Читать книгу ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) - იაკობ ცურტაველი - Страница 7
ՊԱՏՐԱՆՔ
ОглавлениеՀե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մրուրի մեջ դու մոռացված իմ հեռավոր, կախարդական դրախտ երկիր, Կըղնախաչ…
Կըղնախաչում՝ շնկշնկան հով, զիլզիլան զով, սարից իջնող, ձորից ելնող բացատներում ծաղկած հրաշք ու ծաղկած ծով՝ իր գույներով հազարագույն… Կըղնախաչում ՝ արտույտի երգ ու գեղգեղանք, խոտի շրշյուն, սիրո շշունջ՝ արտերի մեջ սիրաշշուկ, հավքի դայլայլ ,անուշ դայլայլ, քաղցր դայլայլ ու կկվի կանչ ՝քաղցրալուր ու թախծագորով…
Քարեն կըլխան՝ աղեղնաձև ու բարձրաբերձ վեհ բարձունքից՝ մղեղի մեջ երերացող հին շինամաչ… Դաշտում կապած ձիու խրխինջ, գառան մայուն ու ձագ տված մեղվի գվվոց, աքլորի կանչ, աղջկական արծաթահունչ զնգուն ծիծաղ կակաչազարդ արտի միջից, ախորժալուր զանգի ղողանջ ու շնահաչ գյուղամիջից՝ մեկ կատաղի, մեկ բեկբեկուն…
Թեթև անձրև, մանր անձրև՝ հանդ ու սարեր ոսկեշղարշ աղջամուղջում, միգամած… Արեգակի ջինջ շողերում ՝ տաքուկ անձրև, ու սարից– սար կամար կապած կընընչկարմյուր ծիածան… Ու այդ պահին, հովի թևին, օ՜վ , իմ աստված, մորս ձայնը, մեռած մորս անուշ ձայնը, կանչում է ինձ՝ արի, որդիս, արի տուն, հեռուներից վերադարձիր ու տեր կանգնիր գերեզմանին իմ անտեր…
…Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մշուշի մեջ դու կորսված իմ մանկության չքնաղ երկիր, Կըղնախաչ…