Читать книгу Մթնշաղի անուրջներ - იაკობ ცურტაველი - Страница 6

ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ

Оглавление

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,

– Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.

Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,

– Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…


Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,

– Ես մոռացել եմ արեւի ուղին.

Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,

– Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին…


Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.

– Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.

Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,

– Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…


* * *

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,

Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.

Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,

Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։


Իմ գերեզմանը թող լինի հեռվում,

Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.

Թող շուրջըս փռվի անանց լռություն,

Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։


Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,

Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,

Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ, —

Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…


* * *

Չարտասանված տխուր խոսքեր,

Որ դողում եք անպատասխան,

Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,

Ձեր թրթիռը կախարդական։


Խենթ հուզումի անուշ խոսքեր,

Պաղ մարդոցից խորը պահված,

Անջատման պես տխուր խոսքեր,

Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…


Դուք այրում եք, սիրո խոսքեր,

Կարոտիս պես սիրտըս մորմոք

Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,

Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…


Չարտասանված տխուր խոսքեր,

Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,

Դուք այրում եք, սիրո խոսքեր,

Որպես խայթը սեւ եղեռնի…


* * *

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,

Գիշերի պես խորհրդավոր.

Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,

Որպես թովիչ իրիկնամուտ։


Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,

Որպես գարնան մթնշաղում։

Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,

Արբեցումի ոսկե մշուշ։


Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,

Քո աչքերը հոգի տանջող։

Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,

Որպես գարնան իրիկնամուտ։


* * *

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,

Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,

Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝

Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…


Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,

Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.

Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝

Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։


Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.

Քո հոգու վըրա կա մի վարագույր, —

Ո՞վ ես դու, ո՞վ ես, – բնավ չըգիտեմ…


Մթնշաղի անուրջներ

Подняться наверх