Читать книгу ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) - იაკობ ცურტაველი - Страница 11
ՄԱՅՐ ԻՄ
ОглавлениеՄա՜յր իմ, մայր իմ սիրասուն, սրտիս կոտրած հենասյուն, խոտ ու ծաղկի մեջ կորած՝ վրադ անգամ քար չկա։ Գուցե հառնե՜լ ես նորից, նորից ելել ես հողից՝ որպես մի խոտ , մի ծաղիկ, որպես կակաչ հրավառ՝ տեսքով կարմիր, սիրտը սև, օրորվում ես քամու հետ, լաց ես լինում ինձ համար։
Մա՜յր իմ, մայր իմ աննման, դու ամբարված բարություն, չկա արար աշխարհում ուրիշ ոչ ոք քեզ նման։ Մա՜յր իմ, մայր իմ դու անգին, դու մեծագու՜յն սրբություն, քո կարոտից գիշեր – զօր մղկտում է իմ հոգին։
Ների՜ր, ներիր բոլորին. զավակներիդ, թոռներիդ, աստվածածին քո հոգով, քո մեծ սրտով տառապյալ, բոլորին էլ դու ներիր. չկար մեկը մեզանից՝ բռներ ձեռքդ սրբասուրբ, մի կում ջուր տար, մի քիչ հույս, մոտդ նստեր մինչև լույս, մի խոսք ասեր սրտահույզ, մենակության մեջ լքյալ( գուցե ծարավ ու սովյալ), կյանքդ տրտում բոլորեց՝ աչքդ ճամփին բոլորիս։
Ի թողություն մեղա՜ց. մեղքի տակից ո՜նց դուրս գանք, չկա մեզ ապաշխարանք. մեղսակից ենք հար – հավետ, քանի ապրում ենք ու կանք: