Читать книгу Անցյալից - იაკობ ცურტაველი - Страница 4

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Գ

Оглавление

Սկզբում Կ.Պոլսի հայությունը զգաստ եւ խելահաս վերաբերմունք ցույց տվեց Բեռլինի դաշնագրի վերաբերմամբ։ Նա հիասթափված էր, զգում էր, որ Եվրոպան իսկապես ոչինչ չի տվել հայերին, բացի մի քանի անբովանդակ ֆրազներից։ Բայց այդ զգաստությունը չափազանց կարճատեւ եղավ։ Լրջմիտ հեռատեսության դեմ բարձրացավ անվերապահ լավատեսությունը։ Քաղաքական ծանր հարցը` մի ամբողջ ժողովրդի լինել-չլինելու հարցը, ստանում էր արկածախնդրական, ռոմանտիկ գունավորումներ։ Ներսես պատրիարքը23 եւ նրա կողմնակիցները բացատրում էին հասարակությանը, թե նա հուսահատվելու ոչ մի պատճառ չունի, թե հայ ժողովրդի դատը պաշտպանված է եւ լավ է պաշտպանված։

Այս փաստաբանության ամենացայտուն օրինակը տալիս է «Թէ ինչ շահեցանք Պէրլինի դաշնագրէն»24 բրոշյուրը, որ նույն այդ միջոցին Կ.Պոլսում հրատարակեց Բեռլին գնացած պատվիրակության քարտուղար Մինաս Չերազը25։ Ես հիշում եմ, թե որպիսի մանկական ոգեւորությամբ էինք մենք կարդում այդ փոքրիկ տետրակն այն օրերին, երբ Հայոց հարցը դեռ խանձարուրի մեջ էր, երբ այդ գրությունն օրվա ամենախոշոր նորությունն էր։ Չերազն այդտեղ ամենափառավոր կերպով ապացուցում էր, որ մինչեւ Բեռլինի կոնգրեսը Հայոց հարցը գոյություն ուներ միայն երկու պետությունների` Ռուսաստանի եւ Թուրքիայի մեջ, իսկ Բեռլինի կոնգրեսում այն դարձավ եվրոպական միջազգային հարց, եւ հայերին պաշտպանողն այսուհետեւ մի հատ Ռուսաստանը չպիտի լինի, այլ ամբողջ հավաքական Եվրոպան։ Այս պատկերացումը թեւավոր էր, գնաց նվաճելու բոլոր մտքերը, բազմելու ամեն մեկի բերանում։ Ուռճանում էր ազգային գոռոզությունը, հայ ժողովուրդը բարձրացնում էր իր գլուխը` ինչպես վայել էր ամբողջ Եվրոպայի խնամակալության եւ քնքուշ հոգսերի առարկա դարձած մի ժողովրդի։

Այսօր Մինաս Չերազի բրոշյուրը մի հուշարձան է քաղաքական անգրագիտության, համբակային միամտության եւ անուղղելի ռոմանտիզմի։ Իսկությունը, որ այն ժամանակ էլ չէր կարող անհայտ մնալ պայծառ ու հեռատես մտքերին, պիտի, ընդհակառակը, մեծ դժբախտություն համարեր, որ հայությունը գցվում է միջազգային հարաբերությունների այն խառնարանը26, որի անունն էր Արեւելյան հարց։

Հայտնի էր շատերին, որ հենց այս ժամանակ էլ` ռուս-թուրքական պատերազմի հետ միասին, եվրոպական քաղաքականության մեջ վերջանում էր մի շրջան, որի հետ շատ խառն էր ռոմանտիզմը։ Գլադստոնն Անգլիայում եւ Գորչակովը Ռուսաստանում այդ տիպի դիվանագետների վերջին ներկայացուցիչներն էին։ Նոր սերունդն արդեն միմիայն իրական շահերն էր ճանաչում իբրեւ տեր եւ հրամանատար ազգերի փոխադարձ հարաբերությունների մեջ. բարոյական սկզբունքներ, արդարություն գոյություն չունեին նրա համար։ Եվրոպական կապիտալիզմն արդեն մտնում էր իր զարգացման այն շրջանի մեջ, որ կոչվում է իմպերիալիզմ։

Թուրքիան առաջվանից անհամեմատ ավելի մեծ չափերով էր դառնում այդ կապիտալիզմի հարստահարչական շահատակությունների ասպարեզ։ Մրցակցությունը կատաղի կերպարանք էր ստանում` կատարելապես անհնարին դարձնելով, որ մեծ կոչված պետությունների մեջ համաձայնություն կազմվի Թուրքիային վերաբերող որեւէ հարցի մեջ միաբան գործելու համար։ Այս մրցությունների մեջ հայ ժողովուրդն իր դառը տանջանքներով դառնում էր առուծախի առարկա։ Եթե մեկը հայերի պաշտպան էր հանդիսանում սուլթանին վախեցնելու եւ նրանից շահավետ ձեռնարկություններ կորզելու համար, ապա մյուսը գնում էր սուլթանին պաշտպանելու` ընդդեմ այդ հայասեր դիմակավորված ախոյանի` իր այդ պաշտպանությունը հնչուն դրամի վերածելու համար։ Սկսած Սան Ստեֆանոյի դաշնագրի գոյության առաջին իսկ օրից` թուրքահայ ճորտ գյուղացիության հեծեծանքները, արյունն ու արտասուքներն առած Հայոց հարցը կանոնավոր չափով ու կշռով, հաշվապահության բոլոր կանոններով ծախվում էր եվրոպական արտաքին գործերի փառազարդ առանձնասենյակների լռիկ անկյուններում հանդարտ ու վճռականապես, ինչպես վայել էր սառնասիրտ վաճառականին։

Այս պարզ էր ամենքի համար։ Այս պարզ չէր միայն եւ միայն վաճառվողների համար։ Ստոր «սովդաքյարական» հաշիվներով ապրող Եվրոպան հայի համար դառնում էր մի ամբողջ մոլի պաշտամունք, մի աստվածություն, որին պետք էր հավատալ անպայման կուրությամբ, դառնում էր մի ֆետիշ, որ միայն կարող էր փրկել, ազատել, պահպանել։ Այսպես մնաց Եվրոպան ուղիղ քառասուն եւ հինգ տարի շարունակ եւ անընդհատ, մինչեւ որ հայի մեջ այլեւս ո՛չ արյուն մնաց եւ ո՛չ արտասուք, որոնց կարելի լիներ ծախու հանել։ Սա մի զարհուրելի, մղձավանջային երեւույթ է` այս համահայկական միջնադարյան կուրությունը, այս մոլեգնոտ եվրոպապաշտությունը։ Եվ այս համարվում էր (Բեռլինի կոնգրեսի օրերից) մի մեծ երջանկություն, մի նոր բախտ հայության համար։

Երբ Բեռլինում աղոթողի անճարությանը մատնված հայ պատվիրակները վերադարձան Կ.Պոլիս, սկսեցին իրենց անհաջողությունը բացատրել նրանով, որ հայերն արյուն չէին թափել, չէին ապստամբել, որ ներկայացել էին միջազգային ատյանին լոկ իբրեւ խնդրարկուներ, իբրեւ թուղթ մատուցանողներ, մինչդեռ աշխարհի կարգ է` ազգերն իրենց ազատությունը գնում են իրենց արյունով։ Այս միտքն էլ թեւավոր էր եւ սկսեց տարածվել արագությամբ, ժողովրդականանալ։ Մանավանդ ռուսահայերն էին ուժգնությամբ փարում այս գաղափարին։ Եվ ահա՛, գտնվա՛ծ էր Հայոց հարցի լուծման միջոցը` Եվրոպա եւ ապստամբություն։ Միայն եւ միայն։ Մի դեղատոմս, որ ամենայն փութաջանությամբ գործադրվեց, մինչեւ որ Հայաստանում այլեւս հայ չմնաց։

Շատ հետաքրքրական է իմանալ, թե իրենք՝ հայերն ինչ տեսակ էին հասկանում իրենց պարգեւված «տեղական պետքերին համապատասխանող ռեֆորմներ» դարձվածքի իմաստը։ Եթե Աբդուլ-Համիդ27 սուլթանը մի մարդախոշոշ գազան չլիներ, այլ կիրառեր շինարար եւ խաղաղարար մի սկզբունք, եւ եթե նա կարողանար իր վարչական մեքենան այնքան բարեկարգել ասիական նահանգներում, որ հայերը հանգիստ ու ապահով ապրելու շատ հնարավորություններ ստանային, արդյո՞ք այսքանով սպառված կլինեին «տեղական պետքերը»։ Ո՛չ։ Հայ ազգային գործիչների ցանկությունը տեղական համեստ պետքերից ավելի հեռուն էր գնում։

Ահա նույն Մինաս Չերազը 1879թ. հրատարակած իր «Հայաստան եւ Իտալիա» բրոշյուրի մեջ պատմում է, որ Հռոմում ինքը, իբրեւ հայ պատվիրակության քարտուղար, գնաց իտալական արտաքին գործերի մինիստր կոմս Կորտիին ներկայանալու, բայց ստիպված եղավ երկար սպասել նախասենյակում։ Այս սպասողական ձանձրույթը հենց այդտեղ` նախասենյակում, երիտասարդ եւ նորաթուխ հայ դիվանագետը փարատում է նրանով, թե մի օր էլ իտալական դեսպանը Հայաստանի արտաքին գործերի մինիստրի նախասենյակում այսքան երկար կնստի` սպասելով, թե երբ ինքը ներս կընդունվի։ Այս պարզապես ցույց է տալիս, թե հայերը սկզբից եւեթ` Սան Ստեֆանոյի օրերից, կարծում էին, թե իրենք այնքան շատ բան էին ստացել, որ կարող էին անկախ Հայաստան ստեղծել։

Հարցն իհարկե գաղափարը չէ, որ չի կարող մերժվել որեւէ ճկուն եւ կեղեքվող ժողովրդի։ Հանցանք չէր, եթե հայն անկախություն երազեր այնպիսի մի ժամանակ, երբ նրա աչքի առջեւ կազմվում էր մի բուլղարական կիսանկախ իշխանություն, եւ մի շարք կիսանկախ պետություններ (Ռումինիա, Սերբիա) կատարյալ անկախություն էին ստանում։ Ամբողջ հարցն այն է, որ հայերը չէին կշռադատում իրենց ձեռքին եղած միջոցները, իրենց ժողովրդի կացությունը Հայաստանի խորքերում եւ իրենց ստացած խոստումների իսկական արժեքը։ Եվ ստեղծվում էր ողբերգական հակասություն. հայերի համար «տեղական պետքերը» առնվազն վարչական ինքնավարությունն էր, որի հետեւում, անշուշտ, կանգնած էր անկախությունը, մինչդեռ թուրքերի համար այդ «պետքերն» ամենաշատը պիտի նշանակեին վարչական-ոստիկանական վերակազմություններ, որոնց անհրաժեշտությունը նրանք ընդունում էին, բայց ասում էին, թե փող չունեն այդպիսի ռեֆորմներ իրագործելու համար։

23

Ներսես Վարժապետյան (1837-1884) – Կ.Պոլսի հայոց պատրիարք 1874-ից. Հայոց հարցի լուծման համար հույսը դրել էր Եվրոպայի եւ Ռուսաստանի վրա, սակայն կյանքի վերջում հիասթափվեց բոլորից։

24

Պետք է լինի «վեհաժողովէն»։ Թարգմանվել եւ զետեղվել է անգլիական պաշտոնական տեղեկագրում (հիմնականում արտաքին քաղաքականությանը վերաբերող)՝ «Կապույտ գրքում»։

25

Մինաս Չերազ (1852-1929) – Մ.Խրիմյանի, Ս.Փափազյանի եւ Խ.Գալֆայանի հետ եղել է Բեռլինի կոնգրեսին մեկնած հայոց պատվիրակության կազմում։ Վարժապետյանի, Իզմիրլյանի, Նուբարի հետ տարբեր տարիների հանդիպել է Գլադստոնին, Նիկոլայ Բ-ին, Ստոլիպինին եւ այլ առաջնորդների՝ Հայոց հարցի առնչությամբ։ Արդյունավետորեն զբաղվել է նաեւ ուսուցչությամբ, հայագիտությամբ, գրականությամբ, բարեգործությամբ։ Աճյունը Կոմիտասի աճյունի հետ բերվել է Երեւան, ամփոփվել Չերազի միջոցներով կառուցված՝ Նուբարաշենի դպրոցի բակում, սակայն խորհրդահայ բոլշեւիկ ճիվաղները հետագայում անհետացրել են այն (տե՛ս «ԱրմենիաՆաու», մարտի 30, 2007, Վահան Իշխանյանի «Կորսված աճյուն. կվերականգնվի՞ Մինաս Չերազի հիշատակը» հրապարակումը)։

26

20-րդ դարավերջին այս մտայնության լավագույն մերկացնողն ու դրան այլընտրանք առաջարկողը եղավ լուսահոգի պորֆեսոր Ռաֆայել Իշխանյանը. տե՛ս նրա «Երրորդ ուժի բացառման օրենքը» (Ե., 1991)։

27

Աբդուլ-Համիդ Բ (1842-1918) – Օսմանյան կայսրության վերջին բացարձակ միապետը (1876-1909), երկիրը հասցրեց տնտեսական, ֆինանսական, տարածքային կործանման։ Նրա ժամանակն անվանվեց «զուլում» (բռնություն), ինքը՝ «արյունոտ, կարմիր սուլթան»։ Իրականացրեց հայերի եւ հույների ջարդեր։ Իշխանությունից հեռացվեց երիտթուրքական հեղափոխության (1908) եւ մակեդոնական զինվորական ապստամբության (1909) միջոցով։ Մեռավ Կ.Պոլսում, բանտարկության մեջ, 1918թ. փետրվարի 10-ին։

Անցյալից

Подняться наверх