Читать книгу Անցյալից - იაკობ ცურტაველი - Страница 3

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Բ

Оглавление

Վերջին դասարանում էի, երբ միմյանց հաջորդել սկսեցին ռուսական մեծադղորդ հաղթությունները։ Մուխթար-փաշան ջարդվեց` Ալաջայի վրա կորցնելով իր զորքը. վերցվեցին Կարսը, Պլեւնան16։ Ռուսական բանակը հասավ Ադրիանուպոլսին, եւ ջախջախված Թուրքիան հաշտություն խնդրեց։ Հրճվանք էր ամեն տեղ։ Ժողովրդական երգը փառաբանում էր ռուս գեներալներին, ամենատգեղ խոսքերով վատաբանում պարտված փաշաներին։ Սան Ստեֆանոյի17 դաշնագիրը գրեթե աննկատ մնաց։

Բայց ահա 1878թ. մայիս ամսումն ենք։ Քննությունների ժամանակ է, ընկերներիցս մեկը բաժանորդ է գրվել «Մշակին»18 եւ ինձ տալիս է կարդալու Րաֆֆու «Ջալալեդդինը»։ Կարդում ենք ընկերներով, հափշտակվում ենք, հուզվում։ Ի՞նչ է այս։

– Իրականությու՛ն, – պատասխանում են մեզ, – այսպիսի Թուրքահայաստան կա, այսպիսի հայ ժողովուրդ կա։ Ճար գտնված է այդ անբախտ ժողովրդի համար, – ասում են մեզ, – եւ այդ ճարը Սան Ստեֆանոն է` իր 16-րդ հոդվածով, որ դառնում է ազգային փրկության, փառք ու պարծանքի մի կոթող։

Նա թողնում է հայ իրականության վրա անջնջելի, խոր ազդեցություն, նա մի ամբողջ դարագլուխ է դառնում կյանքի մեջ։ Հայոց հարցը դրված էր պաշտոնական հողի վրա։ Թուրքահայն այլեւս անտեր չէ։

Այսօր 47 տարի է անցել այն օրից, երբ ստորագրվեց 16-րդ հոդվածը։ Մի մեծ արյունոտ պատմություն է մեզ բաժանում այդ օրից։ Եվ երբ այսօր հետ ենք դարձնում մեր հայացքը` իմանալու համար, թե իսկապես ի՞նչ էր նա` այդ 16-րդ հոդվածը, որ միանգամից սրբություն սրբոց էր դառնում մի ամբողջ ժողովրդի համար, մեր առջեւ բացվում է այսպիսի մի պատկեր։ Հայերը խնդրում են հաղթական ռուսներից, որ նրանք շնորհ անեն իրենց, կարգադրեն նաեւ իրենց քաղաքական ճակատագիրը, ինչպես կարգադրում են բուլղարների եւ այլ քրիստոնյա ազգությունների ճակատագիրը։ Ու ռուսները թեեւ հաղթել են թուրքերին, բայց սաստիկ ճնշված են եվրոպական պետությունների կողմից, որոնք չեն թողնում նրանց լայնապես օգտվել իրենց հաղթության պտուղներից։

Ռուսներին հաջողվում է միայն Կարսը, Արդահանը, Բաթումը եւ Հին Բայազետն առնել թուրքերի ձեռքից, բայց նրանց ցանկալի է ամբողջ թուրքական Հայաստանն ունենալ իրենց ձեռքի մեջ։ Եվ այս ձգտումը նրանք փորձում են իրագործել հայերի միջոցով։ Խաղը դիվանագիտական խիստ նուրբ կերպարանք ուներ։ Նրանք պարտավորեցնում են թուրքերին «տեղական պետքերի պահանջած բարենորոգումներ մտցնել հայաբնակ նահանգներում եւ պաշտպանել հայերին քրդերից եւ չերքեզներից»։ Այս պահանջը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռուսաց զորքերի հեռանալն իրենց ժամանակավորապես գրաված վայրերից` կարող է անկարգություններ առաջացնել նույն այդ տեղերի հայերի եւ քրդերի, չերքեզների միջեւ։ Այսպիսով ստացվում էր, որ ռուսական զորքերը գրաված պիտի պահեն Հայաստանը մինչեւ բարենորոգումների իրագործումը։

Այս մի իրական երաշխիք էր 16-րդ հոդվածի իրագործման համար, բայց այստեղ հայերը, հազիվհազ մի փոքր իրավունք ստացած, զոհ գնացին միջազգային իմպերիալիզմի գիշատիչ հակումներին։ Ռուսաստանին թույլ չտալու համար, որ նա գրաված պահի այն երկր[մաս]ները, որոնք պիտի վերադարձվեին Թուրքիային, առաջ եկավ Անգլիան եւ հենց այդ րոպեից հանդիսացավ հայ ժողովրդի ոխերիմ թշնամի։ Նա սկսեց մարտնչել 16-րդ հոդվածի այն մասի դեմ, որ վերաբերվում էր ռուսական զորքերին. այսինքն այն հանգամանքի դեմ, որ հոդվածի իրագործման երաշխավորությունն էր ներկայանում։ Այնուհետեւ ի՞նչ էր մնում մեջտեղ. անորոշ ու շատ բացատրություններ վերցնող խոսքեր, տեղական կարիքների պահանջած բարենորոգումներ։ Ո՞վ պիտի բացահայտեր այդ կարիքների չափն ու բնույթը, ո՞վ պիտի լիներ բարենորոգումների պահանջատերը, եւ ի՞նչ միջոցներով, ի՞նչ ժամանակի մեջ պիտի գործադրվեին դրանք։ Ահա՛ թե որքան խեղճ ու աննշան բան էր 16-րդ հոդվածի տվածը։

Կ.Պոլսի հայերն այդպես էլ հասկացան դրությունը։ Ուստիեւ ջանքեր գործ դրին, որ կարողանան օգտվել նոր հանգամանքից, որ ստեղծվում էր քաղաքական մրցությունների հետեւանքով։ Անգլիան, միացած մյուս պետությունների հետ, կարողացավ հարկադրել ռուսաց ցարին, որ նա եվրոպական կոնգրեսի վերաքննությանը ենթարկի Սան Ստեֆանոյի դաշնագիրը։ Հայերն աշխատում էին, որ այս վերաքննության ժամանակ 16-րդ հոդվածը ստանա ավելի պարզորոշ եւ դրական բովանդակություն։ Նրանք պահանջում էին, որ Թուրքահայաստանին տրվի ինքնավարություն, որի ծրագիրն աղերսագրերով ներկայացրին մեծ պետություններին։ Բայց այս քայլը ոչինչ արդյունք չունեցավ։ Աղերսարկուներին բարեհաճ ժպիտներ ցույց տվին. իսկ երբ բացվեց Բեռլինի կոնգրեսը19, հայ պատվիրակները ներս չընդունվեցին, նրանց տված թղթերը չկարդացվեցին։ Բեռլին գնացած ազգային պատվիրակներից մեկը` Ստեփան Փափազյանը, թողել է մի օրագրական հիշատակարան, որ տպվեց Փարիզի «Անահիտ» ամսագրի մեջ եւ ցույց է տալիս, թե որքան ողորմելի կացության մեջ էր գտնվում ազգային պատվիրակությունը` լքված, անօգնական։ Նա գնացել էր փշրանքներ մուրալու իմպերիալիստական գայլերի խնջույքից, ուր ամեն մեկն աշխատում էր` որքան կարելի է շատ բան խլել Թուրքիայի մարմնից` իր սեփական օգտի համար։ Հայերը կարծում էին, թե հանուն մարդասիրության աղաչանք լսեցնել կտան այդ գայլերին։

Այսքան խեղճ ու միամիտ էին առաջին անգամ քաղաքականության ասպարեզում գործել սկսած հայերը։ Նրանք գուցե եւ շատ բան գիտեին, բայց երբեք չկարողացան իմանալ ամենագլխավորը. այն, որ եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ։ Օրինակը բացարձակ եւ պարզ էր։ Բեռլինի կոնգրեսը, հեռացնելով իրենից մի ամբողջ տառապող ժողովրդի կյանքի եւ մահվան խնդիրը, իր սրտին մոտ էր առնում Թուրքիայի առաջարկությունը (որ նույնիսկ չէր բխում Սան Ստեֆանոյի դաշնագրից) եւ կարգադրում էր պարտքերի հատուցման գործը` Կ.Պոլսում մի հատուկ միջազգային ֆինանսական հիմնարկություն հաստատելով։ Իսկ հայ պատվիրակներին, ինչպես վկայում է Փափազյանը, մնում էր լոկ մի ելք՝ աղաչել Աստծուն, որ Սոլսբերիի20, Գորչակովի21 եւ սրանց նման մարդկանց ներշնչի` ընդունել պատվիրակության թղթերի մեջ գրածը։

Այդպիսի հրաշք, իհարկե, չկատարվեց։

Անգլիան Բեռլին էր եկել Ռուսաստանին ջախջախելու համար եւ միանգամայն հասավ իր նպատակին։ Նա գաղտնի դաշնագիր22 էր կապել Թուրքիայի հետ եւ հափշտակեց նրանից Կիպրոս կղզին` փոխարենը խոստանալով բարենորոգումներ մտցնել ասիական Թուրքիայի բոլոր նահանգներում, անխտիր ամբողջ ազգաբնակչության համար։ Խոստում, որ պարզ խաբեբայություն էր` հայկական բարենորոգումները ռուսական հովանավորությունից խլելու համար։ Ռուսաստանի հետ այս կետում հաշտվելու միայն մի պայման էր առաջադրվում. այն, որ ռուսաց կառավարությունը Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից հանի ռուսական զորքերի մասին եղած խոսքերը։ Ռուսներն անձնատուր եղան այս պահանջի մեջ էլ։ Այնուհետեւ նրանց համար այլեւս ոչինչ հետաքրքրություն չէր ներկայացնում Հայոց հարցը, քանի որ այլեւս անկարելի էր այն դարձնել Թուրքահայաստանը զինվորական գրավման մեջ պահելու միջոց։

Երբ կոնգրեսի պարապմունքների մեջ հերթը հասավ այդ օրվանից արդեն չարաբախտ 16-րդ հոդվածին, նրա ամբողջ վիճակը հանձնվեց անգլիական լիազորներին, [իսկ] ռուս պատվիրակները բավականացան մի երկու խոսքով. եւ Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը անգլիական խմբագրությամբ դարձավ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդված։ Սրա մեջ, իհարկե, ռուսական գրավման հնարավորություն բերող նշանախեց անգամ չմնաց։ Անփոփոխ էին թողնում «տեղական պետքերի» պահանջած ռեֆորմները, ինչպես նաեւ Թուրքիայի պարտավորությունը` պաշտպանելու հայերին քրդերից եւ չերքեզներից. այսինքն` նախկին անորոշությունը, ռեալ բովանդակություն չներկայացնող ֆրազները, ոչինչ իրական։ Ավելացվում էր այն, որ թուրք կառավարությունը պարտավոր է իր մշակած ռեֆորմների մասին պարբերաբար հաղորդել եվրոպական մեծ պետություններին, որոնք պիտի հսկեին դրանց գործադրման վրա։

Հայ պատվիրակությունը, կուշտ աղոթելուց հետո, 16-րդ հոդվածի այս կարկատանն էր իր հետ տանում Բեռլինից Կ.Պոլիս։

16

Քաղաք Բուլղարիայի հյուսիսում. ռուսական բանակը, որ թուրքական 50 հազարանոց պաշտպանական ուժերին գերազանցում էր մի քանի անգամ, ավելի քան 30 հազար զոհ տալուց եւ 5-ամսյա անընդհատ հարձակումներից ու պաշարումից հետո կարողացավ գրավել այն, թեեւ մարտի դաշտում էին ռուսական Ալեքսանդր II կայսրը, բուլղարական Մեծ իշխանը եւ մի քանի տասնյակ գեներալներ։ Պլեւնայի գրավումից հետո Բալկաններում ռուսների առաջխաղացումն արդեն անկասելի դարձավ։

17

Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը կնքվել է 1878թ. մարտի 3-ին, Կ.Պոլսի մերձակա Սան Ստեֆանո (Եշիլքյոյ) ավանում. պայմանագրով Ռուսաստանին էին անցնում բալկանյան եւ հայաստանյան հսկայական տարածքներ, իսկ դրա 16-րդ կետը վերաբերվում էր հայերին, տե՛ս համապատասխան Հավելվածը։ Լեոն այս եւ այլ պայմանագրեր անվանում է մե՛րթ դաշնագիր, մե՛րթ դաշնագրություն. այս դեպքում տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։

18

Հայ լիբերալների թերթը (1872-1921թթ.), որ լույս է տեսել Թիֆլիսում։ Հիմնադրել է Գրիգոր Արծրունին։ Ուներ ռուսական կողմնորոշում։

19

Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթի 61-րդ կետը տե՛ս համապատասխան Հավելվածում։ «Վեհաժողով», «խորհրդաժողով», «կոնգրես» ձեւերից նախընտրել ենք «կոնգրեսը»։ Փաստաթղթի անվանումը տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։

20

Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) – Անգլիայի պահպանողական կուսակցության առաջնորդ, Անգլիայի վարչապետ 1885-86, 1886-1892, 1895-1902, Բեռլինի կոնգրեսում եղել է Անգլիայի երկրորդ լիազոր ներկայացուցիչը։

21

Գորչակով Ալեքսանդր Միխայլովիչ (1798-1883) – Ռուսաստանի արտգործնախարար 1856-1879-ին, ծրագրել եւ իրականացրել է Ռուսաստանի դիվանագիտական ռեֆորմը, որն ամբողջությամբ գործում է առ այսօր, կարողացել է զրոյացնել Ղրիմի պատերազմից հետո պարտադրված նվաստացումները, հաջողությամբ խաղացել է միջեւրոպական հակասությունների վրա։ Ծեր հասակում, 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ երկմտեց Կ.Պոլիսը գրավելու հարցում, որի պատճառով հեղինակազրկվեց, իսկ Բեռլինի դաշնագրի ստորագրումից հետո՝ պաշտոնաթող եղավ։ Այդ առիթով Ալեքսանդր Բ-ին գրեց. «Բեռլինյան տրակտատն իմ ծառայողական ընթացքի ամենասեւ էջն է»։

22

Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Ե., 1972, էջ 104-105։

Անցյալից

Подняться наверх