Читать книгу Մթնշաղի անուրջներ - იაკობ ცურტაველი - Страница 9

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Оглавление

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.

– Ես կախարդված եմ միշտ նույն երազով,

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ

Ժպտում են խաղաղ քո աչքերի պես. —

– Իմ լքված սրտի կարոտը անծայր

Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…


* * *

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,

Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,

Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.

– Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր…

Ճառագայթներ, որ շողացին ու չկան,

Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.

Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,

Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։

Հեռածավալ անհայտներում պահվտած

Գալիք օրերն անհուն, անտես խավարում.

– Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում

Կանթեղի պես առկայծում է քո դիմաց…


* * *

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.

Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող

Սարերի արծաթե կատարներն է վառում,

Երբ մթնում կորչում են ծով ու հող…

Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,

Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,

Երբ շողերն են մեռնում, ծաղիկները – ննջում,

Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։

Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,

Որ խաղաղ ու հանդարտ մահանան.

Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.

Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…


Մթնշաղի անուրջներ

Подняться наверх