Читать книгу Անցյալից - იაკობ ცურტაველი - Страница 1

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Оглавление

Այս գործի ամենագլխավոր աղբյուրը կազմում են իմ անձնական հիշողությունները։

Ես շատ ապրեցի։ Իմ ապրածների մի մասն է, որ այժմ տալիս եմ այս գրքի մեջ։ Ամենակարեւոր մասը, որ իհարկե ըստ իմ հասկացողության պիտի պատմի ընթերցողիս, թե ինչպես էր, որ գրեթե կես դար առաջ Հայոց հարց ծնվեց եւ ինչպես էր, որ այդ հարցի հետեւանքով բնաջինջ եղավ թուրքահայ ժողովուրդը եւ իսպառ ջնջվեց Թուրքաց Հայաստան1 աշխարհագրական անունը։

Ես, ուրեմն, պիտի պատմեմ մեծագույնն այն աղետներից, որոնք երբեւիցե վիճակվել են հայ ժողովրդին։

Հայոց հարցը, եթե ոչ ամբողջովին, գոնե իր ամենախոշոր մասով այն սերնդի գործն էր, որին պատկանում եմ եւ ես։ Վերջին տարիներիս, երբ նա խորտակվում էր այնքան ահռելիորեն, ես շատ անգամ էի լսում իմ սերնդակիցներից.

– Երանի՜ նրանց, որոնք մեռան միամտության մեջ, հավատալով, թե Հայոց հարցը պիտի լուծվի հայ ժողովրդի երջանկության համար… Ինչո՞ւ ես էլ չմեռա, որ չտեսնեի այս օրը…

– Հեր օրհնված, – մտածում էի ես, – մեր կանաչ ու ալվան սարերը հո՞ սեւ չէին հագնի, թե դու էլ, մի թշվառ միավոր, ավելանայիր այն տասնյակ միլիոն դիակների վրա, որոնցով մարդկությունը պարարտացրեց պատերազմի Մողոքի2 որկորը 1914 թվականից սկսած։

Ինքս բոլորովին այդպես չէի մտածում։ Եթե մահն ինձ մոռացել է, այդ պատահականությանը ես ամենից առաջ այն եմ պարտական, որ տեսնում եմ այսօրվա օրը, երբ ամեն ինչ պարզված է վերջնականապես եւ անդառնալիորեն։ Իսկ այս բոլորովին անխորհուրդ մի առավելություն չէ, որ տվել է ինձ ճակատագիրը։ Ներկայումս կատարվում է եւ սերունդների փոփոխություն։ Մենք հեռացել ենք, մեջտեղ կանգնել են նորերը։ Այս միանգամայն բնական է եւ մարդկային։ Յուրաքանչյուր սերունդ իր ժամանակի տերն ու տնօրենն է. անում է այն, ինչ լավ է համարում. ստեղծագործում է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում։ Թե ինչ կասի արդեն իր դիրքերի տերը դարձած [հաջորդ] սերունդը, այդ նրա՛ գիտնալու բանն է։ Մեզ` հնացածներիս, մնում է մի պարտք՝ ճանաչել, հաշիվ տալ նոր սերնդին ու այդպե՛ս հեռանալ ասպարեզից։

Ահա՛, ես էլ, իբրեւ մի անհատ, ուզում եմ իմ պարտքը կատարել։

Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր որպիսությունն այն ժամանակ, երբ մենք էինք տերն ու տնօրենը, երբ մենք դրություններ եւ հոսանքներ էինք ստեղծում եւ կյանքը մեր մտապատկերներին, մեր կառուցվածքներին ենթարկում։ Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր արատներն ու առաքինությունները, մեր «Այո» – ն եւ «Ոչ» – ը, մեր սխալները, մեր ոճիրները։

Համեցե՛ք։

Ես կտամ ձեզ, բայց ոչ իբրեւ այն օրերի մարդ, որովհետեւ այն օրերը միայն պատրանքներ էին տալիս, միայն անորոշություններ էին ներկայացնում, այլ իբրեւ այսօր ապրող մարդ, որովհետեւ այսօր ամեն ինչ պարզ է, սոսկալի կերպով պարզ։

Այս պարզությունն ինքնըստինքյան, ինքնաբերաբար եւ հաղթականորեն բերել է բոլոր արժեքների վերագնահատություն, տապալել է բազմաթիվ կուռքեր, չափազանց պահանջկոտ, անխնա մի քննադատություն է նստեցրել մեր գործերի վրա, մանրացրել է մեր գործիչներին եւ քանդել ու տակնուվրա է արել մեր այն ժամանակվա գաղափարներն ու զգացմունքները, մեր մտածողությունն ու գեղարվեստն անգամ։

Այսօրվա այդ մեծ քննադատական կարողությունն էլ կլինի իմ միակ ղեկավարը։ Ես կտամ ձեզ ոչ թե անտարբեր ու անորոշ հիշողություններ, ո՛չ` դրանք այլեւս ոչ մի արժեք չունեն, այլ կտամ քննական, վերլուծական հիշողություններ3։

Իմ վերլուծումները խիստ են, գուցե նույնիսկ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայել։ Այսպես է նախեւառաջ այն պատճառով, որ ես ուրիշ կերպ գրել երբեք էլ չեմ իմացել, երկրորդ՝ որովհետեւ այսպես է պահանջում մեզ վիճակված սոսկալի դժբախտությունը, այսպես է պահանջում միլիոնավոր մորթվածների հիշատակը…

Անխնա լինենք նախեւառաջ դեպի մեզ։

Խնդրում եմ ընթերցողին, որ այնպես չկարծի, իբր թե ես ինձ առանձին դիրք եմ տալիս իմ ժամանակակիցների մեջ, իբր թե` չսխալված, իբր թե` միակ խելոք եւ հեռուները, ապագան տեսնող։ Ո՛չ եւ ո՛չ։ Եթե շարժումների մեջ գործուն դեր չեմ կատարել, այդ չի նշանակում, թե ես միշտ առանձին կարծիքի եւ հայացքի եմ եղել։ Ամենեւին։ Ընդհանրապես, մտածողության եղանակը մի է եղել ամբողջ մեր սերնդի։ Հարյուրավոր գրվածքներ ունեմ, որոնք տպված են։ Հրաժարվել նրանցից չէ կարելի։ Եվ ինչ օգուտ կլինի հրաժարվելուց։ Ավելի բարեխիղճ, ավելի ազնիվ գործ չի՞ լինի, եթե մենք բաց ու անկեղծորեն ցույց տանք մեր արածները։ Այդ արածներն անհատներինը չեն, այլ ժամանակինը, սերնդինը։

Մենք միայն հաշիվ ենք տալիս։

Ազնվությամբ կատարենք մեր հաշվետվությունը։ Մնացածը մեր գործը չէ։

Մեծ ճշմարտություններ են այսօր արձանացել պատմության հրապարակի վրա։ Նրանք դատաստան են անում։ Թող գոնե այդ դատաստանը լինի շինարար ուժն այն ահռելի իլյուզիաների մեջ, որոնց փլատակների տակ թաղված է վերջին հիսնամյակի մեր համարյա ամբողջ պատմությունը։

1924 թ., մայիս

1

Միօրինակացման նպատակով հետայսու, բացի պաշտոնական փաստաթղթերի մեջբերումներից, Լեոյի օգտագործած ձեւերից նախապատվությունը կտանք «Թուրքահայաստան» ձեւին, նույն կերպ՝ «թուրքահայ», ինչպես նաեւ՝ «Ռուսահայաստան», «ռուսահայ»։

2

Ամմոնական կուռք, որի ձեռքերում բացվող հնոցի կրակի մեջ որպես զոհ նետվում էին կենդանի մարդիկ։

3

Լեոյի այս գործն իրոք պատկանում է հուշագրության ժանրին, որը 1920-30-ականներին ծաղկում էր ապրում հայ իրականության մեջ։

Անցյալից

Подняться наверх