Читать книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - იაკობ ცურტაველი - Страница 6

5

Оглавление

Ռաուֆ Ալիևիչը մեզ դիմավորեց հարգալիր ու հոժարակամ ժպիտով, ասաց, որ իր պրակտիկայում այդպիսի բան չի եղել, այսինքն եղել է, բայց դե որ մեզ նման հարգարժան մարդիկ թողնեն ու առանց վճարելու հեռանան՝ չէ, էդպիսի բան չի եղել, ինքը նման դեպք չի հիշում:

Մենք «Արևելյան» դահլիճ չգնացինք, նստեցինք «Հայելազարդ» դահլիճում, լուսամուտի մոտ: Ռենան այդպես ցանկացավ: Բեմահարթակի վրա, աթոռին սաքսոֆոն էր դրված, մի ուրիշ աթոռի՝ շեփոր ու թմբուկ, պատյանով կոնտրաբասը կանգնած էր պատի տակ. երաժիշտներն արդեն եկել էին և բեմահարթակի առջև հավաքված զրուցում էին, մերթ ընդ մերթ նայելով հաճախորդների կողմը:

Ռենայի համար կիսաքաղցր շամպայն պատվիրեցի, ինձ համար՝ կոնյակ: Մատուցողուհին փոքր-ինչ գունատ, նիհարավուն, սակայն գրավիչ դեմքով ռուս աղջիկ էր, և մեր պատվերները կատարում էր ընդգծված պատրաստակամությամբ, ասես դա մի առանձնահատուկ հաճույք էր պատճառում նրան:

Բարի առջև, կանգնակի բարձր աթոռներին թառած, երկու աղջիկ՝ մինչև գոտկատեղ հասնող երկար ոտքերով, տոնիկով ու կիտրոնով ջին էին խմում գունավոր ծեղաձողիկներով, գնահատող հայացքներով երբեմնակի նայելով տղամարդկանց:

Հաճելի մթնոլորտ էր, մեղմիկ երաժշտություն: Ինձ դուր էր գալիս, որ բոլորը, կից սեղաններից, ուշադրություն էին դարձնում մեզ վրա: Մենք զրուցում էինք, մեկ ես էի ինչ-որ պատմություն անում, մեկ՝ Ռենան, և ես հետզհետե զգում էի, որ նրա մոտիկ ներկայությունը խենթացնում է ինձ: Ռենան ուշադիր լսում էր ինձ, երբեմն ժպտում, ծիծաղում էր: Եվ, ի զարմանս ինձ, դիմակայած պատի երկայն հայելու մեջ ես հանկարծ տեսա Արմենին. սիգարետը բերանին, անհոգ՝ նա դանդաղ բարձրանում էր երկրորդ հարկ: Ես մտածեցի, որ այն օրը, ամենայն հավանականությամբ, չէր կարողացել վճարել և հիմա եկել է վճարելու: Շրջվելով ետ, ես ձեռքով արեցի. նա մեզ չէր տեսնում, կոկտեյլ խմող աղջիկները կարծես թե ծանոթ էին նրան, նույնիսկ տեսա՝ նա ժպտաց նրանց, սակայն, հանկարծակի տեսնելով մեզ, կանգ առավ՝ տարակուսալի հայացքով նայելով մեր կողմը, հետո ժպիտ սարքեց դեմքին, մոտեցավ:

– Իյա¯… Բարև ձեզ, ես էլ առավոտվանից զանգում եմ, զանգում՝ պատասխան չկա, ահա թե որտեղ եք: Էս ի՞նչ եք խմում՝ կոնյակ, շամպայն, օղի չկա՞, – նստելով սեղանի մոտ, ազատ բազկաթոռում, հարցրեց նա և նայելով Ռենային, չմոռացավ հաճոյախոսություն անել, – իսկ Ռենան, ինչպես միշտ, սքանչելի է: Նոր անեկդոտ. փողոցով մի աղջիկ է անցնում, նկատում է, որ մի տղա շարունակ հետևում է իրեն: Բավական երկար քայլելուց հետո աղջիկը հանկարծ շրջվում, ասում է. «Լսիր, ինչո՞ւ ես անընդհատ հետևում ինձ»: «Հիմա՝ երբ շրջվեցիք, – ասում է տղան, – անկեղծ ասած, ինքս էլ եմ զարմանում»:

Մենք ծիծաղեցինք, ես կանչեցի մատուցողուհուն, նա օղի բերեց: Ես, իհարկե, չհավատացի, որ նա, իբր, զանգել է ինձ, զանգեր եղել էին, բայց, ոչ, նա չէր զանգել: Այդ մասին ոչինչ չասացի նրան, չասացի նաև ռեստորանային պատմության մասին, Ռաուֆ Ալիևիչին, որն ինչ-որ առիթով մոտեցել էր մեզ, նույնպես հասկացրի՝ ոչինչ չասել, և նա գլխով համաձայնության նշան արեց: Արմենը վերջում տարօրինակ կենաց առաջարկեց.

– Թող բացվող օրը խաղաղությամբ մտնի մեր հարկերի տակ, – ասաց նա, հետո ինչ-որ բան հիշեց, ավելացրեց մտահոգ, – Վրաստանի կողմերից ադրբեջանցի մի ընկեր ունեմ, չէ, ինչ ընկեր, նոր եմ պատահաբար ծանոթացել, գողական աշխարհի հետ կապ ունի, ձեր կենտկոմի քարտուղար Հասան Հասանովի մոտ բարեկամներից է, ասում է, խոսք կա, որ ինչ-ինչ նպատակների համար քրեական կալանավորներին բաց են թողնելու բանտերից… Ամեն ինչ ինձ չի ասում, բայց տեսնում, զգում եմ, որ ինչ-որ վատ բաներ կարող են կատարվել: Ամեն շաբաթ-կիրակի ֆիլհարմոնիայի շենքում գաղտնի խորհրդակցություններ են տեղի ունենում այդ նույն Հասանովի գլխավորությամբ… Թող բացվող օրն, այո, խաղաղությամբ մտնի մեր հարկերի տակ, – կրկնեց նա նույն մտահոգ տեսքով, – թող մարդը բնավեր չդառնա, ոչ էլ ողբ ու լաց լինի անժամանակ կորստի համար: – Նա նայեց ժամացույցին, և, ելնելով տեղից, ավելացրեց, – կներեք, 26 կոմիսարների մետրոյի մոտ ինձ սպասող կա, մի տասը-տասնհինգ րոպեից կգամ:

Իրոք, տարօրինակ կենաց էր Արմենի կենացը: Ճիշտ է, մենք իսկույն մոռացանք այն, համարելով սովորական խոսակցություն, բայց հետագայում ես հաճախակի էի մտաբերում Արմենի այդ չարագուշակ խոսքերը: Նրա գնալուց հետո ես նկատեցի, որ կոկտեյլ խմող աղջիկները նույնպես չկան: Կոկտեյլի երկարուկ կիսատ բաժակները՝ ծեղաձողիկները մեջը, դրված էին կանգնակին:

Ռենայի հետ պարեցինք մի քանի անգամ, հաճելի էր նրա երկչոտությունը, շփոթմունքը, նրա մազերի խտուտը իմ կզակին, մարմնի փխրուն ջերմությունը ափերիս տակ, թեթև պարաքայլը, նրա բերկրանքն ու լուսաշող թեք նայվածքը, արծաթահունչ ձայնը, որ ոչ ոք չունի արար աշխարհում, շարժումների ու ձևերի վայելչությունն ու այն, որ ճակատին ընկնող ոսկեգանգուր մազափունջը փչելով՝ մտերմիկ հայացքով նայում էր ինձ:

Իսկ Արմենն այդպես էլ չեկավ: Մենք սպասեցինք տասը-տասնհինգ րոպեն, որի մասին ասել էր. անցավ մեկ ժամ, երկու ժամ, իսկ նա այդպես էլ չեկավ:

– Չեկավ, – ասացի ես նրա մասին՝ մի անգամ ևս նայելով պատաջահերով լուսավորված հայելուն, որն արտացոլում էր գրանիտե սանդղաշարը՝ վերևից մինչև առաջին հարկ:

Ռենան ակնդետ նայեց ինձ, ըստ երևույթին, իմ ձայնի մեջ ափսոսանքի նշույլ չկար, և նա դա նկատեց:

– Իսկ դու ուզո՞ւմ ես, որ նա վերադառնա:

– Ոչ, – ասացի ես:

– Ինչո՞ւ:

– Իսկ դո՞ւ, – նույնպես եզակի դեմքով՝ հարցին հարցով պատասխանեցի ես:

Ռենան տարուբերեց գլուխը, ձեռքի սովոր շարժումով ճակատից ետ տանելով մազափունջը: Նա ժպտաց, ուշացումով ասաց.

– Ոչ:

– Ինչո՞ւ, – հարցրի ես, ակամա ձեռքս դնելով նրա ձեռքին:

Ռենան ձեռքը հետ չքաշեց:

– Որովհետև դու չես ուզում դա, – նա ինքնագոհ ժպիտով նայեց ինձ:

Ես մատներով գուրգուրում, փաղաքշում էի նրա մատները, և նա դարձյալ ետ չեր քաշում ձեռքը, հետո նրա ձեռքն իմ ափի մեջ շրջվեց, և մեր մատները խառնվեցին: Հուզմունքն ալիքվեց իմ ներսում, սիրտս տագնապահար թպրտաց, լցվեց անհուն սիրով ու խանդաղատանքով: Սիրունիկ մատնակոճերով նրա երկար նուրբ մատները ես հպեցի շուրթերիս:

– Ռենա, – սրտի նվաղումով ու հուզահամակ շշնջացի ես, – ես ուզում եմ հավատաս, որ այսօր ամենալավ, ամենագեղեցիկ, ամենասքանչելի, ամենաերջանիկ օրն է իմ կյանքում: Ասա, դու հավատո՞ւմ ես, որ դա այդպես է:

– Հավատում եմ, – ասաց նա, և նրա շուրթերը հրաբորբ էին: – Ես ուզում եմ, – շարունակեց Ռենան, նրա ձայնը դողաց, – ուզում եմ, որ դա լինի առաջին օրը և որ այդպիսին լինի նաև հաջորդ օրը և մնացած բոլոր օրերը: Իսկ հիմա գնանք: Ուշ է արդեն:

Սքանչելի երեկոյի համար ես շնորհակալություն հայտնեցի մատուցողուհուն, չմոռանալով մի կարմիր թղթադրամ էլ աննկատ սահեցնել նրա գրպանը, վճարեցի նաև երեկ չէ մյուս օրվա համար, և մենք Ռենայի հետ իջանք առաջին հարկ: Ծաղկավաճառից մեկ առ մեկ խնամքով ընտրելով՝ հոլանդական տասնինը ճերմակ վարդ գնեցի՝ մեկը մյուսից գեղեցիկ, երկար ցողուններով, և նվիրեցի Ռենային, որի համար նա անչափ շնորհակալ եղավ: Հուզմունքից շփոթված՝ նա տաքուկ շուրթերը հպեց այտիս, որից մի պահ մնացի գամված տեղում:

Ռենան դարձյալ չուզեց, որպեսզի իրեն տաքսիով ուղեկցեմ տուն: Բաժանվեցինք մետրոյի մոտ, վերջին պահին, ճերմակ վարդերը սեղմած կրծքին, կամացուկ ասաց.

– Լեո, ես ուզում եմ հավատաս, որ այս օրը ինձ համար ևս կմնա որպես անչափ երջանիկ և անմոռաց օր:

Մետրոյի նախասրահում Ռենան այլևս չէր երևում, բայց ես դեռևս կանգնած էի՝ ասես անկարող շարժվելու. նա իր արբեցնող էությամբ ասես դեռ իմ կողքին էր, և ես զգում էի նրա տաք շունչը, նրա թովիչ ձայնը, նրա զգլխիչ բույրը, նրա փափուկ մազերի հպանցիկ շոյանքն իմ դեմքին…

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ

Подняться наверх