Читать книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - იაკობ ცურტაველი - Страница 11
Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր
7
ОглавлениеԻսկ հետո անսպասելի եկավ ձմեռը, ամբողջ չորս ամիս համարյա անընդհատ ձյուն տեղաց. ճամփաները փակվեցին, դարձան անանցանելի՝ լեռնային մեր փոքրիկ գյուղը կտրելով աշխարհից£
Մարտ ամսվա վերջին օրերին միայն արեգակը սկսեց տաքացնել հողը և սկզբում բլուրները, իսկ հետո հանդ ու այգի, գյուղ ու ճամփա սկսեցին դանդաղ ծխալ£ Ձյունն արագ հալչում էր և, ինչպես ամեն տարի գարնանը, հորդաց, փրփրեց մեր հնավանդ Բարակ ջուրը, արմատահան արված ծառեր ու վիթխարի քարեր էր բերում վերևից, լեռների կողմից, և գիշեր ու ցերեկ անձանձիր ոռնում, դղրդում էր մթին ձորերի մեջ£
Ապրիլի կեսերին արդեն ձյուն չկար, կար միայն առատ ձյան վերհուշը£ Եկավ գարունը® Հեռավոր վայրերից վերադարձան ծիծեռնակները, ուրախ պտտվեցին մեր տան գլխավերևում, այգու ծայրում ինչ-որ տեղ, թփերի մեջ, երգեց դեղձանիկը, և նրան ձորից արձագանքեց մայր կկուն£
Երեկ ամբողջ օրը, չգիտեմ ինչու, անտրամադիր էի, իսկ այսօր առավոտյան, չափելով ջերմությունս, մայրիկը ինչ-որ դեղահաբեր դրեց սեղանին՝ պատվիրելով տնից ոչ մի տեղ չգնալ, պառկել անկողնում, տաքացրած կաթ խմել և ընդունել այդ հաբերը£ Եվ հիմա պառկել եմ անկողնում, և ժամերն այնպես ծանր են անցնում£ Ես մեկ-մեկ հաշվում եմ դպրոցական զանգի ձայները, սպասելով դասերի ավարտին£ Ուր որ է կգա Արգինան, և իմ սիրտը միանգամից կլցվի լույսով ու քնքշանքով£
Բակում, դարպասի երկաթե դռնակը աղմուկով ետ է գնում£ «Արգինան է», – մտովի ուրախ ասում եմ ես£ Ոտնաձայները բարձրանում են սանդուղքով, դանդաղ բացվում է պատշգամբի դուռը, և դռների մեջ երևում է Արմենը՝ ձեռքին եղրևանու մի մեծ փունջ£ Ներս մտնելով, նա նկատելի շփոթվում է, ինչպես երևում է, չէր սպասում այդ ժամին տեսնել ինձ տանը£
– Այդ ի՞նչ է, դպրոց չե՞ս գնացել, Աբիկ£
– Ոչ, – ասում եմ ես, նստելով մահճակալի ծայրին£– Նշագեղձերի բորբոքում ունեմ£
– Մրսել ես երևի, – ասում է Արմենը՝ անվստահ նայելով շուրջը£
– Երևի, – ասում եմ£ -Մայրիկը տանը չէ, – ավելացնում եմ ես, նայելով ծաղկեփնջին£
– Հա՞, – ասում է Արմենը շփոթված£– Իսկ ես կարծում էի, թե տանն է£
Ծիծաղելի է, երբ մեծահասակ տղաները շփոթվում են£ Ես, օրինակ, երբեք չեմ շփոթվի՝ որտեղ էլ որ լինեմ£
– Ոչ, տանը չէ, – կրկնում եմ ես£– Այսօր նա առաջին հերթի է աշխատում£
– Հետաքրքիր է, – արտասանում է Արմենը, աշխատելով չնայել իմ կողմը, – ով էր՝ ասաց, թե տեսել է տուն գալիս, ուրեմն սխալ եմ հասկացել…
Ես մտածում եմ, որ երևի նրա հարազատներից որևէ մեկը բուժվել է մայրիկի մոտ, և նա եկել է շնորհակալություն հայտնելու, բայց ինչո՞ւ ոչ հիվանդանոց, այլ տուն է եկել£
– Այս ծաղիկները, ուրեմն, մայրիկի համա՞ր ես բերել, – ասում եմ, բայց իմ ձայնը, ըստ երևույթին, հնչում է ոչ առանց չարախնդության, որովհետև Արմենը մի տեսակ տարօրինակ ձևով է նայում ինձ: Նա եղրևանու ճյուղը զգույշ դնում է սեղանին£
– Աբիկ ջան, սա հարկավոր է դնել ջրի մեջ, – ասում է նա, – թե չէ իսկույն կթառամի£ – Որոշ լռությունից հետո, նայելով դեպի կից սենյակները, Արմենը ոչ բարձր հարցնում է.– Արգինան որտե՞ղ է£
– Դեռ չի եկել դպրոցից£
– Իսկ ե՞րբ է գալու, չգիտե՞ս£
– Արգինա՞ն® Նա արդեն պիտի եկած լիներ, չգիտեմ ինչու, ուշանում է£ Երևի հիմա կգա£ Ուզո՞ւմ ես, սպասիր£
– Չէ, չէ, – ձեռքերը շարժելով ասում է Արմենը£– Մի ուրիշ անգամ, հիմա վռազ շրջկենտրոն եմ գնում£ Եթե քեզ համար դժվար չէ, Աբիկ ջան, այս ծաղիկները տուր Արգինային՝ հենց որ եկավ£ Լա՞վ£
Փոքր երեխայի տեղ է դրել ինձ: Չի անցնի:
– Կաց, բա մայրիկի համա՞ր չէիր բերել, – ասում եմ ես, իսկ ինքս քիչ է մնում զսպված ծիծաղից պայթեմ£
– Ոչինչ, Աբիկ ջան, Արգինան ինքը կտա մայրիկին£
– Լավ, – ասում եմ ես անթարթափ նայելով նրան£– Հենց որ եկավ, կտամ իրեն£
Արմենը գնում է դեպի պատշգամբի դուռը£
– Ե՞րբ ենք նորից գնում Թարթառի ձորը, – դռների մոտ շրջվելով հարցնում է Արմենը£
– Երբ ասես, -ժպտում եմ ես£
Նրա գնալուց հետո ես ծաղիկները դնում եմ ջրով լի սկահակի մեջ£ Իրոք որ, գեղեցիկ ծաղկեփունջ է, երևում է Արմենը վատ ճաշակ չունի£ Այս գարնան առաջին ծաղիկներն են սրանք£ Երևի Թարթառի ձորից է բերել Արմենը, որովհետև մեզ մոտ եղրևանիները չեն ծաղկել դեռ£
Մեր գյուղի բոլոր տղաների մեջ, չգիտեմ ինչու, ամենից շատ ինձ Արմենն է դուր գալիս£ Գուցե նրա համար, որ նա անչափ քաղաքավարի ու հավասարակշռված տղա է, գյուղում բոլորի հետ էլ՝ մեծ թե փոքր, սիրալիր է վերաբերվում£ Չգիտեմ£ Բարձրահասակ է նա ու լայնալանջ, սև աչք-ունքով, խոսելիս թեթև ժպտում է և ժպտալիս նրա աջ այտին հազիվ նկատելի փոսիկ է գոյանում£ Բանակից վերադառնալուց հետո կոլտնտեսությունում վարորդ էր, իսկ անցյալ տարի, երբ Թարթառի վրա սկսվեց արհեստական ջրամբարի կառուցումը, գնաց այնտեղ£ Ինքնաթափ բեռնատարի վրա էր աշխատում, իսկ վերջին ժամանակներս շինարարության պետի մեքենան է վարում£ Այդ մեքենայով հաճախակի գյուղ է գալիս£ Արմենը հայրիկին նունպես դուր է գալիս£ «Արմենը ոսկի տղա է, – մի անգամ Արգինայի ներկայությամբ ասաց հայրիկը£– Ոսկու նման՝ ուր էլ որ դնես, կփայլի£ Հերն էլ լավ մարդ էր, կռվից եկավ՝ մի քանի տեղից վիրավոր, երկու տարի տանջվեց էդպես ու մեռավ£ Հիմա, ապրի արևը, հոր տեղը բռնել է, զուր չեն ասել, որ մանուշակի արմատից մանուշակ կբսնի»£
Արգինան ուշադիր լսում է հայրիկին՝ առանց մի խոսք անգամ ասելու£
– Ճի՞շտ չեմ ասում, Արուս, – դառնալով մայրիկի կողմը, անսպասելի հարցնում է հայրիկը£
– Ճիշտ ես ասում, – մայրիկը գաղտնաբար նայում է Արգինային£– Արմենը լավ տղա է£
– Ես ծեր մարդ եմ, իսկ ծերունի մարդիկ իրավունք ունեն խրատել, խորհուրդներ տալ£
Ասում եմ, չէ՞, հայրիկս առանց հանելուկների ապրել չի կարող: Մի հարցնող լինի՝ ո՞ր օրվա ծերունին ես դու:
– Դու՞ք եք ծերունի, – աչքերում անսքող ծիծաղ, ասում է Արգինան՝ կողքանց նայելով հայրիկին£– Զուր տեղը ինքներդ ձեզ մի չարախոսեք£
– Արգինա ջան, ջահել ժամանակ չես տեսել ինձ, – Արգինայի խոսքերից շոյված, ժպտում է հայրիկը£– Չէ, հիմա ծեր եմ, սիրտ մի տուր ինձ, չես խաբի, մարդու հիսուն տարին որ մոտեցավ, ուրեմն ծեր է® Բայց դե, էդ ախմախ ջահելությունն էլ էնպես արագ է անցնում® Քեզ մի բան ասեմ, աղջիկս, էն տարածությունը, որ բաժանում է ծերությունը ջահել օրերից, շատ կարճ է, ծերությունը գալիս է հանկարծակի, ոնց որ ձյուն£ Առավոտ վեր ես կենում ու տեսնում, որ ամեն ինչ սպիտակ է£
Այս խոսակցությունը տեղի էր ունենում աշնանային ուշ երեկոյան, մեր բակում, թթենու տակ գցված ընթրիքի սեղանի շուրջը£ Աստղազարդ պարզկա երեկո էր, երկինքը՝ կապտաժեռ, վերևից գյուղին նայելիս՝ թվում էր երկնքից մի բեկոր՝ աստղերի հետ պոկվել, ընկել է այս սար ու ձորերի մեջ, ու հիմա պարզ երևում էր այդ բեկորը՝ առկայծող լույսերով£
– Այո, կարճատև է կյանքը, բայց մարդու գործը երկար է ապրում, ուրեմն երկար է ապրում նաև նրա անունը, – շարունակեց հայրիկը՝ մի ումպով պարպելով թթօղու բաժակը£– Ես ձեզ մի բան ասեմ. մարդս, առհասարակ, մահկանացու է, դա բոլորը գիտեն, բայց ժողովրդի սրտում երկար ապրելու միակ հնարավորությունը իրենից հետո որևէ լավ գործ թողնելու մեջ է£ Արմենի հերը մեռավ, ճիշտ է, բայց ինքը տիրություն արեց ընտանիքին, քույրերին, ուրիշների նման չփախավ քաղաք՝ հեշտ ու թեթև աշխատանքի, մնաց գյուղում, մոր աչքի առաջ, հիմա էլ, հրեն, շինանյութ է բերել, ուզում է երկու հարկանի տուն կառուցել£
– Եվ միաժամանակ հեռակա կարգով սովորում է ավտոմոբիլային տրանսպորտի ինստիտուտում, – լրացնում է մայրիկը£
– Ապրի արևը£ Արժանավոր զավակը էդպիսին կլինի£ Մարդ իր արած գործերով արձան է կառուցում իր համար, որը կանգնած կմնա այնքան ժամանակ, քանի դեռ արևը չի սառել, – հայրիկն իր ասածից գոհ հաղթական նայում է բոլորիս և շարունակում.– Հրեն, տեսնո՞ւմ եք էն աստղերը, կան աստղեր, որ վաղուց հանգած են արդեն, բայց նրանց լույսը շարունաում է հասնել մեզ, լուսավորել մեր ճանապարհը£ Իսկական մարդը նման է էդ աստղին, ինքը, ափսոս, չկա, բայց թողած լավ գործն ապրում, լույս է տալիս ուրիշների ճանապարհին£ Մինչև ինձ, – շարունակում է հայրիկը, – գյուղի անասնաբույժը Վաչագանն էր, Քոլատակ գյուղից£ Խաչենագետի հենց կողքին է էդ գյուղը, բայց ինքը վաղուց էստեղ էր ապրում£ Հազար օղորմի նրան, ի¯նչ մաքուր մարդ էր, ի¯նչ ազնիվ հոգի. մեր էս գյուղարանքում մեկին չես գտնի, որին լավություն արած չլինի£ Աշխարհը, այ, էդ տեսակ մարդկանցով է կանգուն® Մի ուրիշ Վաչագան էլ կար մեր գյուղում® Չէ, Վաչագան չէր՝ Վաղարշակ, – ծիծաղեց հայրիկը£– Սուս ու փուս մարդ էր, գլուխը կախ, չխոսեցնեիր՝ օրերով խոսք չէր խոսի£ Կռվի ժամանակ գերի էր ընկել, երեք տարի գերմանական համակենտրոնացման ճամբարներում էր եղել, մի տասը տարի էլ էստեղ՝ մեր լագերներում էր տանջվել£ Շրջանից մարդ էր եկել, շրջկոմի հրահանգիչ էր, Վաղարշակին հարցնում է՝ «Կյանքդ ո՞նց ես ապրել, հայրիկ»£ «Գերմանական լագերները չհաշված՝ համարյա մի օր չեմ տեսել», – ասում է Վաղարշակը£ Մաքուր ծիծաղ® Էս Վաղարշակը մի աղջիկ ուներ, անունը Ռազմելա, էնքա¯ն սիրուն, էնքա¯ն սիրուն, որ նայելիս մարդու շունչը կանգ էր առնում՝ մազերն էլ ոսկեգանգուր, բա ա¯չքերը, աչքերը®, – հայրիկը շփոթված շուրջը նայեց, ասաց.– Ղազանչի գյուղ մարդու գնաց, մարդու անունն էլ Մանթաշ® Հա, ինչի՞ մասին էինք խոսում£
– Ռազմելայի մասին, – ասաց մայրիկը£ Բայց ինձ թվաց, թե մի ուրիշ ձևով նա ասաց այդ խոսքը, որովհետև հայրիկն ավելի շփոթվեց, ասաց.– չէ, Ռազմելայի մասին չէր® Հա, հիշեցի, Արմենի հոր մասին էր, լավ մարդ էր, շատ լավ մարդ էր, Արմենը լրիվ նրան է քաշել£
Արգինան նույնպես անտարբեր չէ Արմենի նկատմամբ£ Ես դա վաղուց եմ նկատել£ Նույնիսկ ավելի շուտ, քան միասին գնացել էինք Թարթառի ձորը՝ ջրամբարի կառուցումը դիտելու£ Մենք Թարթառի ձոր գնացինք Արմենի վիլիսով£ Ձորում, գետի հոսանքն ի վեր, ինչպես գետից ելնող գոլորշի՝ նոսր մշուշ էր հոսում, և այդ մշուշի միջով արևի շողերը թափանցում էին գետի մեջ, և ջրերը շողում, շողշողում էին աշնան արևի տակ£
Այստեղ-այնտեղ ճանապարհի աջ ու ձախ կողմերին ինչ-որ տղաներ դույլերի մեջ հոն ու ընկույզ էին վաճառում՝ մեքենա տեսնելիս դույլերը բարձրացնելով վեր£
Արգինան նստել է առջևի նստատեղին, Արմենի մոտ, իսկ ես, մենակ մնալով մեքենայի ետնամասում՝ մեկ այս լուսամուտին էի կպչում, մեկ՝ այն£ Դա անմոռանալի ճանապարհորդություն էր՝ մագնիտոֆոնի ախորժալի երաժշտության ուղեկցությամբ£ Գլուխս հանելով մեքենայից, ես հետաքրքրությամբ նայում էի արևազօծ սարալանջերին, կուսական անտառներին ու պարզկա Թարթառին՝ ներկված լեռների խայտաբղետ գույներով£
Արմենն ու Արգինան՝ զրույցով տարված, համարյա մոռացել էին իմ մասին£ Նրանք անընդհատ խոսում էի ինչ-որ բաների մասին, ծիծաղում, և, չնայած հանդիպական ուժեղ քամուն, ես լսում էի պատառիկներ նրանց զվարթ խոսակցությունից£
Արմենը մեքենան քշում էր մեծ արագությամբ, ինձ անչափ դուր էր գալիս, որ ճանապարհը սրընթաց ետ էր թռչում անիվների տակ, ու քամին անդադար սուլում էր՝ ֆուշ-շ-շ®
– Կամաց քշիր, Արմեն, – խնդրում էր Արգինան՝ ձեռքը թեթև հպելով Արմենի ուսին£– Չես տեսնում՝ շարունակ ոլորաններ են£
– Վախենո՞ւմ ես, – ժպտում էր Արմենը՝ մի պահ նայելով Արգինային£ Նրա ձեռքն իջնում էր Արգինայի ձեռքին, և նրա մատները քնքշորեն գրկում էին Արգինայի մատները£ Նա հիմա միայն ձախ ձեռքով էր վարում մեքենան£
– Ճանապարհին նայիր՝ մեկ էլ տեսար մեզ գլորեցիր ձորը, – կրկին խնդրում է Արգինան£
– Իմ մեքենան գիտի, թե ով է այստեղ նստած, նա այդպիսի բան չի անի£
– Միևնույն է, ճանապարհին նայիր£ Դու, ինչ է, առաջին անգա՞մն ես տեսնում ինձ£
– Ոչ, իհարկե, բայց ամեն անգամ քեզ տեսնելիս, թվում է, թե առաջին անգամ եմ տեսնում և ամեն անգամ սիրահարվում եմ առաջին հայացքից£ Գիտե՞ս, ինձ մի ակնթարթ էր պետք քեզ տեսնելու համար և ամբողջ մի կյանք՝ այլևս չմոռանալու համար:
– Եվ դրա համար էլ քիչ է մնում փախցնես, տանես ինչ-որ հեռու-հեռավոր մոլորակ, – ծիծաղում է Արգինան£
– Այո, ճիշտ կռահեցիր£ Որոշել եմ փախցնել£ Պետս բարի ծերուկ է, նա անպայման կտա մեքենան£
– Իսկ ինչո՞ւ փախցնել® երբ ես համաձայն եմ®– Արգինայի աչքերը շողարձակում են խորհդավոր փայլով, և ժպիտը ծաղկում է նրա ուռուցիկ շուրթերին՝ հետզհետե ծավալվելով ամբողջ դեմքին£
– Ես համաձայն եմ, – կիսաշրջվելով Արմենի կողմը, կրկին ասում է Արգինան£– Փախցրու, բայց ոչ այս մեքենայով£ Քո հին բեռնատարով£ Տար ինձ հեռու-հեռավոր մի մոլորակ£
Արմենը մտացրիվ նայում է Արգինային, ժպտում£
– Դու գիտե՞ս, վերջին ժամանակներս®միայն թե չծիծաղես իմ խոսքերի վրա, լա՞վ£
– Ասա, չեմ ծիծաղի, – պատասխանում է Արգինան£– Միթե՞ ես երբևէ ծիծաղել եմ քո խոսքերի վրա£
– Այն, ինչ ես զգում եմ վերջին ժամանակներս, շատ նման է այն բանին, ինչ կրոնական էքստազի մեջ զգում են հավատացյալները£ Ծիծաղելի է, երևի, բայց ես իմ հին բեռնատարը, որն այժմ դուրս է գրված, ընկած է գարաժի մի անկյունում, մոռանալ չեմ կարողանում£ Եվ մոռանալ չեմ կարողանում այն պատճառով, որ նրանով առաջին անգամ քեզ տարա մինչև գյուղ, և երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ուզում եմ մտնել գարաժ և, բոլորից թաքուն, ծնկի գալ նրա առջև ու երկրպագել ինչպես կուռքի£
Ես Արմենին պատկերացնում եմ հին բեռնատարի առաջ չոքած աղոթելիս և, ազնիվ խոսք, քիչ է մնում բարձր ծիծաղեմ£ Եվ այն էլ ով է ասողը՝ Արմենը® Չէ, ես իմ կարծիքը փոխեցի նրա մասին£ Արգինայի փոխարեն ես լինեի, չէի դիմանա, ուղղակի ուշքս կգնար ծիծաղից£ Իսկ նա® Իսկ նա չի էլ մտածում ծիծաղել, մի տեսակ հետաքրքրասիրությամբ ուշադիր նայում է Արմենին, ասես սպասելով, որ նա էլի խոսի£ Մի՞թե նրան իսկապես, դուր է գալիս լսել այդ ցնդաբանությունը£ Խելքս բան չի կտրում£ Իսկ Արմենն իրենն է շարունակում£
– Ծիծաղելի է երևի®
– Ամենևին£
– Ամեն անգամ, անցնելով գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված դեղձենու մոտով, որտեղ բեռնատարից իջար առաջին անգամ, մի քիչ արգելակելով մեքենան, ես ասում եմ. «Ողջույն, ծերուկ, դու նույնիսկ պատկերացնել չես կարող, թե ինչքան ուրախ եմ՝ ամեն անգամ տեսնելով քեզ իմ ճանապարհին»£ Եվ դա ես ասում եմ շատ լրջորեն£ Դու չե՞ս հավատում ինձ£ Ծիծաղիր ինձ վրա, բայց հավատա£
– Հավատում եմ®
Աստված իմ, մի՞թե հնարավոր է հավատալ այդպիսի զառանցանքի£ Եթե ինձ կախ էլ տան, միևնույնն է, չեմ հավատա£ Իսկ Արգինան հավատում է£ Զարմանալի է£ Շատ է զարմանալի® Սպասիր, ի՞նչ դեղձենու մասին է խոսքը£ Գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված դեղձենու® Ուրեմն Արգինան նրա բեռնատարով էր գյուղ եկել այն ժամանակ£ Ահա թե ինչու Արմենն այնպես շուտ մեկնեց® Եվ ոնց էլ ձայնից չէի ճանաչել£ Այն ժամանակ էլ, հիշում եմ, բեռնատարը ծանոթ թվաց, բայց հեռվից հաստատ չկարողացա իմանալ՝ Արմենի՞ մեքենան էր, թե՞ ուրիշի£
Այո, ես շատ բան հասկացա այն ժամանակ Թարթառի ձորում՝ և ամբարտակի վրայից կառույցը դիտելիս, և ճանապարհին, ավելի ճիշտ՝ հաստատվեցին իմ բոլոր կասկածանքները, որ ունեի մինչ այդ£
®Եղրևանու ծաղկեփունջը դրել եմ լուսամուտագոգին, սկահակի մեջ, և անհամբերությամբ սպասում եմ Արգինային£ Աստիճանների վրա ես լսում եմ նրա թեթև ոտնաձայները£ Չգիտեմ ինչու, սիրտս միանգամից սկսում է արագ բաբախել£ Հուզվում եմ երևի£ Արգինան ներս է մտնում լուսափայլ ժպիտը դեմքին՝ իր բարձր տրամադրությամբ համակելով նաև ինձ£
– Հը, ինչպե՞ս ես զգում քեզ, Աբիկ£
– Ոչինչ, վատ չեմ, – ասում եմ ես ժպտալով ու հայացքով ցույց եմ տալիս լուսամուտագոգը£
Արգինան նույնպես նայում է այդ ուղղությամբ£
– Այս ի¯նչ հրաշալի ծաղիկներ են, ո՞վ է բերել£– Վերջին բառերը նա արտաբերում է համարյա շշուկով£ Ես ձևացնում եմ, իբր, ոչինչ չեմ նկատում, և ասում եմ անմեղսապարտ տեսքով£
– Մերուժանը£
– Ո՞վ, – Արգինայի աչքերը նույնիսկ կլորանում են£
– Մերուժանը, – ծիծաղում եմ ես£– Կոշկակար Մերուժանը£
Արգինան մոտենում, վերցնում է ծաղկեփունջը՝ այնտեղից հանելով խողովակաձև փաթաթված մի թուղթ՝ Արմենի երկտողը£ Ես հենց սկզբում էի նկատել այդ թուղթը, երբ դեռ ծաղկեփունջը դրված էր սեղանին£ Մոտավորապես ենթադրում եմ նույնիսկ, թե ինչ է գրված այնտեղ£ Նամակ գրելու փոխարեն, գնար դպրոց, դուրս կանչեր Արգինային և ինչ որ պետք է՝ ասեր նրան£ Դմբո£ Չէ, երևի չի ուզեցել դպրոց գնալ£ Ես ձևացնում եմ, թե գաղափար անգամ չունեմ երկտողի մասին£ Արգինան բացում է թուղթը և, թեթևակի շիկնելով, հարցնում է.
– Այսպես, ուրեմն, ասում ես, ո՞վ է բերել£
Երկուսով սրտանց ու համերաշխ ծիծաղում ենք, և ես Արգինայի համար աննկատ, աչքի տակով արագ կարդում եմ Արմենի երկտողը. «Ներիր, շտապ գնացի Մարտակերտ: Երեկոյան սպասիր: Քո Արմեն»: Այնուհետև Արգինան ասում է մարող շշուկով.
– Աբիկ, դու ոչ ոքի չես ասի, չէ՞, այս մասին£
– Մի վախենա, չեմ ասի£ Նույնիսկ մայրիկին չեմ ասի, – խոստանում եմ ես£ Իսկ հետո, այնուամենայնիվ, չեմ համբերում և հարցնում եմ.– Իսկ ինչ է, Արմենն իսկապե՞ս քոնն է£
– Ի-ի՞նչ®
– Նա այնտեղ գրում է՝ «Քո Արմեն»£
– Վերջ տուր, Աբիկ£ Ամոթ քեզ, ուրիշի գրածն ինչո՞ւ ես կարդում£– Եվ, աստված իմ, ինչպես է նրա դեմքը պատում վարդ-շիկնանքով£ Ուղղակի ոնց որ փոքրիկ աղջնակ£
– Իսկ մի՞թե նա ուրիշ է, – այս անգամ խորհրդավոր ժպտում եմ ես£
Արգինան հանդիմանանքով նայում է ինձ, բայց ես պարզ տեսնում եմ. նա բոլորովին չի բարկանում ինձ վրա, նրա շուրթերը բացվում են՝ ինչպես կարմիր վարդն է բացվում ցողաթաց արևի ջերմ հպումից, և ժպիտը տարածվում է գեղասքանչ դեմքին£