Читать книгу Մատեան Ողբերգութեան - იაკობ ცურტაველი - Страница 29

ԲԱՆ ԺԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Оглавление

Ա

Եւ արդ, քանզի զղջման նախընթաց գլուխներում

Յուսահատութեան խօսքերով լքուեցի սաստիկ,

Եւ տարակուսանքի հեծանով մահու չափ ձաղկեցի ինքս ինձ,

Ուստի եւ այստեղ վերադառնալով յոյսին վերստին`

Համարձակուեմ պիտի գո՜ւթ շարժել ես,

Սուրբ Երրորդութեանը մեղաւորիս օգնութեան կանչելով:

Գիտեմ, որ եթէ օրհնաբանեմ ես եւ դաւանեմ

Արարածներին բոլոր կեանք տուող Աստծուն,

Եւ ընտանի ձայնով կանչեմ անունն ահաւոր շնորհապարգեւ Բարերարի,

Նա կենդանութիւն պիտի տայ, անշուշտ ինձ` մեղաւորիս,

Ըստ մարգարէի կանխասացութեան,

Թէ` "Ով որ կանչի Տիրոջ անունը, նա պիտի ապրի":


Բ

Իսկ ես ոչ միայն կանչում եմ նրան,

Այլ հաւատում եմ նրա մեծութեանն ամէնից առաջ.

Ոչ թէ գալիս եմ խնդրելու նրա պարգեւները ես,

Այլ նոյնիսկ իրեն, որ կենդանութիւնն է ճշմարտապէս,

Շնչառութիւնն իսկ, առանց որի չի՛ք շարժում եւ ընթացք:

Ո՛չ այնքան յոյսի հանգոյցով, որքան սիրոյ կապով եմ ես կապւում նրան.

Ու ոչ թէ տուրքի, այլ այն տուողի կարօտով եմ ես վառւում շարունակ:

Ոչ թէ փառքն է ինձ համար անձկալի,

Այլ փառաւորեալն է համբուրելի,

Ոչ թէ ապրելու կեանքի փափագով,

Այլ կենարարի յիշատակով եմ տոչորւում ես միշտ:

Ոչ թէ վայելքի տարփանքով եմ ես հեծում ողբաձայն,

Այլ այն կազմողի տենչանքովն եմ խոր հառաչում սրտանց:

Չեմ փնտրում հանգիստ, այլ աղաչում եմ երեսը տեսնել Հանգստարարի:

Ոչ թէ հարսանքատան խնջոյքի, այլ փեսայի անձկութեամբ եմ մաշւում,

Որի զօրութեան շնորհիւ` վստահ ակնկալութեամբ,

Հաւատում եմ ես աներկմիտ յոյսով,

Որ վերոգրեալ մեղքերի բեռներն ունենալով հանդերձ`

Ապաստանելով ամենակարողի ձեռքին,

Ոչ միայն պիտի հասնեմ քաւութեան, այլեւ պիտի տեսնեմ իրեն,

Ընդունելու գութն ու ողորմութիւնը եւ ժառանգելու երկինքը նրա,

Թէեւ յո՜յժ մերժելի եմ:


Գ

Եւ արդ, ամօթահար սաստիկ ու կորագլուխ,

Գրչովս, որ խօսքի միջնորդ է դառնում

Ամուր կողպէքով փակուած, պապանձուած իմ շրթունքներին,

Չկարողանալով շարժել լեզուս անհամարձակ,

Պաղատանքների նոր երգեր ահա պիտի ոգեմ ես`

Ի վեր ուղերձուած իմ աղիողորմ հառաչանքների աղաղակներով:

Ընդունի՛ր սիրով, Տէր Աստուած հզօր, աղաչանքներն իմ դառնացած սրտի.

Քաղցր գթութեամբ մօտեցիր դու ինձ` ամօթահարիս.

Փարատի՜ր, ամենապարգե՛ւ, ամօթալի տխրութիւններս,

Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի ծանրութիւններս,

Հեռացրո՛ւ, հնարագէտ, սովորութիւններս մահացու.

Խափանի՜ր, մի՜շտ յաղթող, հրապոյրները խաբողի.

Վանի՜ր, վերնային, մառախուղը մոլորեցնողի.

Կասեցրո՛ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի.

Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները կապկապողի.

Խորտակիր, անքնի՛ն, յարձակումները մարտնչողի.

Տյառնագրի՛ր անունովդ լուսացոյց երդն իմ յարկի.

Պարփակիր քո ձեռքով առաստաղը տաճարիս.

Գծագրիր քո արիւնով սեմը սենեակիս մուտքի.

Դրոշմիր քո նշանը աղօթեալիս ճանապարհին,

Ամրացրու քո աջով խշտեակն իմ հանգստի.

Զերծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնի.

Պահպանիր քո կամքով տառապած հոգիս.

Անխարդախ արա՛ քո շնորհած շունչը մարմնիս.

Կանգնեցրո՛ւ շուրջն իմ` պարը երկնային քո զօրքերի,

Որպէս դիմամարտ` դեւերի գնդին:


Դ

Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգոյն նիրհիս խորին գիշերում`

Բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնիդ եւ բոլոր ընտրեալների:

Տեսութեանս պատուհանները, որոնք մտքի զգայարաններ են,

Ամփոփիր այնպէս ու պարուրիր,

Որ պաշտպանուեն միշտ անսասանելի

Կենցաղական հոգսերից բոլոր, անրջական երազներից,

Խռովայոյզ ծփանքներից ու ցնորքներից խենթ ու խոլական

Ու յիշատակով աներկբայ յոյսիդ մնան անվնաս:

Որպէսզի երբ սթափուեմ իմ ծանր քնից,

Ամենազգաստ արթնութեամբ եւ հոգենորոգ զուարթութեամբ քո դէմ արձանացած,

Աղաչանքն այս իմ` հաւատքի բուրմամբ,

Ո՜վ ամէնօրհնեալ թագաւոր անճառ փառքերի,

Երգակցելով երկնագումար փառաբանող խմբին`

Քո բարձունքն ի վեր` առաքեմ առ քեզ:

Զի փառաւորեալ ես դու արարածներից բոլոր

Յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Մատեան Ողբերգութեան

Подняться наверх