Читать книгу ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) - იაკობ ცურტაველი - Страница 23
ՕՐՈՐ, ՕՐՈՐ…
ОглавлениеՕրո՜ր, օրո՜ր, իմ օրերին օրո՜ր, իմ օրերին բոլոր՝ օրո՜ր, օրո՜ր… Քու՜ն մտիր, սիրտ իմ, քու՜ն մտիր, կոտրա՜ծ թևերով թռչնակ իմ, քու՜ն մտիր խաղաղ, մեր սին հույսերին օրոր, անուրջներին օրոր, օրո՜ր, օրո՜ր։
Հեռու՜ է երկիրն իմ՝ շքեղաշուք դրախտ, ու սիրտն իմ տենչաբաղձ՝ ճամփին է մշտատև, սակայն չի՜ հասնում, չի՜ հասնում նա տեղ, քանզի հուսաբեկ եմ, ավա՜ղ, ու թևահատ։
Իմ ոտնահետքերին կարոտ արահետնե՜ր կան այնտեղ՝ թավ խոտերում կորած, զեփյուռականչ ծաղիկներն այնտեղ, հավքի երգով տարված, օրորվում են մեղմիվ, շնկշնկում է սարերն ի վար դալարամեջք քամին, մանկութ աղբյուրներն այնտեղ կարկաչում, կանչում են անձկագին, մթնաշաղն է նստում արծաթաշաղ մշուշում, առաջին սերն է կանչում իմ և նրբանուրբ անունը իր շղարշվում է շնչիս ու այրում է հոգիս, ու ես այնպե՜ս եմ ուզում սիրել նրան նորեն, վերստին շշնջալ սիրաշշուկ խոսքեր, սիրո նազուն խոսքեր՝ ծնված միայն սիրո համար։
Օրո՜ր, օրո՜ր, իմ հուսախաբ սրտին օրոր, երազներին իմ օրոր, երնեկ արևն էլ իմ մարեր այնտեղ՝ հեռո՜ւ, հեռու՜, հեռու՜ սեգ լեռներում իմ հեռու, ուր գերեզմանն է իմ մոր՝ լքյալ ու անտերունչ, և գերեզմանին նրա սուրբ՝ շունչն է թևածում Աստծո։
Օրո՜ր, օրո՜ր, լույս ընկերներին իմ օրօր և բարեկամներին իմ բոլոր՝ անծիր համացանցի։ Ողորմած է Աստված ու ողորմենք մենք էլ չար սրտերին մեղսոտ՝ և նենգ, և դաժան, անկարեկիր, անգութ, որ հագուրդ չունեն բնավ՝ մի թիզ հողից բացի։
Օրո՜ր, օրո՜ր, օրերին իմ անցած, որ երազի չափ կարչ՝ հեռացող զնգոցո՜վ եկան ու անցան, ու էլ չե՜ն դառնալու, էլ չե՜ն դառնալու ետ… Օրո՜ր, օրո՜ր, կսկիծներին իմ օրոր, իմ ցավերին օրոր ու օրերին գալիք՝ որ կբացվեն հետո, բայց ո՜չ մեզ համար…