Читать книгу Մթնշաղի անուրջներ - იაკობ ცურტაველი - Страница 12

ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ

Оглавление

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,

Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.

Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,

Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։

Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ. —

Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,

Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,

Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։

Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,

Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա. —

Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր

Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…


* * *

Որպես ծաղիկն է անխոս գունատվում

Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,

Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,

Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի…

Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,

Զվարթ կժպտամ բախտավորի պես, —

Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,

Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.

Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,

Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,

Որ չըմտորես իմ ցավի մասին,

Որ քո թունավոր խոսքը չըկասե…


* * *

Կա խորհրդավոր մի հըրապուրանք

Քո շարժումների անխոս զրույցում,

Ինչ-որ օձային ինքնահիացում

Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։

Մի այլ երկրային երաժըշտության

Ելևէջների պչրանքն եմ հիշում,

Քո շարժումները աղոթք են շարժում,

Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան…

Երկրում են սնված, բայց ոչ երկրային

Արբեցումներ են նոքա խոստանում,

Մի այլ տանջանքի եդեմ են տանում,

Մատնելով հոգիս չարքերի խաղին…


Մթնշաղի անուրջներ

Подняться наверх