Читать книгу ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) - იაკობ ცურტაველი - Страница 22
ՂԱՐԱԲԱՂ
ОглавлениеՄռավա սարի թուխ ամպերով, Քիրսա սարով՝ միշտ ձյունածածկ, մատուռներով՝ հին դարերից, մեր խաչերով, խենթ ու խելառ մեր Թարթառով ու Խաչենով՝ մեզ հետ ես դու՝ ուր էլ լինենք, ուր էլ գնանք, հեռու թե մոտ՝ ուր էլ մնանք, մեզ հետ ես դու, մշտաբողբոջ մեր այգեստան, մեր բուրաստան, հավերժի հետ ընկերակից մեր լեռնաստան։
Ջրերդ զով ու քչքչան հովդ անուշ ու շնկշնկան, արոտներդ ալպիական՝ լորի կանչով կախարդական, անտառներդ հեքիաթային՝ կկվի ձենով ու կուսական, խոնջ հանդերդ, սար ու ձորդ աստվածային՝ չքնաղագեղ ու դյութական։ Արար աշխարհ գնա ման եկ՝ Աստված վկա, ուրիշ նման դրախտ չկա։
Ո՞վ չգիտի, որ դու մերն ես, դու մի արև՝ մեր բոլորիս գլխավերև՝ մինչև մահ ու մահից հետո: Բիրթ կապանքից դու ազատված՝ ընդմիշտ մերն ես, մենք կմեռնենք՝ չենք տա բայց քեզ, մենք մի գետ ենք, դու մեր հունն ես, դու մեր հույսն ես, արյան կանչն ու աչքի լույսն ես, դու համակ կյանք՝ մեր հավատն ու սրտի սյունն ես, մենք սերմացու մի ժողովուրդ՝ դու մեր բունն ես, մեր քաջ նախնյաց սուրբ անունով լուսավորված հավերժական դու մեր տունն ես։