթնացրեց ինձ: Երազի տպավորության տակ՝ ես ցատկեցի դեպի հեռախոսը, չգիտես ինչու, մտածելով, որ Ռենան է զանգողը:

Ռենան չէր, իհարկե. մայրս էր Սումգայիթից զանգում, և ես սուր ամոթ զգացի այն բանից, որ քամու դեմ վառած լուցկու կրակի պես հանգավ ոգևորությունս: Մայրս անհանգստացած էր, որ տուն չէի գնացել, չնայած իմ խոստմանը, ասաց, որ երեկոյան քույրս Ստավրոպոլից նույնպես զանգել է, բայց ես տանը չէի:

Ասացի, որ հյուր ունեի Երևանից, հաջորդ ուրբաթ անպայման կգամ: Հետո լվացվեցի, մի թեթև նախաճաշեցի և սկսեցի պատրաստվել այսօրվա հանդիպմանը: Մի քանի անգամ, աղջկա նման՝ հայելու առջև փոխեցի շորերս, մեկ այս փողկապն էի փորձում, մեկ այն, ի վերջո, ընտրեցի՝ սև կոստյում, կապույտ վերնաշապիկ և դարչնագույն փողկապ՝ մանուշակագույն երանգներով: Օծանելիքներից ընտրեցի «Դրակարը»: Դա Արինայի նվերն էր՝ փետրվարի քսաներեքի առթիվ, և ինձ շատ էր դուր գալիս:

Ժամը տասներկուսին զանգեց Արմենը:

– Հը, ինչպե՞ս ես, – ծիծաղեցի ես: – Մարգարիտային հաջողվե՞ց կախվել:

– Հա, մինչև առավոտ վզիցս կախված էր, – Արմենը ծիծաղեց, ավելացրեց, – Լեո ջան, եկել եմ կինոյի տոմս վերցնելու, նոր տեսա, որ, թարսի պես, ուրիշ շալվար եմ հագել՝ փողերս մնացել են մյուս գրպանում, չգիտեմ ինչ անեմ, մինչև մեր հանդիպումը, ուզում էի Ռենայի հետ կինո գնալ:

– Արի, ես կտամ, – ասացի ես, մտածելով, որ նա երեկ ահագին ծախսի տակ ընկավ: – Հո չե՞ս մոռացել հասցեն:

– Իյա¯: Ի՞նչ ես ասում, – ուրախաձայն ասաց նա: – Իհարկե, չեմ մոռացել:

– Դե, ավելի լավ, որ չես մոռացել, արի: Միասին սուրճ կխմենք:

Արմենը եկավ մի կես ժամից:

– Քսանհինգ ռուբլին հերի՞ք է, – հարցրի ես:

– Իհարկե, շատ էլ է: Անչափ շնորհակալ եմ, Լեո ջան: Քեզ ասեմ՝ իսկական ընկեր ես ու իսկական տղամարդ: Դա իմ կարծիքն է: Ապրես:

Նա սափրվեց, սուրճ խմեցինք: Արմենին ճանապարհելուց հետո նորից անհանգիստ քայլում էի՝ նայելով ժամացույցին, ժամանակը կարծես թե դժվար էր առաջ գնում, փորձեցի ինչ-որ բան կարդալ ժամանակը կարճելու համար, բայց ոչինչ չստացվեց, նույն պարբերությունը ստիպված մի քանի անգամ կարդում էի. ուշքս ու միտքս այնտեղ էր՝ Ռենայի հետ:

Հեռախոսը զանգեց: Վերջապե¯ս… սիրտս տրոփեց, ինչ-որ հաճելի ոգևորությամբ համակված՝ դանդաղ վերցրի լսափողը:

– Ալլո:

– Ալլո, բարև ձեզ: Լեո, դուք եք, չէ՞:

Ձայնն անծանոթ էր:

– Բարև ձեզ: Այո:

– Ռաուֆ Ալիևիչն է, «Նոր Ինտուրիստից»: Ինչպե՞ս եք:

– Շնորհակալ եմ… Երեկ շատ լավ էր ձեզ մոտ, անմոռաց երեկո էր:

– Շատ ուրախ եմ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան: Համեցեք, միշտ պատրաստ ենք: Բայց գիտե՞ք… – նա մի պահ ասես վարանեց, հետո միանգամից ասաց, – դուք երեկ գնացիք առանց վճարելու:

– Ինչպե՞ս, – ես զարմանքից կարկամեցի: – Չի կարող պատահել:

– Գիտե՞ք, մենք շատ մտածեցինք… ուզում էինք աշխատողներով մի կերպ… բայց դե, գումարը շատ է մեծ, երեք հարյուր ռուբլի, հնարավոր չեղավ…

Տևեց երկար դադար: Ես ոչինչ չէի գտնում ասելու, իսկ նա սպասում էր:

– Դուք մինչև քանի՞սն եք այդտեղ, – ի վերջո հարցրի ես, դեռևս չհավատալով իմ լսածին:

– Վաղը կարո՞ղ եք անցնել:

– Այո, իհարկե:

– Վաղը հինգին-վեցին, խնդրեմ, եկեք: Ես ձեզ կսպասեմ:

Այս ամենն արտասովոր էր, տարօրինակ: Շա¯տ էր տարօրինակ: Հիշում եմ, Արմենը մի քանի անգամ դուրս եկավ դահլիճից ու կրկին վերադարձավ: Գուցե սպասո՞ւմ էր ինչ-որ մեկին, իսկ նա ուշանո՞ւմ էր: Ամեն դեպքում, ինչպե՞ս դա կարող էր պատահել, չէ՞ որ Արմենն ինքը հրավիրեց: Նա գնաց հաշիվը փակելու, իսկ մենք ներքևում Ռենայի հետ սպասում էինք նրան: Իսկ հեռախոսահամա՞րը: Մետրդօթելը որտեղի՞ց կարող էր դա իմանալ: Մի՞թե զանգել է կոմիտե: Իրարամերժ մտքերը հանգիստ չէին տալիս ինձ:

Ժամը չորսի մոտերքը զանգեց Արմենը: Ռաուֆ Ալիևիչի հեռախոսազանգի մասին ես նրան ոչինչ չասացի, ասացի միայն, որ շտապ գործով տեղ պետք է գնամ, և որ մեր հանդիպումն այսօր չի կայանա:

– Ուրեմն վա՞ղը, – հարցրեց Արմենը:

– Վաղը, – պատասխանեցի ես ու դրեցի խոսափողը:

Սակայն մյուս օրը նա չզանգեց: Նույն՝ մեկը մյուսին հակասող մտքերը դեռևս հանգիստ չէին տալիս ինձ: Ես հիշեցի, որ Ռենայի հեռախոսահամարը մնացել է իմ խոսափողի մեջ: Այո, ահա այն՝ 92-69-98: Ես երկչոտ հավաքեցի՝ 9, 2, 6, 9, 9, մի պահ վարանում էի պտտել վերջին թիվը: Սիրտս ուժգին տրոփում էր, վերջապես պտտեցի վերջին թիվը՝ 8: Հեռախոսագծի մյուս ծայրում իսկույն վերցրին լսափողը:

– Ալլո՞, – դեռևս երկչոտ ասացի ես:

– Բարև, Լեո, – կրծքային քաղցրանուշ ձայնով ասաց Ռենան:

Զարմանալի է, եթե մարդը սիրելի է քեզ, սիրելի է և նրա ձայնը: Ինչպիսի¯ երջանկություն, նա իսկույն ճանաչեց իմ ձայնը, ասես սպասում էր այդ զանգին: Եվ ինչքան քիչ բան է պետք, որ մարդ երջանիկ զգա իրեն: Ես վայրկենապես մոռացա և՛ Արմենին, և՛ այդ ամբողջ տարօրինակ պատմությունը՝ կապված ռեստորանի հետ:

– Բարև, Ռենա, – ինչպես ուրբաթ օրը՝ խմբագրությունում, ես ակամա ոտքի ելա, – ինչպե՞ս եք:

– Լավ եմ: Դո՞ւք ինչպես եք:

– Շնորհակալություն: Ես նույնպես լավ եմ: Ռենա, կարևոր գործով ուզում եմ հանդիպել ձեզ: Դա հնարավո՞ր է:

– Իհարկե: Ե՞րբ և որտե՞ղ:

– Բաքսովետի մետրոյի մոտ: Ժամը հինգին:

– Շատ լավ: Ժամը հինգին ես այնտեղ կլինեմ:

– Շնորհակալություն:

Ես մի պահ խոսափողը ձեռքիս շրջում էի սենյակում, ինձ թվում էր՝ այն դեռ պահում է Ռենայի հարազատ շունչն ու քնքշանուշ ձայնը:

Իրոք, բոլոր ձայների մեջ ամենաքաղցրն այն աղջկա ձայնն է, որին սիրում ես: Մի՞թե ես արդեն սիրում եմ նրան:

Ռենային դիմավորեցի մետրոյի նախասրահում: Նա բաց կապույտ բլուզ էր հագել, ոսկյա բարակ շղթայիկը պսպղում էր ճերմակ պարանոցին, մազերը, ինչպես երեկ չէ մյուս օրն էր, անփութորեն թափված էին ուսերին: Դեռևս շարժասանդուղքին կանգնած՝ նա հարազատորեն ժպտաց ինձ, և այդ ժպիտը կախարդիչ էր: Նրա լիքը շուրթերի կիսաթափանցիկ փայլն ու շողշողուն թարմությունը նույնպես կախարդիչ էին:

– Ողջույն, – Ռենան ձեռքը մեկնեց, և ես բերկրանքով մտածեցի, որ նա չէր շտապում ետ քաշել ձեռքը, – վաղո՞ւց եք սպասում:

– Չէ, նոր եկա, – ասացի ես, թեպետ մոտ տասնհինգ րոպե կլիներ, որ սպասում էի նրան՝ նայելով շարժասանդուղքով վեր ելնող մարդկանց անդադար հոսքին:

Մենք դուրս եկանք փողոց: Հաճելի տաք եղանակ էր:

– Երեկ Արմենն ասաց, որ միասին կինո պիտի գնաք, – ասացի ես: – Լա՞վ նկար էր:

– Երե՞կ: Երեկ լրացել էր իմ տասնինը տարին, իմ ծննդյան օրն էր, – ասաց նա ու կանգ առավ:

Ես զգացի, որ ծննդյան օրվա մասին ասածը հանկարծակի դուրս թռավ բերանից, նրա դեմքը շառագունեց:

– Ես ամբողջ օրը տանն էի, – անվճռականորեն ավելացրեց Ռենան: – Եվ ոչ մի տեղ չեմ գնացել: Նա ինձ չի զանգել և… չէր էլ կարող զանգել, նա չգիտի իմ հեռախոսահամարը:

Ես ոչինչ չէի հասկանում:

– Ձեր ծննդյան օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ, – ասացի ես:

– Շնորհակալություն, – արձագանքեց Ռենան ամոթխած շփոթմունքով:

– Արմենի հետ պայմանավորվել էինք «Գյուլիստան» գնալ, եթե հիշում եք: Նա պետք է խոսեր ձեզ հետ ու զանգեր ինձ: Ինչպե՞ս պիտի զանգեր, եթե չուներ ձեր հեռախոսահամարը:

– Երևի մտածում էր վերջին րոպեին վերցնել, բայց ես մերժեցի:

Մի պահ լռություն տիրեց:

– Ռենա, կներեք, իհարկե, որ նման հարց եմ տալիս, – ասացի ես: – Արմենին դուք վաղո՞ւց եք ճանաչում:

Ռենան տարակուսանքով նայեց ինձ:

– Գիտե՞ք, ես նրան ընդամենը երկու անգամ եմ տեսել և, հետաքրքիր է, երկու անգամ էլ՝ պատահաբար: Առաջին անգամ հենց այստեղ, մետրոյի մոտ պատահեց, դա մի քանի ամիս առաջ էր: Ես հանրային գրադարանից էի գալիս, մոտեցավ, ինչ-որ հասցե էր հարցնում, ես նրան բացատրեցի: Երկրորդ անգամ, դա արդեն երեկ չէ մյուս օրն էր, մտա ձեր շենքի տակ գտնվող փոստը՝ մերոնց զանգելու, ինքն էլ այնտեղ էր, ինչ-որ տեղ էր զանգում, մոտեցավ, դարձյալ ինչ-որ բան էր հարցնում: Հետո խնդրեց իր հետ բարձրանալ ձեզ մոտ, խմբագրություն, ասաց որ ձեր ծննդյան օրն է և որ ձեզ համար հաճելի կլինի, եթե երկուսով շնորհավորենք ձեր ծնունդը: Շատ խնդրեց: Մի խոսքով, չգիտեմ ինչ փչեց խելքիս, նրա հետ բարձրացա ձեզ մոտ: Դե, մնացածը դուք գիտեք:

Ասես ծանր բեռից ազատված՝ ես ազատ շունչ քաշեցի:

– Եվ ծննդյան ու նախածննդյան այդ բոլոր ծիսակատարությունների մասին նա, իհարկե, հնարում էր: – Ռենան նայեց ինձ ու լայն ժպտաց: – Հնարո՞ւմ էր:

– Երևի, – խուսափողական ասացի ես: – Ուրեմն նա չուներ ձեր հեռախոսահամարը:

– Չէ, իհարկե:

– Հետաքրքիր է:

– Ձեր զանգից, ճիշտն ասած, ես մի տեսակ կորցրի ինձ ու այդպես էլ չհասկացա՝ իսկ ձե՞զ որտեղից իմ հեռախոսահամարը:

– Չեմ ասի, – ժպտացի ես, – դուք իմ ռադիոհեռախոսով տուն զանգեցիք, հիշո՞ւմ եք:

– Հիշում եմ:

– Խոսափողում պահպանվում է համարը:

Ռենան ծիծաղեց, ասաց.

– Թող այդպես լինի, – և իր քնքույշ կապույտ աչքերով նայելով ինձ՝ ավելացրեց, – ի՞նչ կարևոր գործ է, որի մասին ասացիք հեռախոսով:

– Մենք երեկ չէ մյուս օրը ռեստորանից դուրս ենք եկել առանց վճարելու:

– Չէ հա, – Ռենան ետ ընկրկեց, վախվորած ձեռքը տանելով այտին: – Չի կարող պատահել:

– Այն թիկնեղ տղամարդուն հիշո՞ւմ եք: Ռաուֆ Ալիևիչ: Արմենը ռեստորանում մեզ ներկայացրեց նրան: Նա երեկ զանգեց ինձ:

– Ինչպիսի¯ խայտառակություն, – Ռենան տագնապած նայեց ինձ, – ի՞նչ պիտի անենք:

– Նա հիմա սպասում է մեզ, – ասացի ես:

– Մի րոպե, – մտամոլոր ասաց Ռենան, մտքում ինչ-որ հաշվարկներ անելով: – Ես հորս ասել չեմ կարող, մորս՝ նույնպես, եղբորս՝ առավել ևս, իսկ եղբորս կնոջը կասեմ: Իրադան կօգնի: Իմ միամսյա կրթաթոշակը մոտս է, դա էլ կարող եմ տալ:

– Ռենա, ոչ մի բան պետք չէ, մի մտածեք, – ես խանդաղատանքով նայեցի նրան: – Գնանք:

– Հնարավո՞ր չէ առանց ինձ, – Ռենան խնդրողական նայեց:

– Անհնարին է: Հնարավոր լիներ՝ մենակ կգնայի, – ջերմ գոհունակությամբ ասացի ես: – Դե, գնացինք:

Ես թևանցուկ արեցի Ռենային և համարյա ուժով տարա դեպի տաքսիների կանգառ:

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ

Подняться наверх