Читать книгу ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) - იაკობ ცურტაველი - Страница 15
ԱՆՐՋԱՆՔ
ОглавлениеԼիալուսնի կաթնալույսում սարից իջնող մտամոլոր ու քարքարոտ մի նեղ ճամփա, մի սայլ՝ բեռնված զմրուխտ խոտով՝ երնջակի, յուղածաղկի, ուրցի հոտով, ծաղկաբուրմունք խոտին պառկած փոքրիկ տղա, որի հոգին պարուրվել է երազական քաղցր թմրով։
Ոլոր – մոլոր մի նեղ ճամփա, հոր ոտնաձայն՝ քիչ առջևում, շուրջը անդորր ու մարմանդ հով, այս ու այնտեղ ցրքուն հանդեր ու անտառներ՝ հնադարյան, լիալուսին՝ սարի ուսին, չարագուշակ բվի կռինչ, առվի շշունջ, անծայրածիր, լուսաշողշող երկինքն ի վար կաթող աստղեր, ծղրիդի երգ՝ աստղահնչուն գիշերվա մեջ, ու երազներ, նիրվանային երանելի ջինջ երազներ՝ իր ջինջ հոգում։
Ոլոր – մոլոր, մտամոլոր ու քարքարոտ ճամփի վրա ծույլ նազանքով օրորում է սայլը նրան… Անրջային թմբիրը հին պարուրել է, ախ, իմ հոգին ու չգիտեմ, ախ, չգիտեմ, մեռնում եմ ես, թե երազում…