Читать книгу Անցյալից - იაკობ ცურტაველი - Страница 10

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. 1888 – 1896 ԹՎԱԿԱՆՆԵՐ
Բ

Оглавление

Չկարծե՛ք, ընթերցո՛ղ, թե ես ձեզ ուզում եմ տալ Հնչակյան կուսակցության պատմությունը, ուստիեւ բերեցի այսքան ծրագրային մանրամասնություններ։ Ո՛չ, այդպիսի դիտավորություն ես չունեմ։ Ծրագրային մանրամասնությունները չափազանց կարեւոր են իբրեւ առատ նյութեր թուրքահայկական հեղափոխությունը բոլոր կողմերից ուրվագծելու համար։ Ժամանակագրական կարգով Հնչակյան կուսակցությունն է ձեռք բերել ավագությունն այն շարժման մեջ, որ անընդմեջ տեւեց 32 տարի` 1888-ից մինչեւ 1920-ի վերջերը։ Իսկ ծրագրային մանրամասնությունների մեջ Հնչակյան կուսակցությունը հավաքել է այն ամենը, ինչ հայ միտքը կարողացել է կերտել թուրքաց սուլթանների ճանկերից Հայաստանի ազատությունը գջլելու համար։ Կարող ենք վստահ լինել, որ այստեղ ասված է ամեն ինչ, եւ ուրիշ կազմակերպությունները միայն կրկնել են հնչակյան ծրագիրն ուրիշ բառերով, ուրիշ կառուցումների վրայով։

Եթե տարրալուծենք այն պայքարը, որ կանոնադրված եւ պատճառաբանված է այս ծրագրային շատախոսությունների մեջ, տակը կմնա իսկական կորիզը, այն, որ հեղափոխական մանկության օրերի երգն այնքան ակեղծորեն անվանել է կռիվ բահերով. իսկ մենք կավելացնենք` մաուզերի եւ մանլիխերի61 դեմ։ Ահագին բանակներ շարժելու կարողություն ունեցող Թուրքիային հայությունը պատերազմ էր հայտարարում հայդուկների փոքրիկ խմբերով։ Ճիշտ է, մի ժամանակ հայդուկները մեծ-մեծ գործեր են տեսել Հունաստանում, Սերբիայում, Բուլղարիայում, բայց այն ժամանակներն ուրիշ էին, գնացել-անցել էին անդառնալի կերպով։ Եվ ասե՞լ, որ հայդուկային պատերազմները երբեք իրենք իրենց միջոցներով` լոկ հայդուկային բազուկներով, ազատություն չէին ստեղծել որեւէ ազգի համար։ Հայդուկները կռվել են քաջաբար, տասնյակ տարիներով, պաշտելի հերոսներ դարձել իրենց ժողովուրդների համար, բայց միշտ ազատողը եղել են ռուսական պատերազմները։ Մենք պատրաստում էինք հայդուկային խմբեր, բայց ո՞վ պիտի գար իր հաղթական պատերազմով մեր հայդուկային կռիվը Հայաստանի ազատություն դարձնելու։ Չգիտեինք։ Սկսում էինք արյունահեղությունը, առանց նրա գինն իմանալու, առանց շրջահայացության, առանց կշռադատելու։

Կռիվ բահերով։ Այս թշվառ պատերազմի վրա ոչինչ չէր ավելացնում տեռորը, ահաբեկումը, որ վախեցնելու միջոց է, բայց պատերազմ չէ, երբ փոքրաթիվ անհատների կողմից գործադրվում է պետական խոշոր կազմավորումների դեմ։ Մնում էր ընդհանուր ժողովրդական ապստամբությունը։ Բայց այս էլ մի անբովանդակ ֆրազ էր դառնում թուրքահայկական իրականության տեսակետից։ Մի ժողովուրդ ապստամբեցնելու համար նրան պետք էր դեռ լավ զինել, իսկ այդպիսի ահագին, վիթխարի մի գործ հայերի մեջ իր աղքատիկ գանձարկղով երբեք չէր կարող գլուխ բերել մի հեղափոխական կուսակցություն։

Ի՞նչ էր մնում, ուրեմն։ Զտենք ծրագիրն ավելորդություններից։ Ամենամեծ ավելորդությունը սոցիալիզմի անունից խոսելն էր։ Հնչակյան կուսակցության մկրտարանը, եթե ունեցել է կնքահայրություն, ապա նրա ներկայացուցիչը Մարքսը չի եղել, այլ ռուսաց նարոդնիկությունը62, հանձին Բակունինի, Տկաչյովի եւ ուրիշների։ Իբրեւ ռուսահայեր` կրթված ռուսական դպրոցներում, «Հնչակի» հիմնադիրները Ժնեւում գտնվում էին ռուս էմիգրանտների այն թեւի ազդեցության տակ, որի հեղափոխական աշխարհայացքի դեմ պայքարում էր Պլեխանովը։ «Հնչակը» իր ուսուցիչ անվանում էր Րաֆֆուն։ Եվ այս ճիշտ էր շատ մեծ չափերով։ Րաֆֆու «Կայծերի» մեջ էր կուսակցությունը գտնում իր հայդուկային ռազմագիտությունը։ «Կայծերի» հերոսների անունները դառնում էին հնչակյան հեղափոխական գործիչների կեղծանուններ։ Եվ երբ սա այսպես է, նշանակում է, թե Մարքսը չէր կարող լինել հնչակության ուսուցիչը։ Նա հանդես էր գալիս ծրագրի մեջ Րաֆֆուն զարդարելու համար։ Եվ այս զարդարանքից հնչակյանները երբեք չհրաժարվեցին, մինչեւ վերջ իրենց անվանում էին սոցիալ-դեմոկրատ։

Նորակազմ կուսակցությունը, գործելով Ժնեւից, ավելի աչքի ընկնող հաջողություն գտնում էր թուրքահայերի մեջ, մասնավորապես Կ.Պոլսում։ Այստեղ նրան հոգում էին արմենականները, պայմանով, որ գործունեության մեջ խոսք անգամ չլինի սոցիալիզմի մասին։ Ժնեւի կենտրոնը համաձայնություն տվեց, որից հետո սկսվեց մի շատ ուժեղ գործունեություն։ Տրապիզոնում հաստատվեց կենտրոնական կոմիտե, որ հարաբերություններ սկսեց երկրի ներսերի եւ մասնավորապես մերձավորագույն տեղի՝ Էրզրումի հետ։ Առհասարակ հնչակյանությունը գործողությունների վայր էր ընտրում Փոքր Ասիայի կողմերը։ Արեւմտյան Հայաստանում երեւան էր եկել մի տեղական ինքնաբույս կազմակերպություն` «Գաղտնի ընկերություն» անունով, որի գլխավոր ղեկավարներն էին մշեցի Հակոբ սարկավագը եւ ալաշկերտցի Հարություն-աղան63։ Առաջինը, որ հայտնի էր ավելի «Սարկավագ» անունով, ուներ իր փոքրիկ հայդուկային խումբը, որ արդեն անուն էր ստեղծել քրդերի հետ իր ունեցած ընդհարումներով։

Այս սարկավագի խմբին միանալու համար էր, որ 1889թ. մայիսին Պարսկաստանի Սալմաստ գավառից դեպի Վան ուղեւորվեցին ժամանակի ռոմանտիկ տրամադրությամբ լցված երեք երիտասարդներ, որոնցից երկուսը վանեցի էին` [Հովհաննես] Ագրիպասյան [(արմենակյան)] եւ Գուլաքսզյան, իսկ երրորդը` թիֆլիսեցի` Վարդան Գոլոշյան64։ Մանավանդ վերջինը տարված էր րաֆֆիական գաղափարներով եւ միամիտ անձնազոհության մի սրտառուչ պատկեր էր ներկայացնում։ Երեքն էլ զինված էին, տանում էին իրենց հետ իրենց ստացած նամակները, նույնիսկ ճանապարհին օրագրական հիշատակարան էին գրում` նրա մեջ պատմելով իրենց հայրենասիրական զգացմունքները եւ թե ինչի համար են գնում։ Չուհ-Գյադուկ մեծ լեռնանցքի մի կիրճում երեք միամիտները հանդիպում են մի խումբ թուրք զապթիաների, կռվի են բռնվում նրանց հետ։ Գուլաքսզյանը փախչում ազատվում է, իսկ մյուս երկուսը սպանվում են։ Առաջին զոհերն էին սրանք, հայդուկային երեխայական մտայնության առաջին զոհերը։

Այս լուրը տարածվեց ամեն տեղ` հիացմունք եւ խանդավառություն պատճառելով հայ շրջաններին։ Նահատակներ… Այսպես են մեծարվում երկու ընկածները։ Զրույցների մեջ էին մտնում սրանք, ավելի եւս իդեալացրած, փայլուն կերպարանքով։ Այդ զրույցները մեզ մոտ` Շուշի էլ հասան. պատմվում էին հավաքույթների մեջ, հավաքական մտայնություն էին ստեղծում։

Իսկ Վանի Խալիլ-փաշան65 այս փոքրիկ, անհավասար կռվից ստեղծեց իրեն փառավորող մի ամբողջ պատերազմական գործ։ Երեքի արշավանքը մեծ դեպք հայտարարվեց։ Սպանվածների վրա գտնված թղթերը թարգմանվեցին եւ տպագրվեցին Կ.Պոլսի լրագրերում։ Դեպքի մասին խոսեցին ոչ միայն եվրոպական լրագրերը, այլեւ Կ.Պոլսի դեսպանները։ Փոքրիկ դրաման իր բոլոր մանրամասնություններով մտավ անգլիական պառլամենտական «Կապույտ գրքի» մեջ։ Աբդուլ-Համիդը փաստ ունեցավ ձեռքին, թե սկսվել է հայերի ապստամբությունը Թուրքիայի դեմ։ Խալիլ-փաշան ավելի եւս սաստկացրեց իր ճնշումները Վանի հայերի վրա, ստիպեց նրանց ստորագրել այնպիսի ուղերձներ, որոնց մեջ նրանք իրենց անսահման հլու հպատակությունն էին հայտնում սուլթանին, ասում, որ միանգամայն գոհ են, ոչ մի բարենորոգման կարիք չեն զգում եւ խնդրում էին, որ կառավարությունն անխնա պատժի հայ խռովարարներին, որոնք արտասահմանից գալիս են վրդովելու սուլթանի խաղաղ հպատակների կյանքը։

Չուհ-Գյադուկի զույգ սպանությունները կազմում էին, եթե կարելի է ասել, նախատոնակ` ավելի խոշոր, ավելի խոր ցնցող դեպքերի, որոնք հաջորդաբար, կարճ ընդհատումներով ծայր էին տալիս 1890 թվականին. մի տարի, որ վճռական նշանակություն էր ստանում հայ ժողովրդի ճակատագրի համար։

Դեպքերից առաջինը տեղի ունենացավ Էրզրում քաղաքում, այդ տարվա հունիսի 8-ին եւ ներկայացնում էր հնչակյանների կազմակերպած դիմադրությունը թուրք կառավարությանը։ Ոստիկանությունը զորքերով շրջապատեց հայոց եկեղեցիներից մեկը, որպեսզի խուզարկություն կատարի նրա մեջ` պատրվակ բռնելով այն, թե ինքը տեղեկություն ունի, որ եկեղեցու մեջ զենքերի պահեստ կա։ Բազմությունը, որ հավաքվել էր եկեղեցու շուրջը, լսում է, որ խուզարկություն կատարող պաշտոնյաներն անարգանքով են վերաբերվել եկեղեցու սրբություններին։ Բայց եւ այնպես, խուզարկությունն անարգել կատարվում է, եւ կասկածելի ոչինչ չի գտնվում։ Հետեւյալ օրը հայերը փակում են իրենց խանութները եւ ժողովվում եկեղեցու բակում` իրենց առաջնորդից բացատրություն պահանջելու եւ եղած անարգանքների դեմ բողոք հայտնելու համար։ Պարզ նկատելի էր, որ ցույց էր կատարվում կառավարության դեմ։

Վալին66 պահանջում է բացել խանութները, բայց հայտնվում են մի խումբ մարդիկ, որոնք արգելում են բաց անել։ Այդ ժամանակ վալին զորք է ուղարկում ամբոխի դեմ։ Հրամանատարն սկսում է համոզել, որ հավաքվածները հեռանան։ Երբ այս անլսելի է մնում, զորքերը հրացան են պարպում օդի մեջ։ Այս էլ չի օգնում։ Հայերի կողմից ռեւոլվերի պայթյուններ են լսվում։ Այդ ժամանակ հրամանատար սպան զինվորներին հրամայում է դուրս քշել ամբոխը եկեղեցու գավթից։ Զինվորները հարձակվում են հայերի վրա, բայց հայերն էլ զինվորների վրա են գնում։ Երկու կողմերը խառնվում են իրար։ Հայերի կողմից ընկնում են սվիններով սպանվածներ եւ վիրավորվածներ։ Սարսափով բռնված ամբոխը դուրս է գալիս գավթից եւ փախչում դեպի տները։ Արյունահեղությունը մեծանում է այս վայրկյանից։ Փողոցները լցվում են վաղօրոք պատրաստած եւ զինած թուրք խուժանով, որ հարձակվում է փախչող հայերի վրա։ Ընդհանուր առմամբ այդ օրը հայերի կրած կորուստը լինում է մոտ 20 սպանված եւ 200-300 վիրավոր։

Աբդուլ-Համիդը հայկական կոտորածների սկիզբն էր դնում։ Թուրք կառավարությունը պետություններին ուղարկած ծանուցագրի մեջ ամբողջ մեղքը գցում էր հայերի վրա, այնպես, որ դուրս էր գալիս՝ թե հայերն իրենք են իրենց կոտորել։

Իսկ հայերի համար հունիսի 8-ի կոտորածը դառնում էր մի չտեսնված մեծ գործ։ Ահա հայերն էլ ապստամբեցին, ահա նրանց արյունն էլ թափվեց։ Հիմա որ Եվրոպան կմիջամտի, կազատի հայերին թուրքերի ձեռքից։ Երգ հյուսվեց` խրոխտ, ինքնավստահ, անչափորեն լցված ինքնասիրության զգացմունքից ժայթքած, որ շատ պարզորեն պատկերում է Էրզրումի արյունահեղության բերած ակնկալությունները.

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,

Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունեն։

Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չտեսած`

Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ։

Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիորդին,

Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին։

Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ`

Պատերազմի դաշտի վերա վերք տալ` ստանալ։

Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է`

Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել։

Անմիություն` տունը քանդող հայոց խեղճ ազգին

Հրաժարեցավ, տեղի տվավ միության ձայնին։

Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,

Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին։

Եվրոպային լուրը հասավ շարժման հայ գեղջկին,

Ուրախական ողջույն տվավ հայրենասերին։

Ցնծա, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,

Ութ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան…


Այս սրտապնդիչ գեղգեղանքների մեջ ամեն դիրք կարող էր ճիշտ լինել, բացի միայն մեկից` Եվրոպայից։ Էրզրումի կոտորածը միայն «ի տեղեկություն» առնվեց Եվրոպայի դիվանագիտության կողմից։ Այդ պատճառով Հնչակյան կուսակցությունը մի ցույց էլ Կ.Պոլսում կազմակերպեց՝ բողոքելու համար այդ անտարբերության դեմ։ Այդ ցույցը տեղի ունեցավ Էրզրումի դեպքից երեք շաբաթ հետո` հուլիսի 15-ին, Կ.Պոլսում, որ հռչակված է Գում-Գափուի ցույց անունով։ Հետաքրքրական են այն նկատառումները, որոնք հարկադրեցին հնչակյաններին թուրքական մայրաքաղաքն ընտրել իբրեւ ցույցի վայր։ Այդ նկատառումներից կարելի է եզրակացնել, թե ինչ աստիճանի էր հասնում հեղափոխական կուսակցության քաղաքական հասունությունը։ Ցույցի գլխավոր հերոս Ճանկյուլյանն ասում է, թե պատճառները հետեւյալներն էին.

«1. Հայաստանի մեջ պատահած կոտորած մը եթե Պոլսո մեջ հրապարակային բողոքի եւ զայրույթի տեղի չտա, հայաստանցիները կվհատին` տեսնելով, որ իրենց վրա մտածող չկա, եւ բոլորովին անհույս ու անօգնական թողնված են իրենց բարբարոս հարստահարիչներուն ձեռքը։ Այս աննպաստ գաղափարին հուզումը հեղափոխական նորածագ ոգուն ձուլման դեմ մեծ արգելք մը պիտի հանդիսանար. ցույցը հարմար կդիտվեր Պոլսո մեջ, քանի որ հայերու մտավոր, բարոյական եւ ազգային գլխավոր կենտրոն մը կնշվեր։

2. Հայաստանի մեջ կատարված կոտորած մը կրնար Եվրոպայի աչքեն վրիպել կամ տարբեր գույնով ներկայացվել անոր, կամ դարձյալ եվրոպական շահերուն հետ այնչափ մեծ առնչություն չունենալով` անտարբերությամբ դիտվել Եվրոպայի մեջ։ Եվրոպական դեսպաններուն աչքին առջեւ առաջ եկած ուժգին բողոք մը ավելի կնպաստեր Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու երկրին կացության վրա67. միջազգային շահերու հանդեպ Կ.Պոլսո բացառիկ կարեւորությունը անծանոթ չէր ոչ ոքի։

3. Եթե հայկական հուզումը սահմանափակված մնար միմիայն Հայաստանի մեջ, գլխավորաբար Ռուսիո ուշադրության առարկա պիտի ըլլար` ավելի մոտեն շոշափելով անոր շահերը իբրեւ սահմանակից պետության, եւ կրնար անոր պատրվակ մը ընծայել օրին մեկը հանկարծ գրավելու Հայաստանը, մինչդեռ շարժումը, տարածվելով Հայաստանեն դուրս` Թուրքիո մյուս կողմերը եւ մասնավորապես մայրաքաղաքին մեջ, մյուս մեծ պետություններուն ալ ուշադրությունը կդարձվեր հայկական խնդրին վրա, մասնավորապես Անգլիո, զոր, կնկատեինք, էր դատին ավելի համակիր, քան Ռուսիան։ Հայկական խնդիրը պետությանց միջեւ խնդիր մը դարձնելն ավելի նպաստավոր կերեւար մեր ազգային շահերուն։

4. Մեր ազգային ցրված վիճակը եւ մայր երկրին մեջ բազմաթիվ օտար ցեղերու խառն բնակությունը կրնային անհաջողության մատնել միայն մայր երկրին մեջ կատարվելիք հայկական շարժում մը։ Հայության այս բացառիկ վիճակն ալ կպահանջեր, որ հայկական շարժումը Հայաստանի սահմաններեն դուրս կատարվեր. այդ պարագային Պոլիսը կարելի չէր անտես ընել, ուր 200 հազարե ավելի հայեր կբնակին` պանդուխտներով միասին։

5. Չարիքին աղբյուրը Պոլիս ըլլալով` հայտնի կնշմարվեր, թե բնաջնջման ծրագիրն էր, որ կգործադրվեր. նպատակահարմար կգտնեինք, որ առաջին բողոքն ալ պետք է ըլլար Կ.Պոլսո մեջ, նույն ինքն Պալատին քթին տակ…

6. Հինգ-վեց դարերե ի վեր գերության մեջ հեծող եւ մասամբ ստրկացած ժողովուրդի մը մեջ երբ հանգամանքներու բերմամբ ոգեւորություն եւ հեղափոխական տրամադրություն կծագի, հեղափոխականները պարտական են օգտվել այդ հանգամանքեն եւ ոգեւորությունեն` հեղափոխության ոգին ավելի հաստատ, ավելի գիտակցական ու գործնական դարձնելու եւ ընդհանրացնելու ժողովրդին խավերու մեջ. եւ հեղափոխական գաղափարը ծավալելու ու արծարծելու ամենեն արդյունավոր ու ազդեցիկ միջոցը հեղափոխական գործունեությունն է։

7. Երբ թուրք կառավարությունը եւ թուրք ժողովուրդը տեսնեին մի անգամ հայերուն մեջ տիրող համերաշխությունը եւ համոզվեին, թե Հայաստանի մեջ իրենց կողմե տրված հարվածն անպատճառ կրնա ունենալ իր հակահարվածը ուրիշ տեղ մը, եւ մանավանդ այդ ուրիշ տեղն ըլլար Կ.Պոլիս` միջազգային շահերու այդ խիտ կենտրոնը, կենթադրվեր` ավելի զգուշավոր քաղաքականության մը կհետեւին եւ չեն համարձակվիր նոր կոտորածներ կազմակերպել երկրին մեջ»։

Այս մանրամասն պատճառաբանությունները մեր առաջ են հանում մի կուսակցություն, որ իր ձեռքն էր առել մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը, նրա ֆիզիկական գոյության հարցը, բայց իր այդ ահագին դերին վերաբերվում էր թեթեւամտությամբ եւ տհասությամբ։ Թուրքահայ ժողովուրդն այնպիսի դրության մեջ էր, որ ամեն մի խնամք եւ հոգածություն նրա մասին պիտի լիներ՝ պաշտպանել նրա գոյությունը։ Հնչակյանները շատ լավ գիտեին, որ սուլթան Համիդը բնաջնջման քաղաքականություն է գործադրում հայերի վերաբերմամբ, բայց եւ այնպես, չէին ուզում, որ Ռուսաստանը գրավեր Թուրքահայաստանը, այսինքն՝ փրկեր թուրքահայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Ի՜նչ տարբերություն Եվրոպայում ուսում առած այս «մարքսիստ» երիտասարդների եւ հին պահպանողական68 «դավաճան» համարվող կղերական Աշըգյան պատրիարքի մեջ, որ գրում էր Մակար կաթողիկոսին, թե ոչ մի պետություն չի կարող փրկել թուրքահայերին, բացի Ռուսաստանից, եւ աղաչում էր նրան` դիմել Ալեքսանդր Գ կայսրին եւ հայցել նրա հովանավորությունը։

Հնչակյանները հավատում էին, թե Անգլիան Ռուսաստանից ավելի համակիր է Հայոց դատին։ Սա նշանակում էր չիմանալ երեկվա պատմությունը, մոռանալ այն թշնամությունը, որ Անգլիան հանել է Հայոց հարցի դեմ` հենց առաջին իսկ օրերից։ Իմպերիալիստական մի գիշատիչ պետության առավելություն տալ մի ուրիշի նկատմամբ, այս մի ողորմելի մանկամտություն էր69։ Կարծում էին, թե Թուրքիայի ամենահեշտ խոցելի տեղը Կ.Պոլիսն էր, ուր կենտրոնացած էին եվրոպական չափազանց խոշոր շահերը։ Մտածում էին, թե Եվրոպան այնքան վտանգված կտեսներ իր շահերը Կ.Պոլսի մեջ կատարված հայկական ցույցերից, որ կհարկադրեր սուլթանին բավարարել հայերին։ Չէին կարողանում մտածել, որ, ընդհակառակը, հենց Կ.Պոլսում վտանգված եվրոպական շահերը պիտի հարկադրեին պետություններին` ուժեղացնել սուլթանին, որպեսզի նա ճնշի հայկական շարժումը եւ այդպիսով պաշտպանի եվրոպական շահերը։ Տղայական միամտության ծայրահեղ աստիճանն էր` կարծել, թե Եվրոպան թույլ կտա, որ Կ.Պոլսում ուրիշ մի որեւէ հեղինակություն բարձրանա, բացի սուլթանականից։ Չէին կարողանում հասկանալ հայ հեղափոխականները, որ եթե Եվրոպան միանգամից ցույցին ապստամբության իրավունք տար, այլեւս վերջ ու սահման չէր լինի մի բուռ մարդկանց պահանջներին, եւ սուլթանական իշխանությունը, որի վրա եվրոպական կապիտալը հիմնում էր իր բարեբախտությունը, իրապես կդառնար գերի ցանկացած հեղափոխական կազմակերպության ձեռքի։

Բայց ամենից ծանր, մղձավանջային հանգամանք դուք տեսնում եք այն բանի մեջ, որ հնչակյանները գիտեն, թե իրենց շարժումներով պիտի կոտորածներ առաջացնեն ասիական Թուրքիայի հայ ազգաբնակչության մեջ, սակայն այս կոտորածներն են, որ պիտի առաջ բերեն եվրոպական միջամտություն եւ Հայոց հարցի բարեհաջող լուծում։ Թշվա՜ռ ժողովուրդ, որի արյունը ոչինչ արժեք չուներ նույնիսկ իր միջից դուրս եկած գործիչների համար, որոնք միայն աշխատում էին, որ այդ կոտորածներն անծանոթ չմնային Եվրոպային կամ սխալ մեկնաբանություններով չլուսաբանվեին։ Աշխատում էին, որ կոտորածները տեղի ունենային Եվրոպային մոտիկ տեղեր, նրա դեսպանների քթի տակ։ Դրվում էր թուրքահայ ժողովրդի մահվան դատավճիռը։ Համիդը վճռեց կոտորածներով պատասխանել հեղափոխականներին, իսկ հեղափոխականները չեն սարսափում, չեն փախչում այդ կոտորածներից, այլ վճռել են նրանցով դրդել, հարկադրել Եվրոպային, որ նա գործի։

Եվ այսպիսով դանակը դրվում էր հայ ժողովրդի կոկորդին։

Այս մեղքերը, տղայական անհեթեթությունները միայն հնչակյաններին չէին հատուկ։ Նրանք դարձան ամբողջ հայ հեղափոխության տխուր սեփականություն։ Կարելի էր միայն այն հավանականության վրա հույս դնել, որ ժամանակի ընթացքում հայ կազմակերպությունները կզգաստանան, կբուժվեն ռոմանտիզմից, կսկսեն բազմաթիվ փորձերով խրատված մտքի լրջությամբ ըմբռնել քաղաքական դասավորումների, ուժերի փոխհարաբերությունների ռեալ պահանջները եւ դրանց համեմատ էլ գործողության այս կամ այն եղանակի փոփոխումներ կտանեն։ Բայց, ի դժբախտություն հայ ժողովրդի, այդ հույսերը չարդարացան։ Ինչպիսի սկզբնական մեղքերի մեջ ծնվեցին այդ կազմակերպությունները, նույնպիսի մեղքերով էլ գնացին մինչեւ իրենց կատարյալ կործանումը։

1890թ. ամռանը մեծ խոսք ու զրույց տարածվեց Կ.Պոլսում տեղի ունեցած արյունալի դեպքի մասին, որի նմանը սուլթանների մայրաքաղաքը դեռ չէր տեսել։ Լրագրերը տեղեկություններ էին բերում, հետաքրքրությունն աճում էր հետզհետե։ Ինչ ասել կուզի` որ հուլիսի 15-ի ցույցը պատճառում էր ավելի եւս մեծ հրճվանք, քան Էրզրումի կոտորածը. Հայոց դատը շատ մեծ հաջողության էր հասնում։ Կասկած չէր մնում, որ այս անգամ Եվրոպան այլեւս լուռ չէր մնա։ Հե՞շտ էր ասելը։ Դեռ երեկ ստրկության մեջ անասնացած հայությունը Թուրքիայում այսօր այնքան էր առաջ գնացել ազատասիրության ճանապարհին, որ տակնուվրա էր անում ամբողջ Կ.Պոլիսը մահմեդական շատ խոշոր տոնի՝ Գուրբան-բայրամի70 օրը, այն միջոցին, երբ օսմանյան ամբողջ բարձր պաշտոնեությունը, հավաքված Ելդըզի պալատում, համբուրում էր Աբդուլ-Համիդի քղանցքը։ Դեռ երբեք` Կ.Պոլիսը նվաճելու օրից չէր տեսնված այսքան հանդուգն մի արարք քրիստոնյա որեւէ ժողովրդի կողմից։

Այս ճիշտ է` գործողությունը հերոսական էր։ Բայց պատվելով հանդերձ հերոսական անձնուրացությունն ամեն մի ազատագրական հեղափոխական շարժման մեջ` նայենք այն արդյունքներին, որոնք անհատական հերոսություններից ստացվում են մի ժողովրդի, մի մեծ դատի համար։

Գում-Գափուի ցույցն այս էր գծագրում. Հնչակյան կուսակցության կողմից խմբագրվել էր մի պահանջագիր, որի մեջ պահանջվում էր վերացնել հայ ժողովրդի վրա ծանրացած կացության դժոխային պայմանները։ Հնչակյան գլխավոր գործիչներից երկուսը, իրենց հետ վերցնելով հնչակյան զինված հայդուկներ, հուլիսի 15-ի առավոտյան, կիրակի, պիտի գնային Գում-Գափուի պատրիարքարանի Մայր եկեղեցին, եւ այդտեղ մեկը ժամերգության միջոցին պիտի բարձրանար սեղանին եւ կարդար հնչակյան պահանջագիրը, իսկ մյուսը, բռնելով այդտեղ գտնվող Աշըգյան պատրիարքին, պիտի հարկադրեր նրան գնալ իր հետ Ելդըզի պալատը, ուր այդ պահանջագիրը պիտի հանձնվեր սուլթան Աբդուլ-Համիդին։ Երկու գլխավորներն էին՝ Հարություն Ճանկյուլյան` վանեցի խանութպան Կ.Պոլսում, եւ Համբարձում Պոյաճյան` ուսանող, որ կրում էր Մուրադ71 կեղծանունը։ Եկեղեցու մեջ գլխավոր կարգադրողի դերն իր ձեռքն էր առել Ճանկյուլյանը, իսկ Մուրադը նրա օգնականի պես մի բան էր։

Ճանկյուլյանը երկար մանրամասնություններով պատմել է այդ օրվա իր «հերոսությունները», եւ մենք այդ մանրամասնությունների մեջ տեսնում ենք, թե որքան շատ երեխայական գծեր կային այդ ցույցի մեջ։ Ճանկյուլյանը ցատկում է սեղանին, սկսում կարդալ «պահանջագիրը»։ Քահանաներից մեկը, աննկատելիորեն մոտենալով նրան հետեւից, հանկարծ խլում է թուղթը նրա ձեռքից եւ փախչում սեղանի հետեւը։ Ճանկյուլյանը ռեւոլվերը բռնած վազում է նրա հետեւից, բայց խաչկալի դուռը փակված էր, եւ նա իջնում է ցած` տեսնելու, թե ինչ եղավ Աշըգյանը, որ փախել էր եկեղեցուց։ Ողորմելի պատրիարքին նա գտնում է պարտեզի ճաղերի մոտ կծկված։ Տեսնելով ատրճանակը հաղթական հնչակյանի ձեռքին` թշվառականը սկսում է աղաչել, որ իրեն չսպանի։ Իսկ հեղափոխականը բռնում է նրա մորուքից, վեր է կացնում ու հրամայում, որ իր հետ գնա սուլթանական պալատ։ Աշըգյանը հրաժարվում է այդ բանից, աղաչանքներ է անում, ուշաթափվում ընկնում է։ Ճանկյուլյանն անողոք է։

Բռնության գործողությունները փոխադրվում են պատրիարքարանի շինության մեջ, ուր Աշըգյանը փակվում է մի սենյակի մեջ։ Ճանկյուլյանը պաշարման է ենթարկում այդ սենյակը` կանգնեցնելով նրա դռների մոտ ռեւոլվերներով զինված հնչակյան զինվորներ. ինքն էլ շարունակ բանակցություններ է վարում պաշարված կղերականի հետ, սպառնում` նրա վրա իր ռեւոլվերը քաշելով, թե կսպանի նրան, եթե չգնա իր հետ։ Աշըգյանը, պաշտպանվելով իր աղաչանքներով, հաճախակի նվաղումներով, համառորեն մերժում է այդ պահանջը. թե՛ պատրիարքին եւ թե՛ նրա կողմնակիցներին վախեցնելու, մանավանդ եւ մի հայի վրեժը հանելու համար, Ճանկյուլյանը տալիս փշրում է պատրիարքարանի դահլիճում կախված օսմանյան թուրղուն (պետական զինանշանը) եւ Աբդուլ-Համիդի պատկերը։ Պատրիարքին երկար այսպես տանջելուց հետո հնչակյան շեֆը դիմում է վերջին միջոցին։ Նորից մտնում է Աշըգյանի մոտ` տանելով իր հետ մի քանի հնչակյան զինվորներ։ Ներս մտնելուն պես այս վերջիններն ուղղում են ռեւոլվերները պատրիարքի վրա, իսկ Ճանկյուլյանն ասում է, որ մի նշանով ռեւոլվերները կարձակվեն, եթե նա իսկույն չգնա իր հետ։ Եվ թշվառ հոգեւորականը չի կարողանում այլեւս տանել իրեն ցնցող սարսափները, վեր է կենում եւ անձնատուր լինում։

Մի անզեն եւ վախից դողացող մարդուն նվաճելը մեծ հաղթություն են համարում հեղափոխականները։ Կիսաանզգա պատրիարքին դուրս են բերում փողոց։ Կիտվել է մեծ բազմություն։ Կանչում են. «Կեցցե՛ Հնչակյան կուսակցությունը», «Կեցցե՛ Հայաստան», «Կեցցե՛ ազատությունը»։ Պատրիարքին նստեցնում են կառքի մեջ, ինքը` Ճանկյուլյանն էլ նստում է նրա դիմաց եւ ցույցը վերջացած է հայտարարում։ Ժողովուրդը ցրվում է, բայց հնչակյան զինվորները գնում են կառքի ետեւից։ Հազիվ քիչ առաջ անցած` Աշըգյանը նորից ուշաթափվում է։ Նրան մտցնում են մի հույնի դեղատուն, ուր սթափեցուցիչ դեղերով ուշքի են բերում եւ նորից կառք նստեցնում։ Բայց այստեղից շատ առաջ չգնացած՝ երթը հանդիպում է թուրք հետեւակ եւ ձիավոր զորքերի, որոնց տանում էր Դերվիշ-փաշան` հայերի ցույցը ցրելու համար։ Տեղի է ունենում կռիվ զորքերի եւ հնչակյանների մեջ։ Երկու կողմից էլ ընկնում են սպանվածներ եւ վիրավորվածներ։ Աշըգյանը փոխադրվում է մերձակա տունը, ուր հարց ու փորձի է ենթարկվում։ Ճանկյուլյանը ձերբակալվում է։

Ա՛յս էր հուլիսի 15-ի ամբողջ ցույցը։ Ի՞նչ օգուտ բերեց նա Թուրքահայաստանում անսահման տառապող հայ գյուղացիությանը։ Իրենք` հնչակյանները, ահագին նշանակություն էին տվել իրենց այդ գործին։ Այդ նշանակությունը երեւի խոշոր էր, բայց հեղափոխական ռոմանտիզմի կողմից։ Ճանկյուլյանի ռեւոլվերը եւ Աշըգյանի վրա գործադրած բռնությունները ոգեւորիչ էին, հեղափոխական դաստիարակություն էին մտցնում ամբոխի մեջ, բայց կար մի ահավոր իրականություն, որի առջեւ նսեմանում էր այդ նշանակությունը։ Հեղափոխական դաստիարակություն այնպիսի ուղղությամբ, ինչպիսին ընդգրկել էր հայ հայդուկային մտայնությունը, չպիտի ծառայեր ամբողջ հայ ժողովրդի փրկության։ Այս արդեն շատ պարզ էր հեղափոխական բռնկումների առաջին իսկ խառն թվականին` 1890-ին։ Փտած էր այդ ուղղությունը հիմքից։ Միտք ունենալ կարող էին այդ շարժումները միայն այն դեպքում, եթե Եվրոպան, իսկապես, իր պաշտպանության տակ առած լիներ Հայաստանը։ Բայց այդպիսի բան չկար, ու կռիվը ներկայանում էր իբրեւ մենամարտ հայ ժողովրդի եւ Աբդուլ-Համիդի միջեւ։ Եվ պիտի հաղթեր Աբդուլ-Համիդը` իբրեւ անհամեմատ ուժեղ կողմ։

Գում-Գափուի դեպքը սուլթանը լավ պատրվակ դարձրեց կառավարական սպիտակ տեռոր տարածելու համար հայ ժողովրդի վրա։ Հարյուրավոր մարդիկ նետվեցին բանտերի մեջ` մատնվելով սարսափների եւ լուռ մահվան։ Թուրքական դատարանները մահվան դատավճիռներ արձակեցին, 10 տարով բանտարկություն, աքսոր նշանակեցին քաղաքական հանցավորների համար։ Այս դեռ Կ.Պոլսում, ուր եվրոպացիներ կային, մեծ պետությունների դեսպաններն էին նստում, որոնց ներկայությունը որոշ չափով զսպում էր Համիդին եւ համիդականներին։ Իսկ գավառներում այդպիսի հանգամանք չկար, եւ կառավարության ահաբեկիչ կամայականություններին վերջ ու սահման չկար։ Անգլիական «Կապույտ գրքերը», սակավաթիվ եվրոպացի ճանապարհորդների նկարագրությունները լի են քստմնելի փաստերով, որոնք անհավատալի են դարձնում, թե այդպիսի պայմանների մեջ կարող է ապրել մարդկային որեւէ համայնք։

Հնչակյան կուսակցությունը կառավարական տեռորին պատասխանում էր կարմիր տեռորով, որի թատերաբեմն էր հանդիսանում գլխավորապես Կ.Պոլիսը։ Սպանվում էին հայ մատնիչները, հայ լրտեսները, որոնց թվում գտնվում էին եւ հայ հոգեւորականներ, սպանվում էին նաեւ էֆենդիական դասին պատկանող այնպիսի անհատներ, որոնք նկատվում էին իբրեւ հայկական հեղափոխության թշնամիներ։

Գում-Գափուի ցույցի մի ծանր հետեւանքն էլ այն էր, որ հայ ժողովրդի գլխին մի երկրորդ բռնակալ Աբդուլ-Համիդ էլ էր նստում։ Դա Աշըգյան պատրիարքն էր։ Ցույցի հետեւանքով նա հրաժարվեց պատրիարքությունից։ Բայց Աբդուլ-Համիդը հետ դարձրեց այդ հրաժարականը, Աշըգյանին իր ձեռքն առավ եւ դարձրեց իր ամենահավատարիմ եւ կամակատար գործակալը` հայ հեղափոխության դեմ կռվելու համար։ Աշըգյանը տեսնում էր, որ ոչ մի ուժ չկա սուլթանի դեմ հանդիման կանգնած, ուստի կատարելապես նրան էր նվիրվում, նրա «գթության» վրա հույս դնում եւ ամեն ջանք գործ էր դնում իր ժողովրդին եւս պատվաստել այդ ուղղությունը, դարձնել այն ազգային քաղաքականություն, դաստիարակել հասարակությունն այն հասկացողության մեջ, թե հայ հեղափոխականները ցնորամիտ երեխաներ են, օտարների գործիք։ Բայց այդպիսի մի խոշոր հեղաշրջում հասարակության հասկացողությունների մեջ չէր կարող կատարել մի անժողովրդական կղերական` լոկ պատրիարքական իշխանությունն ունենալով իբրեւ պրոպագանդայի հիմնավորության առհավատչյա։ Նրան չէին հավատում, նրան համարում էին հայ ժողովրդի իրավունքները Թուրքիային վաճառող դավաճան։ Գուցե նրա քարոզած քաղաքականությանը փոքրիշատե հեղինակություն տար Աբդուլ-Համիդը, եթե նա լիներ մի հասկացող կառավարիչ եւ ոչ թե մի ճիվաղ բռնակալ։ Աշըգյանի խոսքին նա կարող էր հեղինակություն տալ իր զիջումներով։ Բայց նա զիջումներ չէր ճանաչում, եւ մինչ Աշըգյանն իր կոնդակների ու ճառերի մեջ մինչեւ երկինք էր բարձրացնում սուլթանի մարդասիրությունը, հպատակասիրությունը եւ նույնիսկ հայասիրությունը, Աբդուլ-Համիդը արգելեց նույնիսկ հայերի Ազգային սահմանադրությունը72` երեսուն տարվա մի հիմնարկություն, որ տեղի թե անտեղի հայ ժողովրդի սիրո եւ պարծանքի առարկան էր։ Այս հարվածը սաստկապես հարվածեց Աշըգյանին։

Ահա, թե որքան դժբախտ հանգամանքներ էին ստեղծվում գավառների մեջ հեծող հայ աշխատավոր ժողովրդի համար։

Ճգնաժամն աճում էր։

61

Զինատեսակներ են։

62

Գյուղացիության շահերն արտահայտող, համայնքային սոցիալիզմ դավանող հակամիապետական գաղափարախոսություն եւ շարժում Ռուսաստանում (ռուսերեն «ժողովուրդ» բառից), գոյատեւել է 1850-ականների վերջից մինչեւ 1890-ականների սկիզբը։ Ունեցել է տարբեր հոսանքներ եւ, ըստ այդմ, զբաղվել ե՛ւ քարոզչությամբ, ե՛ւ ահաբեկչությամբ. առավել աչքի ընկած առաջնորդներն էին անարխիստ, անհապաղ ապստամբական Բակունինը, քարոզչությամբ ժողովրդին հեղափոխության պատրաստելու կողմնակից Լավրովը եւ հեղաշրջմամբ իշխանությունը գրավելու կողմնակից Տկաչյովը։

63

Այդ օրերին Թիֆլիս էին եկել Զեյթունի 1878թ. ապստամբության ղեկավարներից զեյթունցի Հարություն Չաքրյանը, մշեցի Հակոբ սարկավագը (որին հետո խուսափողականության մեղադրանքով ընկերները սպանեցին) եւ Հարություն-աղան (Հունո), որին որոշ վավերագրերում համարում են վանեցի։ Սրանց հետ է կապի մեջ եղել Կուկունյանցը։

64

Վարդան Գոլոշյան (1867-1889) – Հայ առաջին հայդուկներից։ Անցել է Սասուն, կազմակերպել ըմբոստացման ուղին, որ իր պտուղները տվեց դեռեւս 1891-92թթ. ինքնապաշտպանական ընդհարումների ժամանակ։

65

Տարիներ անց Արամ Մանուկյանը դարձավ Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից եւ կարողացավ պաշտպանել Վանի հայությանը Խալիլ-փաշայից. իսկ 1918-ին, երբ նույն Արամ Մանուկյանը ըստ էության միայնակ Հայաստանի Հանրապետություն էր կերտում, Երեւանում ստիպված եղավ կրկին հանդիպել նրան. այս առիթով մի այսպիսի հուզիչ հուշ է պատմում Վահան Նավասարդյանը, որ ամենից առաջ ցույց է տալիս Արամի անզուգական մեծությունը. «Ինձ ամենեն շատ հուզողն այն էր, թե ինչպե՞ս պիտի հանդիպեն այս երկու ոխերիմ ախոյանները… Ամենքի համար էլ այս նշանավոր հանդիպման էական վայրկյանը այդ էր… Եվ ահա, երբ գնացքը կանգ առավ, Արամը իր հայացքը նետեց դեպի աջ ու դեպի ձախ եւ գնացքի առաջ ձգված ծայրի վագոնում նշմարեց Խալիլի դեմքը։ Վճռական շարժումով նա իր քայլվածքը դեպի այն կողմը ուղղեց։ Խալիլը, նկատելով Արամին, դյուրաշարժ երիտասարդի նման անմիջապես ցատկեց վագոնից, ընդառաջ եկավ նրան, եւ երկուսն էլ ժպտադեմ, ջերմորեն ու բարեկամաբար իրար ձեռքեր թոթվեցին եւ… համբուրվեցին։ …Նույն օրը երեկոյան հանդիպեցինք Արամին։ «Այո՛, այս ժողովրդի փրկության համար համբուրեցինք մինչեւ իսկ Խալիլին», – հառաչանքով ասաց Արամը» (Արամը, Ե., 1991, էջ 492, ընդգծումը հուշագրողինն է)։

66

Թուրքերեն՝ «նահանգապետ»։

67

Տարօրինակ զուգադիպությամբ, Արեւմուտքի արդարացի վերաբերմունքն ակնկալող հայ ցուցարարները նույնը կրկնեցին 2008թ. մարտի 1-ին, արդեն իրենց անկախ հայրենիքի մայրաքաղաքում, երբ տարերայնորեն հավաքվեցին Երեւանում Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանատների մերձ հրապարակում՝ հավանաբար հուսալով, որ իշխանությունները չեն հանդգնի եվրոպական դեսպանական կորպուսների աչքի առջեւ ապօրինությունների դիմել, ինչպես դիմել էին նույն օրվա առավոտյան՝ լույսը չբացված, Երեւանի Ազատության հրապարակում։ Սակայն իշխանությունները ոչ միայն ապօրինությունների դիմեցին, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 10 մարդ զոհվեց, այլեւ հետագայում՝ 7-8 տասնյակ անմեղ քաղաքացիների եւ քաղաքական գործիչների դատավարությունների ժամանակ այդ դեսպանությունների երկրներն առնվազն փաստերի ներկայացմամբ միջամտելու առումով պահպանեցին քար լռություն, թեեւ ամեն բան կատարվել էր իրենց աչքի առջեւ, եւ բացառված է, որ տեսագրություններ կամ լուսանկարներ չունենային։ Մեկ անգամ եւս փաստվում է, որ պատմությունից դասեր չքաղողները դատապարտված են նրա ողբերգական դրվագները մշտապես վերապրելու. տվյալ դեպքում չսերտած դասն այն է, որ նույնիսկ արեւմտյան պետությունների շարժիչ ուժն առաջին հերթին սեփական պետական շահն է, որին նոր կարող է հաջորդել կամ չհաջորդել որոշակի արժեքներին նվիրվածությունը։

68

Լեոյի այս գործում հաճախ են հանդիպում բառերի երկրորդային իմաստների գործածության դեպքերը. մանավանդ տերմինների հարցում դա ընդունելի չէ։ Դիցուք, այստեղ հարկ էր օգտագործել «ավանդապահ» բառը, քանի որ «պահպանողական» տերմինը քաղաքագիտական նշանակություն ունի։

69

Լեոն, չնայած խորհրդային սկսված գաղափարական մամլիչի ժամանակաշրջանին, ճշգրիտ բնորոշում է ի սկզբանե կողմնորոշումների ճիրանում հայտնված հայ կուսակցական-քաղաքական միտքը, որ համակարգվեց ու մտածողություն դարձավ ոչ միայն խորհրդային պատմագիտության համար, այլեւ հետագայում անկյունաքարի դերի հավակնեց Ղարաբաղյան շարժման արշալույսին (1988-ի փետրվար-հուլիս)՝ շարժման նոմենկլատուրային վաղ-առաջնորդների պատճառով։

70

Իսլամական տոն, որ նշվում է Իբրահիմի (Աբրահամ) կողմից իր որդի Իսհակին (Իսահակ) լեռան վրա Աստծուն զոհաբերելու պատրաստակամության առթիվ. այդ օրը մուսուլմանները «գուրբան» (մատաղ) են անում՝ գառներ մորթելով։

71

Համբարձում Պոյաճյան (Մեծն Մուրադ) (1860-1915) – Մասնակցել է Գում-Գափուի ցույցին, ղեկավարել 1894-ի Սասունի ինքնապաշտպանությունը, ձերբակալվել, ենթարկվել կտտանքների, ցմահ աքսորվել, 1906-ին փախել է աքսորավայրից, իսկ 1908-ից դարձել օսմանյան խորհրդարանի անդամ՝ 1915-ին կիսելով հայազգի մյուս պատգամավորների ճակատագիրը։

72

Խոսքը 1860թ. ընդունված եւ 1863-ին սուլթանի կողմից փոփոխություններով հաստատված արեւմտահայերի Ազգային սահմանադրության մասին է, որ 1896-ին արգելվել է՝ կրկին գործել սկսելով 1908-ից։ Այն բավականին առաջադիմական մոտեցմամբ կարգավորում էր ներհայկական հարցերը, ինչպես նաեւ հարաբերությունները պետության հետ։ Իրականում հաստատվել է որպես «Հայ ազգի կանոնադրություն»։

Անցյալից

Подняться наверх