Читать книгу Անցյալից - იაკობ ცურტაველი - Страница 8

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Է

Оглавление

1884թ. հոկտեմբերին վախճանվեց Ներսես պատրիարք Վարժապետյանը։ Ամենուրեք մեծ տրտմություն պատճառեց այդ մահը հայ հասարակության լայն խավերին։ Ներսեսը մի շատ վեհ, համարյա հայրական հասկացություն էր այդ ժամանակ։ Սան Ստեֆանոյի, Բեռլինի կոնգրեսի ժամանակներից էր նա վաստակել այդ բարձր համարումը։ Նա Հայոց հարցի հայրն էր, եւ նրա եռանդից ու շնորհից էին ամենքն սպասում այդ հարցի լուծումը։ Չորս տարի շարունակ (1878-1882) նա շատ ուժեղ եւ հեղինակավոր դիրք էր բռնել Կ.Պոլսի դիվանագիտական շրջաններում եւ, հենված այդ դերի վրա, հանդես էր եկել իբրեւ հայ ժողովրդի պահանջկոտ ներկայացուցիչը, որ սուլթանի կառավարությանը նայում էր իբրեւ պատասխանատու կողմի։ Այցելում էր եվրոպական դեսպաններին, այցելություններ էր ընդունում նրանցից եւ ցույց էր տալիս դիվանագիտական այնպիսի բարձր «առաքինություններ», ինչպես են՝ հանգամանքներին արագորեն հարմարվելը, գրպանում միանգամից մի քանի պատրաստ լեզուներ ման ածելը եւ այլն։ Եվ հանկարծ այդպիսի խոշոր (հայ իրականության տեսակետից) քաղաքագետը մեռավ` չտեսնելով իր ստեղծած գործի իրականացումը։ Վիշտը մեծ էր` համազոր ազգային սգի։ Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթը, արհամարհելով ցենզուրական պահանջը, սեւ շրջանակի մեջ դրեց Ներսեսի մահվանը նվիրված հոդվածը եւ իբրեւ պատիժ՝ դադարեցվեց ութ ամսով։

Բայց ողբերը չէին կարող ծածկել այն ճշմարտությունը, որ Ներսեսը մեռնում էր ժամանակին։ Նա այլեւս անելիք չուներ, եւ մահն էր, որ կարծել էր տալիս, թե դեռ շատ անելիք ուներ։ Նույն` 1884-ի գարնանը Էջմիածնում կաթողիկոսական ընտրություն էր։ Շատ համառ պայքարից հետո հաղթություն տարավ «Մշակ» – ական ուղղությունը` առաջին թեկնածու ընտրել տալով Ներսես Վարժապետյանին։ Կարծում էին, որ եթե նա թողնի Բոսֆորի ափերը եւ կաթողիկոսի աստիճանով մտնի Էջմիածնի վանք, դրանով այնքան ուժ եւ նշանակություն կստանա, որ ավելի մեծ հաջողությամբ կտանի Հայոց հարցի պաշտպանությունը։ Բացի դրանից, Հայոց հարց ստեղծվում էր նաեւ Ռուսաստանում` Ալեքսանդր Գ-ի կառավարության հալածանքների պատճառով։ Եվ ահա ռուսահայերն էլ սպասում էին, թե Ներսեսը կգա եւ իրենց կազատի սանձակոտոր ցարիզմի ձեռքից։ Այսքա՜ն ակնկալություններ մի հատիկ մարդուց, այն էլ` մի հիվանդ մարդուց։

Բայց Ներսեսը գիտեր, որ այլեւս զուր է իրենից կամ առհասարակ որեւէ մի անհատից հրաշքներ սպասելը։ 1880-ի գլադստոնյան փորձը պարզ ցույց էր տալիս, թե եվրոպական դիվանագիտությունից չպետք է փրկություն սպասել, ուստիեւ իր պատրիարքության վերջին երկու տարիներում փոխել էր իր ուղղությունը։ Նրա մահից տարիներ անցած՝ տպվեց նրա քաղաքական կտակը, որի մեջ նա պատվիրում էր իր հաջորդներին, որ հայերը հաշտվեն թուրքերի հետ եւ համաձայնության մեջ ապրեն պետության հետ` հույս չդնելով օտար պետությունների վրա։ Հայ ազգասիրությունը, մանավանդ այն, որ պաշտամունք էր դարձրել 16 եւ 61 հոդվածները, կեղծ հայտարարեց այդ կտակը։ Սակայն այդպիսի մի թղթի կարիք էլ չկա հասկանալու համար, թե ինչ էր Ներսեսի քաղաքականությունը 1883 եւ 1884 թվականներին։

Խրատված եվրոպական դիվանագիտության սուտ ու խաբեբա վարվեցողությունից` նա ընդառաջ գնաց Աբդուլ-Համիդի ցանկությանը, հետ վերցրեց իր հրաժարականը եւ սկսեց բացարձակ քարոզել, թե հայերն ուրիշ անելիք չունեն, բայց միայն հաշտ ապրել Օսմանյան կայսրության հետ։ Եվ այս փոփոխությունը չհամարվեց դավաճանություն, այլ միայն քաղաքագիտական քայլ։ Դավաճանություն չհամարվեց եւ այն, որ Ներսեսն ընդունեց սուլթանի ընծայած գեղեցիկ ապարանքն Օրթաքիո արվարձանում։ Նկատենք, որ հակահայկական հալածանքները Թուրքիայում չէին դադարում, որ սուլթանն սկսել էր նույնիսկ պատրիարքական առանձնաշնորհումները կրճատել։ Ներսեսը տեսնում էր այդ բոլորը եւ բավականանում էր գրավոր բողոքներ ներկայացնելով։ Ուրիշ ճար նա չէր գտնում, բացի միայն թուրք կառավարության հետ համաձայնության գալուց։ Իսկ եթե դրսում կարծում էին, թե պակասում է մի հատ կաթողիկոսական աթոռ, որպեսզի Ներսեսը նախկին ուժեղն ու հեղինակավորը դառնա, դեռ է՛լ ավելի, այդ միայն վկայում էր, թե որ աստիճանի է հասել հանրային անճարությունը, եւ եվրոպական միջամտության ցնորքով ապրող գաղափարախոսությունն ինչ սնանկության է դատապարտվել։ Հայոց հարցը խրվել էր դիվանագիտական մի փակուղու մեջ, եւ նրան այնտեղից դուրս բերելը չափազանց արդեն դժվարացել էր։

Ներսեսի հաջորդները` Վեհապետյան եւ Աշըգյան50, անկարող լինելով ցույց տալ այնպիսի մարտական գործունեություն, որպիսին զարգացրել էր հանգուցյալը, հետեւեցին նրա վերջին տարիների, այն է՝ հաշտ քաղաքականությանը։ Բայց այս այլեւս չթույլատրվեց նրանց։ Սուլթանական մութ ռեակցիան ճնշում էր ամենքին, բայց ավելի շատ՝ հայերին։ Գավառներում կառավարությունը սանձից արձակել էր քրդերին, իսկ հայերին դրել էր օրենքից դուրս, անտանելի դրության մեջ։ Ամեն կողմից օգնություն կանչող աղաղակներ էին լսվում։ Իսկ այդ դրությամբ վրդովվող տարրերն անճարությունից, իհարկե, մեղավոր էին համարում Վեհապետյանին, հետո եւ Աշըգյանին, գտնում էին, որ նրանք չափազանց թուրքամոլ են եւ համակերպվող ու դրանով դավաճանում են ազգային դատին։ Իսկ թե ինչ կարող էին անել այդ «դավաճանները» եւ չարեցին, այս չէին ասում։

Եվ դժգոհ տարրերի ուշադրությունը մի ծայրահեղ անճարությունից անցնում էր մյուսին՝ արմենական խղճուկ կազմակերպության, որ այսպես թե այնպես մարտական նշանաբաններ ուներ եւ խոստանում էր ազատություն բերել Հայաստանին։ Բայց Եվրոպայում ապրող հայության մեջ գրեթե միաժամանակ առաջ եկավ մի տարբեր ուղղություն։ Մի խումբ հայեր Լոնդոնում կազմակերպեցին Անգլո-հայկական մի ընկերություն, որի վարչության մեջ, բացի հայերից, մտան եւ անգլիացի քաղաքական գործիչներ։ Այսպես, քարտուղարն էր սըր Էդուարդ Գրեյը51` արտաքին գործերի բազմահամբավ մինիստրը 1914-ի համաշխարհային պատերազմի ժամանակ… Անգլո-հայկական ընկերությունը հիմնեց իր հատուկ թերթը՝ «Հայաստան» անունով, որ հրատարակվում էր հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով։ Նա նպատակ էր դրել հասնել Հայոց հարցի լուծման` բացառապես դիվանագիտական ճանապարհով, եւ այս միտքը հաջողեցնելու համար կազմակերպում էր Եվրոպայի զանազան երկրներում հայասիրական պրոպագանդա` գործի հրավիրելով քաղաքական, գրական, գիտական ասպարեզներում անուն հանած անձանց։

Գլխավորապես այս կազմակերպության շնորհիվ էր, որ Հայաստանի դրությունը արձագանք էր տալիս մի քանի պառլամենտների, առավելապես անգլիականի մեջ։ Արտասանվում էին ճառեր, որոնք ամենայն մանրամասնություններով տպվում էին «Հայաստանի» մեջ։ Այդտեղ էլ առանձին ուշադրությամբ եւ մեծարանքներով տեղ էին գտնում հայտնի գործիչների համակրական նամակները, եւ այսպիսով ստեղծվում էր մի տեսակ հասարակաց կարծիք։ Ամենափոքր ցույցն անգամ համարվում էր շատ կարեւոր նշանակություն ունեցող երեւույթ։ Եվ «փրկիչը»` Եվրոպան, նորից ու նորից արձանանում էր հայ հարստահարված իրականության մեջ իբրեւ առատագութ, անշահասեր մի բարերար, որ պիտի գնա մի օր եւ, քրիստոնեական սիրուց դրդված, բռնի ու բարձրացնի արտասուքի եւ արյան ծովի մեջ խեղդվող հային։

Քաղաքական ռոմանտիզմն ավելի արբեցնող ու էլի խաբուսիկ էր դառնում։ Եվ այս դրությունը հրահրում էին Հայաստանից եկող սարսափելի լուրերը։ 1880-ական թվականների երկրորդ կեսին իր չարագործություններով հռչակ ստացավ քուրդ ավազակ ցեղապետ Մուսա-բեյը։ Նրա զոհերը բացառապես հայ գյուղացիներն էին։ Եվրոպական մամուլը լույս հանեց քստմնելի եղելություններ։ Անգլիական պառլամենտում մի քանի անգամ հարցապնդումներ եղան Մուսա-բեյի առիթով, դիվանագիտական ընդարձակ գրագրություններ սկսվեցին, Կ.Պոլսի դեսպաններն ուշադրություն դարձրին։ Հետեւանքն այն եղավ, որ Մուսա-բեյին դատի ենթարկեցին, եւ, որպեսզի հայ գյուղացիներն ազատ վկայություններ տան, դատը կայացավ Կ.Պոլսում, դեսպանատներից հատուկ նշանակված պաշտոնյաների ներկայությամբ։ Այդ մի դատաստանական խեղկատակություն էր։ Դատից առաջ սուլթան Աբդուլ-Համիդը, անգլիական դեսպանի հետ ունեցած խոսակցության մեջ ասաց, թե Մուսա-բեյն անմեղ է։ Այս արդեն նշանակում էր, թե դատարանին հրամայված է արդարացնել Մուշի դաշտի ժանտախտը դարձած քուրդ բեյին։ Եվ իրավ, Մուսա-բեյի դեմ հարուցված էին քրեական ամբաստանություններ։ Դատարանը մերժեց քննության առնել դրանցից յոթ հատը. մնացին երեքը։ Կառավարության դատախազը փոխեց իր դերը եւ դարձավ ոճրագործի պաշտպանը։ Եվ զարմացած աշխարհի առջեւ համիդյան արդարադատությունը միանգամայն անմեղ հռչակեց մարդասպանին, սրտեր կրակողին, կույսեր բռնաբարողին։

Մուսա-բեյի ամբողջ դատավարությունը տպվեց անգլիական «Կապույտ գրքի» մեջ։ Եվրոպայի ընդհանուր կարծիքն էր, թե այդ դատը միանգամայն ապացուցեց, որ հայերն այլեւս ոչինչ սպասելիք չեն կարող ունենալ թուրք կառավարությունից, որ նրանք օրենքից դուրս են դրված եւ այլն։ Սուլթան Համիդը չկարողացավ անտես առնել Եվրոպայի վրա Մուսա-բեյի դատի թողած տպավորությունը եւ դատաստանով արդարացրած չարագործին աքսորեց Հիջազ52։ Առանց այդ էլ նա գրգռված էր հայերի դեմ՝ Եվրոպայում մղած պրոպագանդայի համար։ Այժմ նա ավելի եւս գրգռվում էր` ստիպված լինելով զիջում անել այդ պրոպագանդային։ Նույն այս պրոպագանդան առատ նյութ էր քաղում եւ այն հավաքական բողոքից, որ հայ հոգեւորականությունը գրավոր կերպով ներկայացրեց թուրք կառավարությանը՝ իր եւ ժողովրդի դեմ հարուցած հալածանքների առիթով։

Աբդուլ-Համիդը, մի կասկածամիտ եւ դաժան բռնակալ, բայց միեւնույն ժամանակ չափազանց վախկոտ, փակել էր իր անձը Ելդըզ-Քոշկ53 պալատում, իր ձեռքն էր առել պետության բոլոր գործերը, ղեկավարում էր անձնապես մենակ ինքը` հաստատելով մի ռեժիմ, որ հավասարապես ընդունելի չէր ամենքի համար, որովհետեւ այդ մի կառավարություն էր լրտեսների, բանտերի եւ սարսափի այլ բոլոր տեսակների միջոցով։ Ամեն կերպ աշխատում էր, որ տեղի չունենան եվրոպական պետությունների միջամտություններ, եւ տեսնելով, որ հայերն են իրենց 61-րդ հոդվածով շարունակական միջամտություններ աղերսողները, անհնարին կատաղությամբ էր լցվում նրանց դեմ։ Լոնդոնի, Փարիզի, Մարսելի հրատարակությունները բազմապատկում էին այդ կատաղությունը, եւ նա դառնում էր հայերի վերաբերմամբ առանձնապես անխնա, մոլեգնոտ։ 1889 թվին, մինչ Անգլո-հայկական ընկերությունը կարծում էր, թե մեծ հայանպաստ գործ է կատարում իր «Հայաստանով», Աբդուլ-Համիդը կանչեց Աշըգյան պատրիարքին եւ, իր առաջին քարտուղարի միջոցով խոսակցություն սկսելով նրա հետ, զայրացած պահանջեց, որ նա` իբրեւ հայ ժողովրդի գլուխ, վերջ դնի այդ հրատարակություններին։ Ավելացրեց եւ այն, թե հայերին ինքը երբեք չպիտի տա նրանց երազած ինքնուրույնությունը. եւ ոչ միայն ինքը, այլեւ պիտի նզովք դնի իր հաջորդ սուլթանների վրա, որ նրանք էլ չտան ինքնուրույնություն, կռվեն նրա դեմ, մինչեւ որ աշխարհիս վրա չի մնա եւ ոչ մի իսլամ54։

Զարհուրած պատրիարքը շտապեց այս կատաղի սպառնալիքը հաղորդել Ամենայն հայոց կաթողիկոս Մակարին55 եւ աղաչել, որ նա մտածի թուրքահայ ժողովրդին փրկելու մասին` դիմելով ռուսաց կայսրին եւ աղաչելով, որ նա իր պաշտպանության տակ առնի նրան։ Մակարը, սակայն, ոչինչ չարավ։ Ալեքսանդր Գ-ն չպիտի լիներ այն մարդը, որ գնար ուրիշ երկրի հայերին պաշտպանելու, երբ իր երկրի հայերին ճնշում էր ամեն կողմով։ Մակարը պաշարված էր մի շարք պահանջներով, որոնք ուղղված էին հայոց լեզվի, հայ դաստիարակության դեմ։ Համիդյան Թուրքիան բարեկամական պետություն էր ցարի համար, որ անխնայորեն հալածում էր նրա դեմ դավեր նյութող հեղափոխականներին։ Ի՞նչ հրաշք պիտի հարկադրեր նրան խլել իր բարեկամ սուլթանից նրա հայ ժողովրդին։

Եվ այսպիսով կատարելապես անճար ու անօգնական կացության մեջ էր ընկել հայ ժողովուրդը։ Ճռճռան ճառեր արտասանող «հայասերները» չգիտեին, թե ինչ տագնապ էին պատրաստում իրենց իբր թե պաշտպանած ժողովրդի համար։ Աբդուլ-Համիդը պարզ ու բացարձակ կերպով բաց էր անում իր հղացած հայաջնջումը։ Նա պատրաստվում էր իսլամության գլուխն անցած` պատերազմ անել հայերի դեմ։

Եվ ոչ ոք չեղավ, որ ուշադրություն դարձնի այս ահռելի ազդարարության վրա։ Այն արհամարհեց Եվրոպային ֆետիշ դարձրած մեր տղայական ռոմանտիզմը, մինչեւ որ համիդյան ծրագիրը ի կատար ածվեց ամբողջությամբ։

50

Տե՛ս համապատասխան Հավելվածը։

51

Գրեյ օֆ Ֆալլոդոն Էդուարդ (1862-1933) – Աջ լիբերալ անգլիացի քաղաքական գործիչ, 1892-95թթ. փոխարտգործնախարար, 1905-1916թթ.՝ արտգործնախարար։ Ռուսների հետ Պարսկաստանը կիսեց ազդեցության երեք գոտու, Անտանտի հիմնադիրներից եւ գաղափարախոսներից։ Առաջին համաշխարհայինի սկսվելու կապակցությամբ ասաց հետեւյալ բառերը. «Այսօր ամբողջ Եվրոպայի վրա իջավ մայրամուտ»։

52

Լեոյի օգտագործած «Հեջազ» ձեւն ամենուր փոխարինել ենք հանձնարարելի «Հիջազով»։ Հիջազը երկրամաս է Արաբական թերակղզու արեւմուտքում, այնտեղ են գտնվում մուսուլմանների սրբազան քաղաքներ Մեքքան եւ Մեդինան։ Հիջազի երկաթուղին, որի մասին բազմիցս խոսվում է, կառուցվել է 1880-90-ականներին Օսմանյան կառավարության կողմից՝ Ստամբուլը եւ Դամասկոսը իսլամական սրբազան քաղաքների հետ կապելու համար։ Հետագայում՝ Առաջին աշխարհամարտի օրերին Լոուրենս Արաբիացին փայլուն ավերում էր այն ու դրանով նպաստում օսմանյան բանակի պարտությանը եւ Օսմանյան կայսրության փլուզմանը։

53

Աշխարհի ամենամեծ եւ ամենաճոխ պալատական համալիրներից (500 հազար ք/մ), բազմաթիվ շինությունների հեղինակ է Կարապետ Բալյանը։

54

Պետք է լինի ոչ թե «իսլամ», այլ՝ «հայ». կամ պետք է այսպես հասկանալ՝ քանի դեռ աշխարհիս երեսին կա մեկ իսլամ, պետք է կռվել հայերին ինքնուրույնություն տալու դեմ։

55

Մակար Ա Թեղուտեցի (1813-1891) – Ամենայն հայոց կաթողիկոս 1885-ից, նրա ջանքերով ռուսական պետությունը մասնակիորեն վերականգնել է կաթողիկոսական իրավունքները եւ թույլատրել վերաբացել հայկական դպրոցները, որ ռուսներն առաջին անգամ սահմանափակել եւ արգելել էին 1884-ին։

Անցյալից

Подняться наверх