Читать книгу Անցյալից - იაკობ ცურტაველი - Страница 2

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ա

Оглавление

Ես 17 տարեկան աշակերտ էի Շուշիի քաղաքային դպրոցում, երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը (1877)։ Այս մի ահագին հիշողության դրդիչ էր, որի ուժը ես էլ զգացի ինձ վրա։ Մինչեւ այդ մենք ուրիշ բան էինք, հիմա պետք էր լինում ուրիշ բան դառնալ։

Ի՞նչ էինք։

Իմ ծննդավայրը` Շուշի քաղաքը, մեկն էր մեր չափազանց խեղճ ու խուլ գավառական անկյուններից։ Հեծնած իր բարձրաբերձ ժայռերի կատարներին, հեռու նետված կենտրոններից ու մեծ ճանապարհներից, դրսի աշխարհի հետ հաղորդակցություն պահպանելով շաբաթը երկու անգամ ստացվող փոստի միջոցով` նա առանձնացած, լճացած էր ինքն իր մեջ, ապրում էր իր ներքին, մանր ու ողորմուկ շահերով։ Հայերն ու թուրքերն ապրում էին իրարից առանձնացած, իրար խորթ ու անհաղորդակից4։ Խանական ժամանակների սարսափները դեռ ապրում էին հայերի մեջ։ Ընդհանուր քաղաքային հասարակական կյանք չկար եւ չէր կարող լինել, քանի որ հասարակություն կազմող երկու ազգությունները լցված էին իրար դեմ փոխադարձ ատելությամբ։

Մնում էր «ազգային» կյանքը։ Այս նշանակում էր եկեղեցի, որ լցնում էր հայ հասարակության ամբողջ կյանքը, մինչեւ, այսպես ասած, պռունկները, ներկայանում էր իբրեւ միակ ուժը եւ շարժիչը, միակ առարկան, որ լցնում էր համայնքի բոլոր մտավոր եւ հոգեկան պահանջները։ Հիշում եմ` ամեն շաբաթ երեկոյան կրկնվում էր սովորական դարձած, բայց եւ միշտ խոշոր ու հիասքանչ նշանակություն ունեցող դեպքը՝ առաջնորդի եկեղեցի գնալը։ Բարձրահասակ, ծերունազարդ Սարգիս եպիսկոպոսի ոսկեգույն ձին հայտնի էր ամբողջ քաղաքին եւ ամբողջ թեմին։ Այդ ամեհի երիվարի վրայից նա ընդունում էր աջից ու ձախից խոնարհվող բաց գլուխների ողջույնները։ Նրա առջեւից, նույնպես գեղեցիկ ձիու վրա, գնում էր գավազանակիր տեր-Ավշար քահանան, իսկ ետեւից հետեւում էր, երրորդ ոսկեգույն ձիու վրա, առաջնորդական ձիապանը` Իշխան անունով։ Փողոցները, որոնք այդ գնացքի ճանապարհն էին դառնում, դղրդում էին։ Բազմությունը դուրս էր թափվում նայելու, արմանալու եւ իր տպավորություններն այդ օրվա եւ հետեւյալ օրերի խոսակցության նյութ դարձնելու համար։

Գլխովին եկեղեցական մի կյանք էր տիրում աղայի եւ արհեստավորի տանը։ Մի իսկապես տիրացու ժողովուրդ էր ամեն օր արեւի տակ ելնում «աստվածապահ» Շուշի քաղաքում։ Կային այդ ժողովրդի հակադրություններ եւ հակաճառություններ, անգամ կուսակցություններ, բայց այդ բոլորը` տերտերի, ժամի, շապիկի, խաչ-խաչվառի, քարոզի, տիրացուի ձայնեղության կամ բաղաձայնության շուրջ։ Գավառական ճահճի բորբոսնած մակերեւույթին կյանքի վլվլուկ, եռուզեռ, համայնական խմբումներ, հավաքական հոգեբանություն, զանգվածային պաշտամունք երեւան էին հանում միմիայն եկեղեցական թափորները, տոները, ուխտագնացությունները։ Եթե այդժամ մի Ղազանչեցոց եկեղեցի5, շնորհիվ այն հանգամանքի, որ նրա ծխականներից շատերը հարուստ վաճառականներ էին Մոսկվայում, դուրս էր բերում հարուստ ու մեծագին զգեստներ, խաչեր, սաղավարտներ, սկիհներ, ոսկե աղավնիներ, այս արդեն միանգամայն բավական էր, որ ամեն մեկի ազգասիրությունը բավարարված լիներ, որ ամեն մեկն ինքն իրեն զգար երջանիկ հայ-քրիստոնյա։ Երեխաներն անգամ իրենց տներում շատ հաճախ զվարճանում էին` տերտերների ու տիրացուների պես զգեստավորվելով, եկեղեցական հանդեսներ ձեւացնելով եւ, մանավանդ, տերտեր-տիրացուների երգերին անճոռնիորեն նմանակելով։

Ես էլ, ինչ ասել կուզի, այդ համատարած իրականության մի հարազատ մասնիկն էի։

Եվ ահա գալիս են անսովոր դեպքեր։ Տեղական գունդը զինվորական նվագածությամբ հեռանում է քաղաքից։ Ամենքն ասում են, եւ իրենք` զինվորներն էլ գիտեն, որ պատերազմ է պատրաստվում օսմանցու դեմ։ Պատերազմ գնացողների տեղ Ռուսաստանից գալիս են պահեստի զինվորներ, որոնց մարզում են ամեն օր։ Նահանգապետից ոստիկանությունը հրաման է ստանում կամավոր զորք կամ միլիցիա կազմել տեղացիներից։ Մեր թաղեցի մի երիտասարդ արդեն գրվել է, նոր զգեստ է ստացել, ձի է գնել։ Մի խոսքով, այն պահն է, երբ, ինչպես սովորություն է ասելը, օդի մեջ վառոդի հոտ է զգացվում։

Վառոդը մեզնից շատ հեռու տեղերում պիտի պայթեր։ Բայց այսպես էլ նա բավականաչափ ուժեղ էր, որպեսզի ինձ պես դպրոցականին էլ դուրս շպրտեր հայրենի տիրացուական ճահճից։ Հետաքրքրությունը բռնում է ինձ եւ իմ մի քանի ընկերներին։ Մեր աղքատության ցնցոտիներից կարողանում ենք կոպեկներ գջլել եւ «Тифлисский вестник»6 լրագրի մի ամսվա բաժանորդագինը լրացնել։ Փողը հանձնում ենք փոստին եւ գրում խմբագրին, թե մեր քաղաքն եկան պահեստի զինվորներ, այս ցույց է տալիս, որ պատերազմ կա, ուրեմն խնդրում ենք մեզ թերթ ուղարկել։

Եվ թերթն եկավ ու սկիզբը դրեց։ Նա մեզ կապում էր սլավոնական կոմիտեների եռանդուն պրոպագանդայով ոգեւորված Ռուսաստանի հետ։ Հասարակական մեծ շարժում էր կատարվում։ Մի պաշտամունք կար ամենքի համար՝ թուրքական գազանությունների զոհ դարձած Բուլղարիան7։ Եվ նա դառնում էր նաեւ մեր` Շուշիի դպրոցականներիս մի խմբի պաշտամունքը։ Իսկ ռուս զինվորը, որը գնում էր իր արյունով մեր այս պաշտամունքն անարգ ստրկությունից ազատելու, դառնում էր մեզ համար մի նվիրական հասկացողություն։

Որոտացին թնդանոթները Արփաչայի8 եւ Դունայի9 ափերին։ Սրանց ձայնը մեզ չի հասնում, բայց մեր ականջից չի էլ դուրս գալիս։ Օր օրի սաստկանում է հետաքրքրությունը, կլանում է հազարներին, մեզ էլ նրանց հետ։ Խոսքի ու զրույցի մեջ ավելի եւ ավելի սակավ են ուշադրության առարկա դառնում Նարեկն ու տերտերը, եւ ավելի հաճախ լսվում են «էն անօրեն Բիկոնսֆիլդը»10, «Էն օրհնած Գլադստոնը»11, «էն գազան սուլթանը» եւ այլ այսպիսի որակումներ, որոնք ցույց են տալիս, թե մենք էլ սովորում ենք դատել, գնահատել։ Պատերազմը մեզ էլ է տալիս սեփական արժանապատվության խոշոր մղումներ։ Օր օրի վրա հնչում են հայկական անուններ` Տեր-Ղուկասով12, Լոռիս-Մելիքով13, Լազարեւ14, Շելկովնիկով15։ Մերոնք առանց զորքերի առաջնորդներ են, հաղթության հերոսներ, իրական, այսօրվա մարդիկ, որոնք գալիս են փոխարինելու հին Արտաշեսներին, Տրդատներին եւ այլ արխիվային հռչակավորների։ Մանավանդ հպարտ ու պարծենկոտ ենք մենք` շուշեցիական իրավունքով։ Մեր քաղաքից է այդ մեծահռչակ Վանջին (Օհանջանը)։ Հայրս պատմում է, որ իր հետ նա աշկերտ է եղել դերձակի խանութում, իսկ այժմ նա այլեւս Վանջի չէ, այլ Լազարեւ` Դաղստանի, Ալաջայի, Կարսի հերոսը։

Այս բոլորը նշանակում էր, որ եկեղեցին իր ճիրանները հետզհետե հեռացնում էր մեր կոկորդից, թույլ էր տալիս, որ մենք շնչենք համաշխարհականության մթնոլորտով։ Երեկ մենք տիրացու ժողովուրդ էինք։ Այսօր կանչվում էինք քաղաքացի լինելու, քաղաքական դաստիարակություն ստանալու։ Ես, իհարկե, չեմ ասում, թե եկեղեցին միանգամայն կորցնում էր իր նշանակությունը։ Այն էլ մեծ բան էր, որ նա միակ ու անսահմանափակ տեր չէր մնում մեր գլխին։

Այսքան խոշոր էր ռուս-թուրքական պատերազմի գործած հեղաշրջումը։ Հասարակական դաստիարակության մեջ կատարվում էր բեկում։ Եվ այնքան ուժեղ էր ժամանակի կատարած այդ փոփոխությունը, որ մենք` պատանի ժամանակակիցներս անգամ, տեսնում ու զգում էինք այն։

4

Լեոյի տունը եղել է մահմեդական թաղի Ջհուդլար կոչվող թաղամասում, ուր մահմեդականների հետ բնակվել են հրեաներ, ռուս զինվորականների ընտանիքներ, ինչպես նաեւ հայեր (տե՛ս, Ս.Պետրոսյանի հրապարակումը)։

5

Շուշիից ավանդված է 6 եկեղեցի եւ 3 մզկիթ։ Ըստ կառուցման ժամանակագրության՝ եկեղեցիներն էին՝ 1. Կուսանաց անապատի Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 2. Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ), 3. Ագուլեցոց Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 4. Մեղրեցոց Սուրբ Աստվածածին (պահպանված է մասամբ), 5. Ռուսական ուղղափառ Սուրբ Գեորգի (չի պահպանվել), 6. Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ամենայն հավանականությամբ, տեղ է գտել գրաշարական վրիպակ, տեքստում գրված է «Ասլանչեցոց». այդ բառի սկզբնային գրանիշերը բավականին մոտ են «Ղազանչեցոցին»։ Եկեղեցին այդպես է կոչվել Նախիջեւանի Ղազանչի գյուղից վերաբնակվածների անունով։

6

Ռուսերեն՝ «Թիֆլիսյան լրաբեր», ռուսալեզու թերթ։

7

Լեոյի գործում նշվող «Բոլգարիա», «բոլգար» ձեւերը դարձրել ենք «Բուլղարիա» եւ «բուլղար»։

8

Լեոն օգտագործել է թուրքերեն ձեւը, հայերեն՝ Ախուրյան։

9

Լեոն օգտագործել է ռուսերեն ձեւը, հայերեն՝ Դանուբ։

10

Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) – Անգլիայի վարչապետ 1868-ին եւ 1874-1880-ին, «Մեզ համար կարեւորը Թուրքիայում հայկական վտանգի դեմ պաշտպանվելու միջոցներ գտնելն է» խոսքերի հեղինակ, Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Բեռլինում վերանայման հեղինակակից (Բիսմարկի հետ), 1878թ. Կիպրոս կղզին Թուրքիայից խլած պահպանողական պետական-քաղաքական գործիչ եւ գաղափարախոս։

11

Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) – Անգլիայի վարչապետ 1868-1874-ին, 1880-1885-ին, 1886-ին, 1892-1894-ին, «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» խոսքերի հեղինակ, Անգլո-հայկական ընկերության համահիմնադիր, 1881թ. Եգիպտոսը Թուրքիայից խլած լիբերալ պետական-քաղաքական գործիչ։

12

Տեր-Ղուկասով (Տեր-Ղուկասյան) Արշակ Հարությունի (1819-1881) – Հայազգի ռուսական գեներալ-լեյտենանտ, կռվել է Կովկասի լեռնականների դեմ, իսկ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում (1877-78) գրավել Բայազետը, Ալաշկերտը եւ այլն, նահանջելիս կազմակերպել է 20 հազար հայերի գաղթն Իգդիր։

13

Լոռիս-Մելիքով Միքայել Տարիելի (1825-1888) – Հայազգի ռուսական գեներալ, կոմս, Ռուսաստանի ՆԳ նախարար եւ ժանդարմերիայի շեֆ. ըստ էության՝ երկրորդը՝ ցարից հետո, նրա կառավարման ժամանակը մամուլն անվանել է «սրտի դիկտատուրայի» շրջան, իրեն՝ «թավշյա դիկտատոր»։ Մասնակցել է Կովկասյան, Ղրիմի (Արեւմտյան Հայաստանի տարածքում) եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմներին, արժանացել գրեթե բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւներին։

14

Լազարեւ (Լազարյան) Իվան (Հովհաննես) Դավթի (1820-1879) – Հայազգի ռուսական գեներալ, որին հանձնվեց Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երկարամյա ապստամբության առաջնորդ Շամիլը. 1877թ. հոկտեմբերի 3-ին թուրքերից գրավեց Կարսի մերձակա Ալաջայի բարձունքները՝ տալով 1500 զոհ, մինչդեռ թուրքական բանակը տվեց 5-6 հազար զոհ եւ 8500 գերի. նույն թվականի նոյեմբերի 6-ին գրավեց Կարսը։

15

Շելկովնիկով (Շելկովնիկյան) Բեհբուդ Մարտիրոսի (1837-1878) – Հայազգի ռուսական գեներալ, Կովկասյան ճակատում մասնակցել է ռուս-թուրքական Ղրիմի եւ 1877-1878թթ. պատերազմներին, մասնակցել է Ալաջայի ճակատամարտին, նշանակվել է Էրզրումի զինվորական օկրուգի պետ։

Անցյալից

Подняться наверх